«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Փարիզից հետո

Փարիզից հետո
20.11.2015 | 10:32

Ո՞վ Եվրոպայում կօգնի Ֆրանսիային


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը որոշել է գործել Լիսաբոնի պայմանագրի 42-րդ հոդվածի համաձայն, որ ոչ մեկից կախում չունենա: Մեծ Բրիտանիան միակ պետությունն է, որ կարող է միանալ Սիրիայում ֆրանսիական ավիացիայի ռմբակոծություններին, ԵՄ 26 երկրները, կարծես, պատրաստ չեն ուղղակի մասնակցել ԻՊ-ի դեմ գրոհներին: Ֆրանսիայի կառավարությունը չի նեղանում՝ միջուկային երրորդ տերությունը ցանկանում է պահպանել ռազմական գործողությունների լիակատար վերահսկողությունը՝ առանց ամեն մի որոշում դաշնակիցների հետ համաձայնեցնելու անհրաժեշտության: Ֆրանսիայի ղեկավարությունը այսքան ողբերգական պահին պահպանում է մտածողության փառահեղ հստակությունը՝ Ֆրանսուա Օլանդը և վարչապետ Մանուել Վալսը պատմության մեջ առաջին անգամ վճռեցին օգտագործել Լիսաբոնի պայմանագրի 42-րդ հոդվածի 7-րդ կետը, որը սահմանում է՝ եթե ԵՄ երկիրը իր տարածքում ենթարկվում է հարձակման, մյուս երկրները պետք է աջակցեն նրան իրենց տնօրինության տակ եղած բոլոր միջոցներով: Փարիզը կարող էր օգտագործել ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ հոդվածը, բայց այդ դեպքում Օլանդը պետք է ռազմական ամեն մի նախաձեռնություն համաձայնեցներ 27 դաշնակիցների հետ՝ ԱՄՆ-ից Թուրքիա: Հիմա Օլանդը և միայն Օլանդն է որոշում՝ ի՞նչ, ե՞րբ և որտե՞ղ պիտի ոչնչացնեն Rafale կործանիչները: Օլանդը և միայն Օլանդն է որոշում, թե իսկապես ինչ է պետք Ֆրանսիային: Այնուամենայնիվ, նախագահը և նրա նախարարները առաջիկա մի քանի օրերին երկկողմանի հանդիպումներ կունենան իրենց գլխավոր դաշնակիցների հետ: Ֆրանսիական բանակն ունի 300 հազար զինվոր: Գեներալները կարող են 30 հազար զինվոր ուղարկել երկրից դուրս 48 ժամում: Խնդիրը Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ակտիվությունն է՝ արդեն 13 հազար զինծառայողներ երկրից դուրս են ծառայում (Մալի, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն, Ջիբուտի): Ֆրանսիական զինծառայողները ՆԱՏՕ-ի ուժերի հետ Կոսովոյում են և ՄԱԿ-ի ուժերի հետ՝ Լիբանանում: Օլանդը ծրագրում է դիմել ԵՄ մեծ երկրներին՝ խնդրելով թեթևացնել Ֆրանսիայի խաղաղապահ պարտավորությունները: Գերմանիան կարող է լրացուցիչ զորքեր ուղարկել Կենտրոնական Աֆրիկա, Իռլանդիան պատրաստ է զինուժ ուղարկել Մալի: Իսպանիային ու Իտալիային Փարիզը կարող է խնդրել ուժեղացնել իրենց առաքելությունները Իրաքում ու Լիբանանում: Բելգիան, Նիդերլանդները, նորից Գերմանիան ու Իտալիան պետք է ավելի ակտիվ համագործակցեն հետախուզական ասպարեզում: Շուտով Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը եվրոպացի գործընկերներին կառաջարկի ամրապնդել «Շենգեն-2»-ը՝ եվրոպացի (և ոչ եվրոպացի) քաղաքացիների տեղաշարժերի տվյալների բանկը Մերձավոր Արևելքից և դեպի Մերձավոր Արևելք: Այդ համակարգը կարող է ներքին մշտադիտարկում անել ԵՄ-ի ներքին ավիաչվերթերի:
Ջուզեպե ՍԱՐՉԻՆԱ, Corriere della Sera

Չափազանց շատ ժամանակ կորսվեց Charlie Hebdo-ից հետո
Le Monde-ը գրում է, որ Ֆրանսիայի նախորդ նախագահ Նիկոլա Սարկոզին ողջունել է Օլանդի երկար սպասված «շրջադարձը» ներքին քաղաքականության և անվտանգության հարցերում, սակայն համարում է չափազանց ուշացած: Ֆրանսուա Օլանդը համաձայնեց ընդունել Վլադիմիր Պուտինին մեծ կոալիցիա, վերջապես խոստովանելով, որ հնարավոր չէ ԻՊ-ի դեմ պատերազմում առանց Ռուսաստանի հաղթել: Սարկոզին պատրաստ է աջակցել Սահմանադրության փոփոխությանը, եթե դա կօգնի անհապաղ ամրապնդել ֆրանսիացիների անվտանգությունը: Եթե միակ նպատակը իրավական դեբատներ կազմակերպելն է, իմաստ չունի, որովհետև ֆրանսիացիները պահանջում են անհապաղ որոշումներ: Սարկոզին կարծում է, որ իրավական շրջանակներով չի կարելի սահմանափակվել, պետք են արտակարգ քայլեր, որ երաշխավորում են արտակարգ իրավիճակի հաջողությամբ գործառնությունը՝ կասկածյալների խուզարկություններ, զենքի առգրավում, տնային կալանքներ, վտանգավոր համարվող անձանց էլեկտրոնային ապարանջաններ: Նիկոլա Սարկոզին համարում է, որ Charlie Hebdo խմբագրության հունվարյան ահաբեկչությունից անհրաժեշտ եզրակացությունները չարվեցին և չափազանց շատ ժամանակ կորսվեց: Նրա կարծիքով՝ կառավարությունը չի քննարկել Սիրիա ռազմական ներխուժման հետևանքները ներքին անվտանգության կտրվածքով: Այդ պատճառով հիմա պետք է խորհրդարանական հանձնաժողով ստեղծել և արագ խոսքից գործի անցնել: Գոհունակություն հայտնելով Ռուսաստանի միացումից արևմտյան կոալիցիային՝ Սարկոզին նկատել է, որ հիմա երկու կոալիցիաների և երկու նպատակների ժամանակը չէ՝ «Պետք է մեկ-միակ կոալիցիա, որ ներառում է ամերիկացիներին, եվրոպացիներին, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Իրանը և Թուրքիան, մեկ-միակ նպատակով՝ ԻՊ-ի դեմ պայքարելը»: Ֆրանսիայի նախորդ նախագահը վստահ է, որ ազգային հաշտեցումն ու վերականգնումը Սիրիայում հնարավոր չէ առանց «Բաաս» կուսակցության և ալավիտական փոքրամասնության. «Իրավիճակի լրջությունը անհնար է դարձնում Բաշար Ասադի հեռանալու մասին խոսակցությունն իբրև նախապայման: Բայց նաև անհնար է իբրև նախապայման առաջադրել նրա իշխանության պահպանման առաջարկը: Պետք է պայմանավորվել Ասադի հեռանալու պայմանների վերաբերյալ՝ պնդում է Սարկոզին: Նրա կարծիքով՝ Սիրիայում պետք է կռվեն արաբական երկրների զորքերը, բայց ոչ մի դեպքում՝ արևմտյան: Բացի այդ՝ պետք է կոնկրետացնել կոալիցիայի ռազմավարությունը, որովհետև «ռմբակոծությունները՝ առանց բավարար թվով մասնագետների, որ երկրից ուղղորդում են հրթիռները, թույլ միջոց է՝ արդյունավետ լինելու համար»: Եվրոպայի միգրացիոն ճգնաժամին անդրադառնալով՝ Նիկոլա Սարկոզին կարծում է, որ անթույլատրելի է միգրանտներին ու ջիհադիստներին խառնել: «Բայց սիրիական ճգնաժամի պատճառով Եվրոպայի սահմանների մոտ առաջացած քաոսը հնարավոր դարձրեց ահաբեկչական խմբավորումների մուտքը եվրոպական տարածք: Շենգենի համակարգը մեռած է: Ես պահանջում եմ եվրոպական պետությունների ղեկավարների հավաք: Նրանք պետք է պայմանավորվեն մեր սահմաններին ստուգիչ կետերի վերականգնման ժամկետների մասին: Այդ վերահսկողությունը պետք է գործի մինչև նոր Շենգենյան համաձայնագիրը, իսկ մինչ այդ պետք է հաստատվի նոր միասնական միգրացիոն քաղաքականությունը»:
Լորան ԲՈՐԵԴՈՆ, Մատիե ԳՈՀԱՐ, Ալեքսանդր ԼԱՄԱՐԻԵ, Le Monde

Ֆրանսիան ձգտում է մեծ կոալիցիայի, բայց Օբաման կասկածում է Մոսկվային
«Չորեքշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը համաշխարհային տերություններին կոչ արեց քայլ առաջ անցնել իրենց «երբեմն չհամընկնող շահերից»՝ միավորվելու համար ԻՊ-ի դեմ պայքարում: Եկող երեքշաբթի նա կխոսի այդ մասին Վաշինգտոնում նախագահ Օբամայի հետ, իսկ հետո կուղևորվի Մոսկվա՝ նույնը ասելու նախագահ Պուտինին», գրում է The Washington Post-ը: Վերջին օրերին թվում էր, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը մրցակցում են միմյանց հետ Սիրիայում ռազմական թիրախները ոչնչացնելու մեջ, բայց նրանց համագործակցությունը ենթադրում է միայն միմյանց իրազեկում, որպեսզի ինքնաթիռները օդային նույն տարածքում նույն ժամին չլինեն: Օբամայի վարչակազմը շարունակում է անվստահությամբ վերաբերվել ԻՊ-ի դեմ պայքարում մեծ ռազմական կոալիցիա ստեղծելու Պուտինի ձգտումին ու հետախուզական տվյալների փոխանակմանը: Վարչակազմը ցանկանում է նախ ստուգել՝ պատրա՞ստ է Պուտինը ջանքեր գործադրել սիրիական քաղաքացիական պատերազմի դադարեցման քաղաքական համաձայնագրի կատարման համար, դադարեցնել ռմբակոծությունները ԱՄՆ-ի պաշտպանյալ սիրիացի ապստամբների, որ ձգտում են պաշտոնանկել Կրեմլի հովանավորյալ Ասադին:
Եթե մենք լիակատար ըմբռնումի հասնենք Ռուսաստանի հետ, դա մեծ հնարավորություններ կբացի ԻՊ-ի դեմ պայքարը համակարգելու համար: Չի կարելի այս երկու հասկացությունները միմյանցից կտրել: Մենք կսպասենք ու կտեսնենք՝ իսկապե՞ս Ռուսաստանը ավելի մեծ ուշադրություն է դարձնում ԻՊ-ին առնչվող թիրախներին՝ ասել է Բարաք Օբաման: Վարչակազմի պաշտոնյաները ողջունում են Ռուսաստանի հետ սերտ համակարգումի հասնելու Օլանդի ջանքերը, բայց հույս ունեն, որ նա Պուտինին հանդիպելով՝ կընդգծի, որ անհրաժեշտ է Մոսկվան օգնի արագ ավարտել Սիրիայում քաղաքացիական պատերազմը, որպեսզի ամբողջ ուշադրությունը ահաբեկիչների վրա կենտրոնանա: Ֆրանսիան համաձայն է Օբամայի հետ, որ Ասադի կառավարման շարունակումը և նրա «պատերազմը սեփական ժողովրդի դեմ» բարենպաստ հող է ահաբեկչական խմբավորումների ձևավորման համար: «Մենք հարվածներ ենք հասցնում ռուսների ու ամերիկացիների հետ, որովհետև մեր ընդհանուր թշնամին ԻՊ-ն է,-ասել է ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոն: -Սակայն պատերազմներում հաղթում են ոչ ինքնաթիռները, ուրեմն մեզ պետք են ցամաքային զորքեր: Իսկ ցամաքային զորքեր ստանալու համար մենք պետք է վերջ դնենք սիրիական քաղաքացիական պատերազմին: Շատ կարևոր է, որ ռազմական կոալիցիան վերաճի քաղաքականի և քաղաքական անցում իրականացնի Սիրիայում»: Արոյի խոսքով՝ Ֆրանսուա Օլանդը Օբամային և Պուտինին հույս ունի համոզել, որ «մենք չենք կարող 18 ամիս, երկու տարի սպասել, մենք պետք է այդ հարցը հիմա լուծենք»:


Կարեն ԴԵԵՅԱՆԳ, Կերոլ ՄՈՐԵԼՈ, The Washington Post


Հ.Գ. Իտալիա, Ֆրանսիա, ԱՄՆ՝ երեք հայացք նույն խնդրին և երեք տարբեր տեսակետներ: Չխորանալով՝ ինչո՞ւ ԵՄ-ում Ֆրանսիային միայն Մեծ Բրիտանիան է միանում, ինչո՞ւ Նիկոլա Սարկոզին ավելի հստակ ծրագիր ունի, քան Ֆրանսուա Օլանդը, ինչո՞ւ ԱՄՆ-ը գերադասում է նախապայմանները պայմանավորվածություններից՝ սրանք հարցեր են, որոնց պատասխանել կարող են միայն պետության նախկին ու ներկա առաջին դեմքերը, կարդալով եվրոպական մամուլի՝ մեկը մեկից անթաքույց ու բաց հրապարակումերը, պարզապես շշմեցնող տպավորություն ես ստանում: Մնում է միայն քարտեզները հրապարակեն՝ նշված, թե ո՞ր կետը՝ ո՞ր օրվա ո՞ր ժամին են ռմբակոծելու: Որևէ մեկի մտքով չի՞ անցնում, որ նույն այդ ԻՊ-ի զինյալները կարող են իրենց հրապարակումները կարդալ: Ռազմական գաղտնիքի և խոսքի ազատության տարբերություն կա՞, թե՞ չկա: Զարմանալի չէ, որ այդ պայմաններում ԻՊ-ի զինյալները միշտ քայլ առաջ են համաեվրոպական անվտանգության համակարգից ու ոստիկաններից:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1259

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ