«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Զուգահեռներ, կամ՝ փաթեթը փուլ առ փուլ

Զուգահեռներ, կամ՝ փաթեթը փուլ առ փուլ
05.02.2016 | 00:58

Երկուշաբթի օրը բարեհաջող աղմկելով խորհրդարանում, քաղաքական դաշտը երեքշաբթի «լուծեց» օմբուդսմենի հարցը ըստ ՀՀԿ-ի հայեցողության: Մեծ անակնկալ չէր: Շաբաթվա մնացած օրերը նվիրվեցին ՀՀԿ-ՀՅԴ լեզվակռվին՝ արտաքուստ, իրականում՝ պետական կառավարման համակարգում սպասվող կառուցվածքային ու կադրային փոփոխություններին: Ի՞նչ է կատարվում:

1. Կոալիցիա չի ծնվի, կծնվի համագործակցություն: ՈՒշադրություն դարձրեք՝ սա նոր եզրույթ է հայ քաղաքական ասպարեզում: Համագործակցությունը կկայանա ՀՀԿ+ՀՅԴ-ԲՀԿ բանաձևով: Քաղաքական երկրորդ ուժի պատվանդանին կանգնում է ՀՅԴ-ն՝ հակառակ ընտրություններում ստացած տոկոսների՝ այսօր և գուցե վաղը:
2. Հարցերը լուծվում են փաթեթով և փուլ առ փուլ: Համագործակցության ձևավորումը մասն է փաթեթի, ընթացքում զուգահեռ ձևավորվում է 2017-ին ընտրվելիք խորհրդարանը, և՝ քաղաքական ուժերի հարաբերակցությունը:
3. Ընտրություններից մեկուկես տարի առաջ քաղաքական քննարկումը միայն մեկ կուսակցության հետ շարունակությունն է անցյալ տարվա «նախագահականում ֆոտոսեսիայի»՝ բնական ընտրության տվյալներով: Առավել ևս՝ երբ քննարկումների բովանդակությանը ՀՀԿ-ն իբրև կուսակցություն՝ տեղյակ է այնքան, որքան մնացած կուսակցությունները: Սա է իրադարձությունների բովանդակությունը, իսկ ձևերը բազմազան են: ՀՀԿ-ն գնաց սովորական գործելաոճով՝ իրադարձություն, հետո բացատրություն (որը դեռ չի տրվել): ՀՅԴ-ն ընտրեց հակառակ ճանապարհը՝ բացատրություններ իրադարձությանը (որը դեռ չէր եղել): Ինչ-որ պահի նրանք բախվեցին՝ վիճարկելով միմյանց հեղինակությունը: Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն վարկաբեկված է: Ենթատեքստերով, թե ենթատեքստից կտրված՝ փաստը, որ վարկաբեկվածության գաղափարն ընդհանրապես ասպարեզ եկավ, վկայում է, որ ՀՅԴ-ն ներքին խնդիր ունի նույնքան, որքան ՀՀԿ-ն: Փաստացի՝ ՀՅԴ-ն փորձում է հանրության աչքում ձևավորել քաղաքական կամիկաձեի կերպար, որ նետվում է մարտի՝ պատրաստ ինքնասպանության՝ հանուն հաղթանակի: Բայց ի՞նչ հաղթանակի: Սահմանադրության հանրաքվեն ՀՅԴ-ն անվանեց իր հաղթանակը, ռիսկային հայտարարություն էր՝ ոչ թե ՀՀԿ-ի, այլ հանրաքվեի արդյունքների ենթատեքստում: Մի քանի նախարար ու մի քանի պետական պաշտոնյա ունենա՞լը: Ասենք, Դավիթ Լոքյանը՝ տարածքային կառավարման, Արծվիկ Մինասյանը՝ էկոնոմիկայի կամ սոցապի՞: Շիրակում ու Արագածոտնում կունենան իրենց մարզպետները: ՈՒ՝ վե՞րջ: Որքան էլ Արմեն Ռուստամյանը ժխտի, թե աթոռակռիվ չէ, այլ պայքար հանուն երկրում իրավիճակ փոխելու, ի՞նչ հարաբերակցությամբ են նրան հավատալու իր կուսակիցներն ու վաղվա ընտրողները, որ հիշում են՝ ՀՅԴ-ն ընդունեց հանրաքվեի արդյունքները, որովհետև սահմանադրական կառավարման անցումն առաջին հանրապետության ժամանակներից ՀՅԴ-ի կուսակցական երազանքն էր, այսինքն՝ կա ոչ թե արդարություն, այլ քաղաքական նպատակահարմարություն: Նույն սկզբունքով՝ վաղը ՀՅԴ-ն ընդունելո՞ւ է խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Արդար կլինե՞ն, թե՞ անարդար: Ո՞վ ու ի՞նչ իրավունքով է այդ դեպքում խոսում հեղինակությունից ու հեղինակազրկվածությունից: ՀՅԴ-ն բանակցում է 2017-ի խորհրդարանում երկրորդ ուժը լինելու համար: 12 տոկոսը, որ Սերժ Սարգսյանը մտադիր է նրանց տալ ունեցած 5 %-ի փոխարեն, ՀՅԴ-ին չի բավարարում: Բազմամյա կուսակցությունը ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում խնդիր ունի՝ բացատրել իր կառույցներին՝ ինչո՞ւ մի քանի տոկոսի համար հարվածի տակ դրեց վարկն ու հեղինակությունը, ի՞նչ ստացավ ու ի՞նչ է անելու ստացածը: Հատկապես դրսում խախուտ բացատրություն է, որ այլ ճանապարհ չկա՝ ՀՀԿ-ին հնարավոր է հաղթել միայն նրա հետ ընկերանալով, ՀՀԿ-ի դեմ պայքարով ՀՀԿ-ին հաղթել հնարավոր չէ: Դրսում չեն հասկանա: Իսկ սա շատ կարևոր է մի կուսակցության համար, որի ֆինանսական աղբյուրները դրսում են (որքան էլ հակասում է օրենսդրությանը):

Փաթեթի երրորդ փուլը խորհրդարանում ներկայացվածությունն է, որ ՀՅԴ-ին չի հաջողվում ստանալ իր ցանկացածի չափ, ուստի բանակցությունները շարունակվում են այսքան երկար:
Ի՞նչ է կատարվում ԲՀԿ-ի հետ: Փաստացի այս փետրվարը նույնքան ճակատագրական է կուսակցության համար, որքան անցյալ տարվանը: ԲՀԿ-ն հետսահմանադրական ժամանակում դուրս մնաց քաղաքական գործընթացներից: Ձևավորվող համագործակցությունը ԲՀԿ-ին իր ձևաչափում չի ներառում: Ինչո՞ւ: Եթե պաշտոնապես ընդդիմություն ՀՅԴ-ն համագործակցում է իշխանություն ՀՀԿ-ի հետ, ինչո՞ւ պաշտոնապես համագործակցության առաջարկ չի ստանում ԲՀԿ-ն: ԲՀԿ-ականները իրավունք ունեն հարցնելու՝ կողմ են եղել սահմանադրական բարեփոխումներին, կողմ են քվեարկել բյուջեի նախագծին, վաղն էլ կողմ են քվեարկելու Ընտրական օրենսգրքին, ինչո՞ւ շարունակեն մնալ կեղծ ընդդիմադիր դիրքերում, ինչո՞ւ մինչև խորհրդարանական ընտրությունները իշխանություն չդառնան և չօգտագործեն իշխանական ռեսուրսները՝ ընտրությունների համար: ԲՀԿ խմբակցության նիստում հարցը քվեարկվել է, միայն Նաիրա Զոհրաբյանը և Հայկ Խաչատրյանն են դեմ եղել ՀՀԿ-ի հետ համագործակցությանը, ձեռնպահ են եղել Լևոն Խաչատրյանը և Արմեն Ավետիսյանը, մյուսները կողմ են: ԲՀԿ-ն փաստացի պատրաստ է առաջարկի, որի պահանջարկը չկա, որքան էլ ՀՀԿ-ն հայտարարում է, թե բաց է համագործակցության համար: Բաց էլ կա, բաց էլ: ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի իրատեսությունը հերիքում է իրավիճակը սթափ գնահատելու և խորհրդարանում որակյալ մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ից չակնկալելու համագործակցություն, որի կարիքը նա չունի: Նաիրա Զոհրաբյանի իրատեսությունը հերիքում է՝ հասկանալու, որ եթե հիմա իշխանության հետ համագործակցության առաջարկ էլ լինի, մի քանի շաբաթ էլ ՀՀԿ-ԲՀԿ բանակցություններ գնան, ևս մեկ-երկու ՀՀԿ-ական կորցնեն նախագահական պորտֆելները, առավելագույնը՝ նաև մեկ մարզպետ, ԲՀԿ-ն չի ունենալու որոշումների վրա ազդելու հնարավորություն՝ ոչ կառավարությունում, ոչ խորհրդարանում: Նաիրա Զոհրաբյանի ոչ միայն իրատեսությունը, այլև հիշողությունն է հերիքում՝ հասկանալու, որ եթե ԲՀԿ-ն այդ պատճառով կոալիցիայից դուրս եկավ, նույն պայմաններով վերադառնալը անհեթեթ է: Առավել ևս անհեթեթ է ավելի «վարկաբեկվելը»՝ ոչինչ չստանալով գործնականում: Ի վերջո, բոլորովին էլ պարզ չէ, թե ապագա խորհրդարանում որ ուժերն են կազմելու իշխանական ընդդիմության ցանկը: Շատ ավելի շահեկան կարող է լինել ընդդիմադիր դիրքերում մնալը: Թե կուսակցության, թե իր համար: Նոր խորհրդարանն ունենալու է երեք փոխնախագահ՝ մեկը ընդդիմությունից: Իսկ գլխավորը՝ դեռ այնքան էլ հայտնի չէ՝ ինչ է անելու վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նրան որքան իշխանական, նույնքան և ավելի ընդդիմադիր ԲՀԿ կարող է պետք լինել, նայած հանգամանքները ինչպես են դասավորվում, ուստի ԲՀԿ-ն այսօր և մինչև խորհրդարանական ընտրություններ կմնա «չվարկաբեկված» և համագործակցելով՝ նոր իշխանական համագործակցության մեջ չպահանջարկված: Կուսակցությունը կունենա իր 7-10 %-ը, ի թիվս այլոց, և դա կախված չէ ընտրությունների ընթացքից: Իհարկե, խմբակցությունն ու կուսակցությունն ամբողջության մեջ կարող են համաձայն չլինել, բայց ի՞նչ են անելու, հեռանալո՞ւ են այլ կուսակցություններ: Համամասնական 100 % ընտրակարգը, որի մանրամասները որոշվելու են Ընտրական օրենսգրքով, մրցակցային է դարձնում ընտրացուցակը բոլոր կուսակցությունների համար: Հավելեք, որ խորհրդարանն ունենալու է 101+N պատգամավոր: Ո՞ր կուսակցությունը կընդունի «օտարների», եթե յուրայիններին չգիտի ինչպես «տեղավորի»: ԲՀԿ-ն գնալու տեղ չունի: Մինչև գլխավոր հարցերը չլուծվեն, մնացած հարցերը մնալու են օդում:
Որքան էլ սահմանադրական փոփոխություններով ուղղակի նախագահական ընտրությունները վերացան, խորհրդարանական կառավարման անցած Հայաստանի Հանրապետության համար քաղաքական դաշտի դասավորման ու պետական կառավարման բուրգի ամբողջականացման մեջ առավել կարևոր է դառնում 2018-ը, երբ ավարտվում է գործող նախագահի լիազորությունների ժամկետը: Նոր սահմանադրությունը բազում անակնկալներ է մատուցելու: Անակնկալներից մեկն էլ՝ նախագահի ընտրության օրը կառավարությունն անհապաղ հրաժարական է ներկայացնում: Քաղաքական մեծամասնությունը չի փոխվում 2018-ին՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո: Նոր խորհրդարանը ցանկացած պահի վարչապետի հրաժարական կարող է պահանջել, ինչո՞ւ հենց նախագահի ընտրության օրը: Իրավական ինչ հիմնավորում էլ լինի, գործող նախագահի համար հիանալի հնարավորություն է վարչապետ դառնալու: Քաղաքական դաշտի վերադասավորության ողջ ընթացքը հուշում է, որ ՀՀԿ-ն ունենալու է մեծամասնություն, և ուրեմն ՀՀԿ նախագահին խորհրդարանական մեծամասնությունը կարող է վարչապետի թեկնածու առաջարկել: Այս պարագայում շատ մեծ հարց է, թե ով է դառնալու երիտասարդ թոշակառու՝ գործող նախագա՞հը, թե՞ գործող վարչապետը: Թեպետ տարիների հետ նույնքան վիճելի է դառնում նրանց «երիտասարդ» լինելը: Ով կդառնա նախագա՞հ: Գուցե հենց Հովիկ Աբրահամյանը՝ հրաշալի տարբերակ է պատվավոր աքսորի, ինչպես ժամանակին նրա համար խորհրդարանի նախագահի պաշտոնն էր: Որքան էլ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը ընդլայնվի, դաշտում բազում խաղացողներ կան, որ բոլոր հիմքերն ունեն հավակնելու թե վարչապետի, թե ԱԺ նախագահի, թե նախագահի պաշտոնին՝ Տիգրան Սարգսյանից ու Վիգեն Սարգսյանից Կարեն Կարապետյան շրջագծում և Արա Աբրահամյան՝ ռուսական ուղեծրում: Բոլոր «նեղացածների» համար պահեստում կա Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Ամեն ինչ նոր միայն սկսվում է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Ամբողջ շաբաթ քննարկում էին ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հեղինակությունն ու հեղինակազրկումը, ո՞վ մտածեց կուսակցության, որպես քաղաքական կառույցի, հեղինակության մասին: Հրապարակավ՝ ոչ ոք, քաղաքականությունը շարունակում է քաղաքական նպատակահարմարություն, առուծախ, երբեմն առուփախ դիտվել: Որքանո՞վ են այս ու համանման հաշվարկ-ձևաչափերը հավանական ու գործունակ: Իշխանությունը կարող է հաշվարկել, բայց ոչ ամեն ինչ ու միշտ: Զուգահեռները կարող են հատվել, փաթեթն էլ՝ բոլոր փուլերն անցնելուց հետո փաթեթով կամ փուլ առ փուլ փլուզվել: Շարքային ընտրողի համար ի՞նչ տարբերություն՝ ո՞ր կուսակցությունը քանի՞ տոկոս ունի խորհրդարանում, եթե նրանք բոլորն ունեն նույն դեմքը ու քաղաքական նույն հենքը: Եթե չկան գաղափարական տարբերություններ: Գաղափարական միակ տարբերությունը կլինի, եթե խորհրդարանական ընտրություններում մրցակցեն ոչ թե իշխանության տարբեր թևերը միմյանց հետ, այլ իշխանական-ոչիշխանական ռուսամետ համակարգը և Հայաստանի զարգացումն ու ապագան այլ համակարգում տեսնող ուժերը, ովքեր դեմ էին ու դեմ են ԵԱՏՄ-ին, ովքեր եվրաասոցացումն են համարում ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսական զարգացման, արտադրության ու արդյունաբերության վերականգնման, նոր տեխնոլոգիաների ներդրման, ոչ թե վարկերի ու պարտքերի հաշվին ապրելու, այլ աշխատատեղեր ստեղծելու ու աշխատանքի որոնումով հայրենիքից հեռացածներին տուն դարձնելու ճանապարհը: Ովքեր տարածաշրջանում խաղաղությունը, անվտանգությունը, միջազգային ծրագրերում Հայաստանի ընդգրկվածությունը, կենսամակարդակի բարձրացումը չեն կապում միայն ու միայն Ռուսաստանի հետ: Սա այլևս աքսիոմ է, որ պետք չէ ամեն անգամ ապացուցել. համակարգային փոփոխությունը ոչ սահմանադրությամբ են անում, ոչ կառավարության կառուցվածքային ու կադրային փոփոխություններով, ոչ կուսակցությունների վերադասավորումով: Համակարգը փոխելու համար մրցակցում են համակարգերը: Կգոյանա՞ մրցակցային համակարգ, իրավիճակ կփոխվի, ո՞չ՝ կշարունակվեն գումարելիների փոխատեղումները, որից գումարը չի փոխվում:

Դիտվել է՝ 1427

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ