«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Պուտինը կարող է, Էրդողանը՝ ո՞չ

Պուտինը կարող է, Էրդողանը՝ ո՞չ
24.10.2015 | 11:27

Պուտինը գրոհում է, Օբաման՝ դիտում

«Գուշակեք՝ ո՞վ հենց նոր անսպասելի հայտնվեց Կրեմլում: Բաշար Ասադը՝ բռնակալն ու Սիրիան կործանողը, հիմա՝ Վլադիմիր Պուտինի հերթական սանը: Չորս տարի հետո, երբ նա նստած էր Դամասկոսում, Ասադին կանչեցին Մոսկվա, որ նա ծունկը ծալի Պուտինի առաջ՝ աշխարհին ցույց տալու, որ այսօր մերձավորարևելյան խնդիրները լուծվում են ոչ թե Վաշինգտոնում, այլ՝ Մոսկվայում, և պաշտոնապես օրհնի Սիրիայի նվաճումը չորս պետությունների կողմից՝ Ռուսաստանի գլխավորությամբ»՝ գրել է The Washington Post-ում Չառլզ Կրաուտհամերը: Պուտինը չի վերականգնում նախկին խորհրդային կայսրությունը, նա վերահաստատում է Ռուսաստանի՝ իր սահմաններից դուրս իշխանություն սահմանելու ունակությունը: Ղրիմի անեքսիան Ռուսաստանի լիակատար վերահսկողության տակ վերադարձրեց սևծովյան նավահանգիստը, որ Պետրոս Մեծի ժամանակներից գայթակղության աղբյուր էր: Բեկորային ալավիտական պետության ամրապնդումը Ռուսաստանին հնարավորություն է տալիս տեղակայել իր ռազմածովային և ռազմաօդային բազաները Արևելյան Միջերկրականում: «Հավելեք թևավոր հրթիռների արձակումը Կասպից ծովի ռազմանավերից՝ խոցելու համար 900 մղոն հեռավորության նպատակակետերը և կտեսնեք ռուսական ռազմական ազդեցության ամենատպավորիչ ցուցադրությունը սառը պատերազմի տարիներից ի վեր»,- գրում է Չառլզ Կրաուտհամերը: Իհարկե, Օբամայի համար այդ ամենը նշանակություն չունի՝ հեգնում է նա՝ «Ժամանակակից աշխարհում,- հայտարարեց Օբաման ՄԱԿ-ում անցյալ ամիս,- ուժի ցուցանիշը այլևս տարածքի վերահսկողությունը չէ»: «Որ նա իսկապես հավատում է այդ ֆանտազիային, վկայում է Իրաքը լքելը և ամերիկյան բազաների կորուստը, որտեղից մենք կարող էինք մեր ազդեցությունը տարածել տարածաշրջանում (առաջին հերթին՝ իրաքյան օդային տարածքը վերահսկելու միջոցով՝ կանխելով Ասադի թուլացող վարչակարգի զինումն ու ամրացումը Իրանի կողմից)»՝ կարծում է հեղինակը: Երբ Օբամային «60 րոպե» հաղորդման ժամանակ հարցրին՝ չի՞ տագնապում, որ զիջում է առաջատարությունը Ռուսաստանին, նա քամահրանքով պատասխանեց. «Աջակցությունը թույլ դաշնակցին առաջատարություն չէ: Ես իմ հետևից եմ տանում աշխարհը կլիմայի փոփոխության հարցերում»: «Դա լսելով, ցանկացած կոնֆիլկտի գոտում ապրողները, որ հույսներն ԱՄՆ-ի վրա էին դնում, պիտի ճամպրուկները հավաքեն ու Գերմանիայի ճանապարհը բռնեն»՝ եզրակացնում է Չառլզ Կրաուտհամերը:

The Washington Post

Շեյխ Պուտինը Սիրիայից

Պուտինն իր գործողություններով վճռականորեն ու հստակ հայտարարում է, որ Ռուսաստանը շարունակում է դինամիկ դեր խաղալ աշխարհաքաղաքականության մեջ՝ The International New York Times-ում գրում է Մաքսիմ Տրուդալյուբովը:
«Մենք ընդհանրապես շիաների ու սուննիների միջև տարբերություն չենք դնում»՝ ասաց Պուտինը հոկտեմբերի 11-ի հեռուստահարցազրույցում: Մաքսիմ Տրուդալյուբովը կարծում է. «Ձևացնելով անտեղյակություն այդ տարբերությունների մեջ, Պուտինն օգտագործում է միջազգային ասպարեզը, որպեսզի առաջ մղի իր արտաքին քաղաքական հավատամքի գլխավոր թեզիսներից մեկը՝ պետության հավանությանը չարժանացած ցանկացած կազմակերպության ցանկացած գործունեություն թշնամի է գործող իշխանությանը»: Պուտինը անթիվ անգամներ կրկնել է, որ բոլոր կազմակերպությունները, անգամ կրոնական, արտասահմանցիները ֆինանսավորում են օտարածին ծրագրերով: Այդ արտասահմանցիները միայն մեկ վերջնանպատակ ունեն՝ իշխանության փոփոխություն: Սիրիայում նրանց նպատակը Ասադի պաշտոնանկությունն է, ինչպես հասարակական կազմակերպությունները Ռուսաստանում գոյություն ունեն միայն Պուտինին տապալելու համար:
«Ասադի կողմն անցնելով՝ մեր նախագահը ստեղծեց շեյխ Պուտինի կերպարը՝ ազնիվ բարեկամի, որ օգնության հասավ կառավարող ալավիտներին, որոնց նեղացնում են ապստամբները՝ գերազանցապես սուննիները: Փաստացի նա Ռուսաստանը դարձրեց շիաների դաշնակից, բայց, կարծես, լուրջ չի համարում տարբերությունները իսլամի ուղղությունների միջև: Հիմնականում դա բացատրվում է նրա իրավաբանի աշխարհընկալումով, որ ամեն ինչի կենտրոնում պետությունն է դնում»,- գրում է Մաքսիմ Տրուդալյուբովը: Պուտինին, հավանաբար, չի մտահոգում, որ Ռուսաստանի մուսուլմանների մեծամասնությունը սուննիներ են: Մաքսիմ Տրուդալյուբովը կարծում է, որ Սիրիայում Ռուսաստանն իր դերը պատկերացնում է՝ ինչպես Բուշն՝ Իրաքում: Բայց եթե ԱՄՆ-ը համադարման էր համարում ժողովրդավարությունը, Պուտինը կենտրոնացված ավտորիտար պետության ջատագով է:

The New York Times

Ժնևյան Ասադը


Այն օրը, երբ Կրեմլը զարմացրեց աշխարհին՝ ընդունելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, շվեյցարական Le Temps-ը հոդված հրապարակեց նրա հորեղբայր Ռիֆատ Ասադի մասին՝ գրում է շվեյցարական մեկ այլ պարբերական՝ Tagesanzeiger-ը: Le Temps-ի տեղեկություններով՝ վերջին ամիսներին 78-ամյա սիրիացին առավել հաճախ է կանգ առնում Ժնևում, ասում են՝ ընդհանրապես ուզում է այնտեղ փոխադրվել:.
Ռիֆատ Ասադը Սիրիայից Ֆրանսիա է տեղափոխվել դեռ 80-ականների սկզբին՝ ավագ եղբայր Հաֆեզ Ասադի հետ վեճից հետո, որ Սիրիայի նախագահն էր մինչև մահը՝ 2000-ին: Նրա մահից հետո նախագահ դարձավ որդին՝ Բաշարը, բայց Ռիֆատ Ասադը քանիցս հրապարակավ հայտարարել է, որ հենց ինքն է լեգիտիմ իրավահաջորդը: Իր արտաքսումից առաջ Ռիֆատ Ասադը, որ հիմա հարուստ բիզնեսմեն է, անշարժ գույք ունի Ֆրանսիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, ղեկավարում էր մուսուլման եղբայրների ապստամբության ճնշումը Խամայում 1982-ի փետրվարին: Քաղաքի գնդակոծության ժամանակ, ասում են, 20- 30 հազար զոհ է եղել: Արտասահմանում Ռիֆատ Ասադը հաճախ է հանդես գալիս իբրև Բաշար Ասադի հակակշիռ և իրեն տեսնում է Սիրիայի քաղաքացիական պատերազմի երրորդ կողմ, բայց ընդդիմությունը նրան չի ընդունում, նաև Խամայի սպանդին առնչության պատճառով: Մինչդեռ Ռուսաստանը ակնհայտ հետաքրքրված է Ռիֆատ Ասադով՝ Բաշար Ասադի այցից մեկ շաբաթ առաջ նա ևս Մոսկվայում էր, իսկ 2013-ի տարեվերջին Ժնևում նրան հանդիպել է ՌԴ փոխարտգործնախարարը:
Tagesanzeiger-ը եզրակացնում է, որ այս ամենը տարբեր վարկածներ է ենթադրում, որոնց համաձայն Ռուսաստանը ծրագրեր է կազմում Ռիֆատի կամ նա որդիներից մեկի, նախ և առաջ Սիվարի հետ կապված, որ ուսանում է Շվեյցարիայում: Սիվարն իրեն քաղաքականապես ակտիվ է պահում: Նա գլխավորում է Լոնդոնից հեռարձակվող սիրիական հեռուստաալիքը և հոր հիմնադրած ընդդիմադիր կազմակերպության անդամ է: Մեկ այլ տեսության համաձայն՝ Մոսկվան օգտագործում է ազգակիցների թշնամանքը՝ ճնշում գործադրելու համար Բաշար Ասադի վրա:
Tages anzeiger


Հ.Գ.
Ինչ սքանչելի է, չէ, քաղաքականությունը շաղկապված խարդավանքների հետ: Մինչ
ԱՄՆ-ում լրագրողները մեղադրում են նախագահին պասիվության և ազդեցության գոտիների կորստի մեջ, ռուսները ԱՄՆ-ի թերթերում քննադատում են Պուտինին, շվեյցարացիները բացահայտում են Ասադների ընտանիքի հակասությունները և կլանի ներսում պայքարն իշխանության համար: Ի վերջո, գուցե այս ամբողջ պատմությունը կառուցվել է կլանի ներսում «իշխանափոխության» համար: Ի՞նչ տարբերություն Բաշա՞ր, թե՞ Սիվար Ասադ: Մի քսան-երեսուն տարի հետո Բաշար Ասադի ժառանգները կարող են վիճարկել իշխանության հարցը: Եթե, իհարկե, մինչ այդ Սիրիան լինի ներկա տարածքով ու կառավարման ներկա համակարգով: Բոլոր դեպքերում Սիրիայի մասնատման առաջին և ամենամեծ ջատագովը ոչ թե քրդերն են, այլ՝ թուրքերը: Օսմանյան կայսրության և Թուրքիայի Հանրապետության տարբերություններից մեկն էլ այն է, որ կայսրությունն իր կազմում ուներ Սիրիան, հանրապետությունը չունի: Թուրքիայի ներկա նախագահը բոլորովին դեմ չէ, նույնիսկ շատ էլ կողմ է «անարդարությունը» վերացնելուն և «արդարությունը» վերականգնելուն, եթե ոչ ամբողջությամբ, գոնե տարածքի որոշ մասով: Պուտինը կարող է, Էրդողանը՝ ո՞չ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2131

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ