«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մերձավոր Արևելքի քրդերը ուզում են «իրենց խաղը» խաղալ

Մերձավոր Արևելքի քրդերը ուզում են «իրենց խաղը» խաղալ
24.11.2015 | 00:10

Խոշոր ահաբեկչությունների շարքը և Սիրիայի ահաբեկիչներին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հարվածների ակտիվացումը ստվերում թողեցին, այսպես կոչված, «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» (SDF)` վերջերս ամերիկացիների մոգոնած նոր «չափավոր ընդդիմադիր» կոալիցիայի հետ կապված քրդական մի շարք լրատվամիջոցների հաղորդումներն այն մասին, որ Սիրիայի քրդերի առաջատար կուսակցության` «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) ուժերը նոյեմբերի լույս 10-ի գիշերը «նորից, Մուստաֆայիա գյուղում, ձերբակալել են «Սիրիայի Քրդստանի ժողովրդավարական կուսակցության» (PDK-S) մի քանի անդամների։ Իսկ այնտեղ տեղացի քրդերի շրջանում տեղի է ունենում իսկական սահմանազատում, և թե ինչի կհանգեցնի դա, դժվար է ասել»։ Պարզվել է նաև, որ դրանք PYD-ի անդամների առաջին շրջայցերը չեն, այլ այդ կուսակցության զինված ջոկատների, որոնք հորջորջվում են «Քրդերի ժողովրդական ինքնապաշտպանություն» (YPG)։ Նման ձերբակալությունների առաջին ալիքները Հյուսիսային Սիրիայում անցել են օգոստոսին և հոկտեմբերին։
Շատերն են հիշում, որ հոկտեմբերի կեսերին ԱՄՆ-ը հանկարծ հայտարարեց, թե կօգնի քրդերին և «Սիրիայի ժողովրդավարական ուժերին»։ Ամերիկյան աղբյուրները նոր դաշինքի միջուկ անվանեցին արաբական «Ջեյշ Ալ-Քասաս» և «Ջեյշ Աս-Սանադին» կառույցները. առաջինը բացահայտորեն ենթարկվում էր «Իսլամական պետություն» խմբավորմանը (ԻՊ), իսկ երկրորդը գործում էր ոչ պակաս ծայրահեղական և հետադիմական «Ջեբհաթ ան-Նուսյայի» հետ։ Ամերիկամետ նոր դաշինքի երրորդ «փիղ» էր համարվում «Ֆաջր Ալ-Հուրիա» քուրդ-արաբական խմբավորումը, որը բացահայտորեն ճանաչված է իբրև ավազակային և պատերազմի բոլոր տարիների ընթացքում աչքի է ընկել կողոպուտով ու քրեական արարքներով, միաժամանակ հոկտեմբերից, իբր, վերոհիշյալ PDK-S կուսակցության ռազմական թևն է։ Ավելի ուշ ռուսաստանցի փորձագետ Սեմյոն Բաղդասարովը հավաստիացնում էր, թե ամերիկացիներն արդեն SDF-ի մեջ են ընդգրկել նաև «Քրդերի ժողովրդական ինքնապաշտպանության» (YPG), Ասորական ռազմական խորհրդի, տխրահռչակ «Սիրիական ազատ բանակի» մնացորդների և մի շարք ոչ մեծ կազմակերպությունների ջոկատները, որոնց զինյալների ընդհանուր թիվը, որոշ գնահատականներով, հասնում է 70 հազարի։ Ս. Բաղդասարովը պնդում էր նաև, թե ամերիկացիներն «այնտեղ 50 հատուկջոկատային են ուղարկել, որոնք, հնարավոր է, կմասնակցեն գործողությանն ու հաստատ քրդերին օգնություն կցուցաբերեն դրա պլանավորման գործում». այստեղ խոսքը «Իսլամական խալիֆայություն» կեղծ պետության կենտրոն Էր-Ռաքքայի սպասվող ազատագրման մասին է։
Այս ամենը վիճելի է։ Նախ, որովհետև YPG-ի ղեկավարները ոչ թե 2015 թ. հոկտեմբերից են կապեր հաստատել ԱՄՆ-ի հետ, այլ 2014 թվականից` Թուրքիայի հետ սահմանակից Այն Էլ-Արաբ (Քոբանի) քաղաքի քուրդ բնակչության ողբերգության ժամանակներից, և դա հարկադրական միջոցառում էր YPG-ի կողմից, քանի որ Թուրքիան թույլ չէր տալիս իր տարածքով անցնել քրդական ջոկատներին, որոնք ձգտում էին Այն Էլ-Արաբից դուրս շպրտել ջիհադականներին։ Իրաքի Քրդական տարածաշրջանային կառավարության (KRG) քրդերի միջոցով սիրիացի քրդերը կապ հաստատեցին ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ու զինվորականների հետ։ Երկրորդ, որովհետև քրիստոնյա ասորիները առհասարակ բոլոր ազգերից ու կրոնական խմբերից ուշ որոշեցին ստեղծել իրենց աշխարհազորային ջոկատները և որ է՛լ ավելի կարևոր է, անմիջապես հայտարարեցին նախագահ Ասադին և Սիրիայի կանոնավոր բանակին աջակցելու մասին։ Պարզապես անհնար է պատկերացնել, թե Սիրիայի ասորիների շրջանում պառակտում կա, և ինչ-որ խումբ համաձայնել է Ասադին տապալելու ԱՄՆ-ի մարտավարությանը։ Սիրիայի ասորական համայնքը փոքրաթիվ է, նրան կարելի է համեմատել Սիրիայի հայ համայնքի հետ, այսինքն, առավելագույնը 100-150 հազար մարդ է։ Սիրիայում պատերազմի սկզբից, երբ ջիհադականները հանդես էին գալիս «Քրիստոնյաները` Բեյրութ, ալավիները` գերեզման» կարգախոսով (Ասադին տապալելու պահանջին զուգահեռ), Սիրիայի բացարձակապես բոլոր քրիստոնյաները միանշանակ պաշտպանում էին նախագահ Ասադին և ալավիական համայնքը։ Իսկ «Ջեյշ Ալ-Քասասին» և «Ջեյշ Աս-Սանադինին» հազիվ թե կարելի լինի համարել «Սիրիական ազատ բանակի» մնացորդներ։ Այդ դեպքում պետք է նաև հավաստիացնել, որ այդ կազմավորումները ԻՊ-ի և «Ջեբհաթ ան-Նուսրայի» ստորաբաժանումներ են։
Բայց YPG-ի ջոկատներն ու ղեկավարությունը բնավ էլ ինքնուրույն քաղաքական կառուցվածք չեն։ Սիրիայի քրդերի շրջանում գլխավորը և առավել ազդեցիկը վերոհիշյալ Սիրիայի «Ժողովրդավարական միություն» կուսակցությունն է (PYD)։ Սիրիայի քրդերի մեկ այլ կազմակերպության` Քրդական ազգային խորհրդի (KNC կամ ENKS) հետ, որը 2011 թ. ստեղծվել է Էրբիլում` KRG-ի իրաքյան քրդերի հովանու ներքո, PYD կուսակցությունը պաշտոնապես դեմ է անջատականությանը և հանդես է գալիս հօգուտ, այսպես կոչված, «Սիրիական Քրդստանի» ինքնավարության։ 2012 թ. հուլիսի 11-ին ENKS-ն և «Արևմտյան Քրդստանի ժողովրդական ժողովը (Սիրիական Քրդստանի ևս մեկ անվանում), որը առավելապես բաղկացած է PYD-ի անդամներից, համաձայնագիր կնքեց Քրդական բարձրագույն խորհուրդ (DBK)` «Սիրիական Քրդստանի» բարձրագույն քաղաքական մարմին ստեղծելու մասին։ Եվ այստեղ սկսվում է ամենահետաքրքրականը. իրոք, YPG-ի (կա նաև «կանանց ստորաբաժանում»` YPJ) ղեկավարությունը և ջոկատների հրամանատարությունը բազմիցս հրապարակավ հայտարարել են, որ իրենք «պաշտոնապես կապված չեն որևէ քաղաքական կուսակցության ու գաղափարախոսության հետ»։ Եվ հաճախ խոստովանել են, որ իրենք և՛ PYD-ի, և՛ ամբողջ DBK-ի մարտական թևն են։ Բայց թե՛ Սիրիայում, թե՛ տարածաշրջանում բոլորը հիանալի գիտեն, որ YPG-ն փաստացի առաջին հերթին PYD կուսակցության մարտական թևն է։ Էլ ավելի է բարդանում PYD-ի և YPG ջոկատների նույնականացումը, որոնք հարևան Թուրքիայի կողմից մեղադրվում են նրանում, որ հենց նրանք են հանդիսանում պաշտոնական Անկարայի կողմից «ահաբեկչական կազմակերպություն» ճանաչված Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) «սիրիական մասնաճյուղը»։ PYD կուսակցության ղեկավարությունը և YPG-ի ջոկատների հրամանատարությունը կտրականապես հերքում են իրենց կապը PKK կուսակցության ու նրա «փեշմերգի» հետ։ Չնայած Սիրիայի քրդերը միշտ «բարդ» հարաբերություններ են ունեցել պաշտոնական Դամասկոսի հետ, այդուամենայնիվ, թե՛ Հաֆեզ Ասադի իշխանության և թե՛ հիմա նրա որդու` Բաշարի օրոք չի կարելի ասել, թե քրդերը հակասիրիական կամ հակաասադյան տրամադրություն ունեն։ Փոխարենը, նրանք միշտ հակաթուրք են եղել։
ՈՒստի տրամաբանական է, որ նոր ամերիկամետ SDF դաշինքը ներառել է ոչ թե YPG-ի ջոկատները, այլ այն նույն PDK-S-ի ռազմականացված կառույցները, որոնք ամերիկացիների հովանավորությամբ կազմավորվեցին Էրբիլում։ Բայց հենց PYD կուսակցության և YPG-ի ջոկատների վճռական վերջնագրերի շնորհիվ ձախողվեցին ԱՄՆ-ի և Թուրքիայի պլանները` 50-մղոնանոց տխրահռչակ «անվտանգության գոտի» սահմանելու Սիրիայում` սիրիա-թուրքական սահմանի շրջանում, ուր պետք է մտցվեին հենց թուրքական զորքերը։ Այնուհետև ենթադրվում էր նաև «անթռիչք գոտու» հայտարարում և այլն։ Այսինքն` «լիբիական սցենար»։ Եվ հենց շնորհիվ այն բանի, որ PYD-ի (առաջնորդ Սալեհ Մուհամմեդ Մուսլիմը բազմիցս եղավ Իրաքում, Իրանում, շփումներ ունեցավ նաև Ռուսաստանի ներկայացուցիչների հետ) քրդերը սպառնացին պատերազմ սկսել Թուրքիայի դեմ, եթե թուրք զինվորականները ներխուժեն Սիրիա, ԱՄՆ-ը ստիպված էր շփման գնալ այդ կուսակցության, ուրեմն և YPG-ի ջոկատների հրամանատարության հետ։ Հետագայում ամերիկացիները օրակարգից հանեցին թուրքական զորքերը Սիրիա մտցնելու, «անվտանգության գոտի» ստեղծելու և այլ հարցեր։ Սակայն հենց այս ամենի պատճառով է, որ մոտավորապես 2014 թ. ամռանից լուրջ գժտություններ կան հենց բուն սիրիացի քրդերի միջև։ Այսպես, վերոհիշյալ ENKS-ն հայտարարել է, որ ինքը և իր դաշնակից կազմակերպությունները հակամարտության մեջ են PYD-ի հետ, և նրան մեղադրում են Բաշար Ասադի կառավարության հետ համագործակցելու, ինչպես նաև DBK-ի անդամների վրա ուժային ճնշում գործադրելու մեջ։ Կորցնելով Սիրիայում ունեցած կողմնակիցներին, ENKS-ի մի խումբ անդամներ Իրաքում կազմավորեցին այն նույն PDK-S կուսակցությունը, որը ամերիկացիների համար պատվար դարձավ սիրիացի քրդերի միջավայրում։ 2014 թվականից այդ կուսակցության ներկայացուցիչները PYD-ի ղեկավարության կողմից մեղադրվում էին այն բանում, թե «ապօրինաբար աշխատում են կազմավորել իրենց սեփական բանակը», այսինքն` ստեղծել YPG-ի ջոկատներին այլընտրանքային զինված կառույցներ։
Եվ այսպես, դեպի Իրան և Ռուսաստան, ինչպես նաև դեպի Բաշար Ասադ կողմնորոշված սիրիացի քրդերը վերսկսել են դեպի ԱՄՆ կողմնորոշված իրենց ցեղակիցների ձերբակալությունները։ Ծանոթ լինելով PYD կուսակցության և YPG ջոկատների մարտիկների ծայրաստիճան հակաթուրք դիրքորոշմանը, դժվար չէ հասկանալ, որ Հյուսիսային Սիրիայում քրդերը և՛ ENKS-ի, և՛ PDK-S-ի անդամներին մեղադրում են «դավաճանության» և Թուրքիայի շահերին ծառայելու փորձերի մեջ։ Հասկանալի է նաև, որ Սիրիայի «ավանդական» քրդերը` ի դեմս PYD կուսակցության, YPG/YPJ-ի, սեփական խաղն են խաղում ամերիկացիների հետ։ Դա ապացուցվում է նաև նրանով, որ 2014 թ. ամռանից հետո ԻՊ-ի դեմ մղվող պայքարում YPG-ն համագործակցում էր «Սիրիական ազատ բանակի» հետ։ Իսկ 2015 թ. փետրվարից YPG-ն Հալեպում համաձայնագիր կնքեց ինչ-որ «Լևանտի ճակատի» («Ջեբհաթ ալ-Շամիյի») հետ, որն իսլամիստական կառույց է։ YPD-ի և YPG-ի քրդերի ինքնուրույն խաղի ևս մեկ ապացույց. 2014 թ. հոկտեմբերի 21-ին նրանք ֆեյսբուքում բացեցին «The Lions of Rojava» էջը` օտարերկրացի կամավորականների հավաքագրման նպատակով, և հիմա YPG-ի շարքերում կռվում են Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Հունաստանի և այլ երկրների, անգամ Թուրքիայի տասնյակ քաղաքացիներ։
Մնում է հասկանալ, թե ինչի՞ համար են Սիրիայի «հակաթուրք» քրդերը ձերբակալում ամերիկամետ ցեղակիցներին։ Մեր կարծիքով, որոշ բաներ պարզ դարձան նոյեմբերի 13-ի հաղորդագրություններից։ Նախ, ամերիկյան ավիացիայի աջակցությամբ Իրաքի քրդերը սկսեցին իրաքցի եզդիների միջնաբերդի` Նեյնավայի նահանգի Սինջար (Շանգալ) լեռնային քաղաքավանի ազատագրման գործողությունը։ Բայց հետաքրքիր էր, որ ազատագրմանը մասնակցում էին ոչ միայն իրաքցի քրդեր, այլև «Քրդական աշխատավորական կուսակցության» ապստամբներ։ Համենայն դեպս, ինչպես հաղորդել են «Ezidipress»-ի թղթակիցները, ջիհադականները հապշտապ հեռանում են։ Երկրորդ, զուգահեռաբար PKK-ի մարտիկները վերսկսել են գրոհները հարավարևելյան Թուրքիայում` Սիլվան քաղաքի մոտ և Շիրնակի վիլայեթի կողմերում, այնտեղ, ուր ամռանը քրդերը փորձում էին հռչակել «Շիրնակի ինքնավարություն»։ Թուրքական հատուկ ծառայությունների և Դիարբեքիրի նահանգապետի աշխատակազմի տեղեկությունների համաձայն, գրոհում են PKK-ի «երիտասարդական թևի» մարտիկները, մեկ զինվոր և ոստիկանության մեկ սպա զոհվել են, չորս զինվոր և մեկ ոստիկան էլ վիրավորվել։ Թուրքերը խոսում են PKK-ի հինգ սպանված զինյալի մասին։ Ընդ որում, քրդական աղբյուրները չեն ասում, թե ով որքան կորուստ է կրել Սիլվանի և Շիրնակի մարտերում, փոխարենը հաղորդել են, որ «Ավստրիայում մեռած են գտել Աբդուլլա Օջալանի զարմիկ Հուսեյն Յըլդըրըմին»։ Մինչդեռ, տեղի պատգամավորներից մեկը Twitter-ում Սիլվանում ուղղաթիռների ու տանկերի գործադրմամբ թուրք ուժայինների հատուկ գործողությունը բնութագրել է իբրև սպանդ, և դա արդեն հիշեցնում է թուրքերի հաշվեհարդարը Ջիզրե և Յուկսեկովա քաղաքավանների նկատմամբ։ Կամա-ակամա ենթադրվում է, որ թվարկված բոլոր փաստերը հետևանք են այն բանի, որ Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից հետո PKK-ի նախկին առաջնորդը քրդական քաղգործիչներին կոչ արեց այլևս իրեն չայցելել բանտում, և առհասարակ` «մոռանալ իրեն»։ Դրանով իսկ Օջալանը ազատեց տարածաշրջանի բոլոր քրդերի ձեռքերը, որոնք ատում են Թուրքիային և ԱՄՆ-ին` որպես Սիրիայի և Իրաքի, իրականում քրդերի դեմ Անկարայի նվաճողական քաղաքականության գլխավոր հովանավորի։
Այդուամենայնիվ, տպավորություն է ստեղծվում, թե շուտով «ինչ-որ բան» է տեղի ունենալու թե՛ Իրաքում, թե՛ Սիրիայում, այդ թվում և քրդերի շրջանում։ Եզդիական Սինջարի ազատագրումը նշանակում է, որ խզված է ցամաքային կապը «Իսլամական խալիֆայության» երկու «մայրաքաղաքների»` Մոսուլի և Էր-Ռաքքայի միջև։ Արդյոք քրդերը Իրաքում կգրոհե՞ն Մոսուլի վրա, դժվար է ասել։ Բայց որ սիրիացի քրդերը լիովին կարող են փորձել ինքնուրույն ազատագրել Էր-Ռաքքան, և հենց դրա համար էլ PKK-ի ջոկատները փորձեցին Սիլվանում և Շիրնակում իրականացրած գործողություններով իրենց վրա շեղել Անկարայի ուշադրությունը, միանգամայն հավանական է թվում։ Հանրահայտ է, որ տարածաշրջանի բոլոր երկրներում, այդ թվում` Թուրքիայում, քրդերը մեկ տարուց ավելի է` Անկարային մեղադրում են այն բանում, որ թուրքերը ԻՊ-ն օգտագործում են «քրդերի ցեղասպանություն» իրականացնելու նպատակով։ Եվ բացառված չէ, որ քրդերը, գիտակցելով, որ իրենք պատանդներ են, աշխատում են սկսել «իրենց խաղը» տարածաշրջանում։ Ի դեպ, նրանք պետք է շտապեն, եթե ճիշտ է նոյեմբերի 16-ի հաղորդագրությունն այն մասին, թե ԱՄՆ-ը և Թուրքիան իրոք մտադիր են ցամաքային գործողություններ սկսել, նպատակ ունենալով հսկողության տակ առնել թուրք-սիրիական սահմանը։ Դա նշանակում է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի թիրախ կդառնան հենց PYD-ի և YPG-ի կողմնակից քրդերը և ոչ թե «Իսլամական պետության» գրոհայինները։ Վաշինգտոնն ու Անկարան կցանկանային ուժեղացնել «իրենց» քրդերի դիրքերը և ոչ թե նրանց, ովքեր ավանդաբար հանդես են գալիս ընդդեմ Թուրքիայի։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2226

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ