«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԱՄՆ-ի դիվանագիտական արկածախնդրության ձախողումը

ԱՄՆ-ի դիվանագիտական արկածախնդրության ձախողումը
25.12.2015 | 01:19

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լայնորեն տարփողված (հատկապես ամերիկացիների կողմից) հերթական հանդիպումը պատմության գիրկն անցավ։ Այս անգամ այն կազմակերպել էին Բեռնում (Շվեյցարիա)։ Նախ` նայենք, թե ինչ վիճակ էր հանդիպումից առաջ, ինչպես նաև` ինչպես էին դա մեկնաբանում տարբեր աղբյուրներ ու կենտրոններ։ Մեկ անգամ ևս հիշեցնենք` Ադրբեջանը վերստին դիմեց ռազմական սադրանքների և դիվերսիոն գործողությունների փորձերի, հատկապես Արցախի դեմ։ Տանկերի գործադրում, քաղաքացիական օբյեկտների գնդակոծություններ, զոհեր ու վիրավորներ. այս ամենը հիշեցնում էր 1996-97 թվականները, երբ ապշերոնցիները հրադադարի ձախողման իրենց գործողություններով ամեն կերպ նպաստում էին... այո, այո, ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացիների ներգրավմանը։ Եվ երբ ԱՄՆ-ի տարազան ներկայացուցիչներ Ադրբեջանի վերջին ռազմական սադրանքներից հետո հանդիպումը, այնուամենայնիվ, անցկացրին դեկտեմբերի 19-ին` Բեռնում, թեև ավելի վաղ պաշտոնապես հայտարարվում էր, թե 2015-ին այդ հանդիպումը չի կայանա և հետաձգված է անորոշ ժամանակով, պարզ դարձավ, որ Վաշինգտոնը կարգավորման բանակցությունների ընթացքի մեջ փոփոխություններ մտցնելու ինչ-ինչ նախադրյալներ է ստեղծում։ Ոչ, ԱՄՆ-ը բացահայտորեն լայնընդգրկուն սադրանք է նախապատրաստում, և բացառված չէ, որ դրա նպատակն է մեկ անգամ ևս փոփոխել կա՛մ միայն ԵԱՀԿ ՄԽ-ի, կա՛մ ամբողջ բանակցությունների ձևաչափը։

Հետաքրքիր է, որ Բեռնի հանդիպման օրը Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «ռազմական համագործակցության ծրագրի շրջանակներում» աշխատանքային այցով մեկնեց Ստեփանակերտ և հանդիպում ունեցավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ, «տեղում ծանոթացավ հանրապետության սահմանին տիրող իրավիճակին» և այլն։ Թվում է, որ բանը միայն հայկական երկու պետությունների ռազմական գերատեսչությունների պլանային աշխատանքները չէին, այլև այն, որ Հայաստանի ու ԼՂՀ-ի զինվորականները արտակարգ ռեժիմով արդեն կարող էին նախապես ինչ-որ բան իմացած լինել Բեռնի հանդիպման ընթացքի և արդյունքների մասին, հետևաբար հարկավոր էր «ճշտել ժամացույցները» և այլն։ Իսկ Շվեյցարիայի կառավարության «Լանդգութ Լոհն» ընդունելությունների տանը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը սկսվեց երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս ՈՒոռլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի ներկայությամբ, ինչից հետո սկսվեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը։ Հայաստանի պետության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ «բանակցություններում քննարկվել են հակամարտության գոտում լարվածության թուլացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև խնդրի կարգավորման ճանապարհին առաջընթացի հնարավորությունները»։ Նախարար Նալբանդյանը բանակցությունների ավարտից հետո պատասխանեց Հայաստանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին` մեկնաբանելով հանդիպման արդյունքները։ Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը, ըստ էության, չդադարեցրեց սադրանքները նաև Բեռնի բանակցությունների օրը։ Այսպես, Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, լույս 19-ի գիշերը Ադրբեջանը «հայկական դիրքերը ռմբակոծել է տանկերով և հրետանիով, միաժամանակ հակառակորդը դիվերսիոն գործողություններ է ձեռնարկել, և դիվերսիան հետ մղելու ժամանակ զոհվել է մեկ հայ զինծառայող»։
Ի վերջո, ի՞նչ տվեցին Բեռնի «կոնսուլտացիաները»։ Եթե կուզեք իմանալ` ոչինչ։ Ահա «չոր ինֆորմացիան». Սարգսյանն ու Ալիևը հավանություն տվեցին հայ-ադրբեջանական սահմանին և զորքերի շփման գծում միջադեպերի թիվը նվազեցնելու միջնորդների ընթացիկ առաջարկություններին, այդ թվում` դրանց հետաքննության մեխանիզմներին։ Հարց է առաջանում` արդեն ո՞րերորդ անգամ։ Իսկ գնահատականները, որքան էլ տարօրինակ լինի, տարբեր էին։ Օրինակ, շվեյցարական լրատվամիջոցներն ընդհանուր առմամբ չեզոք տեղեկություն էին հաղորդում։ Շվեյցարիան երկու նախագահներին էլ հրավիրել էր, որպեսզի աջակցի հակամարտության խաղաղ կարգավորման նրանց ջանքերին։ Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բերքոլտերն ընդգծեց Շվեյցարիայի պատրաստակամությունը համակողմանիորեն նպաստելու հաշտության գործընթացին։ Ընդ որում, Շվեյցարիան ինքը բանակցությունների կողմ չէ, այլ միայն հարմարավետ պայմաններ էր ստեղծել նրանց համար` գրել է «Neue Luzerner Zeitung» թերթը։ Բանակցություններում խոսվում էր հիմնականում «Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանի» մասին։ Լեռնային Ղարաբաղում վերջերս վերսկսված մարտական գործողությունները հանգեցրել են մարդկային զոհերի և բարդացրել են արդեն քառորդ դար շարունակվող հակամարտությունը հարթելու հեռանկարները,- ճշգրտել է «Zurcher Unterlander» թերթը։ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը «չօգնեց հակամարտության մեջ մերձենալու կետ գտնելուն», փոխարենը նախագահներ Ալիևի և Սարգսյանի մեկժամանոց բանակցությունները հնարավորություն ընձեռեցին պարզեցնելու և ճշգրտելու իրենց դիրքորոշումները` ավելացրել է «Olmner Tagblatt» թերթը։ Փարիզն ու Վաշինգտոնը դեկտեմբերի 22-ի դրությամբ ծայրաստիճան զուսպ էին, անգամ` լռակյաց։ Իսկ ահա Մոսկվան հերթական անգամ լավատես էր, բայց, այնուամենայնիվ, «սակավախոս»։ «Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը զգալի առաջընթաց էր հակամարտության կարգավորման ճանապարհին,- հայտարարեց ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։- Մենք, այնուամենայնիվ, հուսով ենք, որ կողմերը ձեռնամուխ կլինեն կարգավորման սկզբունքների առարկայական երկխոսության»։
Եվ այսպես, ինչպես և մարգարեաբար կանխատեսել էր հայ մասնագետների ու փորձագետների մեծ մասը, Բեռնում ոչ մի իրական արդյունք չարձանագրվեց։ Եվ ոչ մի «առարկայական քննարկում», ընդ որում, կարգավորման որևէ սկզբունքի առնչությամբ։ Իհարկե, ճիշտ էին նաև նրանք, ովքեր հանդիպման նախօրեին ասում էին, թե կարևոր է հանդիպման բուն փաստը, ինչը, հնարավոր է, թույլ կտա փոքր-ինչ մեղմել լարվածության աստիճանը։ Մեջբերենք նաև նախարար Նալբանդյանի խոսքերը. «Կողմերի մոտեցումները մոտ չեն կամ էլ չեն համընկնում»։ Բայց ստացվում է, թե ոմանք Արևմուտքում կանխավ ու դիտավորյալ փորձել են ապակողմնորոշել հանրությանը, նշելով, թե իբր Բեռնում Սարգսյանն ու Ալիևը խոսել են «ապագայի մասին», այդ թվում և ԼՂՀ-ի։ Ինչպես կարելի է խոսել ինչպես ԼՂՀ-ի ապագայի, այնպես էլ կարգավորման գործընթացի մասին, եթե, ինչպես հետևում է Լուկաշևիչի հայտարարությունից, կողմերից միայն սպասում են, որ նրանք «ձեռնամուխ կլինեն կարգավորման սկզբունքների վերաբերյալ առարկայական երկխոսության»։ Բայց չէ՞ որ բոլորն էին հասկանում, որ ԱՄՆ-ի իշխանությունների պարտադրած Բեռնի հանդիպումը չէր կարող արդյունք տալ, իսկ զինված միջադեպերի մեխանիզմների մասին խոսվում է սկսած, առնվազն, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների 2011 թ. Կազանի հանդիպումից։ Պայմանավորվածությունների կատարումը միշտ ձախողել է Ադրբեջանը, ու կասկած չկա, որ 2016-ին էլ հենց Բաքուն կտորպեդահարի թե՛ ԵԱՀԿ ՄԽ-ի, թե՛ Հայաստանի ու ԼՂՀ-ի ջանքերը։
Ահա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը հենց 2015 թ. վերջին անցկացնելու ամերիկյան նախաձեռնության ապարդյունության ևս մեկ ապացույց։ ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը իր հայտարարությամբ Բաքվին մեղադրեց այն բանում, որ դեկտեմբերի լույս 21-ի գիշերը ադրբեջանցի զինվորականները վերստին հաուբիցներ են կիրառել շփման գծում։ Ղարաբաղյան կողմի վրա 122 մմ տրամաչափի Պ-30 հաուբիցներով հարավային ուղղություններում արձակվել է չորս արկ, ինչպես նաև տարբեր տրամաչափի հրազենով` ավելի քան 1700 կրակոց, այդ թվում` 60 մմ (236 արկ), 82 մմ (155 արկ), 120 մմ (23 արկ) ականանետներով, АГС-17 (4 արկ) և РПГ-7 (3 արկ) տիպի նռնականետներով, ինչպես նաև թուրքական արտադրության TR-107 (24 արկ) կայանքներով։ Այս կապակցությամբ հասկանալի են նաև ԼՂՀ ՊԲ-ի պատասխան գործողությունները։ «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումներն անցել են պատժիչ գործողությունների, նպատակ ունենալով ճնշել հակառակորդի սադրիչ քայլերը և շարունակել են կատարել իրենց մարտական առաջադրանքը»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Եվ ի՞նչ։ Բեռնում Սարգսյանի և Ալիևի հայտարարությունների լույսի ներքո տարածաշրջանի բնակչությունն իրավունք ունի՞ ակնկալելու, որ գոնե կմշակվի այդ միջադեպի հետաքննության որևէ փոխընդունելի մեխանիզմ։ Շատ կասկածելի է։ Բայց դեկտեմբերի լույս 21-ի գիշերը արցախյան ճակատներում տեղի ունեցածը հենց Ադրբեջանի իրական պատասխանն է Բեռնի հանդիպմանը, թեև ոչ միայն դա։
Դեռ Հայաստանի նախագահի Բեռնում գտնվելու ժամանակ հայտարարվեց, որ նա դեկտեմբերի 20-ին այցով մեկնելու է Ռուսաստան։ Հենց դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ ԱՊՀ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ), ըստ էության, արտակարգ նիստը, և այն վարում էր հենց Սերժ Սարգսյանը։ Հայտնի է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնի խոսքից հետո Սարգսյանն ընդունեց նախագահության էստաֆետը կազմակերպությունում։ Հետո տեղի ունեցան նեղ կազմով բանակցություններ` Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահների, ինչպես նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մասնակցությամբ։ Դրանից հետո կողմերն անցան արդեն ընդլայնված կազմով բանակցությունների։ Բացի այդ, տեղի ունեցավ նաև արտգործնախարարների մակարդակով ՀԱՊԿ-ի նիստ։ Մենք գիտենք, որ կազմակերպության անդամ երկրները շարադրել են իրենց գնահատականներն ու մոտեցումները ահաբեկչության սպառնալիքի առնչությամբ և հայտարարություն են ընդունել հակազդեցության վերաբերյալ։ Ընդ որում, Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Սիրիայում ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցման թեմային, խիստ քննադատել է Թուրքիայի դիրքորոշումը ահաբեկչության դեմ պայքարում. «Թուրքիայի այդ քայլը բնավ չի նպաստում ահաբեկչության դեմ միջազգային ջանքերի համախմբմանը, Սիրիայում տիրող իրադրության կարգավորմանը և տարածաշրջանում խաղաղության վերահաստատմանը։ «Մենք, որպես Ռուսաստանի դաշնակիցներ, համերաշխություն և աջակցություն ենք հայտնում այդ միջադեպի առնչությամբ Մոսկվայի դիրքորոշմանը»։
Հասկանալի է, որ Բեռնից հետո Սարգսյանի ծրագրի մասին գիտեին նաև Բաքվում, թերևս գուշակում էին նաև, թե ինչ հարցեր են քննարկվելու ՀԱՊԿ ՀԱԽ-ի նիստում։ Եվ կարևոր չէ, թե Ադրբեջանն ինչի էր ձգտում հասնել դեկտեմբերի 21-ի ռազմական սադրանքով, այն է` նախանձախնդրորեն ապացուցում էր Անկարային, թե Բաքուն պաշտպանում է թուրքերին, կամ ինչ-որ բան էր «հասկացնում» Արևմուտքին ու Ռուսաստանին։ Իհարկե, հետաքրքիր է նաև չորրորդ հարցը. այս անգամ ինչ են «երգելու» Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի պաշտպանության նախարարությունները, չէ՞ որ երբ ՀԱՊԿ ռազմական կոմիտեի դեկտեմբերի 9-ի նիստի արդյունքների առնչությամբ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նախագահ Յուրի Խաչատուրովը հայտարարեց, թե կազմակերպության շտաբների բոլոր պետերը պաշտպանել են Ռուսաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ ունեցած կոնֆլիկտում և դատապարտել են թուրքական ռազմաօդային ուժերի կողմից ռուսական Սու-24 կործանիչի ոչնչացումը որպես «հարված թիկունքից», նողկալի են անվանել Թուրքիայի ագրեսիան, ապա Ռուսաստանի այդ «դաշնակիցները» հանկարծ հայտարարեցին, թե Խաչատուրովը չի արտահայտել Մինսկի, Աստանայի և Բիշքեկի պաշտոնական դիրքորոշումը։ Բայց 2015 թ. դեկտեմբերի գլխավոր արդյունքում (ԼՂՀ-ի շուրջ կարգավորման բանակցությունների իմաստով) կարծես կասկածներ չկան. ԱՄՆ-ի հերթական դիվանագիտական արկածախնդրությունը ձախողվել է։ Իհարկե, դժվար է կապ նկատել Բեռնի հանդիպման արդյունքի և այն բանի միջև, որ դեկտեմբերի 19-ից տեղեկություն է տարածվում այն մասին, որ Վաշինգտոնը լայն պատժամիջոցներ է նախապատրաստում ընդդեմ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների, ձեռնարկատերերի, հատուկ ծառայությունների և դատական համակարգի աշխատակիցների, ֆինանսական շրջանակների և այլն, կամ այն բանի միջև, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին ստիպված էր մի կերպ արտասանել` «հակամարտության համակողմանի կարգավորման առումով մենք ընդունում ենք Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը սեփական ապագայի որոշման գործում», թեև վերապահություն արեց, որ ԱՄՆ-ում ԼՂՀ-ի անկախությունը չեն ճանաչել և չեն ճանաչի։
Դեկտեմբերի 21-ից բոլոր լրատվամիջոցները հաղորդեցին ադրբեջանական արժութային շուկայում ծայր առած խուճապի մասին, ինչը հետևանք է այն բանի, որ մանաթը «գահավիժել է» 47 %-ով։ Եվ դա միայն Ադրբեջանի կենտրոնական բանկի որոշման պատճառով չէ, որը վճռել է «ազատ թողնել» մանաթի փոխարժեքը կամ նավթի համաշխարհային գների նվազման։ Եթե մեր հարևանների տնտեսությունն իրոք կայուն ու հեռանկարային լիներ, ապա ո՛չ մանաթը «փուլ կգար», ո՛չ խուճապ կառաջանար Ադրբեջանի արժութային շուկայում։ Բացի այդ, աշխարհը գիտե` արժութային շուկայի տատանումների վրա քաղաքական որոշումներն ու իրավիճակները հաճախ ավելի մեծ ազդեցություն են գործում, քան տնտեսության վիճակը։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2333

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ