«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մոսկվա-Անկարա. խզում չի լինի, նստվածք կմնա

Մոսկվա-Անկարա. խզում չի լինի, նստվածք կմնա
13.10.2015 | 12:44

Պուտինի համար սիրիական ճգնաժամը աշխարհաքաղաքական շախմատ է, Էրդողանի համար՝ սպառնալիք երկրի ապագային


Պաշտոնական Մոսկվան լռում է, փոխարենը Անկարան, ներառյալ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, խոսում է անընդմեջ: Եվ՝ բավականին տհաճ Ռուսաստանի ղեկավարության համար: Երբեմնի համարյա թե դաշնակիցներ ու համաշխարհային արևմտյան հեգեմոնիայի դեմ պայքարի մարտիկներ Էրդողանն ու Պուտինը այսօր կոնֆլիկտի մեջ են:


«Արաբական գարնան» թոշնած ծաղիկները
Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահներն ընդհանրություններ շատ ունեն: Երկուսն էլ չեն սիրում Արևմուտքը, արհամարհում են ընդդիմությանը, խորթ չեն դավադրությունների տեսությանը և պատրաստ են վճռական գործել սեփական իշխանության պաշտպանության համար: Եվ Պուտինը, և Էրդողանը իրենց համարում են «հասարակ մարդկանց» խորքային ցանկությունների արտահայտիչ և չեն վստահում ինտելեկտուալներին: Մինչև 2011-ը Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունները վերելքի մեջ էին: Ռուսաստանին դուր էր գալիս, որ Էրդողանը բավականին սառն է վերաբերվում այն ամենին, ինչ երկար տարիներ եղել է աշխարհիկ Թուրքիայի կառավարման հիմքում՝ քաղաքականության մեջ բանակի դերին, դեպի ԵՄ կողմնորոշմանը, ՆԱՏՕ-ի անդամությանը: Երկու երկրների տնտեսական կապերն ամրապնդվում էին օրեցօր, իսկ ռուս զբոսաշրջիկների հոսքը Թուրքիա չէր նվազում: 2011-ին Ռուսաստանն ու Թուրքիան անցան պարզեցված անցագրային կարգի: Տարաձայնությունները սկսեցին մի քանի ամիս անց՝ Սիրիայի իրավիճակի և ընդհանրապես «արաբական գարնան» պատճառով: Էրդողանը, որ այդ ժամանակ վարչապետ էր, սկսված իրադարձությունների մեջ շանս տեսավ Թուրքիան դարձնել արաբական կառավարությունների ու ժողովուրդների «դաստիարակ» չափավոր իսլամի հիմքի վրա ժողովրդավարության կառուցման գործում: Նա մի քանի այց կատարեց տարածաշրջանում (պարզվեց՝ ապարդյուն)՝ ամրապնդելու իր նոր դերը: Սիրիայի նախագահի հետ Էրդողանին կապում էր անձնական մտերմությունը: Թուրքիայի վարչապետը փորձում էր դառնալ Բաշար Ասադի հովանավորն ու հրահանգիչը: Բայց ամեն ինչ փոխվեց, երբ պարզվեց, որ Ասադը մտադիր չէ բարեփոխումներ անել և պատրաստ է ցանկացած դիմադրություն արյան մեջ խեղդել: Թուրքիա լցվեցին փախստականները, իսկ Թուրքիայից՝ Սիրիա տարատեսակ իսլամիստները: 2012-ից Անկարան դարձավ Դամասկոսի թշնամին: Դիվանագիտական հարաբերությունները դադարեցվեցին:


Ռուսաստանի խաղերը և Թուրքիայի ապագան
Ի տարբերություն Թուրքիայի ղեկավարության, Մոսկվայի համար արաբական երկրներում հեղափոխությունների ալիքը «ժողովրդավարության առաջմղման» ամերիկյան քաղաքականության հետևանք էր, որ սկսվել էր 2003-ին Իրաքից: Անկարգությունների ամենասկզբից Ռուսաստանը աներեր պաշտպանեց Բաշար Ասադին: 2012-ի մայիսին նախագահական աթոռ Վլադիմիր Պուտինի վերադարձի պահից դա դարձավ Մոսկվայի մերձավորարևելյան քաղաքականության կարևորագույն մաս և նկատելիորեն սառեցրեց հարաբերությունները Էրդողանի կառավարության հետ: Եթե Պուտինի համար քաղաքացիական պատերազմը Սիրիայում ԱՄՆ-ի քաղաքականությանը դիմակայելու հնարավորություն է՝ հեռավոր սահմանների վրա, թուրքերի համար հարյուր հազարավոր փախստականներ են, իսլամիստական արմատականների հետ պայքարում խեղդվող հատուկ ծառայություններ և նորից սրված քրդական հարց: Թուրքիայի համար Սիրիայի շուրջբոլորը կատարվողը մարտահրավեր է իր ապագային: Պուտինի համար՝ առայժմ աշխարհաքաղաքական շախմատ, սուսերով մենամարտ Վաշինգտոնի հետ: Ղրիմի անեքսիան Անկարայի կողմից դատապարտվելուց և «Թուրքական հոսք» գազատարի շինարարության ձգձգումներից հետո Պուտինն իրեն առանձնապես պարտավորված չի զգում թուրք գործընկերոջ առաջ: Եթե Մոսկվայի նպատակը Բաշար Ասադին օգնելն է և Սիրիայի տարածքում սեփական անկլավը պահելը (կարծես թե՝ հենց այդպես է), ռուսական ռազմական ներկայությունը տարածաշրջանում կդառնա մշտական և բավականին նշանակալից: Կմեծանա Իրանի դերը, ում հետ Անկարան բարդ հարաբերություններ ունի, և Իրաքի կախումը Թեհրանից (առանց այդ էլ՝ մեծ): Ամերիկան, ավելի շուտ, տարածաշրջանում հենարան կորոնի և կգտնի ի դեմս քրդերի, որ փաստորեն արդեն ստեղծել են իրենց պետությունը Իրաքի արևմուտքում և կարող են ընդարձակել ի հաշիվ Սիրիայի քրդական շրջանների: Այդ դեպքում Թուրքիայի քրդերը կարող են հրաժարվել մեծ ինքնավարության գաղափարից և անկախություն պահանջել: Պարզ է, որ միայն ռուսական քաղաքականությունը չէ Անկարայի գլխացավանքը, բայց Կրեմլը ամենանոր և անկանխատեսելի գործոնն է Անկարայի համար:


Շախմատիստ Պուտինը և նեղացած Էրդողանը
Էրդողանը նյարդայնանում է: Նա նույնիսկ սպառնացել է Մոսկվային դադարեցնել էներգակիներ գնելը: Հազիվ թե նա կարողանա իր սպառնալիքը կատարել: Թուրքիային մատակարարվող ռուսական գազի ծավալը բավականին մեծ է և մի ժամում վերցնել ու հրաժարվել չի ստացվի: Փոխարենը Թուրքիայի նախագահի մյուս սպառնալիքը՝ խզել Ռոսատոմի հետ պայմանագիրը Թուրքիայում առաջին աէկ-ի կառուցման վերաբերյալ, ցանկության դեպքում ավելի հեշտ է կատարել՝ նախագիծը դեռ նախնական փուլում է: Հարաբերությունները ավելի կսրվե՞ն: Իրականում կողմերից ոչ մեկը դա չի ուզում: Չափազանց լուրջ են Թուրքիայի ու Ռուսաստանի փոխադարձ տնտեսական շահերը: Իրական վատթարացում հնարավոր է, եթե ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները որոշեն ակտիվ դիմակայել Ասադի վարչակարգը պահպանելու ռուսական փորձերին: Թուրքիայի համար ալյանսի հետ լավ հարաբերությունները հիմա թիվ մեկ գերակայությունն են: Անկարայում չեն ցանկանում առանց աջակցության մնալ անվտանգության ամենասուր ճգնաժամի պայմաններում՝ սկսած Իրաքի Քուվեյթ ներխուժման և Պարսից ծոցի առաջին պատերազմի ժամանակներից: Եթե արևմտյան կոալիցիան հնարավորություն գտնի ինչ-որ կերպ համատեղվել ռուս զինվորականների հետ Սիրիայում (իսկ դա չի բացառվում), Ռուսաստանն ու Թուրքիան, թերևս, կկարողանան հարթել տարաձայնությունները, բայց նախկին բարեկամությունը չի լինի, նստվածքը չխմած գինուց մնում է երկար:


Կոնստանտին ԷԳԵՐՏ, "Deutsche Welle"
Հ.Գ. Գերմանիայից Թուրքիան ու Ռուսաստանը այսպիսին են երևում, իսկ տարածաշրջանում, թերևս, այլ պատկեր է՝ օդային տարածքների խախտումներ, Անկարա-Մոսկվա տանդեմի ջերմ վերաբերմունք Բաքվին ու զգուշավորություն Թեհրանից՝ բոլոր դեպքերում չափազանց շատ հարցերում է Թեհրանը Մոսկվայի մրցակից և գուցե միայն Դամասկոսն է նրանց միավորում: Ամեն ինչ շատ ավելի խճճված է, քան երևում է Բեռլինից, որովհետև, բացի միմյանց հետ ունեցած հարաբերություններից, Մոսկվան ու Անկարան շահեր ունեն տարածաշրջանում՝ երբեմն նույնական, երբեմն՝ ներհակ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1225

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ