«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ո՞վ է Ստալինի բեղերը «հարմարեցնելու» իրեն

Ո՞վ է Ստալինի բեղերը «հարմարեցնելու» իրեն
24.11.2015 | 11:28

2015-ի մայիսի 9-ին տոնվեց Մեծ հաղթանակի 70-ամյակը. պատերազմի մասնակիցները, ռազմական պատմաբանները, քաղաքագետները վերհիշեցին խոշորագույն ճակատամարտերի տարեթվերը: Հեռուստաալիքները շարունակում են կինոնկարներ ցուցադրել զինվորների և թիկունքի աշխատողների սխրանքների մասին:
Իսկ ո՞րն է ստալինիզմի վերականգնման փորձերի իմաստը. Մեծ հաղթանակի հիշողությունը արտացոլվում է մարդկանց հոգիներում, նաև արվեստում: Իսկ ընդհանուր կորուստը ¥27 մլն մարդ¤ ցավ է պատճառում գործնականում յուրաքանչյուր ընտանիքի: Այն արտահայտվում է նաև քաղաքականությունում, ընդ որում` տարբեր սկզբունքներով: Թե հաղթանակը ինչ «գին» ունեցավ, պայմանավորված գաղափարական կողմնորոշմամբ, գնահատականները զգալիորեն տարբերվում են հատկապես քաղաքագետների շրջանում: Ոմանք ընդգծում են ժողովրդի դերը` նրա մարտական և աշխատանքային սխրանքների առումով, վերլուծելով պատերազմի պատճառներն ու հետևանքները, որոնք շարունակում են ներազդել նաև ներկա եվրոպական քաղաքականության վրա:
Կան մարդիկ, ովքեր համառորեն ընդգծում են Ստալինի դերը հաղթանակի գործում` «առանց Ստալինի չէր լինի նաև հաղթանակ»։ Պետք է նշել, որ նման տեսակետներն ընդհանրապես քիչ են, բայց դրանք չափազանց համառ են և հարձակողական: 70-ամյակի նախօրեին կտրուկ աճեց կոմունիստների քարոզչական եռանդը, հատկապես շրջաններում: Տասնյակ քաղաքներից առաջարկներ էին արվում Ստալինի պատվին փողոցներ, հրապարակներ անվանակոչելու, կիսանդրիներ տեղադրելու պահանջով: Իսկ Օրյոլում մտադրվել են կանգնեցնել հուշարձան` ողջ հասակով: «Տեղադրելու ենք իսկական հուշարձան»,- ասում է Օրյոլի ՌԿԿ մարզկոմի ղեկավարը: Հիշատակը հավերժացնելու պահանջներ ներկայացվեցին նաև Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարաններ: Ընդ որում` Մոսկվայի կոմունիստները պահանջում են հուշարձանը տեղադրել մայրաքաղաքի ամենաբարձրադիր վայրում` Վորոբյովյան լեռներում, որտեղ նախատեսված է կանգնեցնել Ռուսիայի քրիստոնեության կնքահայր իշխան Վլադիմիրի հուշարձանը:

Ո՞Վ Է ՊՂՏՈՐՈՒՄ ՋՈՒՐԸ
Ստալինականների ակտիվությունը պատահական չէ. այն աճում է և կաճի ճգնաժամի խորացմանը զուգընթաց: Այդ ակտիվությունը հենվում է բնակչության տագնապների և պահպանողական տրամադրությունների վրա: Տեղի է ունենում շրջանների առանց այն էլ չունևոր բնակչության աղքատացում: Աճում են պարենամթերքի գները, կոմունալ ծախսերը, ավելանում է գործազուրկների թիվը, նվազում են աշխատավարձերը: Իսկ ժողովրդի հիշողության մեջ է խորհրդային ժամանակաշրջանը` որքա՜ն լավ և ուրախ էինք ապրում ԽՍՀՄ-ում Ստալինի օրոք, որքա՜ն հզոր էր պետությունը, ինչպե՜ս էր տարեցտարի ընդլայնվում խորհրդային ժողովրդավարությունը, որքան էժան էին հացը, կաթը, վառելիքը:
Այն մասին, որ ստալինյան կոլեկտիվացման պատճառով երկրում սովից մահացավ 5-8 մլն մարդ, ճամբարներում ոչնչացավ 2 միլիոնը, իրենց բնակավայրերից բռնությամբ և ամենաանմարդկային եղանակներով տեղահանվեցին, հյուսիս, Սիբիր, Ղազախստան արտաքսվեցին 6 մլն գյուղացիներ, մերձբալթիկցիներ, կովկասյան ժողովուրդներ, այն մասին, որ ստալինյան տարիներին երկրի բնակչության 20-25 տոկոսը, գերազանցապես ռուսներ, ոչնչացավ և երկիրը «ստալինյան արևի տակ» ապրում էր մշտական սարսափի մթնոլորտում, հասկանալի է, չի հիշվում: Պահանջելով առաջնորդի պատվին հուշարձաններ կանգնեցնել, կոմունիստները չեն ցանկանում հիշել նրա չարագործությունների մասին:

ՀԻՇԱՏԱ՞Կ, ԹԵ՞ ՇԱՀ
Հասկանալի է, բանն այն չէ, որ կոմունիստները վատ հիշողություն ունեն. ստալինյան բռնություններից տառապել են նաև տասնյակ հազարավոր ազնիվ կոմունիստներ, նրանց երեխաները, թոռները: Իհարկե այդ մասին հիշում են. խնդիրը ներկա քաղաքական իրավիճակն է, պայքարը ներկա համակարգում տեղ զբաղեցնելու համար: Կոմունիստները, իրենց ղեկավար դերը կորցնելուց հետո, ինչ-որ չափով դառնալով և բուրժուա, և ուղղափառ, և համակերպվող, այսօր հաջողությամբ ինտեգրվում են իշխանության համակարգում: Նրանց նույնիսկ դժվար է ընդդիմադիր համարել. Կրեմլի համար անհրաժեշտ պահերին նրանք միահյուսվում են իշխանության հետ` գրեթե բրեժնևյան ջերմ համբույրով: Բայց նրանք ցանկանում են ավելին` վերականգնել իրենց կորցրած դիրքերը. և լավ էլ հասկանում են, որ ճգնաժամերի, զանգվածների աղքատացման պայմաններում ձախ կուսակցությունների ազդեցությունը աճում է: Ահա ուրեմն պահը հարմար է. Ստալինը ցանկալի կերպար է քարոզչական պայքարի համար: Նրա կերպարը ներկայացվում է որպես կարգուկանոնի խորհրդանիշ և «ճեղքում դեպի պայծառ ապագա»: Գաղափարական վակուումի և ապագայի հստակ նախագծի բացակայության պայմաններում` «սոցիալիզմի կառուցումը մեկ առանձին վերցրած երկրում» ստալինյան նախագիծը ապակողմնորոշված հասարակության աչքում շատ հրապուրիչ է թվում: Ստալինի կերպարը վատ չի սակարկվում երկրի մեկուսացման և պատժամիջոցների պայմաններում: Չէ որ Իոսիֆ Վիսարիոնովիչի ժամանակ երկիրը լիովին մեկուսացած էր ողջ աշխարհից, «սահմանը փակի տակ էր», երկրի հերոսներն էին սահմանապահները, որոնք լրտեսներ էին որսում ԽՍՀՄ-ի ողջ պարագծով:


Ո՞Ւ... ԱՂՈԹԵԼ
ՈՒշագրավ է, որ տեղական իշխանությունները, չխրախուսելով Ստալինին վերականգնելու նախաձեռնությունները, չեն էլ հակազդում դրանց: Կոմունիստների խնդրանքով Մոսկվայում Ստալինի հուշարձանը տեղադրելու կապակցությամբ Մոսկվայի քաղաքային դուման ընդամենը արձագանքեց հարցով` իսկ արժե՞ բորբոքել մարդկանց: Մարզերում սպասում են` իսկ ինչպե՞ս է արձագանքելու կենտրոնական իշխանությունը, ի՞նչ է ասելու Կրեմլը. ինչպես միշտ, երկյուղում են` իսկ եթե հանկարծ պատահի անսպասելի՞ն: Չէ՞ որ քաղաքական կողմնորոշիչները հստակ չեն, միտումները` հակասական:
Իհարկե, դեռևս հիշվում է Պուտինի արտահայտությունը Ստալինի հանցագործությունների մասին. «Այդ հանցագործությունները չեն կարող որևէ արդարացում ունենալ. մեր երկրում այդ մասին տրված է հստակ քաղաքական, իրավական և բարոյական գնահատական»: Ստալինի և նրա զինակիցների կատարած զանգվածային բռնությունների կապակցությամբ բազմիցս խիստ գնահատական է տվել նաև Դմիտրի Մեդվեդևը. «Պատերազմում էինք սեփական ժողովրդի դեմ», բայց այդ գնահատականները այսօր ոչ մի կերպ չեն ընդգծվում: Ավելին` «անսասան» Ստալինի և երկաթյա Ֆելիքսի կերպարները դառնում են հայրենասիրության և հակաարևմտյան քարոզչության բաղկացուցիչ: Կրեմլը լռում է. դա ստալինականներին հնարավորություն է տալիս ընդլայնելու հարձակման ուղղությունը: Եվ արդյունքներն ակնհայտ են. սոցիոլոգների վկայությամբ, Ստալինի գործունեությունը դրական գնահատող ռուսների թիվը վերջին տասը տարում աճել է 10 տոկոսով: Եթե այդ միտումը շարունակվի, իսկ ճգնաժամը նպաստում է դրան, ապա կրեմլյան աստիճանավորների աշխատասենյակներում ծանոթ դիմանկարների կողքին կարող է հայտնվել բեղավոր մարդու լուսանկարը, կամ` ո՞վ է այդ բեղերը «հարմարեցնելու» իրեն. թեկնածուները թերևս արդեն երևում են հորիզոնում:

Ռուսական մամուլի նյութերով հրապարակման պատրաստեց
Աբրահամ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ

Հ. Գ. Ինչո՞ւ պատրաստեցի այս հոդվածը: Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում, ստալինականները` կոմունիստները, և ամեն տեսակի ազգադավ տարրեր, օգտվելով ժողովրդի սոցիալական անապահով վիճակից (որը լիովին` և քաղաքական, և տնտեսական առումով լենինյան-ստալինյան-բոլշևիկյան 70-ամյա բռնատիրական, ոչ արդյունավետ, ոչ շահագրգիռ քաղաքականության հետևանք է), փորձում են վերակենդանացնել մեծ մարդասպան Ստալինի և նրան պատմության բեմ քարշ տված դահճապետի, միջազգային ճիզվիտ Լենինի պիղծ գաղափարները` ամեն կերպ խեղաթյուրելով պատմական իրողությունները:
Դահճապետի ժառանգորդը կյանքի վերջին օրերին երևի հասկացել էր, որ աններելի չարիքներ է գործել, միաժամանակ կարծելով, թե այնուամենայնիվ իրականացրել է մարդկության երազանքը` «դրախտային սոցիալիզմ է կառուցել», հայտարարել է. «Մահիցս հետո գերեզմանիս վրա աղբ կլցնեն, բայց պատմության քամին այն կքշի-կտանի»:
Մեծ մարդասպանը նույնիսկ ինքն իրեն խոստովանելիս հետ չի նայել, թե ճիզվիտի հետ ինչպես է մոլորեցրել տասնյակ հազարավոր ազնիվ մարդկանց (այդ թվում, ցավոք, հազարավոր հայորդիների) և 1917 թվականից սկսած քայլել միլիոնավոր անմեղ մարդկանց դիակների վրայով` կառուցելով արյունաշաղախ սոցիալիզմ` հիմնովին վարկաբեկելով ազնիվ ուտոպիստների, հանճարեղ Մարքսի, Էնգելսի վեհ գաղափարները:
Դեռ 1890-ական թթ. ռուս հեղափոխականները, դիմելով Էնգելսին, առաջարկում էին հեղափոխությունը փոխադրել Ռուսաստան, քանզի Եվրոպայում այն արդեն մարել էր։ «Եթե վաղը Ռուսաստանում հեղափոխությունը հաղթանակի,- ասել է Էնգելսը,- ապա մյուս օրը հեղափոխության ղեկավարները կհայտնվեն անելանելի վիճակում` չիմանալով ինչ անել. դա հակադիալեկտիկական է, հակամարքսիստական»։ Այսինքն` Լենինը ի սկզբանե դավաճանել է մարքսիզմին, հուսալով, որ ճորտի կենցաղով ու հոգեբանությամբ ապրող Ռուսաստանը հեղափոխությամբ կարող է դրախտ դարձնել:
Ռուս գրող Սվետլանա Ալեքսեևիչը «Կարմիր մարդը» գրքում հիշեցնում է. «Բոլշևիկները փորձում էին մարդու նոր տեսակ ստեղծել. բոլորը մոռացել էին Պլեխանովի և մենշևիկների նախազգուշացումը` «աղքատ, հետամնաց երկրում չի կարելի սոցիալիզմ կառուցել` արյունահեղությամբ կավարտվի»։ Այո, չափազանց շատ արյուն թափվեց, իսկ միլիոնավոր դիակների վրա ստեղծված խորհրդային կայսրությունը փլուզվեց»:
Ռուս գրողը ցավով նշում է. «Շրջել եմ նախկին խորհրդային ողջ երկրով և զարմացել, որ դեռ այդքան ստալիններ կան մեր կյանքում, Ստալինը դեռ դուրս է սողում կայսրության փլատակների տակից»:
Հայ ստալինական-բոլշևիկներ, կարդացեք ռուսական լրատվամիջոցներում տպագրվող հոդվածները և կհամոզվեք, որ մտրակով ու սվինով կառուցված սոցիալիզմը կործանվելու էր: Եվ պատահական չէր, որ այդ հանցագործ քաղաքականության պատճառով հզոր Ռուսաստանը 1930-ական թթ. աշխարհաքաղաքական բարդ իրադարձություններում, կանխատեսվող պատերազմում հայտնվեց անչափ անպատրաստ` Հայրենական պատերազմի առաջին իսկ օրերին տալով ռազմատեխնիկական և մարդկային վիթխարի կորուստներ` պատերազմն ավարտելով 27 մլն զոհով` գերմանացիների 7 միլիոնի դիմաց: Այնքան անպատրաստ էր վիթխարածավալ, ամեն տեսակի ռեսուրսներով հարուստ երկիրը, որ եթե չլիներ ամերիկյան լենդ-լիզյան հսկայական օգնությունը, ինչպես խոստովանել են Ստալինը, Ժուկովը, Խրուշչովը, Միկոյանը, խորհրդային երկիրը պարտություն կկրեր կամ կտար ևս մի քանի միլիոն զոհ: Իսկ թե այդ միլիոններից քանի հարյուր հազարը ևս հայեր կլինեին, ենթադրեք ինքներդ: Իսկ եթե պարտվեր խորհրդային երկիրը, ապա կոմունիստների պաշտելի Իլյիչի և նրա վիժվածքի հանցագործ քաղաքականության պատճառով թուրքական նոր ցեղասպանությամբ այսօր Հայաստան չէր լինի:
Այնքան ակնհայտ էր լենդ-լիզի օգնության խաղացած դերը, որ 1945 թ. հաղթանակի տոնակատարության ռազմական շքերթի ժամանակ հրետանին քարշող ամերիկյան ստուդեբեկերներին նայելով, Ժուկովն ու Խրուշչովը ցավով նշում են, թե որքան ամոթ է, որ այս օրերին էլ ստուդեբեկերներն են քարշող ուժը: Ի դեպ, վավերագրական հոդվածներից տեղեկանում ենք, որ ամերիկյան լենդ-լիզով ԽՍՀՄ են առաքվել տասնյակ հազարավոր ինքնաթիռներ, տասնյակ հազարավոր տանկեր, մի քանի հարյուր հազար քարշող ավտոմեքենա, վիթխարի քանակությամբ ռազմավարական պողպատ, պղինձ, ալյումին, բենզին, պայթուցիկ նյութեր, նաև ամեն տեսակի սննդամթերք, առանց որոնց հաղթանակ չէր կարող լինել, և այդ ամենն անտեսելը պարզապես ամոթալի երախտամոռություն է: Այնպես որ, կոմունիստների` «առանց Ստալինի հաղթանակ չէր լինի» զառանցանքը` 27 մլն նահատակների հիշատակն անարգող, կենդանի մնացած փառապանծ հերոսների անձնազոհությունը, մարշալների ու գեներալների տաղանդն ու ապշեցուցիչ տոկունությունը անտեսող կոմունիստների ողորմելի քծնանքն է Ստալինին:
Իսկ որքա՜ն անմարդկային, ստահոդ, ստալինյան ոգով է հնչում կոմունիստների այն տեսակետը, թե 1937-1938 թթ. Ստալինը բոլշևիկյան դաժանությամբ ոչնչացրեց հազարավոր փառապանծ զորահրամանատարների, իբրև թե ճանապարհ բացելու նոր մտածողություն ունեցող զինվորականների համար. հետին թվով պարզապես ցնցվում ես, ամաչում բոլշևիկյան-կոմունիստական այսքան անմարդկային մտածողությունից: Նորօրյա բոլշևիկներ, գաղափարագար կոմունիստներ, կարդացեք մեծն Ժուկովի կարծիքները և ամաչեք ձեր պաշտելիների հրեշավոր, մարդկային ու բարոյական ամեն մի սրբություն ոտնահարող դիվային գործունեության համար: Յուրաքանչյուր պետական-քաղաքական գործչի, մտավորականի նաև ամեն մի ազնիվ մարդու պետք է գնահատել հետևյալ հայրենապաշտ և մարդակենտրոն սկզբունքով` ինչ չես արել, որ պարտավոր էիր անել, և ինչ ես արել, որ չպետք է անեիր:

Դիտվել է՝ 1687

Մեկնաբանություններ