«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հանրաքվեի տարօրինակ «ոչ»-ը

Հանրաքվեի տարօրինակ «ոչ»-ը
21.11.2015 | 20:02

ՈՒրբաթ օրը Երևանում միլիոնների հանրահավաք պիտի լիներ՝ դատելով ոստիկանության ներկայացրած քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների և «Ոչ»-ի կողմնակիցների թվից: Ճիշտ է, հանրահավաքը հրավիրել էին միայն ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն, ճիշտ է, երկու կուսակցություններն էլ իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, բայց թեման վերաբերում է բոլորիս: Հանրահավաք պիտի գնային նրանք, ովքեր դեմ են սահմանադրական փոփոխություններին՝ իրենց «ոչ»-ը հաստատելու և նրանք, ովքեր կողմ են՝ իրենց «այո»-ն հակադրելու: Համաժողովրդականը, սակայն, չկայացավ: Հայաստանում «համաժողովրդականը» երկու դեպքում է ստացվում. առաջին՝ երբ կա բացարձակ ու աներկբա լիդեր, երկրորդ՝ երբ կազմակերպում է կամ իշխանությունը, կամ ոչիշխանությունը՝ հայտնի մեխանիզմով: Իսկ երեկ Ազատության հրապարակում միլիոնների փոխարեն ներկա էր հազարը: Հիմա կարո՞ղ է իշխանությունը հայտարարել, որ սահմանադրական հանրաքվեում «այո»-ն ունի բացարձակ մեծամասնություն և «ոչ»-ի կողմնակիցները հազիվ հազար մարդ են: Կարող է՝ կա հանրահավաքի փաստը: Բայց իշխանությունը նման հայտարարություն չի անի՝ ելնելով իր շահերից, իրականում հրապարակի «հազարը» իրականությանը համարժեք թիվը չէ: Իշխանությունը շատ լավ գիտի իր երեք հիմնական խնդիրը՝ առաջին՝ մարդկանց համոզել ընտրատեղամաս գնալ, երկրորդ՝ մարդկանց համոզել «այո» ասել, երրորդ՝ նախորդ հանրաքվեների պատմությունը չկրկնել: Հակառակ տասնյակ երդում-հավաստիացումների, որ կեղծված արդյունքներով հանրաքվե իրենց պետք չէ, իշխանության համար մնում է բաց միայն այդ ճանապարհը: Որքան էլ պարադոքսալ հնչի՝ իշխանությունն ինքն է փակում մնացած ճանապարհները: Եթե ինչ-որ ճանապարհ էլ բացվում է, բացում են «Ոչ»-ի կողմնակիցները: Գուցե ակամա, գուցե ոչ, բայց՝ այդպես է ստացվում:
Խորհրդարանում քննարկվում է եկող տարվա պետական բյուջեի նախագիծը: Ձեզնից որևէ մեկը որևէ հուսադրող խոսք լսե՞ց կոնկրետ իրեն վերաբերող, որևէ մեկը թվերի ու տոկոսների սարդոստայնում իրեն տեսա՞վ եկամուտի ու ծախսերի դրական հաշվեկշռով, թե՞՝ ինչպես պետությունն է ապրում՝ վարկեր վերցնելով, քաղաքացիներն էլ պարտքերով են ապրելու: Դանիայի օրինակը արդեն ականջ էր ծակում: Ինչո՞ւ են դանիացի հետամնաց պաշտոնյաները հեծանիվը գերադասում ծառայողական մեքենայից, առաջադեմ հայերս երբեք չենք հասկանա: ՈՒ՝ ի՞նչ: Նախատեսվե՞ց գոնե մի քանի մեքենայի կրճատում և պահպանման ծախսերը ցուցադրաբար ուղղվեցի՞ն որևէ զարգացման ծրագրի: Նախատեսվեց՝ աշխարհի ամենագեղեցիկ կին նախարարի պահանջով կառավարությունը կավելացնի ԴԱՀԿ-ի ծառայողական մեքենաների թիվը: Հակաքարոզչությունը պոզով-պոչո՞վ է լինում: Առողջապահության նախարարը հայտարարում է, որ 50 ամենաշատ օգտագործվող դեղերի գները իջել են, իսկ դեղերը Հայաստանում երեքից-հինգ անգամ թանկ են հարևան Վրաստանից ու դաշնակից Ռուսաստանից: Ինչպես սրտի ստենտավորումը: Ինքնաթիռի տոմսերի մասին արժի՞ հիշեցնել: Շարեմ, օրինակները շարվելու են ու աշխարհի ամենաերկար ու ծանր քարերով մանյակն են դառնալու: Բայց դա չէ խնդիրը: Խնդիրը այլ է՝ գործնականում շոուներից ու հեռուստաելույթներից բացի, ՀՀԿ-ն ոչինչ չի անում, որ դեկտեմբերի 6-ին ՀՀ շարքային ընտրողը գոնե 10 % ցանկություն ունենա գնալ ու կողմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին: Ավելին՝ քարոզչությունը այնպես է ծավալվում, որ ՀՀԿ-ականները իրենք իրենց վրա «գործ» են կազմում՝ նկարագրելով, թե ինչ վտանգներ ու խայտառակ վիճակ է գործող Սահմանադրությունը ստեղծում ու ինչու պիտի փոխվի, ինչո՞ւ որևէ մեկը չի հարցնում, թե 10 տարի այդ դեպքում լռելը պետական դավաճանություն չէ՞ր: Որովհետև չեն հավատում: ՈՒ ստացվում է, որ իրականում հօգուտ Սահմանադրության փոփոխության քարոզում են «ոչ» ասողները, որովհետև նրանք բնավ էլ դեմ չեն Սահմանադրություն փոխելուն, նրանք իշխանությանն են դեմ: Բայց այնքան են դեմ, որ նույնիսկ ընտրատեղամասերում իրենց ներկայացուցիչներին չեն ապահովում: Ավելի պարզ՝ իրենց տեղերը տալիս են իշխանությանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ամենացավալին, որ այս օրերին՝ քարոզչության ընթացքում ոչ ոք չի հիշում Սահմանադրության մասին, բոլորը խոսում են իրենց կյանքից ու ապրուստից՝ իրենց ու ուրիշների, համադրում են ու հակադրում: Վերջ: Իսկ երկրում համակարգ է փոխվում: Մասնակցո՞ւմ ենք, թե՞ ոչ: Մտածո՞ւմ ենք, թե՞ ոչ: Կարևորագույն որոշում է կայացվելու, որ վերաբերում է բոլորիս: Կառավարության ծրագիր չէ: Բյուջեի նախագիծ չէ: Նախընտրական ծրագիր չէ: Որ կատարվի-չկատարվի՝ մենք մեր կյանքով ենք ապրելու: Սահմանադրությունը փոխում է պետական կառավարման համակարգը: Իսկ մենք անտարբեր ենք ու սպասում ենք մեր 5000-ին, որ կտան, թե չեն տա՝ ավելի կարևոր է, քան հինը, թե նորը, մեկ է, մենք դեմ ենք՝ երկրին, իշխանությանը, պատմությանը, սահմաններին, կյանքին, ցրտին, անձրևին, թուրքին, ռուսին, ադրբեջանցուն, Եվրոպային, Ամերիկային: Դեմ ենք: ՈՒ՝ վերջ:

Դիտվել է՝ 1087

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ