«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Թուրքիա՝ ուղեղների արտահոսքի նոր ալիք

Թուրքիա՝ ուղեղների արտահոսքի նոր ալիք
25.01.2016 | 16:29

Քաղաքական իշխանությունները իբր քայլեր են ձեռնարկում՝ կասեցնելու որակյալ աշխատուժի հեռանալը ժողովրդավարական պետություններ, որ անսահմանափակ հնարավորություններ են տրամադրում՝ հանուն մարդկության բարեկեցության, գիտության զարգացման: Այնուհանդերձ, ճնշումը, որին բախվեցին Թուրքիայի իշխանություններին խաղաղութան և ահաբեկչությանը վերջ տալու կոչ արած հազար գիտնականները, վկայում է խոսքի ազատության, որ ուղեղների արտահոսքը կանխելու գլխավոր պայմանն է, սահմանների աստիճանական նեղացումը: Թեպետ ճնշումների քաղաքականությունը Թուրքիայում վաղուց է վերածնվել, Նոբելյան մրցանակ ստացած վիպասան Օրհան Փամուկը մեզ ազգային հպարտություն էր ներշնչում: Բայց հայկական ու քրդական թեմաներով իր ելույթների համար Օրհան Փամուկը չունի իշխանության վերին էշելոններում այն հարգանքը, որ վայելում է ամբողջ աշխարհում: Մի՞թե միշտ այդպես չէ: Որպես կանոն, հաջողակ մարդիկ, որ ծնվել են Թուրքիայում և համաշխարհային ճանաչում ունեն, բախվում են բռնությունների և հեղինակազրկման իրենց երկրում, երբ ժողովրդավարական սկզբունքներն են պաշտպանում: Քաղաքական մթնոլորտը շարունակում է նրանց խանգարել իրենց ներդրումն ունենալ երկրի բարեկեցության համար:

Թուրք ռեժիսոր Դենիզ Գամզե Էրգյուվենը ներկայացված էր Օսկարի Ֆրանսիայից՝ իբրև լավագույն օտարալեզու ֆիլմի հեղինակ: Նրա «Մուստանգ» ֆիլմը նկարահանվել էր ֆրանսիական, ոչ թե թուրքական կառավարության աջակցությամբ: Հունվարի 21-ի հարցազրույցում Էրգյուվենը ասել էր. «Թուրքիայում ես չէի կարող այդ ֆիլմը նկարել»: Պատճառը պարզ է: Եթե ուշադրություն դարձնեք կանանց խնդրին ֆիլմում, ակնհայտ է, որ կնոջ վարար ծիծաղը անվայել համարող մոտեցումը Էրգյուվենին թույլ չէր տա համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսոր դառնալ:
Անցած տարի քաղցկեղային հիվանդությունների ուսումնասիրության համար քիմիայի Նոբելյան մրցանակը ստացավ պրոֆեսոր Ազիզ Սանջարը: Եթե Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետն ավարտած Սանջարը հնարավորություն չգտներ ԱՄՆ մեկնելու, այսօր նա անհայտ բժիշկ կլիներ Մարդինում, որտեղ ծնվել էր:
Թուրքիայում երբեք չի խրախուսվել ազատական և նորությունների առաջ բաց գիտական մթնոլորտը: Հայրենիքում մասնագիտական գործունեությունը շարունակելու համար թուրք գիտնականները հարկադրված են բազում խոչընդոտներ հաղթահարել: Իսկ նրանց գաղափարները, ովքեր գիտական կարիերա են կառուցում սահմանված կանոնների շրջանակներում, ուշադրության արժանի չես համարի:
Այսօր, երբ մենք Սիրիայից փախստականների ենք ընդունում, մեր երկրում ճակատագրի հեգնանքով, բարձրանում է ուղեղների արտահոսքի նոր ալիք: Այդ գործընթացը վերջին տարիներին թափ էր հավաքում՝ նեպոտիզմի վերընթաց կորն արդեն ինստիտուցիոնալ բնույթ է ստանում: Պետական հիմնարկներ աշխատանքի են ընդունվում ղեկավարների ազգականները, կանայք, բարեկամները՝ անկախ մասնագիտական կարողություններից, որ որակյալ կրթություն ստացած երիտասարդներին աշխատանք գտնելու շանսեր չի թողնում: Մասնավոր հատվածում ևս «թիկունք» չունեցողը որակավորմանը համարժեք աշխատանք գտնել չի կարող:
ՈՒղեղների արտահոսքը Թուրքիայում սկսվել է 1970-ականներին: Ճնշումների պատճառով, որոնց այդ տարիներին բախվեցին քրդերը և թուրք մտավորականները, ստիպված էին սահմաններից դուրս ապաստան գտնել: Նրանք կարոտում էին հայրենիքը, իսկ մենք կորցնում էինք էլիտան: Չզարմանաք, եթե արտասահմանում աշխատանք որոնող երիտասարդներին միանան գիտնականները: Խաղաղության մանիֆեստի հրապարակումից հետո սկսված վիրավորանքների տարափից, հարցաքննություններից, ձերբակալություններից հետո նրանք ևս միգրացիայի մասին են մտածելու:
Տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոզեֆ Ստիգլիցը Դավոսի ֆորումում զգուշացնում էր, որ թուրք գիտնականների վրա գործադրվող մշտական ճնշումները հանգեցնելու են երկրից նրանց հեռանալուն: Այսօր, երբ աշխարհը տնտեսական անկումից դուրս գալու ուղիներ է որոնում ինովացիոն տնտեսական մոդելների օգնությամբ, ակադեմիական շրջանակներում ազատությունը չափազանց անհրաժեշտ է: Ակնհայտորեն՝ Արևմուտքը բացելու է դռները թուրք գիտնականների առաջ, ու ի՞նչ են անելու մեր ուսանողները:
Լալե ՔԵՄԱԼ, Zaman


Հ.Գ. Ի՞նչ են անում մեր ուսանողները, երբ երկրից հեռանում են լավագույն մասնագետները՝ չգտնելով ինքնարտահայտման ասպարեզ ու հնարավորություններ: Երբ ակադեմիական շրջանակը վերածվել է ակադեմիական ծերակույտի, որտեղ փորձը և վաստակը փոխարինել են նոր գաղափարներին ու գիտության կիրառական նշանակության զրոյացմանը: Գիտնականնե՞րն են մեղավոր, թե՞ հասարակությունը, որտեղ նրանց պահանջարկը պակասել ու պակասում է: Մեր ինչի՞ն են պետք գիտնականները, որ հարցեր են բարձրացնում, որ համաձայն չեն այս ու այն հարցի լուծմանը, որ բողոքում են: Մեզ պետք են մարդիկ, որ կարող են չմտածել, բայց օգտակար են ու պետականամետ: Ի՞նչ տարբերություն Հայաստանի ու Թուրքիայի միջև, եթե այնտեղից քաղաքական հալածանքների, այստեղից սոցիալական պայմանների ու չպահանջարկվածության պատճառով են հեռանում: ՈՒսանողները հարցի քննարկման առանցքում են՝ նրանք վաղը գիտնական չեն դառնալու, ապրելու խնդիր ունենալով և հասարակական ընկալում չունենալով: Գիտության ծերացումը գիտնականների՞, պետությա՞ն, հասարակությա՞ն, ո՞ւմ խնդիրն է ի վերջո: ՈՒղեղների արտահոսքի հետևանքը դառնալու է ընդհանրապես մտածելու արժեքը զրոյացնելը, այդպես հեշտ է ապրելն ու վաստակելը, երբ չկան բարոյական նորմեր ու չկա պատասխանատվություն ոչ մեկի առաջ ու ոչնչի համար: Փաստորեն, հարևանի հետ ինչքան նմանություններ ունենք, որ չենք իմացել: Պարզապես՝ նրանք շատ են ու ամեն ինչ ավելի երևացող է, մենք քիչ ենք ու հարմարվող:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1141

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ