«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԵԽԽՎ-ն՝ ինքնաքննության առաջ

ԵԽԽՎ-ն՝ ինքնաքննության առաջ
25.01.2016 | 18:53

Այսօր Ստրասբուրգում սկսվել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: Պաշտոնավարման երկու տարին լրանալուց հետո ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերից հետո ԵԽԽՎ նոր նախագահ է ընտրվել իսպանացի Պեդրո Ագրամունտը, որ ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավարն է: Սա կարելի է համարել ադրբեջանական պատվիրակությանը հավելյալ աջակցություն՝ Պեդրո Ագրամունտը հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշումով և «խավիարասեր» պատգամավորներից է որակվում:
Հրաժեշտի ասուլիսին ԵԽԽՎ արդեն նախկին նախագահ Անն Բրասերը, անդրադառնալով երկու հակահայկական զեկույցներին, ասել է. «Ադրբեջանը և Հայաստանը մեր կազմակերպության անդամներ են, մենք պետք է լուծում գտնենք այդ հակամարտությանը»: Նրա այս հայտարարությունը, եթե չի վերաբերում խորհրդարանական վեհաժողովում հայկական ու ադրբեջանական պատվիրակությունների հակամարտությանը, նվազագույնը արտառոց է: ԵԽԽՎ-ն չունի որևէ հակամարտության կարգավորման մանդատ, ի՞նչ լուծում գտնելու մասին կարող է խոսք լինել: Տարօրինակ է, որ ԵԽԽՎ-ում համառորեն անտեսում են ԵԱՀԿ Մինսկի խմբի առկայությունը, կարծես նաև տեղյակ չեն զեկույցների վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, որը կոչ էր անում չվտանգել բանակցությունները: Այնուամենայնիվ, ԵԽԽՎ-ն միասնական չէ զեկույցները քննարկելու հարցում, Անն Բրասերը ասուլիսում նշել է, որ շատ պատգամավորներ ցանկություն են հայտնել վերադարձնել նախագիծը քաղաքական հարցերով հանձնաժողով, թեև չի բացառել, որ այսօրվա լիագումար նիստում այդ հարցը կքննարկվի, նաև ձեռնպահ է մնացել իր դիրքորոշումը ներկայացնելուց:
Թերևս ավանդական ֆրանսիական մարդասիրությունն է Անն Բրասերին թելադրել ասելու. «Այդ հակամարտության արդյունքում ամենաշատը տառապում են տարածաշրջանում ապրող մարդիկ: Նրանք Եվրոպայի խորհրդի անդամ երկրների քաղաքացիներ են, մենք պետք է նրանց պաշտպանենք»: Ի՞նչն էր նրան խանգարում պաշտոնավարման երկու տարիներին պաշտպանել այդ քաղաքացիների իրավունքները: Ինչո՞ւ է ԵԽԽՎ-ն համարում, որ պարտավորություն ունի հասնել հակամարտության լուծմանը, եթե իր կանոնադրության շրջանակներում չի պահպանում իր իսկ հռչակած անկողմնակալության ու ժողովրդավարության սկզբունքները: Պեդրո Ագրամունտի ԵԽԽՎ նախագահ ընտրվելուց հետո առավել ևս դժվար է հավատալ, որ կառույցը հանգիստ կթողնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաղթահարման ուղիներ որոնելու մարմաջը՝ հնարավորինս առաջ մղելով ադրբեջանական տեսակետի պաշտպանությունը: Ի վերջո, ԵԱՀԿ-ի և ԵԽԽՎ-ի փոխհարաբերություններն ու իրավասությունները, թերևս, պետք է քննարկվեն կառույցների միջև:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Սպասենք մինչև վաղը: Գործնականում երկու զեկույցների առնչությամբ «քննություն են հանձնում» ոչ հայկական կամ ադրբեջանական պատվիրակությունները, այլ՝ ամբողջ կառույցը, որի քվեարկության պատկերը վկայելու է, թե ԵԽԽՎ-ում ի՞նչ արժեքների են նախապատվությունը տալիս, ո՞վ է հաղթելու քաղաքական պատեհապաշտության ու շահերի և հիմնարար արժեքների պայքարում:

Դիտվել է՝ 1092

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ