«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հայաստանը պետք է իմանա ամեն ինչ...

Հայաստանը պետք է իմանա ամեն ինչ...
26.02.2016 | 00:43

Վերլուծելով թուրքական նեոօսմանիզմի արտքաղաքական կուրսի հոգեվարքը, ցանկացած դիտորդ կհանգի այն եզրակացությանը, որ Անկարայի նորագույն պատմության` Թուրքիայի հարևաններին ուրախացնող ողբերգականությունը սկսվել է անցած դարի 90-ական թվականների կեսերի այն դիրքից, որից սկսվել է «չափավոր իսլամիզմ» խաղի հաշվարկը։ Եվ Թուրքիայի «չափավոր իսլամիզմի» կերտողները` ամերիկյան հատուկ ծառայությունները, հենց այդ տերմինն են 2011 թվականից ձգտում «կիրառել» Սիրիայում, թեև ավելի վաղ, գրեթե «արաբական գարնան» արշալույսին, եգիպտական իրադարձությունների ժամանակներում, ԱՄՆ-ը (ասենք, նաև Ամերիկայի համար բացահայտորեն տոչորվող Իսրայելը) հարկադրված էր խոստովանել, որ «չափավոր իսլամիզմ» հորջորջումը գոյություն չի ունեցել նույնիսկ հնագույն իսլամական կազմակերպության` «Մուսուլման եղբայրների» բառապաշարում։ Երևի Բարաք իբն Հուսեյն Օբաման ինքն էլ է (իսկ գուցե մի ժամանակ ներդրվել է) այդ նույն «Մուսուլման եղբայրների» մի ինչ-որ ամերիկյան մասնաճյուղի անդամ. չէ՞ որ արդեն քանի՜-քանի տարի Թուրքիան էլ են կառավարում հենց «Մուսուլման եղբայրների» խմբավորումներից ծնունդ առած մարդիկ, չէ՞ որ Թունիսում էլ են արդեն քանի՜-քանի տարի կառավարում («Ան-Նահդայի» անվան ներքո) նույն իսլամիստները, չէ՞ որ Եգիպտոսում էլ մի քիչ սկսեցին կառավարել, բայց երբ բանը հասավ սեփականության վերաբաշխմանը, ապա... Ի դեպ, եթե կա մեկը, որ կուզեր տեսնել հետևանքներն այն բանի, թե ինչ է լինում, երբ «ամերիկյան ձևի հեղափոխականները» հանկարծ, այնուամենայնիվ, քթները խոթում են մի տեղ (տեսեք ՈՒկրաինայի օրինակը), այնտեղ ծայր է առնում այնպիսի մի արյունոտ «խրախճանք», որպիսին խափանեցին եգիպտական զինվորականները Աբդել Ֆաթահ Սաիդ Հուսեյն Խալիլ Աս-Սիսիի գլխավորությամբ։
Իսկ Թուրքիայում, հիմա դարձյալ ԱՄՆ-ում բույն դրած մի «տարօրինակ» դեմքի` Ֆեթուլլահ Գյուլենի օրհնությամբ «ասպարեզ է նետվել» սկզբում ոչ այնքան հայտնի և, իհարկե, Թուրքիայի քաղաքացիների շրջանում այնքան էլ համբավ չունեցող մի աննշան խմբավորում, որը հորջորջվում է «Ռեֆահ»` «Բարօրություն»։ Խմբավորման առաջնորդն էր հանրահայտ Նեջմեթին Էրբաքանը։ Այդ ավելի ուշ, 1998-ին, նա, ուժ հավաքելով ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկ ծառայությունների օգնությամբ, կստեղծի համանուն կուսակցություն։ Իսկ 1998-ից առաջ էլի ու էլի իրադարձություններ կլինեն։ Օրինակ, «Բոզ գուրդ» («Գորշ գայլեր») ահաբեկչական խմբավորման և «Ռեֆահի» միավորման փորձ, Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում «Ռեֆահի» առաջին մասնակցություն, առաջին հաջողություն (երրորդը մոտեցան «վերջնագծին»), հետո 1996-ի հաջողությունը, երբ «չափավոր իսլամիստները» դարձան առաջինը և այլն։ Ապա «Բոզ գուրդի» պարագլուխ Ալփարսլան Թյուրքեշի տարօրինակորեն վաղաժամ մահը. ի դեպ, դա Հայաստանին փրկեց անփառունակ թուրք ֆյուրերի Երևան կատարելիք գաղտնի այցից։ Բանն այն է, որ մեր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները գաղտնի հանդիպել և պայմանավորվածության էին եկել Թյուրքեշների հետ` թե՛ հոր` Ալփարսլանի, թե՛ որդու` Յըլդըրըմ-Տուղրուլի հետ։ Մի պահ եղավ, որ որդյակը անհամեստ գտնվեց և մտադիր էր հանգուցյալ հոր փոխարեն շարունակել «սկսված գործերը», այդ թվում` Հայաստանի և Արցախի առնչությամբ։ Բայց... հետո, ամենայն հավանականությամբ, թուրքական բարձրաստիճան գեներալակազմից ոմանք ինչ-որ բան հիշեցրին Յըլդըրըմ-Տուղրուլին։ Օրինակ, այն, որ Ալփարսլանի որդին էլ կարող է գնալ հոր, կամ էլ մեկ այլ «գորշ գայլի»` Աբդուլլա Չաթլըի հետևից, որը «համատեղության կարգով» թուրքական թմրամաֆիայի պարագլուխներից էր։ Ե՛վ ավագ Թյուրքեշը, և՛ Չաթլըն միաժամանակ թուրքական հատուկ ծառայության գաղտնի գործակալներ էին։ Բայց դե...
Նրանց «գլուխը կերան» մեկը մյուսի հետևից, հերթով։ Նախ` Չաթլըի (96 թ.), ապա ավագ Թյուրքեշի (97 թ.), և դա պատահական զուգադիպություն չէր։ Թմրա-«գորշ գայլերը» 95-ին կազինոյում «պարտքերի մեջ խրված բռնացրին» Իլհամ Ալիևին, իսկ նրա հայրը հարկադրված էր 95-96-ին հաշվեհարդար տեսնել իր հատուկ նշանակության ոստիկանության ջոկատի և Ջավադով եղբայրների, ներքին գործերի նախկին նախարար և, միաժամանակ, Բաքվի «գորշ գայլերի» ղեկավար Իսկանդեր Համիդովի հետ, Ապշերոնում փակեց այդ կազմակերպությունը և այլն։ «Ռեֆահը» 96-ին հաղթանակ տարավ խորհրդարանական ընտրություններում։ Եվ այդ բոլոր «գործերի» գլուխ կանգնած էր և շարունակում է կանգնած լինել Ֆեթուլլահ Գյուլենը, ով էլ նա լինի` «պարզապես» մուսուլմանական «նաքշբանդայի» միաբանության անդամ, թե մի այլ երկրի հատուկ ծառայությունների գործակալ, լինի դա ԱՄՆ-ը թե Իսրայելը։ Եվ ահա Չաթլըի և ավագ Թյուրքեշի մահից հետո վերջինիս որդի Յըլդըրըմ-Տուղրուլը «նետվեց բարիկադների վրա», և Թուրքիայի օդից երկար ամիսներ «Ռեֆահի» հետ «Գորշ գայլերի» ու նրանց քաղաքական թևի, այսպես կոչված (ներկայումս), «Նացիոնալիստական շարժման կուսակցության» (MNP) միավորման հոտ էր փչում։ Հենց այդ ժամանակ էլ տեղի ունեցավ ժամանակակից Թուրքիայի պատմության մեջ վերջին զինվորական հեղաշրջումը. Էրբաքանի կառավարությանը մեղադրեցին ավելորդ իսլամիստական քաղաքականություն վարելու մեջ և ստիպեցին հրաժարական տալ։ Զինվորականներն արգելեցին նրա «Ռեֆահը», բայց նրա կողմնակիցները հասցրին տեղափոխվել նոր քաղաքական միավորումներ։ Արդյունքում նրանք հիմնեցին «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP), որը գլխավորեց Ստամբուլի այն ժամանակվա քաղաքապետ Ռեջեփ Էրդողանը, որը 1998 թ. դատապարտվեց քաղաքական հանրահավաքում իսլամիստական մի ոտանավոր հռչակելու համար։ Բայց ի՞նչ էր իրենից ներկայացնում Էրդողանը։ Պարզվում է, Էրբաքանի և Գյուլենի ուշիմ աշակերտն էր։
Ճիշտ է, «Ռեֆահի» համընդհանուր արգելքի վերջնական պահը դարձավ 2001 թվականը, երբ եվրադատարաններն ու եվրակառույցները օրինաչափ ճանաչեցին թուրք զինվորականների որոշումը։ Բայց դա մանրուք է, եթե նկատի առնենք, որ թուրք ֆաշիստների ու «չափավոր իսլամիստների» միավորումը կարծես կանխվել էր. 1995-97 թթ. այդ խմբերը միասին վերահսկում էին թուրք ընտրողների քվեների 32,1 %-ը և 208 պատգամավորական մանդատ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (խորհրդարանում)։ ՈՒժ է, եթե դրան ավելացնենք նաև, որ բանակում և մյուս ուժային կառույցներում կային ոչ քիչ թվով ծածուկ ֆաշիստներ ու իսլամիստներ։ 2006 թ. ապրիլի 12-ին Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզարը զգուշացնում էր, որ հասարակության մեջ կրոնական արմատականության տարածումը վտանգավոր է դարձել երկրի համար։ Նրա խոսքերով` միայն աշխարհիկ կարգերը կարող են պետությունը զերծ պահել քաոսից։ Մեկ օր անց նրան պաշտպանեց գլխավոր շտաբի պետ Մեհմեդ Յաշար Բյույուքանթը, հայտարարելով, որ միայն զինվորականները կփրկեն երկիրը ֆունդամենտալիզմից։ Մեկ տարի անց մամուլի ասուլիսում Բյույուքանթը կոչ արեց ընտրել մի նախագահ, որը հետևելու կլինի աշխարհիկ արժեքների. այդ պաշտոնը ավանդաբար զբաղեցնում էր այնպիսի քաղաքական գործիչ, որը կապված չէր որևէ քաղաքական ուժի հետ և ձգտում էր վեր մնալ այս կամ այն գոտեմարտից։ Էրդողանը, որի կուսակցությունը մեծամասնություն ուներ խորհրդարանում, այդ խնդրանքներն անտեսում էր, և նախագահ ընտրվեց իսլամիստ Աբդուլլահ Գյուլը` AKP-ի կազմած կառավարության արտաքին գործերի նախարարը։
Դրանից հետո թուրքական գլխավոր շտաբի կայքում ի հայտ եկավ հետևյալ հաղորդագրությունը. «Վերջին ժամանակներս Թուրքիայի Հանրապետության արմատական սկզբունքների խարխլմանը շարունակ ձգտող որոշ շրջանակներ զգալիորեն մեծացրել են իրենց ակտիվությունը»։ Էրդողանը Էրբաքանի օրինակին չհետևեց և հրաժարական չտվեց և թույլ չտվեց, որ իրեն «տնային կալանքի» տակ վերցնեն. զինվորականներին հիշեցրեց, որ ժողովրդավարական երկրներում բանակը չի միջամտում քաղաքականությանը։
Ընտրություններում երկրորդ անընդմեջ հաղթանակից հետո իսլամիստները հարձակման անցան։ 2007 թ. հայտարարվեց «Էրգենեկոն» գաղտնի գերնացիոնալիստական ընկերության բացահայտման մասին. 275 հոգու մեղադրեցին պետական հեղաշրջման փորձի մեջ, այնուհետև որոշ նշանավոր գեներալների դատապարտեցին ցմահ բանտարկության։ 2010 թ. «Բալյոզ» գործողության առնչությամբ նմանօրինակ դատավարություն անցկացնելու փորձը ձախողվեց. գլխավոր հրամանատարներին մեղադրում էին երկու մզկիթ պայթեցնելու մտադրության, Էգեյան ծովի երկնքում թուրքական օդանավը պայթեցնելու փորձի մեջ Հունաստանին մեղադրելու և դրանով իսկ զինվորական հեղաշրջման համար նպաստավոր իրավիճակ հրահրելու մտադրության մեջ։ Սկզբում 300 հոգի բանտարկության դատապարտվեց, սակայն մեղադրանքների անհեթեթությունն ու ապացույցների սնանկությունը քննադատության ալիք առաջացրին։ Եվ, ի վերջո, 2015 թ. մարտի վերջին բոլոր դատապարտվածներն ու հետաքննվողներն ազատ արձակվեցին։
Եղավ մի պահ, երբ Էրդողանի ու Գյուլենի միջև «սև կատու անցավ», թեև AKP-ի ասպարեզ դուրս գալուց և «նոր չափավոր իսլամիստների» խորհրդարանական հաղթանակներից հետո նա վերադարձավ ԱՄՆ-ից։ Բայց ահա 2013-ից արդեն նրան էլ մեղադրեցին «հեղափոխության» և Էրդողանի ու նրա AKP կուսակցության տապալման փորձի մեջ. այսպես, Թուրքիայի ներկայիս նախագահը Գյուլենին մեղադրում էր, թե նա մասնակցել է Ստամբուլի Գեզի զբոսայգու կապակցությամբ բողոքի զանգվածային ցույցերի կազմակերպմանը և այլն, և այլն։
Իսկ հիմա ճիշտ ժամանակն է վերադառնալու «Թյուրքեշ» ազգանվանը, թեև երբ տեղի էր ունենում վերը նկարագրվածը, Ալփարսլանի որդին, այն նույն Յըլդըրըմ-Տուղրուլը, որը հոր հետ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման միջնորդն էր, կարծես հեռացել էր քաղաքականությունից և նույնիսկ փախել Հյուսիսային Կիպրոս։ Եվ կարծես բիզնեսի մեջ էր խրվել։ Բայց 2011 թվականից Յըլդըրըմ-Տուղրուլ Թյուրքեշը ֆաշիստների պատգամավոր էր։ Իսկ ահա թուրք ֆյուրերի կրտսեր զավակը՝ Ահմեդ Կուտալմիշ Թյուրքեշը, հենց էրդողանյան AKP-ի մոլի ակտիվիստներից է։ Այսպիսով, իրականում «գորշ գայլերի» ու «չափավոր իսլամիստների» միավորումը, այնուամենայնիվ, տեղի ունեցել է, բայց ոչ բացահայտ՝ Ալփարսլան Թյուրքեշի որդիների մակարդակով։ Եվ դա բացատրություն է տալիս, թե այդ ինչու Թուրքիայի իբր «չափավոր իսլամիստներն» իրականում պակաս հետևողական չեն իրենց ֆաշիզմում, քան, պատկերավոր ասած, Թուրքիայի «սովորական» ֆաշիստները։
Այս ամբողջ պատմության մեջ հայերին ու Հայաստանին պետք է շատ հանգամանքներ հետաքրքրեն։ Իսկ ամենաառաջինը, իհարկե, կապված է ՀՀՇ-ի հետ։ Ժամանակն է, որ ՀՀՇ-ի այն տարիների առանձին բարձրաստիճան պաշտոնյաներ որպես վկա ցուցմունքներ տան այն մասին, թե Թուրքիայի ֆաշիստներն ինչի էին մղում Երևանին։ Չէ, իհարկե, այն մասին, թե ում հատուկ ծառայությունների օգտին են «գաղտնիք պահում» Թյուրքեշի զավակները, այսինքն` Յըլդըրըմ-Տուղրուլը և Ահմեդ Կուտալմիշը, մենք կիմանանք միայն այն ժամանակ, երբ նրանք «իրենց հորը կմիանան երկնքում» կամ, ավելի շուտ, դժոխքում։ Եվ այստեղ ոչ միայն այն հզոր գործոնն է, որ ընդհուպ մինչև հակամարտության գոտում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումը ոչ քիչ թվով «գորշ գայլեր» ու Թուրքիայի այլ քաղաքացիներ զենքը ձեռքներին ադրբեջանական բանակի շարքերում շարունակում էին կրակել մեր զինվորների ու սպաների վրա։ ՈՒղղակի ժամանակն է, որ Հայաստանի և Արցախի, ինչպես նաև Սփյուռքի հասարակությունը ճիշտ իմանա, թե ՀՀՇ-ի այդ ժամանակների ղեկավարների քայլերը կապված չէի՞ն, արդյոք, հենց այն բանի հետ, որ նրանց ինչ-որ բանի էին «բաժանորդագրում» հայր և որդի Թյուրքեշները։
Երկրորդ հանգամանքը. մենք ՀՀՇ-ի նախկին ղեկավարների ցուցմունքների հիման վրա (հիմքեր չունենք հուսալու, որ մի գերբարդ գործողությամբ կհայտնաբերեն և Հայաստան կբերվեն Թյուրքեշ եղբայրները) կփորձենք մոդելավորել ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ Հայաստանի շուրջ տիրող իրավիճակը։ Հիշում ենք ու չենք մոռանում թե՛ «չափավոր իսլամիստներ» տերմինի, թե՛ այդ տերմինի կողմնակիցների «ասպարեզ գալը»՝ մերթ «Ռեֆահ» կուսակցության ձևով, մերթ էրդողանյան AKP-ի տեսքով, հատուկ գործողության էությունն է, և կարևոր չէ՝ ԱՄՆ-ի, թե Իսրայելի։ Ապացույցը Թուրքիայի «չափավոր իսլամիզմի» հայր Գյուլենի մշտական «ապաստանն» է ԱՄՆ-ում և նրա նկատմամբ ամերիկյան հատուկ ծառայությունների ուժեղ հոգածությունը։ Մյուս անուղղակի ապացույցն արդեն Իրանի անչափ հետաքրքիր շեշտադրումն է։ Հենց 90-ական թվականների երկրորդ կեսին կար Թուրքիայի հետ Իրանի ավելի սերտ համագործակցության հավանականություն։ Եվ իրանցիները որոշեցին «ստուգել» թուրքերին. եղան նաև համատեղ զանգվածային միջոցառումներ Թուրքիայի տարածքում։ Եվ երբ հանրահավաքներից մեկի ժամանակ Իրանի պատվիրակ հոգևորականը հրապարակավ հակաամերիկյան և հակաիսրայելական կարգախոսներ հնչեցրեց, փորձեր եղան թե՛ պատերազմ սկսելու Իրանի դեմ (թուրքական ավիացիան նույնիսկ ռմբակոծեց Իրանի սահմանամերձ բնակավայրերը), թե՛ Թուրքիայից արտաքսվեցին իրանական հոգևորականներն ու շարքային հավատացյալները և այլն, և այլն... Պլանը ձախողվեց շնորհիվ այն բանի, որ նախագահ Սուլեյման Դեմիրելը զանգահարեց Իրանի նախագահին և ընդունեց Անկարայի սխալները, իսկ ըստ էության հանձնեց իր վարչապետուհի Թանսու Չիլլերի և նրա կողմնակից գեներալների պլանները (1996)։ Իսկ 2006-ին թուրքերն ու ԱՄՆ-ը (երևի ոչ առանց Իսրայելի մասնակցության) «վառեցին» Հյուսիսային Իրանի պանթյուրքիստներին և ձգտում էին «ադրբեջանական գարնան» միջոցով սկսել Իրանի կազմալուծման գործը։ Այդ նպատակներով Անկարայի ու Ապշերոնի միջև դեսուդեն էր վազում ոմն իրանցի՝ «ադրբեջանցի ընդդիմադիր» պրոֆեսոր Մահմուդ Չեխրաղանլը... Ի դեպ, պանթյուրքիստների խռովությունը ճնշվեց, և բավական կոշտ ու դաժան։
Հիմա Սիրիայի շուրջ բորբոքվող դրամատիզմը պետք է ոչ միայն Հայաստանին, այլև մյուս շահագրգիռ երկրներին ստիպի ավելի ակտիվորեն օպերատիվ տեղեկություններ, ինչպես նաև ոչ հեռու անցյալի վերաբերյալ «դրույթային» տվյալներ ձեռք բերել։ Դա կօգնի եթե ոչ խորամուխ լինելու նրբություններին, ապա գոնե փորձելու հաշվարկել թուրքական կեղծ իսլամիստների, իսկ իրականում «Բոզ գուրդի» անդամ ֆաշիստների ու այս կամ այն հատուկ ծառայությունների ապագան և սադրիչ քայլերը։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2318

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ