«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Թուրքիան հաղթեց ու պարտվեց Թուրքիային

Թուրքիան հաղթեց ու պարտվեց Թուրքիային
03.11.2015 | 10:57

Արյունոտ հաղթանակ ընտրություններում


Թուրքիայի իշխանությունները սեփական երկրում քաոս սերմանեցին, շեշտը դրեցին բռնության վրա, ստիպեցին լռել քննադատներին և իբրև պարգև ստացան հաղթանակն ընտրություններում: Ժողովրդավարության մասին խոսք իսկ չկա:
Երկրորդ ընտրությունները Թուրքիայում չդարձան ժողովրդավարության հաղթանակ: Երկիրն արդեն արել էր իր ընտրությունը հունիսի 7-ին, բայց արդյունքները չբավարարեցին 2002-ից իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը, որ զրկվեց խորհրդարանում բացարձակ մեծամասնությունից: Նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կոալիցիայի ստեղծման դեմ էր, ուստի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ում հանձնարարվեց կառավարություն ձևավորել, չձևավորեց: Նշանակվեցին նոր ընտրություններ: Ամենասկզբից ամենուր սավառնում էր «ոչժողովրդավարական ոգին»: ԱԶԿ-ն իր քարոզարշավը վարում էր «Մենք ընդդեմ մնացած աշխարհի» կարգախոսով: Անկարայում ահաբեկչությունից հետո, որ հարյուրից ավելի մարդու կյանք խլեց, Դավութօղլուն լրջորեն խոսեց «կոկտեյլային ահաբեկչության» մասին. նրա կարծիքով՝ Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) և «Իսլամական պետությունը» միավորվել են՝ վնասելու Թուրքիային, որը ղեկավարում է ԱԶԿ-ն: Կարծես թե միմյանց թշնամի երկու ահաբեկչական կազմակերպությունները համատեղ են գործում: Գլխավորը՝ պատկեր ստեղծվեց՝ բոլորը մեր դեմ են, այդ պատճառով միավորվեք մեր շուրջը: Թուրք լրագրողները զգացին իշխանության տեսակետի ողջ խստությունը: Hürriyet-ի լրագրող Ահմեդ Հակաին, որ քննադատում էր իշխանությանը, սեփական տան մոտ ծեծեցին Ստամբուլում, կոտրեցին քիթն ու ողերը: Yeni Akit-ը օրերս անվանեցին արտասահմանյան ԶԼՄ և ինչպես Spiegel-ը՝ «անհավատ»: Թուրքիայում դա հնչում է իբրև կոչ հավատացյալներին՝ բռնություն գործադրելու:
Բայց վախ է հարուցում, որ իր համար անհաջող հունիսյան ընտրություններից հետո ԱԶԿ-ն դադարեցրեց խաղաղարար ջանքերը PKK-ի նկատմամբ և պատերազմ սկսեց քրդերի դեմ, միևնույն ժամանակ՝ լկտիություն ունեցավ հայտարարելու, որ միայն իր գերիշխանությամբ է հնարավոր կայունություն ապահովել: Նույնն է, թե ջրհորը թունավորես, հետո առաջարկես ջրկիր: ԱԶԿ-ն վախեցնում էր, որպեսզի գրավի ժողովրդին ու աջակցություն ստանա, միաժամանակ ընդունում էր, որ մարդիկ են զոհվելու հանուն իր շահի: Ցանկացած մեկը, որ ամենավարանոտ փորձերն էր անում իշխանությանը քննադատելու, հայտարարվում էր թշնամի:
Այս տագնապալի իրավիճակում PKK-ն ահաբեկչության որոշում ընդունեց և դրանով վնասեց քրդամետ ժողովրդադեմոկրատական կուսակցությանը: Այս իրավիճակում ԻՊ-ը առաջին անգամ երկրին պատերազմ հայտարարեց տեսադիմումով և բազում ահաբեկչություններ ձեռնարկեց: Այդ իրավիճակում, նախընտրական պայքարի կիզակետում օգնեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ նա ժամանեց Թուրքիա, Էրդողանին ու Դավութօղլուին միլիարդներ խոստացավ, ԵՄ առանց վիզայի այցերի հեռանկար մատնանշեց Թուրքիայի քաղաքացիների համար, եթե Անկարան, «փակի դռները» և հնարավորինս քիչ թվով փախստականների թույլ տա հասնել Եվրոպա: Արյունոտ է ընտրություններում հաղթանակը, դառը ճշմարտություն է, որ Թուրքիայում խոսքը ռազմավարական շահերի, անվտանգության, տնտեսական խնդիրների մասին է: Եվ միանգամայն հաստատ՝ ոչ ժողովրդավարության:
Հասնաին ՔԱԶԻՄ, «Der Spiegel», Գերմանիա

Էրդողանը հաղթանակ է տոնում


Թուրքիայի նախագահը վերադարձրեց բացարձակ մեծամասնությունը խորհրդարանում: Իսլամական ոգին, որ արմատավորվել է էմանսիպացված Անկարայում, հաղթանակեց աշխարհիկ ոգուն, որ պաշտպանվում էր խոշոր քաղաքներում, Իզմիրում, Ստամբուլում: Նոր Թուրքիան, որ ձևավորվել էր գյուղաշխարհում տնտեսական աճի շնորհիվ, գերակայեց հանրապետական Թուրքիային: Էրդողանը հաղթանակ տարավ ռիսկային ընտրապայքարում՝ հունիսին Մեջլիսում բացարձակ մեծամասնությունը կորցնելուց հետո: Նա կարող էր կորցնել ամենազոր սուլթանի դիրքերը և դառնալ ոչ լիիշխան նախագահ, բայց նա հաղթեց և նրա կողմնակիցները խոսում են տրիումֆի մասին:
Նրա «Արդարություն և զարգացում» կուսակցությունը համարյա 50 % ձայն ստացավ, որը ապահովեց նվազագույնը 316 մանդատ 550 պատգամավորով խորհրդարանում: Դա Էրդողանին թույլ է տալիս առանց անհարմար դաշնակիցների՝ չխաթարելով իր բացառիկ իրավասությունների ամբողջականությունը, դեմ գնալ սահմանադրական նորմերին: Իբրև նախագահ, նա պետք է կողմերից վեր լինի: Կառավարությունը կվերահսկի նրա կուսակցությունը, իսկ Սահմանադրության սահմանած սահմանները նշանակություն չունեն: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների համարյա 90ն% մասնակցել են ընտրություններին: Ոչ թե ժողովրդավարության ոգուց ելնելով, այլ՝ դիմակայության դաժանությունից, կռվին մասնակցելու ցանկությամբ՝ հարձակվելու կամ պաշտպանվելու համար:
Ընտրությունների նախօրեին նախագահը առգրավեց, ավելի ճիշտ՝ իր ձեռքը վերցրեց ընդդիմադիր երկու թերթերը, փակեց իրեն ձանձրացրած հեռուստաալիքը, բայց դա չզարմացրեց ընտրողների մեծ մասին: Ընտրություններում պայքարը նրանց միջև էր, ովքեր հանդես էին գալիս կողմ կամ դեմ լիդերին, որ մարմնավորում էր նոր Թուրքիան, իսլամական, բայց ժամանակակից՝ տնտեսական հրաշքի հետևանք, որ հպարտանում է, թե առանց բարդույթների կարող է հենվել հին աշխարհիկ հասարակության վրա:
Շատ երիտասարդներ հունիսին քվեարկել էին Ժողովրդադեմոկրատական կուսակցության օգտին, դինամիկ քաղաքական գործիչ Սելահեդին Դեմիրթաշի, տարված էին նրա գաղափարներով, որ ըմբռնումով էր հանդես եկել ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշում ունեցողների և անձնական ու խմբային կյանքի մյուս դրսևորումների նկատմամբ, որ մերժում է ավանդական հասարակությունը: Այդ պատճառով հիմա նրանք քվեարկեցին ԱԶԿ-ի օգտին, որ առաջ ընկալվում էր իբրև կոռումպացված ու հետադիմական: Զայրույթն ու վախը Էրդողանի համար ռևանշ ապահովեցին: Միաժամանակ՝ հարավ-արևելքում նրա հաջողությունը զայրույթ հարուցեց: Քրդական մայրաքաղաք Դիարբեքիրում և արվարձաններում բուռն ելույթներ եղան և ամբողջ օրը լարված անցավ: Դա չխանգարեց նահանգի ընտրողների 70 %-ին ձայն տալ Դեմիրթաշի կուսակցությանը:
Ընտրությունների արդյունքները հաստատեցին երկրի ձգտումը թուրքական նույնականությանը: Հարյուր տարի առաջ այդ նույնականության համար վճարեցին հայերը, տասնամյակներով՝ քրդերը:
Արտակարգ իրավիճակը Մերձավոր Արևելքում ստիպեց արևմտյան կառավարություններին ընդունել ընտրությունների արդյունքները, որ հաղթանակ բերեցին սուլթանին, հաստատեցին Էրդողանի գերակայությունը տարածաշրջանի առանցքային երկրում, որ պերմանենտ կոնֆկլիկտի վիճակում է: Արևմտյան կառավարությունների կարծիքով՝ կայունությունը Թուրքիայում, եթե հաջողվի հաստատել, ավելի թանկ է ժողովրդավարության կոպիտ ոտնահարումից մուսուլման պահպանողական նախագահի կողմից մի երկրում, որ ՆԱՏՕ-ի անդամ է և (դե՞ռ) Եվրամիության անդամության թեկնածու:
Բեռնարդո ՎԱԼԻ, La Repubblica, Իտալիա


Հ.Գ.
Ո՞վ, եթե ոչ Գերմանիան, ի դեմս կանցլեր Անգելա Մերկելի, պիտի Եվրոպայի անունից օգնության գար Էրդողանի Թուրքիային: Եվ ո՞վ, եթե ոչ Եվրոպան պիտի սուլթանին ներեր երկրում քաոսը՝ քաոսը վերացնելու հեռանկարով՝ Մերձավոր Արևելքի արտակարգ իրավիճակում: Հետո ինչ, որ այդ իրավիճակում պակաս դեր չի խաղացել Թուրքիան: Այդպես եղել է հարյուր տարի առաջ, այդպես այսօր է: Թուրքիայում հիմա էլ բավական է ամբոխին «անհավատ» ցույց տալ՝ բռնություն հարուցելու համար և իշխանությունը հմտորեն օգտագործում է դա: Եթե Թուրքիան գնում է դեպի նույնականացում, դա միշտ նշանակում է սպանություններ, բռնություն: Հայտնի չէ, թե դեռ ինչքան պիտի Թուրքիան «նույնականանա» ու ում հաշվին:
Կիրակի օրվա ընտրություններում հաղթեց վախը, ո՞ր ընտրություններում Թուրքիան կսովորի հաղթել վախին, ոչ ոք չի կարող ասել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1271

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ