Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Խաղն ավարտված է՝ ռուս-թուրքական հաշտեցման մեկնարկը տրված է

Խաղն ավարտված է՝ ռուս-թուրքական հաշտեցման մեկնարկը տրված է
12.03.2016 | 14:31

ՌԴ կառավարությունն ու Գերագույն դատարանը բացասական եզրակացություն են տվել Հայոց ցեղասպանության փաստի ժխտման համար քրեական պատիժ նախատեսող օրինագծին՝ տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատել է ՌԴ Գերագույն դատարանի հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր խորհրդատու Վալերիա Զախարովան: Բացասական եզրակացության պատճառը՝ ՌԴ օրենսդրությամբ արդեն իսկ գոյություն ունեն նորմեր, որոնք պատիժ են նախատեսում ազգային հողի վրա հանցագործությունների, կրոնական զգացմունքները վիրավորելու համար, նոր օրինագծի կարիք չկա, եզրակացության տեքստը վկայակոչելով՝ «Ազատության» հետ զրույցում ասել է «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը: Նա հիասթափվելու տեղիք չի տեսնում. «Կառավարությունը և Գերագույն դատարանը համարում են, որ Ռուսաստանում բոլոր մակարդակներում Հայոց ցեղասպանությունը ընդունված փաստ է, և Ռուսաստանում մասսայական ժխտման դեպքեր չկան, և այս օրինագծի անհրաժեշտությունը չկա»,- ասել է Յուրի Նավոյանը: Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը ՌԴ Պետդումայում հայտնվեց անցած նոյեմբերին՝ ռուս-թուրքական հարաբերությունների լարվածության ֆոնին: Օրինագծի հեղինակները՝ «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության անդամները փաստաթղթի նախագծում առաջարկել են քրեական պատասխանատվության ենթարկել «1915-1922 թվականներին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած հայերի ցեղասպանության մասին փաստերը ժխտողներին, որպես պատիժ սահմանել կամ տուգանք, կամ հարկադիր աշխատանքի կատարում, կամ ազատազրկում»:
Կառավարությունը և Գերագույն դատարանը օրինագծին բացասական եզրակացությունում նշում են, որ փաստաթղթի հեղինակները վիճակագրական տվյալ կամ քրեագիտական հետազոտության արդյունքներ չեն ներկայացրել, որ Ռուսաստանում Հայոց ցեղասպանության փաստի ժխտման տարածված դեպքեր կան:
ՌԴ Պետդուման Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1995-ին, 2005-ին և 2015-ին հայտարարություններ է ընդունել Հայոց ցեղասպանության 90-րդ և 100-րդ տարելիցների կապակցությամբ:
Անցյալ տարվա նախաձեռնությունը ուղղակիորեն կապվում էր ռուս-թուրքական հարաբերություններում նոյեմբերին առաջացած լարման հետ, երբ ռուսական պետական բոլոր կառույցներին հրահանգ էր իջեցվել իրենց հակաթուրքական քայլն անել: Ահա և Դուման «հիշեց» Հայոց ցեղասպանությունը: Եթե ռուս-թուրքական հարաբերություններում շարունակվեր նույն լարվածությունը և Մոսկվան մտադիր լիներ, ինչպես ՌԴ նախագահը իր տարեկան ասուլիսում հայտարարեց «գործը լոլիկներով չփակել», միանշանակ այս օրինագծին թե կառավարությունը, թե Գերագույն դատարանը առանց քրեագիտական հետազոտությունների տվյալների դրական եզրակացություն էին տալու և նույնիսկ այս տարվա սեպտեմբերի Պետդումայի ընտրությունները հաշվի չէին առնվելու՝ հակառակ այն փաստի, որ Ռուսաստանում մուսուլմանները թվով մի քանի անգամ գերազանցում են հայերին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. «Ազատությունը» նաև հաղորդում է, որ «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության ղեկավարը համաձայն չէ, թե Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն օգտագործվել է ռուս-թուրքական հարաբերությունների լարվածության ֆոնին Թուրքիային զայրացնելու նպատակով: Նավոյանը համոզված է, որ «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն անկեղծ ցանկանում էր իր ներդրումն ունենալ Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը և հայտարարում է, որ հայկական համայնքը շարունակելու է օրինագծի ընդունման աշխատանքները՝ հույս ունենալով, որ հաջորդ անգամ Պետդումայում կհայտնվի մեծամասնության՝ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորած կուսակցության ջանքերով:
Անպատասխան է մնում նվազագույնը երեք հարց.
1. Քանի՞ անգամ Ռուսաստանը պիտի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որ հայերը հասկանան՝ ճանաչեց և դադարեն ռուսական քաղաքականության համար գործիք լինել՝ ռուս-թուրքական հարաբերություններում:
2. Ռուսաստանաբնակ հայերի՝ ՌԴ իշխանության ձեռքին դագանակ դառնալու պարագան չի արդարացվում, բայց ինչ-որ չափով հասկանալի է, Հայաստանի այն հայերն ի՞նչ են ասելու, որ անկապ ոգևորվել էին՝ համոզված, որ Մոսկվան գրավելու է Անկարան, Մոսկվայի պայմանագիրն էլ չեղարկելու է: Անկեղծ հայրենասիրակա՞ն, թե՞ վճարովի պոռթկում էր նրանց անհիմն լավատեսությունը:
3. Հայաստանում ու Ռուսաստանում ե՞րբ ենք սկսելու հասկանալ՝ ամեն պետություն ունի իր շահերը ու իր շահերին ծառայեցվող խաղերը, ամեն անգամ ոտատակ ինչո՞ւ ենք նետվում, երբ վաղուց պիտի իմանայինք՝ մեր հարցերը մենք միայն պիտի լուծենք: Որևէ այլ պետության «լուծած» հարցը բերում է այդ պետության շահի պարտադրումը մեզ:
Գուցե ՌԴ կառավարության և Գերագույն դատարանի եզրակացության հրապարակման օրվա համընկնումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա աշխատանքային այցի հետ հավելյալ փաստարկ դառնա, որ Ռուսաստանը Հայաստանի հետ այս հարցում այլևս քննարկելիք չունի, բայց ունի Անկարայի հետ՝ ազդանշան է տրվում, որ մակընթացությունն ավարտվեց, արդեն տեղատվություն է՝ հաշտեցման գործընթացը կարող է սկսվել: Առավել ևս, որ կոնֆլիկտի պատճառ դարձած Սիրիայում սկսված է հակամարտող կողմերի հաշտեցումը, որտեղ գլխավոր «անհաշտը» մնում է Թուրքիան:

Դիտվել է՝ 1505

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ