Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ոչնչի ու ամեն ինչի միջակայքում

Ոչնչի ու ամեն ինչի միջակայքում
18.03.2016 | 01:11

ՈՒրբաթները շաբաթվա քաղաքական կյանքն ամփոփելու համար լա՞վ, թե՞ վատ օրեր են: Չգիտեմ՝ ամբողջ աշխարհում քաղաքական կյանքը սկսել է շաբաթ-կիրակի օրերը, աշխատանքային և ոչ աշխատանքային ժամերն անտեսել: Փաստորեն՝ ունենք շաբաթը 7 օր և օրը 24 ժամ քաղաքական կյանք: ՈՒ նույնքան՝ լրատվություն: Օպերատիվ: Իսկ կուտակվող տեղեկությունները վերլուծելուն որքա՞ն ժամանակ է մնում: Առավել ևս հասկանալուն` որն է ճիշտ, որը՝ սխալ, որն ինչ նպատակ ունի, վերջապես՝ եթե այդքանը ասվում է, ինչքանը չի ասվում: ՈՒ՝ ինչու չի ասվում: Ինչ է ասվում ու ինչ է արվում: Տրամաբանակա՞ն զարգացման սպասել, թե՞ անակնկալի: Իսկ գուցե ոչինչ ոչ լսել, ոչ տեսնել, ոչ խոսել ու ոչ էլ մտածել, ի՞նչ է փոխվում, երբ ոչնչով չես հետաքրքրվում և երբ ամեն ինչ քեզ հետաքրքրում է: Ոչնչի ու ամեն ինչի միջակայքում անցնում է կյանքը:
Ընտրական օրենսգիրքը այսօր այսքան բուռն քննարկողները, Վենետիկի հանձնաժողովի փորձագետների, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եզրակացությունների հետ հույսեր կապողները, ելույթներ ունեցողները, պահանջներ ու առաջարկներ ներկայացնողները ինչո՞ւ այդքան արագ մոռացան ընդամենը դեկտեմբերին կայացած հանրաքվեն ու հանրաքվեին նախորդած քննարկումները, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոյին դատի տալու խոստումները, հանրաքվեն ու հանրաքվեի արդյունքները: Չեմ հեգնում, հարց եմ տալիս՝ սովորական, շարքային, անհավես հարց: ՈՒզում եմ՝ իմ հիշողությունն էլ տան դուռը փակած ու դուրս եկած լինի, բանալին էլ կորցրած: Միայն այդ դեպքում է հնարավոր լուրջ կամ անլուրջ անդրադառնալ Ընտրական օրենսգրքի նախագծին ու այդ նախագծի հարուցած անցուդարձին: Միայն այդ դեպքում է հնարավոր անդրադառնալ իշխանության խանդավառ կամ սթափ, ընդդիմության մեղադրող ու մերկացնող ելույթներին ու այդ ելույթներում որոնել իրականության համարժեք ընկալում, ապագայի ծրագիր, ընդհանրապես՝ իմաստ: Միայն այդ դեպքում է հնարավոր լուրջ կամ անլուրջ սպասել, թե պատմությունն ինչ ավարտ է ունենալու: Բայց դա օրավուր ավելի ու ավելի քիչ մարդկանց դեպքն է մնում: Թերևս նրանց, որ տարիքի բերումով չեն հիշում՝ ինչ է եղել անցած քսանհինգ տարում ու իրավունք ունեն ակնկալել, որ ինչ ասվում է, կարող է և արվել: Գուցե նաև նրանց, որ անուղղելի լավատես են կամ հավատում են, որ հենց հիմա, հենց այստեղ ու հենց իրենց է տրված փոփոխություն անելու շանսը: Առավել ևս նրանց, որ ի պաշտոնե պարտավոր են ոչ միայն հավատալ ¥կամ չհավատալ¤, այլև հավատացնել: Ազնվորեն մոլորվողներ միշտ էլ լինում են, բայց միշտ լինում են նաև անազնվորեն մոլորեցնողներ: Ոչ մի նշանակություն չունի՝ ով է հաջողության հասնում ու ով է ձախողվում: Ի վերջո՝ խաբողն էլ, խաբվողն էլ միասին կանգնում են նույն կոտրած տաշտակի առաջ, որ անգամ Մոխրոտիկի երազում դդումը կառք չի դարձնում ու ոչ մի շարժ չի ապահովում: ՈՒ այդ երկիրը կոչվում է Հայաստանի Հանրապետություն: Հենց այդ երկրում են ապրում մարդիկ, որ իրենց համարում են թույլ, կախյալ, իրադարձությունների ու դեպքերի այս կամ այն զարգացման զոհ, պարզապես միջոց ու գոհ են այդ կարգավիճակից, որովհետև միշտ ունեն արդարացում՝ իրենք փոքր մարդ են, վերևից ոնց ասում են, այնպես էլ անում են: Չանեն՝ գործից կհանեն, չանեն՝ գործ կբացեն: ՈՒ քանի նրանք կան՝ «վերևում» միշտ լինելու են ասողներ:

Ասելու են ու վարձատրելու են, լսելու են ու կատարելու են՝ շրջանը պտտվելու է նույն ուղղությամբ: Քանի՞ ընտրատեղամաս կլինի, քանի՞ տեսախցիկ կտեղադրվի, թե՞ չի տեղադրվի: Կհրապարակվե՞ն քվեարկածների ընտրացուցակները, թե՞ ոչ: Կմաքրվե՞ն, երկու մասի կբաժանվե՞ն, չե՞ն բաժանվի, մատնահետքե՞րը կֆիքսեն, թե՞ ոտնահետքերը: Ընտրատեղամասում 8 թե 18 լրագրող կլինի, դիտորդ կլինի, թե չի լինի: Անձնագրո՞վ, թե՞ ID քարտով կքվեարկեն, առաջի՞ն փուլը կլինի էլեկտրոնային, թե՞ քվեարկության ամբողջ ընթացքը: Լիարժեք էլեկտրոնային քվեարկությունը բիոմետրիկ հաշվառումից առա՞ջ, թե՞ հետո: Կանվանեն 100 % համամասնական, կդարձնեն մեծամասնական-վարկանիշայի՞ն, հետո՞ կսկսեն թվերի մեջ համամասնության փոփոխության խնդիր դնել: Բոլորը բոլորին միավորվելու կոչ են անում ու զարմանում են, որ չեն միավորվում: Կուսակցություններ են քանդվում: Կուսակցություններ են ստեղծում ու հայտարարում են, թե ստեղծելու են: Ինչ-որ ժամանակ: Ինչ-որ նպատակով: Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է՝ իրենք պիտի ուղղեն: Ի՞նչ նշանակություն ունի ընտրության համար, եթե ընտրողներն ու ընտրվողները մնում են նույնը: Հենց այդ պատճառով ընտրության բովանդակությունը ոչ մի կապ չունի Ընտրական օրենսգրքի հետ: Թուղթը՝ նույնիսկ օրենքի տեսքով, ոչինչ է մարդու ու նրա կամքի առաջ: Մեզ բոլորիս դա ապացուցել է Սահմանադրությունը, որ Հիմնական օրենքն է: Կա պարզ խնդիր. երբ հայտարարվում է, որ բոլորին պետք է լեգիտիմ ընտություններով ձևավորված լեգիտիմ իշխանություն, ովքե՞ր են այդ բոլորը: Իշխանությանը պե՞տք է: Եթե այո, ի՞նչ է անելու իշխանությունը չկորցնելու համար: Ընդդիմությանը պե՞տք է: Եթե այո, ի՞նչ է փոխվելու, եթե իշխանություն դառնա: Ինչո՞ւ է ընդդիմությունը իրեն ուլտիմատումների իրավունք վերապահում, իշխանությունը՝ կարմիր գծեր գծելու: Ճի՞շտ է, որ Վենետիկի հանձնաժողովին թե իշխանությունը, թե ընդդիմությունը միմյանց վրա տղա են բերում, հաստատ իմանալով, որ Վենետիկի հանձնաժողովի ոչ մի անդամ ոչ ընտրություններից առաջ, ոչ հետո Հայաստանում չի ապրելու ու ոչ մի պատասխանատվություն չի կրում: Ի վերջո, Վենետիկի հանձնաժողովը պետություն չէ, բանակ չունի, պատերազմ չի հայտարարում, տնտեսական պատժամիջոցներ չի սահմանում: Փորձագետներ են, իրավական-մասնագիտական հանձնաժողով է, իր չափանիշներն ունի՝ կարդում են, համեմատում են, ասում են՝ սա համապատասխանում է, սա՝ ոչ: Սա հնարավոր է, սա՝ ոչ: Սա ցանկալի է, սա՝ ոչ: ՈՒ գնում են: Ավետարան չէ նրանց եզրակացությունը: Ոչ դրականը, ոչ բացասականը: Ոչ էլ ալիբի է: Ոչ էլ դատավճիռ:

Օրենսգիրքը՝ օրենսգիրք, աշխարհն ապրում է իր օրենքներով: Մինչ Վրաստանում տարածվում է սեքս սկանդալը, որին միջամտում է նախագահն ու ասում՝ սեքսը Վրաստանում եղել է, կա ու լինելու է՝ մեզ չեն վախեցնի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները ճանապարհորդում են: Ալիևը պիտի Էրդողանին հյուրընկալեր, բայց ամեն անգամ երբ նախագահը որոշում է Բաքու գնալ, Ստամբուլում կամ Անկարայում ահաբեկչություն է լինում: Հերթական հետաձգումը չեղավ՝ Բաքու պիտի գնար Էրդողանը, Անկարա եկավ Ալիևը: Էրդողանը շնորհակալ էր դաշնակցին ու ասաց, որ եղբայրական Ադրբեջանը Թուրքիայի սև օրվա բարեկամն է: Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցությունն աստիճանաբար կխորանա՝ ասաց Իլհամ Ալիևը Թուրքիայի և Ադրբեջանի բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 5-րդ նիստում: «Այսօր Թուրքիան և Ադրբեջանն իրար ամենամոտ երկրներն են համաշխարհային մասշտաբով»՝ անկեղծացավ նա և մանրամասնեց. «Մեր համագործակցությունը անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, էներգետիկայի, տրանսպորտի, ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում ունի հրաշալի պատմություն, և ես վստահ եմ, որ այդ համագործակցությունն աստիճանաբար կխորանա»: Իսկապես «հրաշալի» պատմություն է՝ ռուս ռազմական փորձագետ Իվան Կռիլովը կարծում է, որ Բաքուն ԴԱԻՇ-ի զինյալներին վերավաճառում է ռուսական սպառազինությունը ու հենց այդ պատճառով օրեր առաջ անսպասելի Բաքու մեկնեց ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը՝ «Рособоронэкспорт» ռուսական սպառազինության հատուկ արտահանողի ու Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության ղեկավարության ներկայացուցիչների հետ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նրա հանդիպման հիմնական, սակայն չհայտարարված թեմաներից մեկը եղել է ռուսական զենքը ԴԱԻՇ-ի ձեռքն ընկնելու հարցը։ Ինչպե՞ս: Նախ զենքը գնում են Թուրքիայում, հետո Թուրքիայի միջոցով հայտնվում է ահաբեկիչների ձեռքում։ Գնելով ռուսական զենք՝ ադրբեջանական իշխանությունները չեն թաքցնում, որ նախատեսված է Հայաստանի ու Ղարաբաղի դեմ պատերազմի համար։ Մոսկվան դա ընդունում է, բայց չի ընդունում, որ ռուսական զենքի բիզնեսն անում են Բաքուն ու Անկարան: Գուցե Մոսկվան սկսել է հասկանալ, որ չեն արդարացել ժամանակակից զենքի վաճառելով Ադրբեջանում ազդեցությունը մեծացնելու հույսերը։ Կռիլովը գրում է, որ Բաքվի ազգային անվտանգության համակարգում կադրային վերափոխումները նույնպես կապված են եղել ԴԱԻՇ-ի բանդաների անդամներին զենքի մատակարարումների հետ։ ԴԱԻՇ-ի օրական եկամուտը մինչև 3 միլիոն դոլար է, իսկ Բաքվի իշխանությունները սիրում են փողեր։ 2010-2014-ին Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրել են 4 միլիարդ դոլարի համաձայնագրեր, հայտնի չէ, թե Ադրբեջանը որքան զենք է վերավաճառել ԴԱԻՇ-ին։ Ադրբեջանում զենքի մաքսանենգությունը շահութաբեր բիզնես է։ Ադրբեջանական ղեկավարությունը երկակի խաղ է խաղում։ Մի կողմից սպառազինությունն օգտագործում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ, մյուս կողմից թուրքական բանկերի միջոցով վերավաճառում է ԴԱԻՇ-ի զինյալներին։ Ռուսաստանի հետ պայմանավորվածությամբ՝ այդ զենքը պետք է ուղղվի ԴԱԻՇ-ի դեմ պայքարին, եթե նրանք հարձակվեն Ադրբեջանի վրա։ Ահաբեկչության դեմ պայքարի հրաշալի պատմություն է, չէ՞: Համենայն դեպս՝ եղբայրներով հայտարարել են, որ Թուրքիայի զենքը Ադրբեջանի հզորությունն է:
Հայաստանի նախագահը գնաց Աթենք, Նիկոզիա, Բրյուսել: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հեռանկարային համարեց Իրան-Հայաստան-Հունաստան եռակողմ գործակցության զարգացումը, ասաց՝ Հունաստանը հնարավորություններ է տեսնում ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի համագործակցության առումով, պատրաստ է աջակցել ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը: Ասաց՝ Հունաստանը սատարում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ, բանակցային ճանապարհով լուծման գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ուզում է տեսնել տարածաշրջանի զարգացումը խաղաղության, անվտանգության և կայունության պայմաններում: «Մենք դեմ ենք բոլոր նրանց, ովքեր չեն ուզում ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասաց Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը: Երկու այցերի ընթացքում էլ պայմանագրեր ստորագրվեցին՝ կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության մասին: Այցն ավելի արդյունավետ կլիներ, եթե Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում լինեին ոչ թե մշակույթի ու կրթության, այլ պաշտպանության և էկոնոմիկայի նախարարները: Համենայն դեպս, հույներն ու կիպրոսցիները պատրաստ են համագործակցության ԲՈԼՈՐ ոլորտներում: Դե իսկ Բրյուսելում ԵԺԿ համագումարն է, գուցե՝ ոչ միայն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Շաբաթվա անակնկալը Վլադիմիր Պուտինը մատուցեց. մարտի 14-ին Կրեմլում ընդունեց պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, լսեց նրանց զեկույցներն ու ասաց՝ վերջ, առաքելությունն ավարտված է, վաղը առավոտից զորքը հանում ենք Սիրիայից: Ամբողջ շաբաթ աշխարհը գուշակում էր՝ իրո՞ք զորքը հանում է, ինչո՞ւ է հանում, Ասադին լքե՞ց, թե հերթական խաղն է խաղում, որի սկիզբն ու վերջը միայն ինքը գիտի: Իսկ ԻՊ՞-ը: Ժնևի բանակցություննե՞րը: Սիրիայի մասնատո՞ւմը: Մի մոռացեք՝ քաղաքականությունը շարունակվում է շաբաթը 7 օր և օրը 24 ժամ, ամեն ինչ կամ ոչինչ կիմանաք, եթե այսբերգը սկսի հալվել` Հայաստանում գլոբալ ցրտեր են, բայց աշխարհում գլոբալ տաքացում է:

Դիտվել է՝ 1626

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ