«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Եվրոպական պղպեղը հայկական փախլավայում (ահաբեկչական ահազանգեր)

Եվրոպական պղպեղը հայկական փախլավայում (ահաբեկչական ահազանգեր)
27.11.2015 | 11:54

Կովն իրիկնապահին քնքուշ մզզոցով կանգ առավ գյուղի դիմաց ու գլուխը շրջեց դաշտերի կողմ, ուր կեսօրին գայլը հոշոտեց իր հորթուկին։ Նա վաղուց մոռացել էր վիշտը, բայց, այ, ոչ մի կերպ մոռանալ չէր կարող համը ծաղկած առվույտի, որից այնքան շատ կա դաշտերում և դրանից կշտանալ չի լինի, չէ... Մյո՜ւ...
«Դրամա կովի կատարմամբ», Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԴԱԳԱՆԱԿԻ ՕՐՀՆԱՆՔՆ ՈՒ ԱՆԵԾՔԸ
(այգաբացը բացվում է, ֆելիետոնը հետը)
Մի հմայիչ տիկին՝ Կենտրոնական Ֆրանսիայի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր Հիլդա Չոբանյանը, վերջերս ահա թե ինչ ասաց. «Իհարկե, Հայաստանը համաշխարհային ահաբեկչական տագնապի էպիկենտրոնում չէ, բայց շատ մոտ է դրան»։ Սա ականջներիս օղ անենք թուջե պնդօղակներով և դառնանք մեր բանին։ Կարծես թե Թուրքիան մեր հարավային սահմանակից դրկիցը չէ (Մայր Արաքսը վեհապանծ ընթացքով դեռ պարսպում է մեզ)։ Այնինչ Թուրքիան օրըստօրե ավելի է նմանվում արկերով լի պահեստի, որի պահակները թղթախաղով են զբաղված։ (Ոչ անիծենք ենիչերայաթաղանյան այս երկիրն ու նրա բնակչությանը, ոչ էլ օրհնենք, զի տիեզերական դագանակը, միևնույն է, իր գործն անելու է)։ Թուրքիայից կարծես թե ձանձրանում է ԱՄՆ-ը, ռուսական զենքն ու սապոգը, վստահ եղեք, վաղո՜ւց տառապում են Սուրբ Սոֆիա տաճար մտնելու կարոտախտով։ Միաժամանակ Թուրքիայի փայծաղի և կույր աղիքի միջնամասում մի վիթխարի խոց է ճառագում, լեռնցի ձիագողերն ու եկվոր-քոչվոր-ոչխարապահները պետություն են առնում-տալիս։ Թուրքն ու քուրդը (ավելի ստույգ՝ նրանց արյունռուշտ-ազգայնամոլ, այսօր նաև, պետականակերտ տեսականին) կարող են մրցակցել հետևյալ անվանակարգերում՝ ոչխարի բրդի ակնթարթային խուզման, կենդանի մարդու րոպեական մաշկահանման և նենգավոր ժպտալու մեջ։ Մի խոսքով, հուշեմ-հիշեք, տիարք թուրքեր և քրդեր, ձեզ մաղթում եմ ամենայն բարիք՝ առաջարկելով պետություն կերտել. քրդերը՝ Իրաքի անապատներում, թուրքերը՝ Ալթայի անտառներում։

Տիեզերական դագանակը պտտվեց Եվրոպայի վրա և հարվածեց հենց Փարիզին։ Դագանակը, հանրահայտ է, քավության նոխազ է փնտրում և վաղ թե ուշ ահարկու ուժով պատժում է մեղսագործության, անմեղ արյան, հողի զավթման և այլնի համար։ Այստեղ հայցում եմ պատվարժան ընթերցողացս ներողամտությունը, զի կամա-ակամա պիտի ցիտեմ ինքս ինձ. 2003-ին «Հայացք Երևանից» ամսագրի 8-րդ համարում տպագրված «Հայկական «անապատի» առասպելը» նյութում խիստ տագնապել էի, որ «...բնաշխարհի նկատմամբ որդեգրած կենսարժեքային այս քաղաքականության շարունակության դեպքում, շատ շուտով «անապատ» ասվածը թղթին կհանձնվի արդեն առանց չակերտների»։ Հրապարակման մեջ սակայն ուշագրավ է այս պահին հետևյալ հատվածը. «Այսպես էր 1300 տարի... մինչև ժամանեցին քաղաքակիրթ Հռոմի ոչ պակաս քաղաքակիրթ հետնորդները՝ ֆրանսիական նրբաճաշակ և փափկակենցաղ միսիոներները։ Մոնմարտրի և Ելիսեյան երանելի դաշտերի մշտակյացները Սահարայում զբաղվում էին անասնապահությամբ, որոնց բյուր գլխաքանակը ջուր էր պահանջում, վիթխարի քանակությամբ ջուր։ Տեղաբնակ տուարեգներին վերջնականապես մոլորեցնելով «հրաշագործ» սարքերով ու ոչ պակաս «փրկարար» խոստումներով՝ ֆրանսիացիները ստիպում էին տեղացիներին փորել անթիվ արտեզյան ջրհորներ։ Սրընթաց աճում էր գլխաքանակը, բազմանում էր հոտը, մեծանում էր ջրի պահանջը, փորվում էին նորանոր ջրհորներ... ոտնատակ էր լինում արոտավայրը։ Ֆրանսիացիները Սահարա ժամանեցին անկոչ հյուրի պնդաճակատ համառությամբ, հեռացան ծովափնյա հանգստից հագեցած հովեկի կոշտ անտարբերությամբ։
Այնուհետև Սահարայում երկու տարի անընդմեջ երաշտ էր։ Դա բավական էր, որ Սահելի շրջակայքի լայնարձակ օազիսը կրկին վերածվեր հրակեզ ու մեռյալ անապատի։ Ֆրանսիական ջրհան սարքերը միանգամայն անպետք գտնվեցին՝ ջուրը կարծես անհետացել էր։ Անասնահոտերը ջրաքամ լինելով ոչնչացան, ինչպես կանխորոշված էր «քաղաքակիրթ հրոսակների» կողմից։ Իսկ Սահելի բնակչության ճնշող մասը, մնալով աղետին դեմ հանդիման, բնաջնջվեց»։
1980-ին էր. հազարավոր փախստականներ հայտնվեցին Փարիզի կենտրոնում։ Ֆրանսիացիները ցնծությամբ դիմավորեցին նրանց (Ֆրանսիան գուցե թարմ ու կրքոտ արյան պակասորդի մեջ էր)։ Եվ ահա պատմում են, որ Փարիզի որոշ հրապարակներում որոշ ֆրանսուհիներ հրապարակավ տրվում էին թխամորթ եկվորներին։ Մի խոսքով, որքան իմաստուն և արդար, նույնքան էլ անողոք է տիեզերական դագանակը։ Իսկ մենք այոոչյան ոչուփուչային պորտապարի շորորներն ենք շարակարգում և հաշվում ենք կառավարության ձեռք բերած օճառամանի շահութաբերությունն ու չափում ենք զուգարանաթղթի պիտանիությունը։ Այնինչ դագանակը շռնդալից սլանում է և արդեն իսկ նախանշված է նրա հերթական մեղսագործ-զոհը։

ԴԱԳԱՆԱԿԸ ՍԱԴԱԽԼՈՅԻ ԱՆՑԱԿԵՏՈՒՄ Է
(պամֆլետն այս թխվեց կեսօրին)
Այնինչ դագանակը շռնդալից սլանում է և արդեն իսկ նախանշված է նրա հերթական մեղսագործ-զոհը։ Այս դագանակին անհնար է ո՛չ կաշառել, ո՛չ էլ խաբել։ Այնինչ, Հայաստանի Հանրապետությունը կարծես քաղաքական նիրվանայի մեջ է ու եթե արթնանում-սթափվում է, ապա միայն քաղաքական վոդևիլներ բեմականացնելու նպատակով։ Ի դեպ, ԱՅՈ-ի քարոզարշավին լծված իշխանիկների շուրթերը կարկաչում են՝ ԱՅՈ՛, սրտերում սակայն ՈՉ-ն է մռլտում։ Նույնն է ընդդիմության պարագայում՝ կերկերաձայն բղավում են՝ Ո՛Չ, հոգու խորքում դա արձագանքվում է որպես ցնծագին ԱՅՈ՛։ Այո՜, ճիշտ ժամանակն է, որ հայկական հեռուստասերիալների դերասանները գրավեն ԱԺ-ն ու կառավարությունը, իսկ իշխանություններն ու ընդդիմությունը համալրեն թափուր հաստիքները Գորիսի և Գյումրու, Արտաշատի, Վանաձորի և մայրաքաղաք Երևանի թատրոններում։ Ի՜նչ սքանչելի Յագո է կորչում հանձին քաղընդդիմադիր տիար Գագիկ Ջհանգիրյանի։ Իսկ մի՞թե հոյակապ չի լինի նորագույն ժամանակների Դոն Քիշոտի ասքը, ներկայացված, դիցուք խորհրդարանի բակում։ Առաջարկում եմ հետևյալ զուգերգերը՝ Դոն Քիշոտ-Վարդան Այվազյան, Սանչո Պանսա-Առաքել Մովսիսյան։ Կամ՝ Դոն Քիշոտ-Կարեն Ճշմարիտյան, Սանչո Պանսա-Սեյրան Սարոյան...
Իսկ ով, եթե ոչ բարոն Բագրատյանն անզուգական «Տերն ու ծառայում» քաղցրարյուն Սիմոն չի լինի, պայմանով, որ նրա Տերը հանդիսանա Մանվելը գեներալ Գրիգորյան։ Հրապուրվեցի՞, հարկավ, ևս մեկ զուգերգ և կշարունակենք հետևել տիեզերական դագանակի հնարավոր խոյահպումներին, արդեն հայոց արոտներում։ Գորիսի թատրոնում «Պեպո» է բեմադրվել, Արութին Զիմզիմովի դերում Րաֆֆին է Հովհաննիսյան, Պեպո է խաղում, կռահեցիք...

Նոր սահմանադրությունն ուղղված է երկրի դե՞մ։ Քավ լիցի (լցրեք, խնդրում եմ, բյուրեղապակյա հնաոճ սկահակս խորհրդահայ 5-աստղանի կոնյակ), ես և՛ կողմ եմ սահմանադրությանը, և՛ դեմ եմ նրա վավերացմանը։ Այսինքն, և՛ իշխանավոր եմ՝ նժույգ հեծած, և նրա վասալն եմ՝ ավանակս սանձած։ Եվ, ահավասիկ, ի՜նչ մտքեր են պտղակալում քունքերիս ներքո, որոնք էլ ցանկանում եմ կիսել ձեզ հետ։ Տեսեք, պարզվում է, որ հանրապետությունը բառացիորեն խեղանդամած երկրակեղեքումն ու բարոյազրկումը մենք կապում ենք նախագահի ինստիտուտի հետ։ Ասացեք, խնդրեմ, մի՞թե 1991-ին Տեր-Պետրոսյան Լևոնը միանգամայն արժանավոր նախագահ չէր։ Եվ արդյոք արդեն 1996-ի աշնանը նա նախագահական անլիարժեքության բարդույթներով չէր սարդոստայնվել։ Հարկավ այո։ Զարմանալի է, մեկ տարի նա կառավարում էր երկիրը որպես ԳԽ նախագահ, և սկսվել էին աղետալի գործընթացները, 88-ի զարթոնքի հաղթող-հերոս հայ հասարակությունը համակվել էր ծառահատման, նաև տոկոսային վաշխառության կապիտալի կուտակման տենդով։ Երրորդ հանրապետության 1-ին, անվերապահորեն ազգընտիր նախագահի մերձավորագույն շրջապատը և վերջինիս կամակատար հրոսակախմբերը թալանում-թլպատում էին հանրապետությունը, ճիշտ է՝ քիչ վախվորած, մի քիչ էլ ամոթխած։ Հիշեցնում եմ ի խորոց սրտի, 1990-ի ԳԽ-ն ևս ազգընտիր-ժողովրդավար էր։ Սակայն թագավորակարոտ մեր սրտերը տրոփում-չէին հանդարտվում և պահանջում էին երկրի նախագահ, ամուր կամքի, պետականության և ժողովրդասիրության առհավատչյա։ Մենք «վաստակեցինք» մեր նախագահին, ում իշխանության օրոք երկիրը լքեց 800 հազար մարդ (այսինքն՝ յուրաքանչյուր 4-րդ ՀՀ քաղաքացին), աղքատության գրկում էլ հավերժացավ շուրջ 1 մլն հայ, այսինքն՝ յուրաքանչյուր 3-րդը հայկազյան վսեմաշուք տոհմից։ Այսօր փորձում ենք հասկանալ, այնուամենայնիվ, մենք երկիր կդառնանք նախագահական ուղղաձիգ ճնշումների՞, թե՞ խորհրդարանական-հորիզոնական բազմանիստ «շոյանքների» ներքո։ Այս իրավիճակն ինձ շատ է հիշեցնում այն անբան ուսանողին, ով դասախոսության ժամերին ննջում է, լեկցիաներն էլ սերտում է գիշերային ակումբներում, սակայն ողջ սրտով կամենում է դառնալ գերազանց մասնագետ։ ՈՒ դրա համար օրը երկու անգամ փոխում է տաբատը և փողկապն ու թաշկինակն է փոխատեղում։

Անհոգ եղեք, տիեզերական դագանակն ավեր ու մահ չի սփռի մեր սարերում և ձորերում։ Զի աշխարհով մեկ սփռված մեր եղբայրներն ու քույրերը սերմանում են արդարը, բարին, ճշմարիտը։ Անհոգ եղեք և անտագնապ ննջեք, մեր ներքին դագանակներն են ավերում և ավարառում, երկրում ապրում է 1 մլն 700 հազար մարդ, ընտրողների թվաքանակը 900 հազար է, նրանց թվում դժգոհ-հակաիշխանական է մոտ 800 հազարը, սակայն ԱՅՈ-ի օգտին կքվեարկի ճիշտ 1 մլն մարդ։ Է, ե՞տքը, բա հետո՞, ու մի՞թե սա է կարևորը, չէ՞ որ գերակա այլ խնդիրներ են հրապարակում, որի լուծմանը պիտի զինվորագրվենք ազգովին, նախագահից մինչև նախարար և քաղընդդիմադիրից մինչև սպա ու զինվոր։ Զի դագանակը չի մոռացել ո՛չ Հոկտեմբերի 27-ն ու Մարտի 1-ը, ո՛չ աղանդավորական հեղեղներն ու հանապազօր մեր հացի պղծումը, լինենք զգոն։ Սա է դարի պատվիրանը։ Մեր դարի, որն այնքան էլ բարեհաճ չէ մեր նկատմամբ հենց մեր շնորհիվ։ Որովհետև մեր իրականությունում շատ է արդիական (իմա՝ օրհասական) թարախակալած ցուցամատը դալար վարունգի հետ շփոթող և աղը ձեռքին դեպի այն սլացող մարդու պատմությունը։ Ի դեպ, խորհրդարանական հանրապետությունում արդյո՞ք գրողի ծոցում կհայտնվեն մենաշնորհները, մի՞թե կվերագործարկվի «Նաիրիտը», արդյո՞ք պետական սեփականություն կդառնան հանքերն ու լճերը, հյուրատներն ու բենզալցակայանները և այսպես շարունակ։ Բայց եթե 3-րդ հանրապետությունում խորհրդարանական կառավարմանը զուգընթաց չվերականգնվի պետականությունը, դագանակը, հավատացեք, կանցնի գործի։ Ես որ հավատում եմ։

ԿԱՐՄԻՐ ԿՈՎԻ ՉԱԼՊՈՒՏՈՒՐԻԿ ԿԱՇԻՆ
(սարկաստիկ իրիկնահաց)
Է՜հ, պատվական, չնայած անծանոթ բարեկամ Ղուկաս Սիրունյան, մի՞թե կովն իր բնազդին հակոտնյա կընթանա, այսինքն, կանտեսի առվույտը հանուն սեփական հորթի վառ հիշատակի։ Հարկավ ոչ, զի կովը հավատարիմ է յուր վաղնջական բնազդին։ ՈՒրեմն կեցցե՛ կարմիր կովը, արևշատություն նրան կերակրող ծաղկած առվույտին, գյուղի ցանկապատը զարդարող դեղնականաչ դդումներին և գյուղի նախկին հոտաղ, այժմ, սակայն, կուսակցապետ Սենեքերիմ Մատաղյանին, ով ասում է՝ ԱՅՈ, և ասում է՝ ՈՉ, զի նրա կարմիր կովը չալպուտուրիկ է։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2372

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ