Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Համաճարակ կա, բայց ուրիշ

Համաճարակ կա, բայց ուրիշ
15.01.2016 | 00:51

Բարի օր, առողջություն, խնդրում եմ, փռշտալիս թաշկինակով կամ թանզիֆով ծածկեք ձեր քիթն ու բերանը: Ճիշտ է, Հայաստանում չկա ու սկզբունքորեն չի կարող համաճարակ լինել, համենայն դեպս, փորձեք չվարակվել ու չվարակել: Ոչ մի համաճարակ, ընդամենը համընկել են նոր տարին ու անսպասելի ցրտերը: Ո՞վ է տեսել ձմռանը ցուրտ լինի: Հետո էլ ասում են՝ մոլորակին համընդհանուր ջերմացում է սպասում: Համընկել են տոներն ու ցուրտը, հիվանդ մարդիկ իրար չափից դուրս շատ են հանդիպել ու ողջագուրվել՝ ի՞նչ համաճարակ: Հիվանդանոցները լի՞քն են: Հետո ինչ: Բարձրացել է հիվանդների ինքնագիտակցությունը: Առողջ ապրելակերպը վերջապես ընկալվում է: Վա՞տ է: Հիվանդանոցներն ու պոլիկլինիկաները աշխատում են՝ առանց շաբաթ-կիրակիների: Ճիշտ է, շաբաթ-կիրակի կանչեր չեն ընդունում, բայց աշխատում են, չէ՞: Մահացության դեպքե՞ր են եղել: Ցավոք, բայց եթե համեմատեք հիվանդների թվի հետ, բժիշկները հրաշքներ են գործում՝ փառք ու պատիվ նրանց, ովքեր վարակվելն աչքի առաջ՝ բուժում են հիվանդներին: Դե իսկ համաճարակ կա, թե չկան բժիշկները չեն վճռում, նրանք հնարավորինս փորձում են կանխել համաճարակի տարածումը: Տամիֆլյու չխմեք, ոչ մի դեպքում ինքներդ ձեզ բուժում չնշանակեք: Տամիֆլյուն ուժեղ, բայց վերջին դեղն է, որ արժի խմել H1N1-ի դեմ պայքարում՝ կողմնակի հետևանքները ավելի վնասակար են օրգանիզմի համար, քան խոզի գրիպը: Թեյեք, կատարեք թեյի տարեկան պլանը, բացեք բոլոր մուրաբաներն ու վերջը տվեք՝ թե պահածոների, թե գրիպի: Այսքանը՝ օրվա թեմայով: Իսկ ընդհանրապես՝ ո՞վ էր սպասում, որ Ամանորին այսքան ձյուն կգա: Տարին նորից առատ է լինելու՝ հրաշալի է, ու ի՞նչ ենք անելու առատ բերքը: Արժի հիմա մտածել, որ այս տարի էլ խաղողի, վարունգի, կաղամբի ու սմբուկի մթերումը չվերածվի աղբաթափության: Իսկ ձյունը եկավ, վրան էլ՝ անձրևը: Քաղաքապետը տարվա առաջին օրերին մայրաքաղաքում ամենապոպուլյար մարդն էր, ով չէր ալարում՝ հիշում էր նրան՝ առատ ձյան, չմաքրվող փողոցների, կուտակված աղբի, բազմապատկված վթարների ու չաշխատող տրանսպորտի պատճառով: ՈՒ՝ ինչո՞ւ էին հիշում: Ամեն տարի նույն պատմությունն է՝ ձմռանը ձյուն է գալիս ու դառնում մեծագույն անակնկալ: Ի վերջո, անվերջ տեղացող ձյունը ինչպե՞ս մաքրես, կես ժամ հետո նույն պատմությունն է, իսկ ձնահավաք մեքենաները ձյունով չեն աշխատում՝ փող է, որ պիտի նետես քամու բերան: Քաղաքի բուջեից: ՈՒ՝ հանուն ինչի՞: Ձյա՞ն, որ ինքն իրեն հալվելու է: Ոչ այսօր, վաղը: Չաշխատող տրանսպորտն էլ խնդիր չէր՝ մասնավոր տաքսիները տարեկան պլանը կատարեցին՝ լավ էլ աշխատում էին՝ ո՞վ մնաց ճանապարհին: Եթե, ընդհանրապես, տնից դուրս էր եկել: Ոչ ոք: Իսկ պատկերացնո՞ւմ եք՝ բոլորը բոլորին հանդիպեին, գրիպը ինչ ծավալների էր հասնելու: Իսկ այսպես՝ կրթության և գիտության նախարարը ոտքը կոտրեց, վիրահատվեց ու ապաքինվում է, դասերն էլ հետաձգել են, գուցե հասցնի աշակերտների հետ աշխատանքի գնալ: ԱԺ նախագահը մնաց բքի մեջ, ոստիկանությունն ասաց՝ հանել ենք, ամեն ինչ լավ է, ԱԺ-ից հերքեցին՝ ոչ էլ բքի մեջ է մնացել, ամեն ինչ լավ է: Եթե ամեն ինչ լավ է՝ ի՞նչ տարբերություն՝ մնացե՞լ է, չի՞ մնացել: Կարևորը՝ հիմա տանն է: Նրա գործը մի գործով էլ ավելացավ՝ ոչ այս, ոչ այն վերցրեց ու հրաժարական տվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Facebook-ում էլ գրեց. «Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար և հույս է հայտնում, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության և հասարակության առաջնահերթությունը: Այս կապակցությամբ այլ մեկնաբանություններ չեն լինելու»: Ի՞նչ մեկնաբանություն, ամեն ինչ ԱԺ-ում ՄԻՊ-ի զեկույցի ժամանակ պարզ էր, ոչ ոք ոչինչ չի ասի, բայց ակնհայտ էր, որ Կարեն Անդրեասյանը հեռանում է ու հեռանալու փաստն է նրան դրդում այդ տոնով ու այդ մակարդակով պատասխանել պատգամավորների հարցերին ու ելույթներին: Իսկ պատգամավորները հիշել էին, որ ժողովրդի ընտրյալ են ու լիուլի իրավունք ունեն քննադատության:

Որ Կարեն Անդրեասյանը իդեալական պաշտպան չէր, փաստ է, բայց որ Հայաստանում չի կարող արդյունավետ աշխատող Մարդու իրավունքների պաշտպան լինել, ամենևին էլ այդ ինստիտուտի խնդիրը չէ, քաղաքական ու համակարգային խնդիր է: Հիմա ԱԺ-ն չորրորդ ՄԻՊ պիտի հաստատի՝ Լարիսա Ալավերդյանից, Արմեն Հարությունյանից ու Կարեն Անդրեասյանից հետո: Վստահ եղեք՝ նոր թեկնածուն նախորդների նման պիտի խոստանա օրենքի շրջանակներում կարեցածն անել, լրացուցիչ իրավասություններ ակնկալի օրենքի մակարդակով (նրան կասեն՝ մի շտապիր, նոր Սահմանադրությունը բոլոր հարցերը լուծել է), և ֆինանսավորման մեծացում՝ արդյունավետ աշխատանքի համար (նրան կասեն՝ համեստ եղիր, բյուջեի վիճակը չգիտե՞ս), գուցե խոսի նաև մարզերում ՄԻՊ նոր գրասենյակներ բացելու անհրաժեշտության մասին, որ դեռ Լարիսա Ալավերդյանն էր նշում (կասեն՝ նորից կարդա Սահմանադրությունը ու բյուջեի մասին օրենքը): ՈՒ կաշխատի նոր ՄԻՊ-ը՝ ինչպես նախորդները: Ընդդիմությունը կպահանջի ընդդիմադիր լինել, իշխանությունը՝ իշխանամետ, նա կփորձի օրենքի շրջանակներում իր գործը անել կամ չանել՝ երբ ինչպես ստացվի:
Կլինե՞ն առաջիկայում այլ հրաժարականներ կամ պաշտոնանկություններ: Դատելով վարչապետի տարեվերջյան «ավետիսից»՝ այո: Խոստացավ, չէ՞, կառուցվածքային փոփոխություններ, կադրայինն էլ հետը: Կառավարությունում կադրային փոփոխությունների և կառուցվածքային փոփոխությունների շուրջ քննարկումներ են նախատեսվում ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի միջև: Ինչո՞ւ: Ի՞նչ կապ ունեն պաշտոնապես ընդդիմադիր ԲՀԿ-ն ու կառուցողական ընդդիմադիր ՀՅԴ-ն որակյալ մեծամասնություն ՀՀԿ-ի նախաձեռնած փոփոխությունների հետ: Իշխանության վերաբաշխո՞ւմ է կատարվելու՝ հավարտ սահմանադրական հանրաքվեի: Շուտ չէ՞: Իսկ ինչի՞ համար են խորհրդարանական ընտրությունները:
Այո, տնտեսության վիճակը վիճակ չէ, բայց նախարարի կամ նախարարի կուսակցության փոփոխությունից վիճա՞կ է փոխվելու: Եթե այո, ՀՀԿ-ն մեծագույն հանցագործ է, որ շուտ չի արել այդ փոփոխությունը: Եթե ոչ, ո՞րն է իմաստը:
Օ՜, այդ իմաստը գնալով խորիմաստ է դառնում: Մինչև ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հանրաքվեից առաջ հեռուստահարցազրույցը իշխանական ու քաղաքական դաշտում այլ իրավիճակ էր՝ բոլորը միաբերան մեջբերում էին, որ նա իր կամքով, իր ձայնով ասել է, որ նախագահական ժամկետի ավարտից հետո մտադիր չէ ոչ նախագահ, ոչ վարչապետ լինել, հետո ոչ իր ձայնով, իր անունից ասվեց նաև՝ ԱԺ նախագահ: Եվ ո՞վ էր Արամ Աբրահամյանին դրդում խառնել հաշվարկները իր սադրիչ հարցերով: Դեկտեմբերի սկզբին պարզվեց, որ ի՞նչ կանի ու ինչ չի անի ՀՀ նախագահը նախագահական ժամկետի ավարտից հետո, կերևա խորհրդարանական ընտրություններում: Չէ, իհարկե, Սերժ Սարգսյանը չասաց՝ վարչապետ եմ դառնալու կամ նախագահ, բայց և չասաց՝ չեմ դառնալու: Հիմա ի՞նչ անի Հովիկ Աբրահամյանը: Ռոբերտ Քոչարյանը քիչ էր, ավելացավ Սերժ Սարգսյանը: Երկուսն էլ հստակ չեն ասում՝ ոչ «այո», ոչ՝ «ոչ»: Երկուսն էլ ավելի քան վտանգավոր են: Սերժ Սարգսյանն ընդհանրապես պայթյունավտանգ է՝ ո՞վ իմանա, թե այս փետրվարին «կրկեսում» ո՞վ կհայտնվի, ո՞ւմ մականունը կհիշեն, ո՞ւմ կասեն՝ գաղջ մթնոլորտ է: Տեղում քիչ էին «խանգարիչները», դրսից էլ են ավելանում: Այն էլ՝ Աբրահամյան: Արա Աբրահամյան, որ գալիս-գալիս՝ տեղ չի հասնում: Գալիս է, ասում է՝ լավ չընդունեցին, ասում են՝ ինտելեկտ չունես, լեզու չգիտես, գնում է՝ ասում է՝ գիշերը չեմ կարողանում քնել, եթե Հայաստանին չեմ օգնում: Պատկերացնո՞ւմ եք՝ քնաբերի ի՞նչ դոզա Հովիկ Աբրահամյանը Արա Աբրահամյանին կմատուցեր, եթե հնար ունենար: Վարչապետի հարցը դառնում է կենտրոնական խնդիրը: Արա Աբրահամյանն այդ հարցում չի խանգարի, բայց ջուր կպղտորի՝ ինչքան ստացվի: Տեղական ռուսամետները չարդարացրին շա՛տ բարձր վստահությունը, ու հիմա ո՞վ կարող է Արա Աբրահամյանին Հայաստանում ասել՝ գործիդ գնա, եթե նա գալիս է գործով: Կարևոր գործով՝ հո չեն թողնի Հայաստանը ձեռքից գնա: Իզո՞ւր են թողել, որ հայերը Ռուսաստանում միլիարդատեր դառնան, հիմա նրանց հայրենասիրության ժամանակն է, ու անկարևոր է, թե նրանք ո՞ր հայրենիքն են հարկադրված սիրել՝ ծննդավա՞յրը, թե՞ բնակության վայրը: Կառուցվածքային փոփոխությունները կկատարվեն, կադրայինն էլ զուգահեռ ու կպարզվի, որ իշխանական բուրգում ուժեղանում են գործող նախագահի դիրքերը, որովհետև ով-ով, նա «երիտասարդ թոշակառու» չի դառնա: Թեպետ՝ երիտասարդը պայմանական է. Հայաստանի իշխանական բուրգում վաղուց երիտասարդներ չկան՝ նրանք փորձառու են, թրծված, իմաստուն, այստեղ-այնտեղ կապեր ունեն ու ֆինանսներ, բայց երիտասարդ չեն: Իսկ երիտասարդները շատ են երիտասարդ: Երկու դեպքում էլ՝ ցավոք՝ գործող իշխանության տեսակետից: Սահմանադրության ընդունումից հետո արդեն ոչ ոք չի թաքցնում, որ կառավարման մոդել փոխելը բուն կառավարման հետ կապ չուներ, կապը ներիշխանական դասավորության ու վերադասավորության համաճարակի հետ է: Չզարմանաք, եթե այս ընթացքում, բացի անցյալ տարի ստեղծվածներից, նոր կուսակցություններ ի հայտ գան, խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանում դա հին կովկասյան ավանդույթ է: Թե եղածները, թե ստեղծածները լուծելու են նույն հարցը՝ ո՞վ՝ ո՞ւմ, արտաքուստ լինելու են թե բաժանարար գծեր, թե հնչեղ հայտարարություններ, գոտկատեղից վերև ու ներքև քննադատություն ու բացահայտումներ, իսկ իրականում բոլորը նույն խրամատում են, որ վերջանում է ԱԺ-ում: Ոմանք հրաժեշտ կտան մանդատով ապահովված քաղաքական դաշտին, ոմանք կկազմավորեն կառավարելի ընդդիմության անհաղթ լեգեոնը՝ արդեն անցած լինելով Ռուբիկոնը, որից հետո ընտրվել-չընտրվելը զուտ տեխնիկական պահ է: Այսպես էլ կանցնի տարին, որ սկսվեց, ասացի, չէ՞, երբ փռշտում եք, թաշկինակ կամ թանզիֆ օգտագործեք, գրիպի չեղած համաճարակով, իսկ կավարտվի նախընտրական տենդով, որ պակաս վարակիչ ու վտանգավոր հիվանդություն չէ, ոմանց համար կարող է նույնիսկ մահացու լինել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Հունվարի սկզբի «բացահայտումը» մեր թեմայով եկավ Մոսկվայից: Նախ՝ Bild-ին տված հարցազրույցում ՌԴ նախագահն ասաց, որ «ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ յուրաքանչյուր ժողովուրդ ինքնորոշման իրավունք ունի», հետո հայտարարեց, որ իր համար «Ղրիմը տարածք չէ, այլ՝ երկուսուկես միլիոն մարդկանց ճակատագիր, որ վախեցած էին ՈՒկրաինայում պետական հեղաշրջումից»: Ի՞նչ է պետք, որ վախեցած ղրիմցիների ու վախը անցյալ դարում հաղթահարած ղարաբաղցիների և ՄԱԿ-ի կանոնադրության կապը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի նախագահը տեսնի: Գոնե Ադրբեջանի տարածքային ամբողջականության (հնարովի, ինչպես նախկին ԽՍՀՄ-ի շատ սահմաններ) մակարդակով: Զուգահեռ՝ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հարցազրույցում հայտարարեց, թե Օսմանյան կայսրությունում «Այո, եղել են քրիստոնեական փոքրամասնություններ, բայց նրանց ոչ ոք չի ոչնչացրել»: Հայ առաքելական եկեղեցու հարցմանն ի պատասխան պարզաբանվեց. «Մեր եկեղեցու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցով բազմիցս պարզ հնչեցվել է պատրիարքի մեծաթիվ պաշտոնական հայտարարություններում և ուղերձներում»: Բայց չհասկացվեց, թե որն է այդ դիրքորոշումը: Ռուսաստանը Թուրքիայի հետ իր հարաբերությունները վերջնականապես վատացնելու կամ նախկին մակարդակին վերադարձնելու հարթակում փորձում է տեղավորել Հայաստանը: Երբ պետք էր Թուրքիային իր տեղը ցույց տալ, ՌԴ Պետդուման հիշեց Հայոց ցեղասպանությունը, երբ ալիքներ է պետք գտնել հարաբերությունները վերականգնելու, Համայն Ռուսիո պատրիարքը հերքեց Հայոց ցեղասպանությունը: Քաղաքականության մեջ չկա՞ն սրբություններ: Կան: Արդյունքներ բերող քաղաքականությունը արժեքների վրա է հիմնվում, այս պարագայում գործում է ոչ թե քաղաքականությունը, այլ քաղաքական երեսպաշտությունը: Քաղաքականությունը բարոյական, կամ անբարոյական դարձնում են քաղաքական գործիչները:

Դիտվել է՝ 1401

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ