Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Մերկելն ու Օլանդը թագադրում են սուլթան Էրդողանին

Մերկելն ու Օլանդը թագադրում են սուլթան Էրդողանին
12.03.2016 | 12:35

Թուրքերն արդեն 500 տարի փորձում են գրավել Եվրոպան: Հիմա դա նրանց հաջողվում է առանց պայքարի: Վերջերս կարողացան մեզնից ստանալ ավելին, քան երբևէ եղել է նրանց պատմության մեջ: Էրդողանը վերահսկում է մեր արևելյան սահմանները: Նրա ձեռքում մայր ցամաքի ռազմավարական սահմաններից մեկն է: Մոտ ժամանակներս մենք այդ ենթակայության համար բարձր գին ենք վճարելու՝ թե ֆինանսական, թե քաղաքական: Պետք չէ նշանավոր աշխարհաքաղաքագետ լինել՝ հասկանալու, որ ԵՄ-ն ինքն իր մահապատիժն է ստորագրում: Էրդողանը մեծ ղեկավար է: Նա հիանալի գիտի պատմությունը և մեծ ծրագրեր է կառուցում Թուրքիայի դերի վերաբերյալ աշխարհում ու միջերկրածովյան տարածքում: Նա ծիծաղում է մեր ղեկավարների վրա՝ ինչպես բարձր դասարանցին նախադպրոցականների: Նա մեզ ծնկի է բերում: Նա առաջին տարին չէ, որ միգրանտներին Թուրքիայի միջով Շենգենյան գոտի է ուղարկում: Արդեն չեմ ասում միլիոնավոր թուրքերի մասին, որ ապրում են Եվրոպայում՝ առանց ասիմիլյացիայի որևէ նշանի: Այդ ամենը Մերկելի ու Եվրահանձնաժողովի ակտիվ աջակցությամբ, որ կույր հետևում են ՄԱԿ-ի բանաձևերին, այսինքն՝ նպաստում են մարդկանց զանգվածային տեղաշարժին հարավից մեր մայր ցամաք:
Վերջերս Դոնալդ Տուսկը և Ահմեդ Դավութօղլուն պայմանավորվեցին արդեն Փարիզի ու Բեռլինի հավանություն տված սկզբունքների շուրջ: Որո՞նք են այդ սկզբունքները: «Սիրիացին սիրիացու փոխարեն», այսինքն՝ «տնտեսական միգրանտը»՝ «փախստականի» փոխարեն (թեպետ մեծ մասամբ նա այդպիսին չէ), ում Եվրոպայից Թուրքիա են ուղարկում: Օրը ցերեկով այդ կողոպուտը եվրոպացի հարկատուների վրա միլիարդներ կնստի: ՈՒ՝ ոչինչ չի փոխվի: Հոսքը կպահպանվի, բայց հիմա մենք նաև կվճարենք: Թուրքիան քաոսն օգտագործում է ռեկետի համար՝ պահանջելով ևս երեք միլիարդ եվրո և թուրքերենի ներառումը պաշտոնական լեզուների մեջ: Սակայն Էրդողանը չի պատրաստվում ոչինչ փոխել: Մենք գործ ունենք անցանկալի միգրանտների զանգվածային տեղաշարժի ձևավորված մեխանիզմի հետ՝ ինչպես ասաց Վիկտոր Օրբանը՝ սակավ ողջամիտ եվրոպացի ղեկավարներից մեկը Դևիդ Քեմերոնի հետ, որ կտրականապես հրաժարվեց այդ ֆարսին մասնակցել: «Եթե Շենգեն չլինի, չի լինի և Եվրոպա՝ ահա ինչն էր խաղասեղանին վերջին ամիսներին»՝ ասում է Ֆրանսուա Օլանդը: Եվրոպան նախ և առաջ մշակութային ու տարածքային ընդհանրություն է: Այսինքն՝ նրա համար կարևոր է, որ դիմանա Շենգենի համաձայնագիրը, այլ ոչ թե ժողովուրդները: Ձևը կարևոր է բովանդակությունից: Դա տխուր է: Շենգենը սպանում է Եվրոպան: Նրա անհետացումը եվրոպացի ազգերին թույլ կտար վերապրել: Ֆրանսուա Օլանդը կամ սարսափելի երեսպաշտ է, կամ հիմար: Կամ՝ ամեն ինչ միանգամից: Մեր նախագահը մեզ ապացուցում է, որ առաջին հերթին պետք է վերականգնել հոգևոր, բարոյական ու ինտելեկտուալ սահմանները: Անգելա Մերկելը դժգոհում է Բալկաններով ճանապարհը փակվելուց: Նա ալերգիա ունի սահմանների որևէ տեսակից: Մերկելը համոզված ինտերնացիոնալիստ է, ինչպես՝ Օլանդը: Պայմանագրի կեղծ լինելը հասկանալու համար՝ բավական է բրյուսելյան էլիտայի արձագանքը տեսնել: Ժան-Կլոդ Յունկերը ողջունում է «ճիշտ պայմանագիրը, որ փոխում է իրերի վիճակը»: Նրա գրասենյակի տնօրեն Մարտին Զելմայերը իր հերթին համաձայնագիրն անվանում է «ճեղքում»: Վարագույր:
Չորս իրադարձություն ընդմիշտ իրենց խոր հետքն են թողել մեր պատմության մեջ՝ ահաբեկչությունը Charlie Hebdo-ի խմբագրատանը 2015-ի հունվարի 7-ին, ահաբեկչությունները Փարիզում 2015-ի նոյեմբերի 13-ին, զանգվածային բռնաբարությունները 2015-ի դեկտեմբերի 31-ի գիշերը և 2016-ի մարտի վճարները միգրացիոն ճգնաժամի դիմաց: Նոր շրջան է սկսվում, ժամացույցը ժամերն է հաշվում: Փրկության համար մեզ ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում՝ լավագույն դեպքում՝ 30, վատագույն դեպքում 10 տարի:
Գաբրիել ՌՈԲԵՆ, Boulevard Voltaire, Ֆրանսիա


Հ.Գ. Տարօրինակ է, չէ՞, որ բոլորն ամեն ինչ գիտեն, բայց ոչ ոք չի կասեցնում, որովհետև որոշողն իրենք չե՞ն: ԱՄՆ-ն է որոշումներ պարտադրո՞ւմ ու այդ պատճառով Էրդողանին Բարաք Օբաման հրավիրել է հանդիպմա՞ն, իսկ նախապես նրան անվանել է բռնակալ ու ասել, որ հիասթափվել է նրա վարած քաղաքականությունից:
ՈՒ կզարմանա՞ Եվրոպան, եթե ազգայնականները ընտրություններով գան իշխանության: Եթե ընտրությունները տանուլ տան Մերկելն էլ, Օլանդն էլ, եթե ԱՄՆ-ի ընտրողը ձայն տա էքսցենտրիկ Տրամպին, ոչ թե հուսալի Քլինթոնին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1517

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ