«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հոգնածների փետրվարի երրորդ արարը

Հոգնածների փետրվարի երրորդ արարը
16.02.2016 | 01:08

Կիսվեց, փետրվարը կիսվեց, ու՝ ի՞նչ: Փետրվարի սկզբից խաղարկվող քաղաքական ու ոչ քաղաքական սպասումները գագաթնակետին հասան 12-ին, հիմա խաղաղ մարում են: 2016-ի փետրվարի 12-ին 2015-ի փետրվարի 12-ի հիշողությունները կային՝ մի բաժակ ջրի փոթորիկի, որ քաղաքական դաշտի կոնֆիգուրացիան փոխեց: Եթե 2015-ի փետրվարի 12-ը համարենք առաջին արար, 2016-ի փետրվարի 12-ին խաղարկվեց երկրորդ արարը: Ոչ առանձին կուսակցությունների մասով, շատ ավելի գլոբալ: ՈՒ դեռ կա երրորդ արարը: Եթե փետրվարի 12-ը ՀՅԴ-ի համար չդարձավ իշխանության մեջ հայտնվելու ծննդյան օր, շատ ավելի կարևոր ու հեռագնա իրադարձություններ եղան, որոնց համեմատ կոալիցվել-չկոալիցվելը կորցնում է արդիականությունը: Նաջարյանը փոշմանե՞լ է: Հարկավ՝ ոչ: Ոսկե ցլիկը արդեն նվիրել են, այսօր-վաղը «սերտիֆիկատն» էլ կտան: Փետրվարի 12-ին ստացանք ՄԻՊ-ի թեկնածու, ոչ ոք չի կասկածում՝ նաև նոր ՄԻՊ՝ Արման Թաթոյան, ում կհաստատի ԱԺ-ն: Նույն օրը՝ պետաիրավական հանձնաժողովում քննարկումների հետ համարյա միաժամանակ՝ ստացանք ԱԱԾ նոր տնօրեն՝ Գեորգի Կուտոյան, և ԱԱԾ-ի նոր ֆունկցիաներ: Ի՞նչ էր նշանակում երիտասարդ, անհայտ ու համակարգի հետ կապ չունեցող պաշտոնյայի նշանակումը: Քաղաքական էլիտայի երիտասարդացո՞ւմ: Թե՞ համակարգի «գրավում». Կլեոպատրան, օրինակ, չգրավեց Հռոմը, նա «գրավեց» Կեսարին: Փաստացի՝ սկսվել է կադրային փոփոխությունների գործընթաց և հայտնի չէ՝ ո՞ւմ ձեռքին կլինի «վերահսկիչ փաթեթը», երբ ավարտվեն գործող նախագահի լիազորությունները: Ներկայացնելով ԱԱԾ-ի նոր տնօրենին՝ ՀՀ նախագահը իրապես ծրագրային ելույթ ունեցավ, հնչեցին քաղաքական հայտարարություններ, որ ուղենշում են ոչ միայն կառույցի աշխատանքը, այլև հասարակությանը վերաբերող փոփոխությունները: «Մինչև 2018-ը տեղի է ունենալու իշխանության թևերի լուրջ վերադասավորում և պետական մարմինների լիազորությունների էական վերաբաշխում: Եվ այս անցումային փուլում ազգային անվտանգության մարմիններն իրենց գործառույթների շրջանակներում պետք է ոչ միայն ապահովեն կառավարման համակարգի սահուն փոխակերպումը, այդ ընթացքում պետական իշխանության անընդհատությունը, այլև պետական մարմինների շարքում կարողանան ամրագրել իրենց արժանի տեղն ու կարգավիճակը: Այս ընթացքում ձեր առաջնային խնդիրներից մեկը լինելու է պետության ներքին անվտանգության ապահովումը, մասնավորապես՝ մի կողմից կոռուպցիոն երևույթների դեմ ավելի սուր պայքարը, մյուս կողմից՝ կանխարգելումը»,- ասել է Սերժ Սարգսյանը: Ինչպե՞ս հասկանալ վերաիմաստավորումը: Համակարգին անծանոթ, փայլուն կրթություն ստացած, նախագահի աշխատակազմից 9 օրով դատախազությունում հայտնված ու ԱԱԾ տնօրեն նշանակված Գեորգի Կուտոյանն ակնհայտորեն վայելում է Սերժ Սարգսյանի լիակատար վստահությունը: Եթե կշեռքի նժարներին դրվեն որևէ պաշտոնյայի ու ԱԱԾ-ի տնօրենի խոսքն ու գործը, պարզ է, թե որն է ծանր լինելու: Սա լուրջ ազդանշան է իշխանական բուրգին, որտեղ կոռուպցիան համակարգային է, ոչ թե անհատական նախասիրություն: ՈՒրեմն՝ հարցը դառնում է ոչ այնքան՝ կկատարի՞ ԱԱԾ-ն անցումային փուլում իր դերը, որքան՝ կցանկանա՞ Սերժ Սարգսյանը, որ կատարի: Իսկ նա կցանկանա, եթե համակարգը փորձի «ապստամբել»՝ սեփական խաղեր տալ կամ հակառակվել: Թե իշխանության կազմավորման գործընթացում, թե խորհրդարանի: Կլինի՞ կոալիցիա, չի լինի՝ խաղի պայմանները նույնն են բոլորի համար: Սա նաև նշանակում է, որ Սերժ Սարգսյանը երկրորդ պլան է մղում ոչ միայն ՀՀԿ-ին, այլև իր ավանդական հենարանները՝ այլևս ուժային կառույցներն ու նրանց առաջին դեմքերը չեն առաջին ջութակը, կա ԱԱԾ՝ «վերաիմաստավորված» գործունեությամբ և կան մյուսները՝ մի քայլ ներքև: Սա հոգնած ու հնացած համակարգի կազմաքանդման կամ վերակազմավորման երկրորդ արարն էր՝ անցյալ տարվա փետրվարի 12-ից հետո:

Հրաշալի խաղարկված: Գուցե անգամ օրն էր հատուկ ընտրված: Իսկապես սքանչելի պարտիա էր՝ ի՞նչ են ուզում Հայաստանից: Միջազգային կառույցները, ԵՄ-ն, ԱՄՆ-ի դեսպանը: Պայքար կոռուպցիայի դե՞մ: Խնդրեմ, ամենաբարձր մակարդակով տրված հանձնարարական, բայց ոչ թե վարչապետին կից հակակոռուպցիոն պայքարի նորաստեղծ կառույցին, այլ ԱԱԾ-ին: ՈՒզում են Սահմանադրության կենսագործո՞ւմ: Հարկավ՝ ԱԱԾ-ն կապահովի «կառավարման համակարգի սահուն փոխակերպումը, այդ ընթացքում պետական իշխանության անընդհատությունը»: Եվ ո՞ւր մնաց վարչապետը: Փաստացի՝ եթե միջազգային կառույցները Հայաստանին փող տալն էլ պայմանավորում են կոռուպցիայի դեմ պայքարով, ուրեմն հիմա՝ իբրև այդ գործի հիմնական լծակ, ԱԱԾ-ն ստանում է կառավարությունից ավելի մեծ լիազորություններ: Հիշեցնեմ, ԱԱԾ-ը ղեկավարում է մարդ, որ վայելում է Սերժ Սարգսյանի լիակատար վստահությունը, ի տարբերություն չասեմ՝ ում:
Վերջապես՝ փետրվարի 12-ը ՀՀ նախագահը նշանավորեց նախկին կրկեսը ապագա քաղաքական ասպարեզ դարձնելու ծրագրային ելույթով: Երկար ու տխուր: Գուցե սուբյեկտիվ է զգացողությունը, չկար, նախագահի ելույթում չկար գոհունակություն և ուրախություն, կար ջանադիր շարադրանք՝ «ինչ ունենք»-ի ու «ինչ չունենք»-ի, «գաղջի» քննադատություն ու «հետո»-ի շարադրանք, որ թվում էր ընդարձակ քաղվածք աֆորիզմների անհայտ գրքից, որ տպագրվել է մեկ օրինակով ու պահվում է Բաղրամյան 26-ի չհրկիզվող պահարանում՝ հատուկ դեպքերի համար: Պաշտոնապես՝ նախագահի նստավայրում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմին հավաքելու պատճառը Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ նախագահի ելույթն էր: Զարմանալի էր, որ նախագահական հրավիրված չէին դիվանագետներն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Նախ՝ նրանք պակաս ներառված չէին սահմանադրական փոփոխությունների գործընթացում և արժանի էին ներկա լինելու կարևոր իրադարձությանը մի երկրում, որտեղ աշխատում են, հետո՝ նախագահի ընդարձակ խոսքն արձագանքն էր նրանց տարբեր դիտարկումների: Թեպետ՝ թվում էր ուղղված միայն ու միայն ՀՀԿ-ին: Համենայն դեպս՝ իր ողջ քննադատական լիցքով՝ տարաստիճան պաշտոնյաների ու նրանց աշխատաոճի մասով: Համարյա բաց տեքստով Սերժ Սարգսյանն ազդարարեց ողջ քաղաքական դաշտին, որ իրենց ծրագրերի առաջին կետում բոլորն ունենան այն փաստի արձանագրումը, որ ինքը մնում է իշխանության մեջ, և երկրորդ-երրորդ ու հաջորդ կետերը կազմելիս ելակետ ընդունեն առաջին կետը: Սա է սահմանադրական փոփոխությունների առաջին ռեալ արդյունքը: Երկրորդ ռեալ արդյունքը՝ խորհրդարանի կազմավորման մեջ բոլորը սկսելու են զրո կետից, նախկին արժանիքներն ու կուսակցական արժեքները հաշվի չեն առնվելու: ՈՒ դա վերաբերում է բոլոր կուսակցություններին, թեպետ ամենից շատ հարվածում է ՀՀԿ-ին: Խորհրդարանը պիտի փոխվի ոչ միայն կառուցվածքով ու թվով, գործունեության բովանդակությունը պիտի փոխվի՝ սա նոր Սահմանադրության տրամաբանությունն է պահանջում ու քաղաքական կյանքը: Կուսակցությունների դերի ու նշանակության իրավական սահմանումները մի կողմ՝ չմոռանանք, որ 2018-ից մենք այլևս չենք ունենալու նախագահ, ում հետ մինչ օրս համաձայնեցվում են անգամ համատիրություններում նոր հավաքարար աշխատանքի ընդունել-ազատելը: Վարչապետի՞ն են փոխանցվելու ստվերային կառավարման գործառույթները, թե՞ երկրում սկսելու է գործել օրենքը: Պատասխանը կարճ է՝ նայած ով կլինի վարչապետը: Բայց մինչ այդ ընտրվելու է նոր խորհրդարանը, որի նկատմամբ իրենց պահանջներն ունեն ոչ միայն ներսում, այլև դրսում: Օրինակ՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: ԵՄ-ն: Որ «ողջունում է 2016-ի փետրվարի 5-ի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցը, հատկապես ներկայիս դիտարկումները և առաջարկությունները», ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախկին առաջարկությունները, որոնք հաշվի չեն առնվել, և խնդիր է դնում Ընտրական օրենսգիրքը բարեփոխել «համագործակցաբար» և «լայն կոնսենսուսով»: Խնդիր է դնում՝ համաձայնության գալ ընտրացուցակների, քվեաթերթիկների հաշվարկի, ընտրություններից հետո ընտրացուցակների հավանական հրապարակման կամ որևէ այլ միջոցի վերաբերյալ, որը կլուծի Հայաստանում չգտնվող քաղաքացիներին ընտրացուցակներում ներառելու հավանական չարաշահումների ձևավորված ընկալումների հարցը, արդյունքների ամփոփումը։ Խնդիր է դնում բարելավել ընտրացուցակների ճշգրտությունը, ներմուծել բազմակի քվեարկության դեմ արդյունավետ և հետևողական երաշխիքներ՝ անկախ ընտրողների անձն արդյունավետ հաստատող փաստաթղթերի տեսակից, որովհետև երաշխիք է ուզում խորհրդարանական ընտրությունների արդյունքների օրինականության բարձր մակարդակի ապահովման համար, բողոքների և բողոքարկումների օրենսդրական հենքն է ուզում վերանայել՝ երաշխավորելու արդյունավետ միջոցներ չարաշահումների դեմ։ ՈՒրեմն՝ ինչպիսի՞ն է լինելու նոր խորհրդարանը՝ ցուցադրակա՞ն, թե՞ իրական ուժերից է կազմվելու: Ակնհայտորեն՝ Արևմուտքն այս անգամ իր խաղը չի հանձնելու նվազագույն քանակով որևէ խմբակցության, երբ փոխվել է պետական կառավարման համակարգը, երբ ունի այդ փորձի բացարձակ անարդյունավետության ապացույցները՝ գումարում առ գումարում՝ նախկին ու գործող խորհրդարաններում: Եվ փորձելու է այդ խնդիրը լուծել ոչ թե իշխանության հետ պայմանավորվածությամբ, այլ բուն ընտրության ընթացքում, ուստի ժողովրդավարական ընտրությունների անցկացումը դառնում է գերխնդիր: Հիշեք նաև ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ մեկամյա գործունեությունը նշանավորող օնլայն ասուլիսը, իսկ մինչ այդ ՀՀ նորանշանակ դեսպանին ընդունելիս ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, թվում է, կոնտեքստից դուրս խոսքերը, որ ամեն ինչ նոր միայն սկսվում է: Սովորաբար Արևմուտքը փողը դնում է այնտեղ, որտեղ ունի քաղաքական հենարան, այլապես միջոցների վատնում է: Անթույլատրելի: Ի՞նչ է անելու Ռուսաստանը, որ մինչ այժմ հաստատել է Բաղրամյան 26-ում կազմված ընտրացուցակները: Նույնը: Փորձելու է ունենալ իր ազդեցությունը՝ նույն պատճառով. այլևս չկա մեկը, ում դիմի և ումից պատասխան պահանջի՝ նախագահ չկա, ու կարող է չլինել վարչապետին հակազդող ռուսամետ ընդդիմությունը: Հենց այդ պատճառով Կրեմլն իր համար թիրախային է դարձնելու վարչապետի պաշտոնը և զուգահեռ փորձելու է ստեղծել նոր քաղաքական հենարան: Համենայն դեպս՝ ծրագրերը գրվում են, գործող անձինք՝ որոնվում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Մնաց Իրա՞նը: Ընդունեք, որ անվայել է, երբ Հայաստանի տարածքով գազամուղ անցնել-չանցնելու ծրագրերը քննարկվում են որտեղ ասես, բայց ոչ Երևանում: Անվայել է, բայց համարժեք ուժերի այսօրվա դասավորությանը: Գլոբալ ուժերի: Եթե իսկապես Սիրիայում հրադադար հաստատվի, և Մերձավոր Արևելքում սկսվի խաղաղ կարգավորման գործընթացը, թեպետ Մոսկվան շարունակելու է Սիրիայի տարածքում ԻՊ-ի և ահաբեկչական մյուս խմբավորումների դեմ պայքարը, ռուս-թուրքական հարաբերությունները կսկսեն կարգավորվել: Թեհրանն էլ սկսելու է տարածաշրջանում իր նոր քաղաքական դերին հարմարվել, որ առավելագույնս շոշափելու է Անկարայի շահերը: Կա՞, թե՞ չկա Երևանը որպես սուբյեկտ այդ գործընթացներում: Պատասխանը պետք է մինչև 2017-ը: Իրանը չի սպասի՝ Հայաստանի նոր ղեկավարության հետ հարաբերվելու, նրան օր առաջ է պետք իր քաղաքական ու տնտեսական ծրագրերի երթուղիները ճշտելը: 2013-ի օգոստոսի 4-ին Իրանի 7-րդ նախագահ ընտրված Հասան Ռոհանիին շոշափելի արդյունքներ են պետք՝ 2017-ին Իրանում նախագահական ընտրություններ են: Մրցակիցները շատ ավելի դժվար կարող են լինել, քան Մանուչեր Մոթաքին, Էսֆանդահիր Ռահիմ Մաշաին, Խուշանգ Ամիրահմադին, Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանին էին: Հասան Ռոհանին պարտվելու իրավունք չունի՝ խաղասեղանին իր սկսած բարեփոխումներն են ու պետության ճակատագիրը:

Դիտվել է՝ 1227

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ