«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Ռուսական խաղաղություն» Սիրիայի համար բազում անհայտներով

«Ռուսական խաղաղություն» Սիրիայի համար բազում անհայտներով
16.02.2016 | 11:00

Ծայրահեղ հումանիտար իրավիճակը Սիրիայում նպաստեց Մյունխենում պայմանավորվածությունների կայացմանը՝ գրում է Ֆրանկո Վենտուրինին Corriere della Sera-ում: Ամերիկացի Քերին և ռուս Լավրովը՝ գլխավոր գործող անձինք Սիրիայի աջակցության խմբի հանդիպման ժամանակ, հասան կոմպրոմիսի՝ հումանիտար օգնության տրամադրումը հազարավոր խաղաղ քաղաքացիների, որ շրջափակման մեջ են և կարող են սովից մեռնել, իսկ մի շաբաթից՝ ռազմական գործողությունների դադարեցում: Մոսկվան ուզում էր, որ հրադադարը սկսվեր մարտի 1-ից, Վաշինգտոնը անհապաղ զինադադարի կողմնակից էր, բայց կողմերը գտան փոխզիջում: Դիվանագիտական այդ թզի տերևի տակից աչքի է զարնում ռուսների ուժային գերազանցությունը ամերիկացիների նկատմամբ: Սիրիայում ռազմական միջամտության ամենասկզբից Կրեմլը ուներ «ահաբեկիչ» հասկացության շատ լայն մեկնաբանություն, ուստի հայտարարելով ԻՊ-ին և այլ «ահաբեկչական» խմբավորումների ռմբակոծելու մտադրության մասին, իրականում հարվածում էր Ասադի հակառակորդներին: Իր գագաթնակետին պուտինյան ցինիզմը հասավ երկու շաբաթ առաջ՝ Ռուսաստանը Ժնևում բանակցություններ էր վարում, իսկ ռուսական ավիացիան ակտիվորեն աջակցում էր Ալեպոյի վրա Ասադի բանակի հարձակմանը, որպեսզի կտրի ապստամբներին մատակարարման ճանապարհները Թուրքիայից: Ալեպոյի չեզոքացումը փոխեց արդեն հինգ տարի ձգվող պատերազմի աշխարհաքաղաքականությունը և բացահայտ ռազմավարական առավելություն տվեց Ռուսաստանին ու նրա դաշնակիցներին: Հենց այդ ռազմավարական իրականության պայմաններում Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ կոմպրոմիսի գնաց: Ամերիկացիները չեն կարողանում վճռել՝ ինչպես զրկեն Պուտինին մարտավարական առավելությունից, որ նա կարճ ժամանակում ձեռք է բերել: Ավելին՝ Մյունխենի պայմանավորվածությունների համաձայն, կրակը չի դադարեցվելու ԻՊ-ի և «Ան Նուսրայի» դեմ: Դա թույլ կտա ռուսներին՝ «ահաբեկիչների» իրենց պատկերացումների համաձայն շարունակել ռմբակոծությունները իրենց հայեցողությամբ:
Մյունխենյան պայմանավորվածությունների անկայունությունն ակնհայտ է, բայց հույս կա, որ գոնե հումանիտար դրույթները կկատարվեն: Ռուսները շահագրգռված են ցույց տալ իրենց ողջամտությունը և մասնակցել մարդասիրական աջակցությանը: Բայց ինչպես կպահեն իրենց Ասադի ուժերը և ընդդիմադիր խմբավորումները: Երկու կողմերի վրա էլ պետք է ճնշում գործադրել, առավել ևս, ոչ Ասադի, ոչ ընդդիմության ներկայացուցիչները Մյունխենում չկային: Բացի այդ՝ ինչպե՞ս կպահեն իրենց Թուրքիան և նրան ենթակա զինված խմբավորումները, ի՞նչ կորոշի Սաուդյան Արաբիան, հասկանալով, որ սիրիական խաղի առաջին ռաունդը համարյա տանուլ է տրված: Մյունխենից հետո Սիրիայի ողբերգությանն առնչվող անհայտները չպակասեցին: Վարկած կա, որ Թուրքիան, չհավատալով ամերիկյան նախաձեռնությանը, մտադիր է ռազմական ներխուժման դիմել Սիրիայի հյուսիսում: Բախումը սիրիական զորքերի ու ռուսական ավիացիայի հետ անխուսափելի է՝ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը կհայտնվի Ռուսաստանի հետ պատերազմի վիճակում: Ռուսաստանը դա հասկանում է, այդ պատճառով էլ թափահարում է «երրորդ համաշխարհային պատերազմի» խրտվիլակը և պահանջում, որ ԱՄՆ-ը կարգի հրավիրի թուրքերին: Հուսալն արգելված չէ, բացի այդ 2011-ից հետո առաջին անգամ հրադադարի պայմանավորվածություն է կայացել, բայց դժվար է հավատալ, որ Պուտինը կանգ կառնի, երբ մոտեցել է հաղթական հիմնը երգելու պահը:
Ֆրանկո ՎԵՆՏՈՒՐԻՆԻ, Corriere della Sera


Հ.Գ. Ինչ հեշտ է, չէ, Իտալիայում (Ֆրանսիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում) նստած գրել պատերազմի ու խաղաղության, երրորդ համաշխարհային պատերազմի մասին՝ հույս ունենալով, որ այնտեղ, ինչ-որ տեղ հեռվում է այդ պատերազմը և քո տան բակում երբեք չեն կրակի: Մյունխենյան պայմանավորվածությունները Անկարան արդեն խախտել է՝ զինուժ մտցնելով Սիրիայի հյուսիս, թեպետ արտգործնախարարի ու վարչապետի մակարդակով հերքում է, իսկ Սիրիան` հաստատում: Եթե իրոք Անկարան որոշի, թեկուզ հայտարարելով, թե իր սահմաններն է պաշտպանում, նշանակալից զինուժ մտցնել Սիրիա, Ասադը դա անվանելու է ագրեսիա, իսկ Պուտինը ռմբակոծելու է՝ իբրև պայքար ահաբեկչության դեմ: ՈՒ ի՞նչ է անելու ՆԱՏՕ-ն, երբ ալյանսի անդամ երկիրը դիմում է ագրեսիայի ու հայտնվում կրակի տակ: Վաշինգտոնում, առավել ևս Բրյուսելում այս հարցին պետք է պատասխանեն հնարավորինս արագ: Թուրքիայի կողքին կարող է Սաուդյան Արաբիան հայտնվել, Ռուսաստանի կողքին՝ Իրանը: Ի՞նչ էր ասում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Մյունխենում երրորդ համաշխարհայինի մասին: Ահա և քեզ զինադադար՝ պատերազմի ու պատերազմի միջև:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1179

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ