«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Սերժ Սարգսյանը գնաց Թբիլիսի, ու՝ ի՞նչ

Սերժ Սարգսյանը գնաց Թբիլիսի, ու՝ ի՞նչ
01.11.2015 | 13:11

Վրաստանը մեր հարևանն է, բայց երբեմն թվում է՝ ամենահեռավոր երկիրն է Հայաստանից: ԽՍՀՄ-ի փլուզումից հետ երկու երկրները դժվար ճանապարհ անցան ու այսօր զարգացման տարբեր ուղիներ են ընտրել՝ Վրաստանը գնում է դեպի եվրաասոցացում, Հայաստանը՝ եվրաասիացում: Հարևաններ լինել, այնուամենայնիվ, չեն դադարում: Երկու երկրների հարաբերություններին նոր լիցք ու որակ կարող է հաղորդել Իրանը, որ պատժամիջոցների վերացումից հետո պատրաստվում է վերականգնել իր առևտրատնտեսական հարաբերություններն աշխարհի հետ:
Այդպես էլ Թեհրան չգնացող ու Իրանի նախագահին Հայաստանում չընդունած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԻԻՀ փոխնախագահի այցից հետո աշխատանքային այցով մեկնեց Վրաստան՝ հանդիպելով նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի հետ: Վրաստանում խորհրդարանական կառավարում է և ամենակարևոր հանդիպումը Իրակլի Ղարիբաշվիլու հետ էր, ուստի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ հանդիպումը արարողակարգային նշանակություն ուներ, առավել ևս, որ Վրաստանի նախագահը իր երկրում շատ քիչ ազդեցություն ունի որոշումների կայացման վրա: Պաշտոնական տեղեկատվությամբ՝ երկու նախագահները երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխշահավետ նախագծերի իրականացման համար կարևորել են ինտեգրացիոն տարբեր գործընթացների շրջանակներում Հայաստանի և Վրաստանի շարունակական համագործակցությունը,
մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների շուրջ` ընդգծելով տարածաշրջանի կայուն, խաղաղ և անվտանգ զարգացման կարևորությունն ու այդ ուղղությամբ ևս համագործակցությունը, այսինքն՝ հետևանքների ու արդյունքների տեսակետից ոչինչ չխոստացող հանդիպում, որ ավարտվել է համատեղ հայտարարություններով: ՀՀ նախագահը փաստել է, որ վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները դինամիկ զարգանում են և թևակոխել են որակական նոր փուլ: Նա կարևորել է Բագրատաշեն-Սադախլո սահմանային Բարեկամության կամրջի շինարարությունը, հիշեցրել, որ Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին և Վրաստանի եվրաասոցացումը բացասական չեն անդրադառնում տնտեսական հարաբերությունների վրա՝ 2014-ին առևտրաշրջանառությունն ավելացել է, նույն միտումը կա 2015-ի ինն ամիսների արդյունքով:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ ՈՒսուպաշվիլու հետ հանդիպումը, թերևս, ամենաջերմն է եղել՝ դատելով տեղեկատվության ծավալից: Նրանք ջերմությամբ են հիշել փետրվարին Դավիթ ՈՒսուպաշվիլու գլխավորած պատվիրակության այցը Հայաստան: Վրաստանի խորհրդարանի նախագահն ասել է, որ Սերժ Սարգսյանին Վրաստանում հարգում և ընդունում են ոչ միայն որպես Հայաստանի նախագահի, այլև Վրաստանի և Հայաստանի բարեկամության մեծ ջատագովի, և հույս է հայտնել, որ Սերժ Սարգսյանի այցը առաջընթաց քայլ կդառնա բարեկամության ամրապնդման գործում: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային նշանակության ենթակառուցվածքային, այդ թվում` էներգետիկ ծրագրերի իրականացմանը, որոնք, զգալիորեն կխթանեն Հայաստանի և Վրաստանի տնտեսական կապերի ամրապնդումը, կնպաստեն առևտրաշրջանառության ծավալների աճին:
Նրանք կարևորել են ինտեգրացիոն ծրագրերը, որ փոխլրացնում են միմյանց:
Ավելին չի հաղորդվել, սակայն հաստատ քննարկվել է: Պարզապես որոշումները որոշակի չեն և դեռ բարձրաձայնումի ժամանակը չէ:
Ինչի՞ մասին կարող էր խոսք լինել: Առաջին հերթին՝ իրանական գազի տարանցման: Թեհրանը քանիցս նշել է, որ իր համար նախընտրելի է Հայաստան-Վրաստան-Սև ծովով Եվրոպա դուրս գալու տարբերակը: Իրանական գազի տարանցման դեպքում, Հայաստանը կստանա 3 մլրդ խմ անվճար գազ: Նախօրեին Վրաստանի փոխվարչապետ Կախա Կալաձեն հայտարարել էր, որ Թբիլիսին շարունակում է գազի շուկայի դիվերսիֆիկացման ուղիներ փնտրել և կառավարությունը կշարունակի բանակցել «Գազպրոմ»-ի հետ` միաժամանակ քննարկելով իրանական գազի ներմուծման հեռանկարները: Ներկայացնելով Միլանում «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ բանակցությունների մանրամասները՝ Կախա Կալաձեն ասել է, որ «Գազպրոմ»-ի հետ որևէ պայմանավորվածություն դեռ չկա, բայց բանակցությունները շարունակվում են՝ վրացական կողմը փորձում է առավելագույն շահավետ պայմաններ ստանալ և առաջիկայում ևս մեկ հանդիպում կա: Կախա Կալաձեն հայտարարել է. «Մեզ գազի հավելյալ ծավալներ են անհրաժեշտ, որոնք Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն ի վիճակի չէ ապահովել: Ես նոյեմբերի կեսին կմեկնեմ Թեհրան: Իրանը, վերջին զարգացումները հաշվի առնելով, շատ հեռանկարային շուկա է, այդ երկրի նկատմամբ նոր մոտեցումներ են ի հայտ գալիս, և հաշվի առնելով Վրաստանի աշխարհագրական, աշխարհաքաղաքական դիրքը՝ մենք պետք է փորձենք առավելագույնս օգտագործել իրանական ռեսուրսները»: Վրաստանի դեֆակտո ղեկավար Բիձինա Իվանիշվիլին ևս հայտարարել է, որ շուկան պիտի դիվերսիֆիկացվի, իսկ գործարարները հնարավորություն ստանան վառելիք գնել որտեղ ցանկանան: «Մենք ցանկանում ենք, և ես անձամբ այդ գործընթացում ներգրավված եմ, որպեսզի Վրաստան ներկրվի նաև իրանական գազը», - ասել էր Իվանիշվիլին: Բայց Իրան-Վրաստան ճանապարհը կարող է անցնել թե Հայաստանով, թե Ադրբեջանով: Հաշվի առնելով Իրան-Ադրբեջան, Իրան-Թուրքիա հարաբերությունները, Թեհրանի համար նախընտրելին Հայաստանն է: Ամեն ինչ հրաշալի կլիներ, եթե Իրանն ու Ռուսաստանը մրցակիցներ չլինեին գազի շուկայում: Ի՞նչ է Ալեքսեյ Միլլերը բանակցել Միլանում Կախա Կալաձեի հետ, դժվար է ասել, բայց Հայաստանով անցնող գազատարի հարցը հաստատ քննարկվել է: Թբիլիսիում շատ լավ հասկանում են, որ երկիրը թուրք-ադրբեջանական կախման մեջ է հայտնվել և դիվերսիֆիկացիան անկախության երաշխիք է: ՈՒստի ադրբեջանական ՍՈԿԱՌ-ի ծառայություններին պետք է զուգահեռել իրանական գազը: Իհակե, Բաքուն առարկել է և հայտարարել, որ պատրաստ է ավելի մեծ ծավալով գազ մատակարարել Վրաստան, բայց վրացիները չեն պատրաստվում բոլոր ձվերը մի զամբյուղում տեղափոխել՝ նրանք այլընտրանք են որոնում նաև գազի սակագինն իջեցնելու մտադրությամբ: Այսօր Իրան-Հայաստան գազատարի տարեկան թողունակությունը 1,1 միլիարդ խորանարդ մետր է, բայց մինչև 2019-ը նախատեսվում է խողովակաշարի թողունակությունը հասցնել տարեկան 2,3 միլիարդ խորանարդ մետրի: Վրացական լրատվամիջոցների տվյալներով՝ Հայաստանի նախագահի թբիլիսյան հանդիպումների ընթացքում քննարկվել են ոչ միայն առկա ծրագրերի, այլև հեռանկարային էներգետիկ համատեղ նախագծերի իրագործման հարցեր: Հայաստան-Վրաստան 4-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունն ընթացքի մեջ է, եթե 2017-ին ավարտվի, երկու երկրները կարող են դուրս գալ ռուսաստանյան էներգետիկ շուկա: Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանի հարավում էլեկտրաէներգիայի ծավալների պակաս կա, սա հեռանկարային ծրագիր է, որը հնարավորություն կտա Հայաստանը դարձնել տրանզիտային երկիր:
Փաստորեն հարցը գտնվում է Թեհրան-Մոսկվա, Թբիլիսի-Մոսկվա-Թեհրան բանակցային հարթության մեջ և ՀՀ նախագահի այցը Թբիլիսի պետք է դիտարկել այդ շրջագծում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՀՀ նախագահի Թբիլիսի աշխատանքային այցի առիթը Թբիլիսիի հնագույն եկեղեցիներից մեկի` հայկական Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերաօծման արարողությունն էր՝ հանդիսապետությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի: Արարողությանը ներկա է եղել եկեղեցու բարերար, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Այսինքն՝ հենց եկեղեցում Սերժ Սարգսյանն ու Բիձինա Իվանիշվիլին բավարար ժամանակ են ունեցել կարծիքներ փոխանակելու ոչ միայն հոգևոր գործերի մասին, այլև՝ խիստ աշխարհիկ: Եվ գուցե այդ հանդիպումը եղել է այցի ամենակարևորը մասը: Թեպետ Սերժ Սարգսյանի այցը Թբիլիսի պաշտոնական չէր, որի արարողակարգում նախատեսվում է հանդիպում Վրաստանի պատրիարքի հետ, բայց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերաօծման արարողությունը՝ ձեռամբ Ամենայն հայոց կաթողիկոսի, երկու ժողովուրդների կյանքում այն իրադարձությունն էր, որին պարտադիր պիտի ներկա լիներ Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը: Նրա բացակայությունը վկայում է, որ երկու եկեղեցիները փորձում են պահպանել հնարավորինս եղբայրական հարաբերություններ և ունեն հաջողություններ, բայց ամեն ինչ չէ, որ դեռ ստացվում է: ՈՒ հաստատ մեղավորը հայկական կողմը չէ:

Դիտվել է՝ 1255

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ