«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մոռացված պատերազմը կարող է ձախողել Մերկելի գործարքը Թուրքիայի հետ

Մոռացված պատերազմը կարող է ձախողել Մերկելի գործարքը Թուրքիայի հետ
18.03.2016 | 00:21

Հինգշաբթի և ուրբաթ Բրյուսելում ԵՄ-Թուրքիա բանակցություններն են, արդեն պիտի կնքվի համաձայնագիրը, որ անցյալ սամմիթում անսպասելի առաջարկեց Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Թուրքիան համաձայնեց սիրիացի փախստականներին Հունաստանից վերադարձնել, եթե ԵՄ-ն օրինական քվոտաների համաձայն՝ նույնքան փախստականներ ընդունի: Փոխարենը Թուրքիան զիջումներ պահանջեց՝ 6 միլիարդ դոլար՝ երեքի փոխարեն: Բայց նախ և առաջ՝ ԵՄ-ին անդամակցության բանակցությունների վերսկսում: Փոքրիկ երկիրը, որի մասին, թվում է, բոլորը մոռացել են, կարող է դառնալ Մերկելի ամենամեծ պրոբլեմը: Կիպրոսն է այդ երկիրը: Հազիվ թե որևէ այլ երկիր այդքան համառ ընդդիմանա թուրքերի համար վիզային ռեժիմի պարզեցմանը կամ նույնիսկ ԵՄ-ին անդամակցությանը, որքան Միջերկրածովյան կղզին: Հունաստանում 1974-ի ռազմական հեղաշրջումից հետո Թուրքիան գրավեց կղզու հյուսիսը, քանի որ հեղաշրջումը կազմակերպողները ցանկանում էին Կիպրոսի Հանրապետությունը միացնել Հունաստանին: 1983-ի նոյեմբերին հռչակվեց միջազգային ասպարեզում չճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը: Այդ ժամանակից կղզին բաժանված է, իսկ սահմանը ՄԱԿ-ի հսկողության տակ է: Կիպրոսի մայրաքաղաք Նիկոզիայի և Անկարայի հարաբերությունները վատ են: Թուրքիան չի ճանաչում Կիպրոսն իբրև պետություն: 2004-ին Կիպրոսի անդամակցությունը ԵՄ-ին խստիվ լարեց Թուրքիա-ԵՄ հարաբերությունները։ 2006-ին Թուրքիան արգելեց Կիպրոսի նավերին ու ինքնաթիռներին օգտագործել թուրքական նավահանգիստներն ու օդակայանները: ԵՄ-ն սառեցրեց Թուրքիայի հետ բանակցությունները: Երբ բանակցությունները պետք է վերսկսվեին, Կիպրոսը վետո դրեց: Նույնիսկ հիմա նախագահ Նիկոս Անաստասիադիսը սպառնում է, որ առանց Անկարայի զիջումների Կիպրոսը չի համաձայնի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների ընդլայնմանը: Նախ` Թուրքիան պիտի կատարի իր «վաղուցվա պարտավորությունները Կիպրոսի առաջ»: Նա չի ճշտել՝ ո՞ր պարտավորությունները: Անաստասիադիսի նպատակը պարզ է՝ կղզու վերամիավորումը: Նվազագույնը՝ Թուրքիան պետք է ճանաչի Կիպրոսի Հանրապետությունը: Կիպրոսին աջակցում են ԵՄ այլ երկրներ: Հունգարիան նույնպես վետո է դրել: Բուլղարիան սպառնում է վետոյի իրավունքն օգտագործել, եթե չստանա սահմանների պաշտպանության աջակցություն: Թուրքիայի հետ գործարքը վիճելի է մնում և այլ պատճառներով: Հարցեր են առաջանում՝ ինչպես պետք է փախստականները Հունաստանից Թուրքիա վերադառնան և ինչպե՞ս պետք է բաշխվեն ԵՄ քվոտաները, եթե ԵՄ-ն չկարողացավ նույնիսկ 160 հազար փախստականի տեղաբաշխել: ՈՒ ընդհանրապես՝ բոլորովին հասկանալի չէ՝ ինչպե՞ս է հաստատվելու ծրագիրը, եթե ընդամենը մեկ վետոյով կարող է ձախողվել:

Բենիամին ՊՐՅՈՒՖԵՐ, Huffington Post Deutschland, Գերմանիա


Հրապարակման պատրաստեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ
Հ. Գ. Իհարկե, միգրանտների ճգնաժամը ԵՄ-ի համար ծանր հարց է` ինչ-որ լուծում պետք է ստանա, այդ խնդիրը չի վիճարկվում, վիճարկվում է «ինչպես»-ը: Իսպանիան ևս համաձայն չէ Թուրքիայի հետ համաձայնագրին: Իսպանիայի ԱԳՆ-ն ու պատգամավորները պայմանավորվել են, որ Մադրիդը չի աջակցի ԵՄ-ի ու Թուրքիայի համաձայնագրի ներկա տարբերակին: Խորհրդարանի բոլոր խմբակցությունները փորձել են համոզել իշխանություններին չստորագրել համաձայնագիրը։ Վարչապետ Մարիանո Ռախոյը Բրյուսելի բանակցություններում դեմ է արտահայտվելու համաձայնագրի ներկա տարբերակին։ Իսպանիայում 6 օրում հավաքվել է 100000 ստորագրություն՝ ընդդեմ փախստականների հարցի շուրջ ԵՄ-ի ու Թուրքիայի համաձայնագրի։ Կպարտադրի՞ Գերմանիան իր կամքը մնացած 27 երկրներին: 27-ից քանի՞ երկիր են կողմ, քանի՞սը դեմ Բրյուսելի կապիտուլյացիային Անկարայի առաջ: Չմոռանաք, որ Սիրիայում հրադադար է, Ժնևում խաղաղության հաստատման բանակցություններ են, Ռուսաստանը բանակցություններից առաջ հանել է հիմնական հարվածային զինուժը: Այսինքն՝ կա հարցի լուծման այլընտրանք՝ պայքար ոչ թե հետևանքների, այլ պատճառի դեմ: Եթե կանցլեր Անգելա Մերկելին պետք է արագ վերադարձնել ընտրողների վստահությունը 2017-ի ընտրություններից առաջ, իրենց տարածքներում քվոտայով մուսուլման միգրանտներ ընդունելու պարտավորությունը կարող է ըմբռնում չգտնել ոչ միայն Իսպանիայի, Կիպրոսի, Հունգարիայի, Բուլղարիայի դեպքում: Ի վերջո՝ շատ մեծ հարց է՝ Էրդողանն ընդհանրապես մտադի՞ր է իր պարտավորությունը կատարել: Ակնհայտ է, որ կատարելու դեպքում Անկարան կորցնելու է ԵՄ-ի համար արդիականությունը, ինքնաբերաբար՝ պահանջներ ներկայացնելու հնարավորությունը: Շանտաժն իբրև քաղաքական կատեգորիա՝ կընդունի Բրյուսելը, այո կամ՝ ոչ: Կա նաև լուծումը հետաձգելու տարբերակը: Իսկ ի՞նչ է լինելու փախստականների ճակատագիրը:

Դիտվել է՝ 1151

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ