«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ո՞Ւմ հայրենիքն է Աղդամը

Ո՞Ւմ հայրենիքն է Աղդամը
24.11.2015 | 00:48

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում քարոզի ժամանակ ասել է, որ այս Սուրբ ծնունդը ֆարս ու անիմաստ ունայնություն է լինելու` այն ամենի ֆոնին, ինչ կատարվում է աշխարհում, որ պատերազմ կազմակերպողները և զենքի վաճառքից եկամուտ ստացողները անիծված են Աստծուց, որ հակամարտություններից մնում են ավերակներ, հազարավոր կրթություն չստացող երեխաներ, անմեղ զոհեր և փող` զինավաճառների գրպաններում: Խելագարվե՞լ է Հռոմի պապը: Երբ բոլորն ամեն ինչ գիտեն ու լռում են, իսկ մեկը բարձրաձայնում է՝ մեղավորը նա է, ոչ թե աշխարհը, որ ինքն է խելագարվել: Հռոմի պապերը միշտ են մի քիչ խելագար եղել՝ Պետրոսից սկսած: Սուրբ Պետրոսից: Նրանք միշտ ապրել են մի իրականության մեջ, որ իրականությունից տարբերվել է, ու նրանցից լավագույնների գործը այդ երկու իրականությունները համադրելն է եղել: Երբ Հուլիոս Երկրորդը բոլորին ինդուլգենցիաներ էր բաժանում, Հռոմի բոլոր ճանապարհներին պապի մասին, որ պետության ղեկավարն էր, ասում էին՝ աստվածուրաց է՝ փողով մեղքերի թողություն է տալիս: Իսկ պապը այդ փողով Վատիկան ու Սուրբ Պետրոսի տաճար էր կառուցում: Ո՞վ էր խելագար, ո՞վ էր ճիշտ, ո՞վ էր սխալ:
Իլհամ Ալիևը նոյեմբերի 30-ին մեկնելու է Փարիզ՝ մասնակցելու կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի ՄԱԿ-ի համաժողովին: Քամիների քաղաք է Բաքուն, ու աշխարհը չի հասկանա, եթե Ադրբեջանի նախագահը իր խոսքը չասի կլիմայի մասին: Պան Գի Մունից բացի Փարիզում են լինելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ֆրանսուա Օլանդն էլ Փարիզում է ու Փարիզում: Կլիման՝ կլիմա, բայց իրենցից անկախ՝ դեկտեմբերի սկզբին Փարիզում են հավաքվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Փաստորեն՝ Փարիզում է լինելու նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՈՒրե՞մն: ՈՒրեմն նրանք հանդիպելու են՝ Սարգսյանն ու Ալիևը, եթե մինչև դեկտեմբերի մեկը հրաբուխ չժայթքի, երկրաշարժ չլինի, օվկիանոսներն ափերից դուրս չգան ու Ահեղ դատաստանը չսկսվի նրանց ճանապարհին: Հանդիպելու են՝ ի՞նչ անեն:
1. Վաղուց չեն հանդիպել ու միմյանց ներկայացնելու լիքը հաշիվներ ունեն:
2. Դիպուկահարներին հետ քաշելու հարցը պարզեն:
3. Միմյանց դեմ հրետանին կիրառել-չկիրառելու հարցը լուծեն:
4. Փախստականներից խոսեն ու տարածքներից, կարգավիճակից ու սահմաններից:
5. Էներգակիրներից, իրենց ու ուրիշների ծրագրերից:
6. ԵԱՏՄ անդամակցության ու ԵԽԽՎ պատմություններից:
7. Եռանախագահների հայտարարություն պետք է լինի՝ հանդիպման արդյունքներով:
Միայն առաջին հարցը բավական է, որ մի քանի օր հանդիպումը տևի ու արդյունք չտա: Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններից հետո ու Հայաստանում սահմանադրական հանրաքվեից առաջ՝ հաշվի առեք հանդիպման ժամանակը: Ահաբեկչությունների նորանոր հասցեների օրական ավելացման մեր «ունայն» ժամանակները: Իհարկե, կարող են և չհանդիպել, ասենք, Իլհամ Ալիևը չի գնա Փարիզ, ինչպես չգնաց Նյու Յորք, Էլմար Մամեդյարովը կգնա ու մի ծավալուն ծրագիր կներկայացնի՝ ինչպես է Բաքուն փրկում աղտոտված ու կործանվող աշխարհը ու որտեղ ցուրտ է՝ տաքացնում է, որտեղ տաք է՝ սառեցնում է: Տարեմուտ է գալիս, Ձմեռ պապերը տրենդի մեջ են: Կարող են «սկզբունքորեն» չհանդիպել, եթե պարզվի, որ, ասենք, Ալիևը համաձայն չէ ԵԱՏՄ-ում ցուցակագրվել: Հայաստանն էլ խաղաղապահների հարցով է խրամատավորվել: Ամեն ինչ կարող է լինել: Բայց նրանք կհանդիպեն ու ժամ-ժամուկես կխոսեն «տետ ա տետ», հետո՝ համանախագահների հետ: Երեք նախագահներն էլ գոհունակություն կհայտնեն, որ հանդիպումը եղավ, խաղաղ կարգավորման կոչ կանեն, ռազմական լուծումը բացառող, կկարևորեն կայունությունն ու, գուցե նաև, ահաբեկչության դեմ պայքարը: Թեպետ հիմա ահաբեկչության առաջ սահմաններ չկան, միայն վերջին մեկ ամսում սատանան ոտքը կկոտրեր՝ Սինայ-Բեյրութ-Փարիզ-Բամակո երթուղու վրա:

Տարածաշրջանը, իսկապես, կորցնում է սահմանները: Համենայն դեպս՝ փոխում է: Քաղաքական: Տնտեսական: Աշխարհագրական: ՈՒ միայն այն չէ պատճառը, որ ահաբեկչական մի խմբավորում այնքան զորեղացավ, որ գրավեց Ռաքքան, հռչակեց իրեն պետություն ու Ռաքքան՝ մայրաքաղաք: Խալիֆաթի մայրաքաղաք: Պալմիրայի պատմական հուշարձանների պայթեցման փոշին Փարիզի փողոցների վրա չնստեց, Լոնդոն չհասավ, Բեռլինը չցնցեց: Մի ալարկոտ բողոք ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտնեց:
Ի պաշտոնե: Մարդկության պատմական ժառանգությունն էին պայթեցրել: Այսօր բոլորը խոսում են քաղաքակրթությունների պատերազմից: Արևելք-Արևմուտք բախումից: Բայց ոչ ոք չի փորձում սահմանել` ինչ է նշանակում «Արևմուտք» ու ինչ է նշանակում «Արևելք», որտեղ են սկսվում ու վերջանում նրանց սահմանները: Օրինակ՝ որտե՞ղ է Հայաստանը՝ Արևելքո՞ւմ, թե՞ Արևմուտքում: Ադրբեջանը՝ որտե՞ղ է: Քաղաքակրթությունների պայքա՞ր է, երբ միմյանց են հակադրվում տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները: Ընդ որում՝ տարածքային ամբողջականության սկզբունքը հիմքեր չունի գործելու, որովհետև Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի Հանրապետության կազմում: Քաղաքակրթությունների՞ պայքար է, երբ Ջուղայում փշրում են տրակտորով խաչքարերը ու նախագահի աշխատակազմի արխիվ են դարձնում հայկական եկեղեցին՝ տարածաշրջանի «ամենաինտերնացիոնալ» քաղաք Բաքվում: Տեղեկատվակա՞ն պատերազմ է, երբ Բաքուն հայտարարում է, որ Երևանը չկա ու չի եղել: Երևանը ծույլ-ծույլ հակադարձում է՝ դուք չեք եղել, մենք Աստվածաշնչից ենք գալիս ու նրանից առաջ էլ կայինք: Իսկ սահմաններին կրակում են ու սպանում իրար՝ չավարտված պատերազմի ու չսկսված խաղաղության մեջ: Բոլորն էլ գիտեն՝ ով է կրակում ու ինչ է ուզում, բայց ձևացնում են, որ իրենք կապ չունեն: Իրենք խաղաղություն են ուզում: Հռոմի պապն ի՞նչ էր ասում: ՈՒնայն ժամանակները՝ չէ: Պատերազմ կազմակերպողները ովքե՞ր են: ՈՒ ի՞նչ: Նվազագույն խնդիրը՝ հրադադարի պահպանո՞ւմ: Ստատուս քվո՝ մինչև վե՞րջ: Իսկ եթե փորձենք բացել մեր աչքերն ու իրականությանը նայել, չկա ստատուս քվո: Բազմասպառազինված Ադրբեջանը կա, ու խելագարի համառությամբ նրա դեմ կանգնած Հայաստանը, որ պատերազմում հաղթելուց հետո սկսված ժամանակը պիտի օգտագործեր բանակ ու տնտեսություն կառուցելու համար: Բանակը ունեցավ, տնտեսությունը՝ սպանեց: Եվ որովհետև հնուց հայտնի է հայկական հարցի առաջին ձևակերպումը՝ «Ես աւերակացս զի՞նչ թագաւորեմ», տնտեսության ավերակները վերացնելու փոխարեն միջին վիճակագրական հայը գնաց այնտեղ, ուր ավերակ չկար: Բայց ոչ մի դեպքում համաձայն չէ տարածք հանձնելուն: Գնալը՝ գնացել է, բայց խելքը հո չի թռցրել: Հիմա դա քաղաքակրթակա՞ն բախում է, թե՞ աշխարհաքաղաքական:
Մենք բոլորս լավ սովորել ենք բառերի մեջ թաքնվել, ու մեզ սկսել է թվալ, որ աշխարհում կարևորը բառերն են՝ ով ինչ ասաց, ով եկավ ու գնաց, իսկ դա նշանակում է իրականությունից թաքնվել: Մենք նաև սովորել ենք գեղեցիկ բառեր ինքներս շարել, բայց աշխարհը չի հավատում խոսքին: Ոչ էլ լացուկոծին: Կամ՝ բողոքին: Երբեք չի հավատացել: Իսկ մենք խոսում ենք ու խոսում: Գլխավորը բառերի մեջ կորցնելով: Հիմա պետք է պարզել՝ պաշտոնապես «Աղդամը մեր հայրենի՞քն է», թե՞ ոչ: Եթե «Աղդամը մեր հայրենիքը չէ», իրավիճակ է փոխվում ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Փոխված իրավիճակը առանձնապես կայունություն ու խաղաղություն չի խոստանում: ՈՒզում ես ՀՕՊ համակարգդ մարսեցիների հետ միավորիր: Ադրբեջանը խաղաղության պատրաստ չէ, Ադրբեջանին ոչ թե «օկուպացված տարածքի» 20 % է պետք կամ փախստականների վերադարձ, որ գոյություն ունեն միայն հանուն բանակցային գործընթացի: Ադրբեջանին արտաքին թշնամի է պետք՝ կառավարման համակարգը կայուն պահելու համար: Եթե «Աղդամը մեր հայրենիքն է», իրավիճակը դարձյալ փոխվում է՝ քիչ է ասել, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է, պետք է պահել և Հայաստանը, և Հայաստանի մասը: Պահել փոխվող տարածաշրջանում: Պահել կրակի տակ: Պահել արտագաղթի պայմաններում: Հակառակ բարեկամների ու ի հեճուկս թշնամիների: Դա Սահմանադրություն փոխել չէ: Ծիծեռնակաբերդում Հռչակագիր կարդալ չէ: Կրկեսի ու թատրոնի տարբերությունները բացատրել չէ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. ՈՒ քանի որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես բարձրաստիճան ՀՀԿ-ականներն են խոստանում, հարցազրույց է տալու հանրաքվեից առաջ, հենց հանրաքվեի արդյունքների տեսակետից շահեկան կլիներ դուրս գալ Սահմանադրության շրջանակներից և պատասխանել քաղաքական-տնտեսական-աշխարհաքաղաքական՝ ընդհանրական օրակարգի հարցերին: Նրա գործը թեթևացնելու համար ընդամենը 10 հարց նշեմ, թեպետ հաշվի առնելով, թե ինչքան ժամանակ ՀՀ նախագահը ասուլիս չի տվել, իսկ դա նաև հասարակության հետ կապերի ու PR-ի մաս է, հարցերի քանակը կարող էր բազմապատկվել.
1. Ինչպե՞ս եք գնահատում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության առաջին տարին: Կորուստնե՞րն են շատ, թե՞ ձեռքբերումները:
2. Ինչպե՞ս եք գնահատում Եվրամիության հետ բանակցությունները, ի՞նչ ակնկալիքներ ունեք նոր համաձայնագրից: Ստորագրելո՞ւ ենք այս անգամ:
3. Հայաստան-Իրան հարաբերությունները շարունակելո՞ւ են Կրեմլի դռնով անցնել: Պատրա՞ստ է Հայաստանը ինքնուրույն որոշումներ կայացնել Իրան-Հայաստան երկաթուղու և Իրան-Հայաստան-Վրաստան գազատարի կառուցման հարցում: Ի՞նչ վտանգներ կան և ի՞նչ հնարավորություններ:
4. Հայաստան-Չինաստան հարաբերություններում ի՞նչն է քաղաքականություն, և ի՞նչն է ռեալ: Հայաստանը կարո՞ղ է Մետաքսի ցամաքային ճանապարհի մաս կազմել, և ի՞նչ է պետք դրա համար:
5. Տարածաշրջանում ո՞րն է Հայաստանի տեղն ու դերը՝ հաշվի առնելով նոր զարգացումները:
6. Կարդացե՞լ եք 2016-ի պետական բյուջեի նախագիծը, հավատո՞ւմ եք տնտեսական աճին: Գո՞հ եք կառավարության աշխատանքից:
7. Ի՞նչ են Ձեզ համար նշանակում սահմանադրական փոփոխությունները, ինչպիսի՞ Հայաստան եք ուզում ունենալ կառավարման համակարգի փոփոխությամբ և որտե՞ղ եք լինելու Դուք նախագահական ժամկետը լրանալուց հետո:
8. Վերջին անգամ ե՞րբ եք գիշերով անցել Հայաստանի տարածքով: Ձեզ չե՞ն վախեցնում մութ տները:
9. Պատրա՞ստ եք լինել այն նախագահը, որ կարող է Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել:
10. Ձեր հարցը ինձ:
Կարող եք ավելացնել հարցերի ևս մեկ տասնյակ, կամ՝ երկու: Միևնույն է՝ նախագահը չի պատասխանելու ձեր հարցերին, նա պատասխանելու է այն հարցերին, որոնք, իր կարծիքով, հետաքրքրում են ձեզ, ու բոլորովին կարևոր չէ՝ կապ ունեն ձեզ հետ, երկրի հետ, պետության հետ, Սահմանադրության հետ, իրավիճակի հետ, իր հետ, թե ոչ: Առավել ևս ձեզ հարց չի տա, որովհետև նա Սահմանադրության երաշխավորն է, նրա հրամանով է լույսը բացվում ու մութն ընկնում: Այդպես է նախագահների գործը: Միայն պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո նա կտա իրեն ուղղված ու չուղղված բոլոր հարցերի ճշգրիտ, երբեմն տպավորիչ պատասխանները. դա էլ նախկին նախագահի գործն է: Ամեն ինչ ունայն է՝ քամու աշխատանք, ունայնություն ունայնությանց: Իսկ ապրել պետք է, մնում է պարզել՝ ո՞րն է մեր հայրենիքը, ու ի՞նչ պիտի մենք անենք: Ժողովողն էլ է ունայն ժամանակներում ապրել, իսկ Սողոմոնն էլ «Երգ երգոց» է թողել:

Դիտվել է՝ 1411

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ