«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Բրեկզիտ», միգրացիոն ճգնաժամ, տարաձայնություններ Արևելյան Եվրոպայի հետ՝ ո՞ւր է գնում Գերմանիան

«Բրեկզիտ», միգրացիոն ճգնաժամ, տարաձայնություններ Արևելյան Եվրոպայի հետ՝ ո՞ւր է գնում Գերմանիան
06.02.2016 | 20:30

Թվում էր՝ շնորհիվ իր արտառոց պրագմատիզմի՝ Մերկելը ի վիճակի է թուլացնել ցանկացած հարված և պաշտպանել իր ժողովրդին նրա հետևանքներից: Սակայն, այսօր կանցլերը, կարծես, դժվար վիճակում է՝ գրում է Le Figaro-ն, հղում անելով անցյալ շաբաթավերջին Focus-ի կատարած հարցումներին: Գերմանացիների 40 % -ը նրա հրաժարականն է ուզում: Վերջին հարցումները վկայում են արմատական աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության դիքերի վերականգնման մասին, պատճառը Մերկելի միգրացիոն քաղաքականությունն է՝ նախ անսահմանափակ թվով փախստականներ ընդունել, տասնհիգ օրից կտրուկ շրջադարձ անել ու վերականգնել սահմանային վերահսկողությունը: Բայց դժբախտությունը երբեք միայնակ չի գալիս: Գերմանական վստահությունը, որ բացատրվում է Եվրոպայում առաջատար դերով, կարող է տատանել արևելյան հարևանների հետ հարաբերությունների վատացումը: Կենտրոնական Եվրոպայի երկրները միշտ համարվում էին Գերմանիայի ազդեցության գոտի, այդ պատճառով էր Բեռլինը ջանքեր գործադրում ԵՄ-ի ընդլայնման համար 2000-ականներին: Սակայն այդ հարաբերությունները փչացրեց միգրացիոն հարցը, երբ այդ երկրները՝ Հունգարիայի գլխավորությամբ, որոշեցին փակել իրենց սահմանները փախստականների առաջ: Առավել ևս՝ Գերմանիայի գլխավոր գործընկեր Լեհաստանը «անշնորհակալ» գտնվեց: Այսօր Վարշավայի նոր կառավարությունը Գերմանիայի դեսպանին նոտաներ է տալիս՝ այդ վարվելակերպը, մեղմ ասած, բնորոշ չէ ԵՄ անդամների հարաբերություններին: Mitteleuropa (գերմաներեն՝ Կենտրոնական Եվրոպան) ծանր վիճակում է: Հարավային Եվրոպան ևս անգործ չի մնացել՝ ձախերը օր առ օր ամրապնդում են իրենց դիրքերը, որ ժամանակի մեջ խորացնելու է գլոբալ եվրոպական ճգնաժամը տնտեսական հարցերով: Աթենքի հուսահատ վիճակը Բեռլինին թույլ է տալիս անվայել առևտուր սկսել՝ Հունաստանին առաջարկելով զիջումներ անել երրորդ հուշագրի իրականացման հարցում՝ Շենգենի գոտու արտաքին սահմանների պաշտպանության լրացուցիչ ջանքերի դիմաց: Բայց ոչ միայն Հունաստանը, ամբողջ Միջերկրածովյան Եվրոպան է դեմ կոշտ խնայողության տնտեսական քաղաքականությանը:
Վերջապես՝ «Բրեկզիտի»՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու սպառնալիքը, որ խորքային առումով կփոխի ԵՄ-ում ուժերի հավասարակշռությունը: Նույնիսկ չլինելով եվրագոտու մեջ, Լոնդոնը Բեռլինի դաշնակիցն է խնայողության հարցերի խստացման մեջ: Անխախտ թվացող դաշինքները փլուզվում են, ուժերի հարաբերակցությունը փոխվում է դանդաղ, բայց հաստատ: Ճանապարհը, որին ոտք է դրել ԵՄ-ն, չի կարող չանհանգստացնել ԵՄ գերակա երկրին՝ Գերմանիային: Առավել ևս, որ երկիրը ջլատում է վատ կառավարվող միգրացիոն ճգնաժամը, որ ավելի ու ավելի մեծ տեղ է ստանում քաղաքական կյանքում, բայց չի խանգարում եվրագոտու ճգնաժամին վերսկսվել առաջին իսկ հնարավորության դեպքում՝ համաշխարհային տնտեսության ներգործությամբ կամ նոր ու անսպասելի ծագած ֆինանսական ճգնաժամից: Չի՞ կորցնում Գերմանիան իր ազդեցությունը Եվրոպայում: Հնարավո՞ր է, որ նաև ոտքի տակի հողը կորցնի:


Կորալի ԴԵԼՈՄ, Le Figaro
Հ.Գ. Բարեկեցիկ կյանքի սովոր եվրոպացիները խուճապի մե՞ջ են, առաջին իսկ դժվարություններից սկսում են կենտրոնախույս շարժումնե՞րը, թե՞ պարզապես քաղաքական մակընթացությանը, որ միավորեց Եվրոպան, բնականորեն հաջորդում է քաղաքական տեղատվությունը, որ փորձում է բաժանել միավորված Եվրոպան: Ի՞նչ է մնում անել Գերմանիայի կանցլերին: Անգելա Մերկելը եկող շաբաթ նորից գնում է Անկարա՝ Էրդողանին պարտադրելու՝ փողը ստացա՞ր, գործ արա, վերջապես:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1345

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ