«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Թուրքիայի երեք տարբերակները

Թուրքիայի երեք տարբերակները
18.10.2015 | 15:49

Նոյեմբերի 1-ին Թուրքիայում Ազգային մեծ ժողովի ընտրություններն են՝ այս տարի արդեն երկրորդ խորհրդարանական ընտրությունները: Եթե հունիսին նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը պայծառ սպասումներ ուներ, որ հերթական հաղթանակը կտանի և օրակարգ կբերի սահմանադրական բարեփոխումները՝ Թուրքիան խորհրդարանականից փոխադրելով նախագահական կառավարման մոդելի, այսօր Էրդողանն ունի ավելի պարզ խնդիր՝ տանուլ չտալ: Իսկ ի՞նչ է նշանակում տանուլ չտալ՝ նվազագույնը հաղթել ընտրություններում, առավելագույնը՝ ստանալ ձայների մեծամասնությունը՝ միակուսակցական կառավարություն կազմելու համար: Կոալիցիոն կառավարության կազմավորման հնարավորությունը «Արդարություն և զարգացումը» մերժեց հունիսյան ընտրություններից հետո՝ չցանկանալով դաշինք կազմել և կառավարմանը մոտ թողնել քրդական կամ քրդամետ ուժերին: Իսկ ինչպե՞ս: Էրդողանի խնդիրն էր քրդերին վարկաբեկել հենց քրդաբնակ շրջաններում, ընտրվեց ահաբեկչությունների տարբերակը՝ ներկայացնել, որ կատարվողը ոչ թե թուրք-քրդական բախումներ են, այլ՝ պարզապես ահաբեկչություն: Սա միանգամայն շահեկան տարբերակ է՝ թե ներքին, թե արտաքին քաղաքական ասպարեզում: Ո՞վ կարող է մեղադրել ահաբեկչության դեմ պայքարող իշխանությանը, երբ այսօր ամբողջ աշխարհն է ահաբեկչության դեմ կամ պայքարող, կամ ահաբեկչության զոհ: Իրավիճակից վարպետորեն հանվեց ազգամիջյան բախումների բուն բովանդակությունը և ցուցանակին գրվեց՝ պայքար ահաբեկչության դեմ: Որքանո՞վ է համարժեք իրականությանը: Թուրքիայի ներսում Էրդողանը բավարար ուժեր ունի՞, որ «համախմբի» թուրք ժողովրդին: Այսօր Թուրքիան ավելի շատ մտահոգված է կայունության վերականգնումով, քան որևէ այլ խնդրով, ու դրա վրա է Էրդողանի խաղը: Նրան պետք չէ լինել քաոսի կառավարիչ, նրան պետք են քաոսին հաղթողի դափնիներ: Ինչ-որ երկար ժամանակ էր՝ Թուրքիան մոռացել էր, թե ինչ է նշանակում ահաբեկչություն, արյունահեղություն, ձերբակալություններ, սպանություններ, անհայտ կորածներ ու պարզապես վախ, վախ՝ փողոց դուրս գալուց, ունեցվածքը կորցնելուց, զավակների համար: Մարդիկ, կարծես, կորցրել էին վախը ու ավելին էին ուզում, քան ունեին: ՈՒ հիմա նրանք հայտնվել են սպասողական վիճակում, երբ պիտի գոհ լինեն ահաբեկչությունների դադարեցումից արդեն, այսինքն՝ մի քանի ամսում Թուրքիան մի քանի տասնամյակով հետ գնաց:
Ի՞նչ տարբերակներ կան նոր ընտրություններում: Առավելագույնը՝ երեք:
Առաջին՝ կարող է կրկնվել նախորդ ընտրությունների պատկերը՝ քրդական կուսակցությունները նորից հավաքեն անհրաժեշտ ձայները և մտնեն խորհրդարան՝ նորից կստացվի 4 կուսակցություններից կազմված խորհրդարան, այսինքն՝ կառավարությունը կարող է լինել միայն կոալիցիոն: Դա նշանակում է, որ Էրդողանը վերադառնում է ելակետ:
Երկրորդ՝ «Արդարություն և զարգացումը» ստանում է առավելագույն քվեներ և միայնակ է կազմավորում կուսակցություն, իսկ քրդամետ ուժերը կորցնում են նախորդ ընտրություններում իշխող քաղաքական ուժից տարած ձայները: Սա Էրդողանի համար քաղաքական կարիերայի գագաթնակետն է, որ ճանապարհ է բացում դեպի սահմանադրական հանրաքվե:
Երրորդ՝ քրդամետ ուժերը ստանում են ավելի շատ ձայներ, քան նախորդ ընտրություններում, «Արդարություն և զարգացումը» չի հաղթում ընտրություններում: Սա Էրդողանի համար վերջակետ է քաղաքական կարիերայում: Բայց սա նվազ հավանական տարբերակ է: Չափազանց շատ են թեժ կետերը տարածաշրջանում, որ թույլ տրվի բազմամիլիոնանոց Թուրքիան մխրճել քաոսի մեջ վերջնականապես:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.
Իսկ հայե՞րը: Թուրքիայում ասուպի երկնքում հայտնվելուց սկսած մինչև փոթորիկը ծովում հայերն են անում: Բնականաբար՝ ստեղծված իրավիճակում խորանալու են ազգային փոքրամասնությունների նկատմամբ կասկածամտությունն ու թշնամանքը, դա թուրքական մտածողության անբաժանելի մասն է: Ոչ մի կապ չունի, որ հայերը չեզոք են, կամ իշխանությանն են պաշտպանում, նրանք անհուսալի են, որովհետև հայ են: Բայց կա ավելի կարևոր խնդիր, եթե իսկապես ստեղծվի անկառավարելի իրավիճակ, եթե ՆԱՏՕ-ն հարկադրված լինի զորք մտցնել Թուրքիա, եթե երկրի մասնատումը ժամանակի մեջ դառնա անխուսափելի, ի՞նչ է կատարվելու պատմական Հայաստանի տարածքում: Եվ ի՞նչ կարող են անել հայերը Արաքսի այս ու այն ափերին այդ ժամանակ:

Դիտվել է՝ 1778

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ