«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«...այսուհետ Թուրքիան պատկանում է թուրքերին»

«...այսուհետ Թուրքիան պատկանում է թուրքերին»
23.10.2015 | 00:19

Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:

-Մենք արդեն 25-րդ անգամ ենք հանդիպում և վաղուց արդեն խոսում ենք Հայոց ցեղասպանությունը հնարավոր դարձրած պատճառներից, մեղավորներից ու հետևանքներից, ո՞րն է ամենակարևորը հիմա, որ պիտի դառնա առանցքային ցեղասպանությանը վերաբերող քննարկումներում:
-Բարդ հարց եք տալիս: Համարյա ամբողջ տարին մենք խոսում ենք հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական ժամանակաշրջանի, պետությունների, անհատների մասին, որ առնչվել են Հայոց ցեղասպանությանը: Ցարական Ռուսաստանի դեպքում, Օսմանյան կայսրության պարագայում, երկու կայսրությունները գրեթե համաժամանակյա և նույն կենտրոնից ղեկավարվող սիոնիստական տարաբնույթ ուժերի ձեռքով տապալմանը հաջորդած շրջանում նորաստեղծ պետական միավորների ստեղծման, ղեկավարների ազգային-կրոնական պատկանելության, գաղտնի անդամակցած կազմակերպությունների՝ նրանց կենսագրություններն ամբողջ աշխարհին աղավաղված մատուցման մասին բարձրաձայնելն ու փաստերը ներկայացնելը շատ եմ կարևորում։ Ինձ թվում է, որ թեկուզ 100 տարի հետո մեր ազգի ողբերգական պատմության դառը իրողություններին պիտի նայենք այս դիտանկյունից, Հովհաննես Թումանյանի` «Ապրե՛ք, երեխեք, բայց մեզ պես չապրեք» իմաստնությամբ:
-Լավ, վերադառնանք անցյալ դարասկիզբ: Ի՞նչ կատարվեց Թուրքիայի պարտությունից հետո, ինչպե՞ս ասպարեզում հայտնվեց Մուստաֆա Քեմալը:
-Ո՞վ էր 1880 կամ 1881-ին Սալոնիկում ծնված ու 1938 թ. Կ. Պոլսում մահացած, մինչև 1919-ը օսմանյան բանակի սպա, հետո հեղափոխական գործիչ դարձած Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը, առաջին նախագահը և վարչապետը հանդիսացող Մուստաֆա Քեմալը։ Ի՞նչ գիտենք նրա մասին, բացի այն, որ եղել է օսմանյան բանակի հրամանատար, մասնակցել Առաջին աշխարհամարտին, դեմ է կանգնել Օսմանյան կայսրության պարտությունից հետո դաշնակից պետությունների նախկին կայսրության տարածքն իրար մեջ բաժանելու ծրագրերին, կազմակերպել ու ղեկավարել է թուրքական ազգայնական շարժումը և որ Կ. Պոլսի կառավարությունից անկախ գործող կառավարություն է կազմել Անկարայում: Նրա բոլոր պաշտոնական կենսագրականներում իբրև իր հայր ներկայացված Ալի Ռզան իսկական հայրը չէր։ Մայրը՝ Զյուբեիդեն, հասարակաց տան «աշխատողներից» էր, նրա հայրը անհայտ է։ Ինչքան էլ հոր արմատները որոնեն Ալբանիայում, Սերբիայում կամ Մակեդոնիայում, իրականում նա դյոնմե սաբետայիստ հրեա է, որ 1911-ին ինքն է խոստովանել։ Ինչպես յուրաքանչյուր սաբետայիստ դյոնմե ընտանիքում, նրանք էլ երկակի ինքնությամբ էին ապրում։ Արտաքուստ ցույց էին տալիս, որ իսլամական կրոնն են դավանում, բայց տանը իրենց դավանանքի պահանջներով էին դաստիարակվում։ Նա սովորել է Սալոնիկ քաղաքում հրեա րաբբու զավակ՝ խախամորդի Շիմոն Ցվիի (Շեմսի Էֆենդի) դպրոցում և եբրայերեն անգիր գիտեր հրեաների բոլոր աղոթքները։ Սաբետայիստական՝ դյոնմե հրեաների համայնքում խստորեն արգելված են մուսուլմանների հետ ամուսնությունները, ուստի նրանց մնում էր իրար հետ ամուսնանալով՝ տեսակի պահպանումը։ Նրա կրտսեր քույրը՝ Մակբուլե Աթադանը ևս, ինչպես 1923-ին ինքը, ամուսնացել էր ցեղակից սաբետայիստների հետ։ Նրա ծնված և մեծացած տարիներին Սալոնիկի բնակչության բացարձակ մեծամասնությունը հրեա էր: Սալոնիկի հրեաներին պետք է գումարել նաև քաղաքի դյոնմե սաբետայիստ բնակչությունը, որոնց առերևույթ մուսուլման էին հաշվվում, սակայն ինչպես հրեաներն էին իրենց աղանդ ընդունում, այնպես էլ մուսուլմանները նրանց իբրև հավատքը փոխած՝ շուռ տված հրեա համարելով՝ թուրքերեն դյոնմե էին անվանում՝ կրոնափոխ։ Այդ տարիներին Սալոնիկը հայտնի էր իբրև «Բալկանների Երուսաղեմ»։ Սալոնիկի բնակչության միայն մեկ յոթերորդն էր մուսուլման և քրիստոնյա, իսկ երեք չորրորդը հրեա կամ սաբետայիստ դյոնմե հրեա էր:


Սալոնիկում բնակչությունն ըստ համայնքային պատկանելության էր բաժանվել և ապրում էր գետտոներում։ Մուստաֆա Քեմալի ծնված թաղամասը 1660-ականներից սկսած՝ անփոփոխ մնացած սաբետայիստ դյոնմե հրեաների բնակության վայրն էր, որտեղ նրան նախ շատ կարճ ժամանակ Հաֆըզ Մեհմետի դպրոց ուղարկելուց հետո տեղափոխեցին հրեական իսկական անունով Շիմոն Ցվիի՝ Շեմսի էֆենդիի դպրոցը, որտեղ միայն սաբետայիստ դյոնմե հրեաներն էին սովորում։ Այդ մասին Մուստաֆա Քեմալն է վկայել՝ 1922-ի հունվարի 10-ին թուրքալեզու «Վաքիթ» («Ժամանակ») թերթի խմբագրին տված հարցազրույցում։ Մինչև 1908-ին Օսմանյան կայսրության ֆինանսների նախարար դառնալը՝ Քեմալի սովորած դպրոցի տնօրենն էր Մեհմեդ Ջավիդ բեյը, որ իրեն դոկտոր Նազըմի հետ 1926-ին կախաղան բարձրացնող Մուստաֆա Քեմալի ցեղակից-գաղափարակիցն էր: 1902-ին նա ընդունվել է Կ. Պոլսում գտնվող Օսմանյան կայսրության գլխավոր շտաբ, որն ավարտում է 1905-ին։ Ռազմական ակադեմիան ավարտելուց անմիջապես հետո ձերբակալվում է աբդուլհամիդյան ռեժիմի քննադատության մեղադրանքով։ Մի քանի ամիս հսկողության տակ գտնվելուց հետո ուղարկվում է Դամասկոս, որտեղ և ստեղծում է «Վաթան» («Հայրենիք») հեղափոխական կազմակերպությունը, որը միայն իր անձնական հարաբերությունների և ծանոթությունների շրջանակն ընդլայնելուն է ծառայում։ 2 տարի ծառայում է 5-րդ բանակում։ 1907 թ. նրան ծառայության են ուղարկում իր ծննդավայր Սալոնիկի մոտ՝ Մոնաստիր քաղաքում գտնվող 3-րդ բանակ։ Իրեն քաջ ծանոթ սաբետայիստ շրջանակների սպաների առաջարկով նա ընդունվում է «Մակեդոնիա Ռիզորտա» մասոնական օթյակ, որից հետո դառնում է թունդ իթթիհադական, մասնակցելով նրանց հեղափոխական շարժումներին։ «Շարժուն բանակի» կազմում մասնակցել է 1908-ի երիտթուրքական հեղաշրջման կազմակերպմանն ու իրականացմանը։ Ավելի ուշ փառասիրության հողի վրա երիտթուրքերի առաջնորդներից հատկապես Էնվերի հետ տարաձայնությունների պատճառով սառեցրել է իր քաղաքական գործունեությունը, շարունակելով Էնվերի ենթակայությամբ զինվորական կարիերան։
1910-ին Մուստաֆա Քեմալն ուղարկվել է Ֆրանսիա, որտեղ ականատես է եղել ռազմական զորաշարժերին։ 1911 թվականին ծառայության է անցել Կ. Պոլսի զինված ուժերի գլխավոր շտաբում և նույն թվականին էլ իտալացիների հետ պատերազմին մասնակցելու հրամանով իր ընկերների մի փոքր խմբի հետ Լիբիա մեկնելիս կանգ է արել Երուսաղեմում: «Արդի եբրայերենի հայրը» համարվող Էլիեզեր Բեն-Յահուդայի որդու՝ Իթամար Բեն-Ավիի (1882-1943) հետ հանդիպման մասին՝ նրա մահանալուց շատ տարիներ հետո, 1961-ին Իսրայելում տպագրված «Անկախության Լուսաբացին՝ հրեա առաջին երեխայի հուշագրությունը» գրքում Իթամար Բեն-Ավին մանրամասն նկարագրում է Մուստաֆա Քեմալի հետ Երուսաղեմի «Կամենից» հյուրանոցում հանդիպումը և մեջբերում նրա խոսքերը՝ «Տանը ես Վենետիկում տպագրված մի շատ հին Թանախ (Թանախը հրեաների սուրբ գրքերի անվանման հապավումն է, որն առաջացել է Թորահ, Նևիիմ և Խետուվիմ բառերի առաջին տառերի անվանումներից) ունեմ, և եթե ճիշտ եմ հիշում, իմ հայրն ինձ ուղարկել էր կարաիմ (կամ կարաիտ՝ Ղրիմի շրջանում ապրող թուրքի և հրեայի խառնուրդ) մի ուսուցչի մոտ, որն ինձ սովորեցրեց կարդալ, որոշ բառեր դեռ մեջս են մնացել»: Այդ պահին նա մի պահ լռել է և նրա աչքերն այնպիսի արտահայտություն են ստացել, կարծես թե ինչ-որ բան է որոնում օդի մեջ, հետո անսպասելիորեն հիշել ու արտասանել է. «Շըմայ Իսրայէլ, ադոնայի էլոհէյնու, ադոնայի էչադ» (Լսիր, Իսրայէլ, Տեր Աստված մեր, Տերը մի է) աղոթքի բառերը: «Դա մեր մեծագույն աղոթքն է, պարոն կապիտան»,- արձագանքել է Իթամար Բեն-Ավին, ինչին Մուստաֆա Քեմալը պատասխանել է. «Նաև իմ գաղտնի աղոթքն է, սիրելի պարոն»: 1912-ի հոկտեմբերին՝ Բալկանյան պատերազմի սկսվելուց հետո նրան Լիբիայից բուլղարական ճակատ են ուղարկում։ 1913-ին Սոֆիայում ռազմական կցորդ է նշանակվում, 1914-ին ստանում է փոխգնդապետի կոչում։ Այստեղ ծառայում է մինչև 1915-ը։ Հետո նախ Ադրիանուպոլսում, ապա Դիարբեքիրում զորքերի հրամանատարությունն է իրականացնում: 1916-ի ապրիլի 1-ին դառնում է դիվիզիայի հրամանատար, ստանձնելով երկրորդ բանակի հրամանատարությունը։ 1916-ի ապրիլին երկրորդ բանակը Մուշում և Բիթլիսում սոսկալի ջարդեր է արել, բայց ռուսական զորքերը նրանց դուրս են մղում այդտեղից։ Նրա կենսագրության այս հատվածի մասին քիչ տվյալներ կան, հայ պատմաբանների նոր սերնդի ուսերին են դրված այս շրջանի ուսումնասիրությունն ու հատկապես ռուսական զինվորական արխիվների օգնությամբ վերհանման պարտականությունը։


Դամասկոսում և Հալեպում կարճատև ծառայությունից հետո վերադառնում է Կոստանդնուպոլիս: Թագաժառանգ արքայազն Վահիդետտինի հետ հինգ շաբաթով ուղևորվում է Գերմանիա։ 1918-ի օգոստոսի 15-ին վերադառնում է Հալեպ և ստանձնում 7-րդ բանակի հրամանատարությունը։ Նրա հրամանատարությամբ բանակը փորձում է պաշտպանվել անգլիական զորքերի հարձակումներից, սակայն անհաջողության է մատնվում։ Մուդրոսյան զինադադարի ստորագրումից հետո նշանակվում է «Յըլդըրըմ» բանակի խմբի կողմից ղեկավարվող դիրքերում, 1918-ի նոյեմբերի 13-ին վերադառնում է Կոստանդնուպոլիս և աշխատանքի անցնում պաշտպանության նախարարությունում։
Պարտված կայսրության ռազմական գործերի դադարեցման պայմանագիրը ստիպում է կատարել պլանային զինաթափում, և սկսվում է օսմանյան բանակի կազմալուծումը։ 1919-ի մայիսի 19-ին, որպես 9-րդ բանակի տեսուչ, Օսմանյան կայսրության 36-րդ և վերջին սուլթան Մեհմեդ 6-րդ Վահիդետտինի հրամանով ուղարկվում է Սամսուն: Մեկ ամիս հետո, հունիսի 22-ին Սամսունում հրապարակում է պաշտոնական գրություն, որտեղ հայտնում է, որ երկրի անվտանգությունը վտանգված է և հրավիրում է ներկայացուցչական պատգամավորական հավաք՝ համագումար։ 1919-ի հուլիսի 8-ին Քեմալը հեռացվում է օսմանյան բանակից։ Սուլթանական կառավարությունը նրան ձերբակալելու հրաման է տալիս։ Հետագայում նա հեռակա դատապարտվում է նաև մահապատժի։ 1919-ի հուլիսի 23-ից հոկտեմբերի 7-ը Կարինում՝ Էրզրումում, տեղի է ունենում համագումար, որին մասնակցում են կայսրության հայկական կոչվող արևելյան 6 վիլայեթներից եկած պատգամավորներ։ Այս համագումարին հաջորդում է Սեբաստիայի՝ Սվազի համագումարը՝ 1919-ի սեպտեմբերի 4-11-ին։ 1919-ի դեկտեմբերի 27-ին նա հանդիպում է Անկորայի (Անկարա) բնակչության հետ։
Անտանտի զորքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավումից (1918 թ. նոյեմբերի 18) և օսմանյան պառլամենտի լուծարումից հետո (1920 թ. մարտի 16) Քեմալը Անկորայում ստեղծում է սեփական պառլամենտը` Թուրքիայի Ազգային մեծ ժողովը, որ առաջին նիստը գումարում է 1920 թվականի ապրիլի 23-ին։ Քեմալն ընտրվում է պառլամենտի նախագահ և գլխավորում Ազգային մեծ ժողովը, որն այն ժամանակ դեռևս ոչ մի տերության կողմից չէր ճանաչվել։ Քեմալականների հիմնական առաջադրանքը հյուսիս-արևելքում երկրի բնիկ հայերի, արևմուտքում հույների դեմ պայքարելն էր։
1920-ի հունիսի 7-ին անկորական կառավարությունը անվավեր է համարում Օսմանյան կայսրության բոլոր նախկին պայմանագրերը։ Բացի այդ ԹԱՄՀ-ի (Թուրքիայի Ազգային մեծ ժողով) ղեկավարությունը հրաժարվում և ռազմական գործողությունների ճանապարհով վերջնականապես խափանում է 1920-ի օգոստոսի 10-ին սուլթանական կառավարության և Անտանտի երկրների միջև կնքված Սևրի պայմանագրի իրագործումը։ Վերջերս լույս է տեսել թուրք պատմաբան Ջեմալ Քութայի «Մուստաֆա Քեմալն ու Ամերիկան» գիրքը, որ բացահայտում է Հայկական հարցի վերաբերյալ Մուստաֆա Քեմալի քաղաքականության և գաղտնի քայլերի մասին առավել քան ուշագրավ տվյալներ։ Գրքում ներկայացված է, թե ինչպես էր Մ. Քեմալը փորձում իր գլխավորած շարժման ժամանակ լուծել Հայկական հարցը՝ գաղտնի բանակցություններ վարելով ամերիկյան կողմի հետ, մասնավորապես, ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից պաշտոնապես Արևմտյան Հայաստան գործուղված ամերիկացի գեներալ Հարբորդի հետ, ներկայացնում է 1919-ին Սեբաստիայում Հարբորդի և Քեմալի գլխավորած պատվիրակությունների գաղտնի հանդիպումը։
1922-ի սեպտեմբերի 9-ին Քեմալը, ղեկավարելով թուրքական բանակը, մտնում է Զմյուռնիա: Քաղաքը հրդեհվում է, հույն ու հայ բնակչությունը՝ ամբողջովին ոչնչացվում։ Բրիտանացի և ֆրանսիացի ներկայացուցիչների ազդեցության տակ Քեմալը ի վերջո թույլատրում է քաղաքից քրիստոնյաներին դուրս բերել, բայց արգելում է 15-50 տարեկան տղամարդկանց էվակուացիան։ Նրանք աքսորվում են երկրի խորքերը՝ Կապադովկիա, Գամիրք և այլ վայրեր հարկադրական աշխատանքների, որտեղ մեծամասնությունը մահանում է։
1922-ի սեպտեմբերի 17-ին, Իզմիրի անգութ կոտորածից հետո Քեմալն ասել է. «Թուրքիան վերջապես ազատվեց քրիստոնյա դավաճաններից և օտարականներից: Այսուհետև Թուրքիան պատկանում է թուրքերին»։ Տարօրինակ էր, որ այս խոսքերի հեղինակն ինքը թուրք չէր, սաբետայիստ դյոնմե հրեա էր։
(շարունակելի)


Հրապարակման պատրաստեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 2324

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ