ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Հասնել Դնեպրի կեսի՞ն, թե՞ մյուս ափին

Հասնել Դնեպրի կեսի՞ն,  թե՞ մյուս ափին
20.10.2015 | 01:02

«Դիկանկայի մերձակա խուտորներում» Նիկոլայ Գոգոլը գրում է. «Редкая птица долетит до середины Днепра»։ Իսկ մտածե՞լ եք՝ ինչու: Գե՞տն է մեծ: Թե՞ թռչունը չի ուզում: Հետաքրքիր էր անցած շաբաթը Հայաստանում: Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի խորհուրդը Եվրահանձնաժողովին արտոնեց նոր իրավական հիմքի վրա Հայաստանի հետ բանակցություններ սկսել շրջանակային համաձայնագրի ստորագրման համար։ Որքա՞ն կտևեն բանակցությունները: Եվս երե՞ք տարի՝ ինչպես ասոցացման, խոր և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի բանակցությունները: Թերևս՝ ոչ: Շատ ավելի քիչ բանակցելու թեմա կա, և հետո՝ նախորդ բանակցություններում ձեռք բերված համաձայնությունների հիման վրա գնալու են համարյա թե հակառակ ճանապարհով՝ համաձայնագրից հանելով կետերը, որոնք չեն կարող գործել Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունից հետո: Չի քննարկվի առանց մաքսատուրքերի առևտրի հարցը, կքննարկվեն պետության գնումների գործընթացը, առևտրային ծառայությունների և ստանդարտների՝ հատկապես սննդամթերքին վերաբերող հարցերը: Հայաստանն ակնկալում է համաձայնություն տնտեսությանը վերաբերող 28 կետերով՝ ներդրումներ, զբոսաշրջություն, արդյունաբերություն, առևտրի զարգացում, ոչ տնտեսական ոլորտային համագործակցություն՝ կրթություն, հումանիտար բլոկ, տրանսպորտ, կապ, էներգետիկա, որակի ենթակառուցվածքներ: Մեկ, առավելագույնը երկու տարի հետո կունենանք նոր համաձայնագիր: Շտապելու է Հայաստանը, ԵՄ-ն չի շտապելու: Նախ՝ ԵՄ-ն զբաղված է ներքին օրակարգով, որտեղ տնտեսական ու քաղաքական հրատապ խնդիրներին հավելվել են միգրանտները: Այդ հարցն ավելի կենսական է, քան Արևելյան գործընկերության ծրագիրը, հետո՝ Բրյուսելը ժամանակ է տալու Հայաստանին համաձայնագիրը կնքելուց առաջ կատարել իր պահանջները: Պահանջները արմատական են՝ հաստատել օրենքի իշխանություն և արդարացի դատական համակարգ, կոռուպցիան վերացնել, ներդրումների ու գործարարների համար բարենպաստ միջավայր ձևավորել՝ փող ուզելուց առաջ: ԵՄ-ն անցած տարիներին բավարար փող տվել է պարզելու համար` ինչո՞ւ Հայաստանին տված գումարները արդյունավետ չեն աշխատում, այլ փոշիանում են իշխանական բուրգում՝ տալով հնարավոր արդյունքի նվազագույնը: ԵՄ-ն պահանջելու է տնտեսության զարգացման հստակ ծրագիր, թափանցիկություն և կանխատեսելի կանոններ, օրենքի կատարման երաշխիքներ: Հիշեցնեմ՝ ԵՄ-ն Հայաստանի թիվ 1 առևտրային գործընկերն է: ԱՎԾ-ի տվյալներով՝ անցած 8 ամիսներին փոխադարձ առևտուրը 786,8 միլիոն դոլար է եղել՝ Հայաստանի արտաքին առևտրի 25,9 տոկոսը: Քիչ չէ: Բավական է՝ պահանջներ դնելու համար: Առավել ևս, որ Բրյուսելի համար Երևանն այլևս քաղաքական գրավչությունը կորցրել է ԵԱՏՄ-ին անդամակցելով, իսկ ԵՄ-ԵԱՏՄ փոխհարաբերությունների կամուրջ դառնալու հեքիաթը Հայաստանը կարող է պատմել տեղական նշանակության հարթակներում: Առավել ևս Բելառուսի դեպի ԵՄ շրջադարձից ու Բելառուսից ԵՄ պատժամիջոցները հանելուց հետո, ճիշտ է՝ դեռ չորս ամսով, բայց հենց դա վկայում է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն առիթը բաց չի թողնի «բարեկամություն» խաղալու համար: ՈՒկրաինայի հարցով Նորմանդյան քառյակի Մինսկում բանակցությունները վկայեցին, որ միջնորդի դերը նրա կատարմամբ ընկալվում է: Իսկ ի՞նչ արժի նրա ցինիկ հայտարարությունը, որ Բելառուսի տարածքում ռուսական ավիաբազայի տեղակայման մասին ինքն իմացել է մամուլից, դատեք ինքներդ: Բատկան անկրկնելի է: Հինգերորդ անգամ Բելառուսի նախագահ դարձած Լուկաշենկոն գերազանցեց իր ռեկորդը՝ ավելի շատ ձայներ ստանալով, քան 2010-ին, բայց 2015-ին անցկացնելով «ժողովրդավարական» ընտրություններ՝ առանց ծեծկռտուքների ու ընդդիմադիրների ձերբակալության: Որ դիտորդները ընտրությունները ժողովրդավարական չհամարեցին, մանրուք է՝ ԵՄ-ն պահում է «երաշխիքները», որ Բատկան պահանջներ չներկայացնի:

Իսկ Հայաստա՞նը: Իսկ Հայաստանը անցած շաբաթ կատարեց երկրորդ ինքնուրույն քայլը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով պաշտոնական այցով Երևան եկավ ԻԻՀ փոխնախագահ Էսհաղ Ջհանգիրին: Եկավ մեծ պատվիրակությամբ, որ ՀՀ ամբողջ տնտեսությունը «գույքագրի» ու պարզի՝ պատրա՞ստ է Հայաստանն իրական համագործակցության: «Հարաբերությունների զարգացման համար սահմանափակումներ չկան»՝ Ջհանգիրիի հայտարարությունն ավելի շատ քաղաքական է, քան տնտեսական: Հիմա Հայաստանը պիտի պատասխանի՝ պատրա՞ստ է սահմանափակումներ չունեցող հարաբերությունների: Այս հարցի պատասխանից հետո Հայաստան կգա ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին՝ ստորագրելու հարաբերությունները գործնական դարձնող համաձայնագրեր, եթե Երևանը «այո» ասի, իսկ եթե մենք դեռ «ոչ»-ի շրջանակներում ենք, ոչ Հասան Ռոհանին կգա Երևան, ոչ Սերժ Սարգսյանը կգնա Թեհրան, իսկ Էսհաղ Ջհանգիրիի այցը պատմությանը կթողնի լավագույն մտադրությունները, որոնք չեն կատարվելու այնքան, քանի դեռ Ռուսաստանը Իրանի հետ ունի քաղաքական դաշնակցի, բայց տնտեսական մրցակցի հարաբերություններ: Պայմանավորվածությունները տպավորիչ են՝ կողմերն անդրադարձել են Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցմանը, որը 2018-ին պիտի ավարտվի, Մեղրիի ՀԷԿ-ի կառուցմանը, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին, Հայաստան-Իրան երկաթգծի նախագծին, Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրերին, տարածաշրջանային մյուս երկրների հետ համագործակցությամբ Պարսից ծոցը Սև ծովին կապելուն, մաքսային մեկ պատուհանի ստեղծմանը՝ սահմանային Նորդուզ կետում։ Իբրև տեղեկանք՝ ԱՎԾ-ի տվյալներով, անցած 8 ամիսներին Հայաստանի և Իրանի միջև 178 միլիոն դոլարի առևտուր է եղել, որ Հայաստանի արտաքին առևտրի 5,9 %-ն է: Իրանը Հայաստանի չորրորդ առևտրային գործընկերն է՝ ԵՄ-ից, ՌԴ-ից և ՉԺՀ-ից հետո: Այցը ներառում էր գործարար համաժողով, երբ ԻԻՀ փոխնախագահը վերահաստատեց՝ «Հայաստանը և Իրանն ունեն բազմադարյա բարիդրացիական հարաբերություններ, որոնք միշտ եղել են երկու երկրների ժողովուրդների բարեկամության հիմքում: Հայաստանն իր հատուկ տեղն ունի Իրանի արտաքին քաղաքականության մեջ, և մենք որևէ սահմանափակում չունենք Հայաստանի հետ մեր հարաբերությունները զարգացնելու առումով»: Կընդլայնի՞ գործարար համաժողովը գործարար կապերը: Գուցե պարադոքսալ է, բայց դա կապված է նաև ԵՄ-ի Հայաստանին ներկայացրած պահանջների կատարման հետ. գործարարության ու ներդրումների համար թե Արևմուտքը, թե Արևելքը Հայաստանում որոնում են նույնը՝ բարենպաստ մթնոլորտ, այսինքն՝ վստահություն, որ հայերը չեն գցի, բյուրոկրատական քաշքշուկներ չեն ստեղծի, դատարանները որոշումները կաշառքով չեն կայացնի, հարկային օրենքները կգործեն օրենքի շրջանակներում, հավասար պայմաններ կլինեն, և տնտեսության մեջ գործող մոնոպոլիաները շուկան չեն փակի «օտարների» առաջ: Միայն այդ դեպքում Հայաստանում կարվեն ներդրումներ, և այդ ներդրումները արդյունք կտան:
Անցած շաբաթ Հայաստանում ներդրումի հայտ ներկայացրեց Արա Աբրահամյանը՝ քաղաքական ներդրումի: ԳԱԱ նիստերի դահլիճում ասուլիսը խնդիր ուներ ի սկզբանե հաստատել նրա մտադրությունների ծանրակշիռ լինելը: Հասկանալի չէր ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի ներկայությունը: Եթե, իհարկե, ԳԱԱ նախագահը չի պատրաստվում դառնալ ապագա կուսակցության անդամ: Կուսակցություն, որով Արա Աբրահամյանը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին՝ իշխանափոխության մտադրություն չունենալով: Ինչո՞ւ է գալիս ՌԴ հայերի միության նախագահը Հայաստան: Գուցե քաղաքական ու իրավական փորձառության պակա՞սն է հայրենիք մղում: Համենայն դեպս՝ ո՞ր իրավաբանը պիտի նրա համար իրավական հիմք գտնի մասնակցելու Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, եթե նա Հայաստանում չի բնակվում: Նույնիսկ եթե հիմա գործը մի կողմ թողնի ու հաստատվի Հայաստանում, երկուսուկես տարին օրենսդրորեն բավարար չէ: Անձնական մասնակցության խնդիրը դուրս է գալիս: Չի աշխատելու «հայկական Իվանիշվիլու» հաշվարկը՝ գործող օրենքներով հայաստանյան կուսակցությունները չեն կարող արտասահմանից ֆինանսավորվել: Արա Աբրահամյանը ինքն էլ դեռ հստակ չի որոշել՝ նոր կուսակցությո՞ւն ստեղծի, թե՞ գործակցի եղած կուսակցությունների հետ: 2016-ի գարնանը կերևա: Ի՞նչ է անելու մինչ այդ: Հասարակական ու կուսակցական տեսակետնե՞ր է ուսումնասիրելու: Ոչ, նա գալիս է խորհրդարանը վերահսկելի դարձնելու համար, եթե դեկտեմբերի 6-ին Հայաստանը փոխի կառավարման համակարգը և անցնի խորհրդարանական կառավարման: Ռուսաստանում չեն հասկանում՝ ինչ շիլա է եփվում Հայաստանում, և որովհետև չեն հասկանում, որոշել են լինել ոչ թե համտեսող, այլ եփող: Այդպես անվտանգ է: Կրկեսը վերածվում է փորձադաշտի: Իսկ փորձի արդյունավետության համար պետք է անձամբ ծրագրել ու կատարել: Որպես փորձի «անկողմնակալության» հավաստիք՝ Արա Աբրահամյանը ասել է. «Պուտինը միշտ ճիշտ է»: Վերջ: Արդեն բոլորովին կարևոր չէ, որ կուսակցություն ստեղծելը քաղաքի կենտրոնում ու մարզերում գրասենյակ ունենալը, ամիսը մեկ-երկու հարցազրույց տալը չէ: Կուսակցությունը անդամներ պիտի ունենա: Ովքե՞ր են անդամակցելու այդ կուսակցությանն ու ինչու: Հին գվարդիա՞ն է հավաքվելու, որ նախ հեռացավ ՀԺԿ-ից, հետո ԲՀԿ-ից: Կձգե՞ն մի գործ, որի համար աշխատել է պետք: Նորի՞ց գլխավորը դառնալու է ընտրություններից հետո պետական կառույցներում աշխատանք ստանալը, հընթացս փող-մող աշխատելը: Հայաստանում համարյա բոլորը կուսակցական են, ավելին՝ մի քանի կուսակցություն են փոխել: Ո՞ր կուսակցությունից է Արա Աբրահամյանը անդամներ տանելու: Չի բացառվում, որ նա զուգահեռ ֆինանսավորի նորաստեղծ կամ հայտնի կուսակցություններին: Սեփականը կարող է և ձախողվել, պետք են փոխարինող կազմեր: Խնդիրը մեկն է, լուծողները կարող են տարբեր լինել: Մինչև 2016-ի գարուն երկար ժամանակ կա՝ քաղաքական ժամանակ՝ դեկտեմբերի 6-ի հանրաքվեում եթե կառավարման մոդել չփոխվի, Արա Աբրահամյանի հայրենիք վերադառնալու ծրագրերը կարող են փոխվել: Ինչո՞ւ ոչ: Եվ մի հարց էլ՝ Արա Աբրահամյանի ֆինանսական կայսրությունը ո՞վ է կառավարելու, եթե նա քաղաքական կայսրություն է ստեղծում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Ամենաանսպասելի նորությունը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի ԵԱՏՄ բարձրաստիճան պաշտոնյա դառնալն էր: 2016-ի փետրվարի 1-ից: Նախկին վարչապետի, որ համարվում էր Արևմուտքի «պաշտպանյալ», որ դեմ էր ՀՀ անդամակցությանը ԵԱՏՄ-ին, բայց հետո իրականացնում էր գործընթացը: Նրա թեկնածությունը պաշտպանել է ինքը՝ ՌԴ նախագահը: Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում, նախագահելու է ԵԱՏՄ-ում, ու ի՞նչ: Ոչինչ: Ռոտացիոն, ժամանակավոր համընկնում, ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ ռազմական ակնկալիքներ մի ունեցեք: Մոսկվան արտաքին «հավասարակշռություն» է ստեղծում՝ Իրանի հետ բանակցող, ԵՄ-ի հետ բանակցող Հայաստանը, միևնույն է, ԱՊՀ, ԵԱՏՄ անդամ է ու սուզանավից ոչ մի տեղ չի կորչի: Իսկ Տիգրան Սարգսյանը կաշխատի ու կվերադառնա Հայաստան՝ Հովիկ Աբրահամյանի աչքը լույս: Այնուամենայնիվ, սահմանադրական բարեփոխումներն էլ հավելենք ու հասկանանք՝ Հայաստանում շրջադա՞րձ է ծրագրվում: Դեպի ո՞ւր: Իսկ ընդհանրապես ընտրության հարց է՝ եթե Մհերը մտավ քարանձավ, որովհետև հողը չէր պահում, ռուսական բիլինայի հերոս Սվյատոգորը, ում նույնպես մայր հողը չէր պահում, բնակության վայր ընտրեց Սուրբ լեռները: Այնպես որ՝ ցանկացած թռչուն ոչ միայն Դնեպրի կեսին, մյուս ափն էլ կհասնի, եթե ուզում է:

Դիտվել է՝ 1030

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ