«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

5.Stratfor-ի աշխարհաքաղաքական վերլուծությունը 2015-2025-ին

5.Stratfor-ի աշխարհաքաղաքական վերլուծությունը 2015-2025-ին
08.02.2016 | 11:54

Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա


Մերձավոր Արևելքը և հատկապես արևելյան Միջերկրածովյան ու Իրանի միջև եղած տարածքը, Հյուսիսային Աֆրիկան պետականության քայքայման շրջան են ապրում: 19-րդ ու 20-րդ դարերում եվրոպական տերությունների ստեղծած պետությունները մասնատվում են իրենց բաղկացուցիչ մասերին, որ բնորոշվում են ազգակցական կապերով, կրոնով և փոփոխական տնտեսական շահերով: Լիբիայում, Սիրիայում, Իրաքում մենք ականատես ենք պետության դեգրադացիայի՝ մանր խմբակցությունների բաժանումով, որ մարտնչում են միմյանց դեմ և չեն համապատասխանում այդ երկրների տարածքային հնացած սահմաններին:
Այս գործընթացը շարունակվելու է 1970-ական և 1980-ական թվականների Լիբանանի պատկերով ու նմանությամբ, երբ կենտրոնական կառավարությունը չէր գործառնում, իսկ իշխանությունն անցել էր միմյանց դեմ կռվող խմբավորումներին: Գլխավոր խմբավորումները չկարողացան հաղթել մնացածներին, իրենք էլ մնացին անպարտելի: Նրանցով խաղում էին, նրանց աջակցում էին դրսից, երբեմն էլ նրանք ինքաբավ էին: Այդ խմբավորումների միջև պայքարը վերաճեց քաղաքացիական պատերազմի, որն այսօր հանդարտվել, բայց չի ավարտվել: Քանի դեռ ամբողջ տարածաշրջանում պահպանվում է իշխանության վակուումը, ջիհադիստական խմբավորումները բավականաչափ տարածք կգտնեն իրենց գործունեության համար, բայց նրանց զսպելու են ներքին հակասությունները: Արտաքին ուժերը չեն կարող ճնշել այսպիսի իրավիճակը: Պահանջվող ուժերն ու միջոցները, նրանց գործողության տևականությունը գերազանցում են ԱՄՆ-ի հնարավորությունները, նույնիսկ եթե ամերիկյան ռազմական ներուժը էականորեն մեծանա: Հաշվի առնելով այն իրավիճակը, որ ստեղծվել է աշխարհի այլ մասերում, մասնավորապես Ռուսաստանում, ԱՄՆ-ը չի կարող այլևս կենտրոնանալ բացառապես այդ տարածաշրջանի վրա:
Արաբական պետությունների էվոլյուցիան, հատկապես Թուրքիայից հարավ գտնվող, սպառնալիք է տարածաշրջանի կայունությանը: ԱՄՆ-ը կփորձի չեզոքացնել առանձին խմբավորումների սպառնալիքը սահմանափակ ուժային միջամտությամբ, սակայն այդ տարածաշրջան ռազմական մեծ ուժ չի մտցնի:
Աշխարհագրությունից ելնելով՝ միայն մեկ երկիր է իսկապես շահագրգռված Սիրիայի ու Իրաքի կայունացմամբ, այդ ուղղությամբ ազատ գործելու հնարավորություն ունի և կարող է ծայրահեղ դեպքում սահմանափակ մուտք ունենալ այդ տարածաշրջան՝ Թուրքիան: Հիմա Թուրքիան բոլոր կողմերից շրջապատված է ներարաբական կոնֆլիկտներով, Կովկասի ու Սևծովյան ավազանի կոնֆլիկտներով: Թուրքիան առայժմ պատրաստ չէ լիովին անկախ քաղաքականություն վարել Մերձավոր Արևելքում և պատրաստակամությամբ համագործակցում է ԱՄՆ-ի հետ: Այդ համագործակցությունը հնարավորություն կտա զսպման գոտին տեղաշարժել դեպի Վրաստան ու Ադրբեջան:
Առաջիկա տասը տարում մենք անկայունության ուժեղացում ենք սպասում արաբական աշխարհում: Բացի այդ՝ ենթադրում ենք, որ Թուրքիան կներքաշվի հարավի կոնֆլիկտում այնքան, որքան պահանջում են թուրքական սահմանների մոտ պատերազմը, և՝ այդ պատերազմի քաղաքական հետևանքները: Թուրքիան, որքան էլ ցանկանա, իրեն չի կարող թույլ տալ անտեսել սեփական սահմանների երկայնքով ծավալվող քաոսը, մոտակայքում էլ ուրիշ պետություն չկա, որ այդ բեռն իր վրա վերցնի: Իրանը չի կարող միջամտել ռազմական ու աշխարհագրական պատճառներով, նույնը՝ Սաուդյան Արաբիան: Թուրքերը, հավանաբար, սկսեն փոփոխական կոալիցիաներ կազմել և ի վերջո ընդլայնել իրենց ազդեցությունը մինչև Հյուսիսային Աֆրիկա, որպեսզի կայունացնեն իրավիճակը: Մերձավոր Արևելքը միակ տարածաշրջանը չէ, որ թուրքական ուշադրություն է պահանջում: Ինչքան թուլանում է Ռուսաստանը, այնքան եվրոպացիները կգան այն տարածքները, որ ավանդաբար եղել են թուրքական շահերի գոտի՝ օրինակ հյուսիսային Մերձսևծովյան շրջանը: Հավանաբար Թուրքիան հյուսիս կտարածի հիմնականում տնտեսական ու քաղաքական ուժերը, բայց հնարավոր է և չափավոր ռազմական միջամտություն: Ավելին, Եվրամիության մասնատման և առանձին եվրոպական տնտեսությունների թուլացման հետ որոշ երկրներ կարող են վերակողմնորոշվել դեպի Արևելք և Թուրքիան հնարավորություն կստանա ուժեղացնել իր ներկայությունը Բալկաններում իբրև տարածաշրջանի միակ մեծ ուժ:
Թուրքիան, որ միաժամանակ աշխարհիկ ու մուսուլմանական երկիր է, պետք է ներքին քաղաքական հավասարակշռություն գտնի: Թուրքիայի ներկա կառավարությունը փորձում է հաղթահարել այդ ճեղքվածքը, բայց հիմնականում հեռացնում է աշխարհիկ իշխանության կողմնակիցներին, որ երկրում քիչ չեն: Անկասկած, առաջիկա տարիներին երկրում նոր կառավարություն կհայտնվի: Ժամանակակից Թուրքիայի համար դա մշտապես բեկման գիծ է: Ինչպես շատ երկրներում, քաղաքական անորոշության պայմաններում, նրա իշխանությունն ու ազդեցությունը կուժեղանա: Թուրքիայի ներքաղաքական կոնֆլիկտի համապատկերում առաջիկա տարիներին ստիպված կլինեն մեծացնել բանակի, հետախուզության և դիվանագիտական ծառայության թվաքանակն ու գործառնությունները: Հաջորդ 10 տարիներին Թուրքիան արագընթաց տեմպերով կվերածվի խոշորագույն տարածաշրջանային տերության:


Հ.Գ. ՈՒ հավատա՞լ այս կանխատեսմանը, թեպետ Stratfor-ի տեսակետները հաշվի են առնում ամբողջ աշխարհում: Ինչո՞ւ են նրանք շրջանցում Իրանը, ուր հերթով ուխտագնացության են գնում Եվրոպայի նախագահներն ու վարչապետները, որ համընդհանուր գնահատականով՝ տարածաշրջանում քաղաքական ու տնտեսական կարևորագույն խաղացող է դառնում՝ պատժամիջոցների վերացումից հետո: Թող որ աշխարհագրորեն ոչ Մերձավոր Արևելքում է, ոչ Հյուսիսային Աֆրիկայում, բայց մեծ ազդեցություն ունի հենց մերձավորարևելյան խնդիրների վրա: Կարո՞ղ էին նրանք Թուրքիայի առաջիկա տասնամյակի զարգացումներում շրջանցել քրդական հարցը: Եթե այո՝ ինչո՞ւ: ԱՄՆ-ը դեռ չի՞ կողմնորոշվել, ինչպես Էրդողանն է պահանջում՝ կամ ես եմ ձեր դաշնակիցը, կամ քրդերը, որոշեք: Այդ դեպքում ի՞նչ կանխատեսում, ընդամենը փաստերի ընտրովի ու կողմնակալ արձանագրում է: Արդեն հայկական հարցի մասին չեմ ասում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1177

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ