«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Խմենք, ճշմարտությունը գավի հատակին է

Խմենք, ճշմարտությունը  գավի հատակին է
22.12.2015 | 01:02

Դեկտեմբերի 19-ին Բեռնի հանդիպումով փակվեց 2015-ը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների պատմությունով: Ի՞նչ շարունակություն կբերի 2016-ը: Ոչ ոք այդ հարցի պատասխանը չունի: Անգամ բանակցողները: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում դեկտեմբերի 19-ին և լույս 20-ի գիշերը շարունակվել են զինված բախումները: Երկու նախագահների հանդիպումից հետո: Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ 60 (170 արկ), 82 (201 արկ), 120 (1 արկ) միլիմետրանոց ականանետներից, ՀՀՆ-9 (1 արկ), ՀԱՆ-17 (16 արկ) և ՌՊԳ-7 (1 արկ) տիպի նռնականետներից, TR-107 (3 արկ) տիպի հրթիռային կայանքից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1800 կրակոց, շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ կիրառել է նաև տանկ (12 արկ): ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Արցախի պաշտպանության բանակը համարժեք պատասխան է տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել մարտական հերթապահությունը: Այսինքն՝ ամեն ինչ, ինչպես միշտ՝ հանդիպե՞լ են, չե՞ն հանդիպել, քննարկե՞լ են, չե՞ն քննարկել սահմանային միջադեպերի կանխումը, հակամարտության գոտում իրավիճակի լիցքաթափումը: Եղե՞լ է 2016-ի առիթով բաժակաճառ, թե՞ չի եղել, որ ՈՒոռլիքը արձանագրում է, Նալբանդյանը՝ տարակուսում: Բեռնը բանակցային պատմության մեջ մտավ իբրև միջանկյալ հասցե, որտեղ որոշվեց, որ որոշում պիտի կայացվի: Դա արդեն հաջողություն է: Բեռն մեկնելուց առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն հրավիրեց, հաջորդ առավոտյան պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գնաց Ղարաբաղ: ԱՄՆ-ում քննարկվում է հակամարտության գոտում հրադադարի մեխանիզմների վերահսկման միջոցներ ներդնելու խնդիրը, որն ավելորդ է դարձնում խաղաղապահներին: Իսկ խաղաղապահների տեղակայումը հիմնավորելը ամբողջ տարին ռուսական դիվանագիտության ու ռազմական ղեկավարության չհայտարարված խնդիրն էր, որին դեմ է նաև ՆԱՏՕ-ն: ՌԴ նախագահի ամենամյա մամլո ասուլիսում Հայաստանի անունը չհնչեց: Անցած տարիներին որևէ հայ լրագրողի հնարավորություն տրվում էր՝ Հայաստանին, ղարաբաղյան հակամարտությանը, հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարց տալ, այս անգամ ավելորդ էր՝ բոլորին ամեն ինչ պարզ էր, կամ ոչ մեկին ոչինչ չի վերաբերում: Ասուլիսում երկրորդ անգամ ՌԴ նախագահը հնչեցրեց ռուս-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իր խորհրդավոր դիտարկումները, որ Անթալիայում բանակցել է Թուրքիայի ղեկավարության հետ ու խոստացել աջակցել միջազգային նորմերին հակասող, բայց Թուրքիայի համար շատ զգայուն հարցում: Այդքանից հետո՝ Անկարան ռուսական ինքնաթիռը խփեց: Պուտինին մտահոգողը Ռուսաստանի հեղինակությանը հասցված հարվածն էր, ոչ թե պայմանավորվածության դրժումը: ՈՒ նա երկրորդ անգամ չասաց՝ ինչի մասին է խոսքը: Գուցե հենց Հայաստանի՞: Ղարաբաղի՞: Թուրք-սիրիական սահմանին խփված ինքնաթիռը պատահաբար փրկե՞ց Հայաստանն ու Ղարաբաղը հերթական ռուս-թուրքական գործարքից, թե՞ Անկարան ստանալիքը ստացել էր ու ինքնաթիռ խփելով՝ «ոչ» էր ասում Մոսկվային, որ իր ստանալիքը չէր ստացել, ու դա Պուտինի համար «թիկունքին հարված» էր:
Ակնհայտ է, որ Մոսկվան Անկարայի ու Բաքվի հետ ոչ միայն քննարկել է Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելը, այլև Բաքվի նվիրական երազանքը՝ տարածքներ ստանալու: Թվում է՝ բոլորին ամեն ինչ ձեռնտու էր, իսկ հայկական կողմին կպարտադրվեր հիշել՝ ո՞ւմ հայրենիքն է Աղդամը: Ռուսական լրատվամիջոցները, համենայն դեպս, խնդիր չէին տեսնում, իսկ եթե տեսնում էին, ասում էին, որ Հայաստանը որպես պետություն կվերանա:

Բայց ինչ-որ պահի գործարքը խափանվեց, գուցե պատահաբա՞ր չէր Պուտինը անթույլատրելի կոպիտ ուղարկում Անկարային Վաշինգտոն՝ «լիզելու» գործով: Իսկ հիմա ռուսական լրատվամիջոցները շահագրգիռ խոսում են, որ Թուրքիան Ադրբեջանի թիկունքում է, երբ Բաքուն կրակում է սահմաններին: Որտե՞ղ են իրենք: Իրենք պատրաստ են գալ ու կանգնել սահմանին, բայց՝ չեն թողնում: Իսկ գուցե Շավարշ Քոչարյանը տարեվերջին պայծառատե՞ս է դարձել, որ խոսում է ԼՂՀ ճանաչման մասին: Ի՞նչ է փոխվել: Առաջ Հայաստանը ճանաչումը համարում էր բանակցությունների ավարտ ու համարյա պատերազմ: Հիմա պատերազմը այս կամ այն կերպ կա՞, և բանակցություններն էլ բանակցելու համար են, ու իրավիճակ կարող է փոխել ԼՂՀ ճանաչո՞ւմը: Դա բանակցային սեղան Ստեփանակերտի վերադարձի քա՞յլ է: Բեռնում բանակցությունների բուն բովանդակության մասին միայն բանակցողները գիտեն, բայց տրամաբանական է, որ ոչ թե գիշերային, ոչ թե սողացող ու դանդաղ, այլ հիբրիդային պատերազմի մեջ՝ երկու երկրների նախագահները այլևս չեն կարող քննարկել այն, ինչը մինչ այդ էին քննարկում: Փոխվել են արտաքին ազդակները, փոխվել է իրավիճակը, նոր խնդիրներ են ակտուալ դարձել, որոնց քաղաքական ձևակերպումը Բեռնի գլխավոր խնդիրը կարող էր լինել: Դեկտեմբերի 19-ին Բեռնի հանդիպումով փակվեց որոշակի շրջան, որի զարգացումները 2015-ին տարածաշրջանում ստեղծել են ուժերի այս հարաբերակցությունը, կոնֆլիկտի կողմերի հարևանների ու գերտերությունների այս դասավորությունը: ՈՒ ի՞նչ: Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը դարձյալ Հայոց ազգային բանա՞կն է, թե՞ դիվանագիտությունը գոյությունը արդարացնելու փաստարկներ ունի:
Բեռնի հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին. «Նախագահները քննարկել են վերջին շրջանում տեղի ունեցած բռնությունների դեպքերն ու, մասնավորապես, մտահոգություն են հայտնել ծանր զինատեսակների կիրառմամբ պայմանավորված զոհերի (այդ թվում` քաղաքացիական անձանց շրջանում) առնչությամբ: Նախագահներն աջակցություն են հայտնել համանախագահների՝ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության ռիսկերի նվազեցմանը, այդ թվում՝ հետաքննությունների մեխանիզմ կիրառելուն միտված առաջարկների մշակման աշխատանքին: Նախագահները հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակել ներգրավվածությունը համանախագահների՝ ներկայումս բանակցվող առաջարկների շուրջ: Նրանք նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը Մինսկի խմբի ձևաչափին: Համանախագահները պատրաստակամ են շարունակել միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորման համար կողմերի հետ աշխատելու ուղղությամբ»: Թարգմանաբար՝ Ալիևը այլևս չի պահանջելու, Սարգսյանը երբեք չի պահանջել Մինսկի խմբի ձևաչափի փոփոխություն, Մինսկի խումբն էլ ջանասիրաբար աշխատելու է՝ սա մեկ: Երկրորդ՝ Ալիևը համաձայնել է շփման գծում ու սահմաններին հետաքննությունների մեխանիզմին, բայց երկար ձգձգելու է, Սարգսյանը ի սկզբանե համաձայն էր: Երրորդ՝ նրանք կշարունակեն բանակցել, ու այդ ընթացքում Ալիևը կհրամայի կրակել, Սերժ Սարգսյանը՝ պատասխանել: Երբեմն՝ հակառակը: Իբրև ասիմետրիկ պատասխան: Շվեյցարական թերթերը գրեցին: «Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը Բեռնում չօգնեց մերձեցման կետեր գտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտում» (Oltner Tagblatt): «Բանակցություններում խոսքը հիմնականում վիճելի Լեռնային Ղարաբաղի ապագային էր վերաբերում» (Zurcher Unterlander): «Շվեյցարիան երկու նախագահներին հրավիրեց Բեռն՝ աջակցելու խաղաղ կարգավորման ջանքերին» (Neue Luzerner Zeitung): ՀՀ արտգործնախարարը հոռետես էր՝ հանդիպումից հետո նա հայտարարեց՝ «Այսօր ևս պարզ դարձավ, որ կողմերի մոտեցումները չեն համընկնում»: «Կողմերն արտահայտեցին իրենց մոտեցումները հիմնախնդրի կարգավորման տարբեր տարրերի, տարբեր սկզբունքների շուրջ, որոնք ներկայացված են եռանախագահների կողմից, և կարող ենք նորից վերահաստատել, որ ցավոք՝ մոտեցումները չեն համընկնում։ Բայց այստեղ ոչ միայն Ադրբեջանի մոտեցումները չեն համընկնում ու մոտ չեն Հայաստանի մոտեցումներին, այլև Ադրբեջանի մոտեցումները չեն համընկնում և չեն համապատասխանում եռանախագահող երկրների առաջարկներին»։ Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է, որ վերահսկման մեխանիզմների հարցը քննարկվել էր սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Նյու Յորքում կայացած՝ արտգործնախարարների հանդիպմանը ու Բեռնում նորից է արծարծվել: «Հուսով ենք, որ Ադրբեջանը վերջապես ինչ-որ այլ մոտեցում կցուցաբերի, որովհետև եթե մենք իսկապես ցանկանում ենք բանակցային գործընթացն առաջ շարժել, պետք է ստեղծվի համապատասխան մթնոլորտ»,- ասել է Նալբանդյանը: Բայց հենց ինքն է արձանագրել, որ «Ադրբեջանը չի կարողանում ազատվել այն պատրանքից, որ կարող է օգտագործել ուժի կիրառումը, իրավիճակի սրումը՝ որպես բանակցային գործիք», որ «Ադրբեջանը միայն ձևացնում է, որ պատրաստ է։ Բայց ինչի՞ն են պատրաստ։ Այն հայտարարությունները, որ հանրային կարծիքի համար են անում և կարծում են, որ կտպավորի մեկին՝ այդպես չէ»: ՈՒ ի՞նչ: Չե՞նք վերադառնում նույն փակ շրջանակին, որը ոչ միայն երկրաչափության, այլև քաղաքականության մեջ բաղկացած է բազում եռանկյունիներից՝ ո՞վ ո՞ր հարցում ո՞ւմ է ապավինում ու ինչպես է դա փոխում իրավիճակը՝ պահի ու զարգացումների: Ինչպես երկրաչափության մեջ, քաղաքականության մեջ էլ երկու կետերը միացնող ամենակարճ ճանապարհը ուղիղն է, զարտուղին աղավաղում է երկրաչափությունն էլ, քաղաքականությունն էլ, աշխարհագրությունն էլ, մարդկանց կյանքն էլ:
Չկասկածեք, որ Բաքու վերադարձած Իլհամ Ալիևը խոսելու է հայկական ապակառուցողական դիրքորոշման մասին, որը խոչընդոտում է բանակցություններին ու ապակայունացնում իրավիճակը սահմաններին ու տարածաշրջանում և միայն Ադրբեջանի համբերությունն է կայունության երաշխիք: Բայց Ադրբեջանի համբերությունն էլ անսահման չէ: Էլմար Մամեդյարովը վերահաստատելու է տարածքային ամբողջականության սկզբունքի անխախտությունն ու «օկուպացված տարածքները» ազատելու պահանջները, որից հետո միայն կարող է քննարկվել ԼՂ կարգավիճակը՝ Ադրբեջանի կազմում լայն ինքնավարություն: Սկզբունքորեն չեմ նայել ադրբեջանական լրատվամիջոցները, վստահ եմ նրանց հավատարմությանը «ազգային» շահին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. ՈՒ ի՞նչ: 2016-ի «անձնական» ծրագրում Հայաստանը և համանախագահներն աշխատելու են վերահսկման մեխանիզմների տեղակայման, վստահության մթնոլորտի հիմքերի ստեղծման ուղղությամբ, Ադրբեջանը՝ ձգձգման ու նույն մթնոլորտի բացառման: Նախագահները ևս մեկ-երկու անգամ հանդիպելու են, որ վերահաստատեն բանակցելու հանձնառության կատարումը: Սահմանին նորից կրակելու են՝ ինչպես կրակել են հանդիպման նախորդ ու հաջորդ օրերին: Հիբրիդային պատերազմը շարունակվում է՝ մինչև վերջապես հարաբերությունները պարզեն ՌԴ-ն ու ԱՄՆ-ը: Մինչև վերջապես Հայաստանը հասկանա, որ ինքն ԱՆԿԱԽ պետություն է ու ԻՐԱՎԱԶՈՐ է սեփական շահերից բխող անկախ քայլեր անել: Մինչև Ստեփանակերտը մասնակցի բանակցություններին: Պայմանով՝ սեփական տեսակետ ունենա: Ե՞րբ է հնարավոր: Չգիտեմ: Իսկ մինչ այդ՝ Սերժ Սարգսյանն էլ, Էդվարդ Նալբանդյանն էլ գնացին Մոսկվա, պաշտոնական հաղորդագրությամբ՝ մասնակցելու ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ Երբ է Ալիևը գնալու Անկարա՞: Մի մտածեք՝ հաղորդակցության միջոցները չեն պարտադրում այցերը՝ կարող են հեռախոսել: Նա արդեն տպավորությունները փոխանցել է թե Էրդողանին, թե Պուտինին, բայց դա պետական գաղտնիք է: Եղե՞լ է, թե՞ չի եղել կենացը, որի մասին ՈՒոռլիքը Թվիթերում գրել էր: Ինքներդ դատեք՝ ո՞վ՝ ո՞ւմ ու ինչի՞ կենացն է խմում՝ ի հեճուկս մյուսի:

Դիտվել է՝ 1324

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ