«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ինչո՞ւ ցեղասպանության նախաձեռնողները և ճամփա հարթողները չեն վիճարկվում

Ինչո՞ւ ցեղասպանության նախաձեռնողները և ճամփա հարթողները չեն վիճարկվում
29.09.2015 | 11:00

Շուտով 2015-ը կավարտվի, առաջին հարյուրամյակը Հայոց ցեղասպանության: Ժամանակին թուրքական կառավարությունը՝ քեմալականները, որոնք երիտթուրքերի հետնորդներն էին, ոճրագործներին դատապարտեցին, սակայն ցեղասպանության նախաձեռնողները չնշվեցին: Չքննարկեցին, թե ինչպես Թուրքիան մասնակցեց պատերազմին, թեպետ Թուրքիայի նախարարների խորհուրդը և ավագ հանձնաժողովը դեմ էր, որ Թուրքիան պատերազմին մասնակցի: 1914-ի հոկտեմբերին երկու ռուսական նավահանգիստները՝ Թեոդոսիան և Նովոռոսիյսկը, Սև ծովում ռմբակոծել էին երկու գերմանական ռազմանավերը՝ «Գոբենը» և «Բրեսլավը», որոնք պաշտոնապես թուրքական տիրապետման տակ էին, որից հետո, նոյեմբերի 5-ին, դաշնակիցները պատերազմ հայտարարեցին Թուրքիային:
Ավստրո-հունգարական դեսպան Մարքրաֆ Պալավիչինին նոյեմբերի 5-ի զեկույցում գրել է. «Այսօր պարզ դարձավ, որ Գերմանիայի ծովակալ Սուխոնը նախօրոք մանրամասնորեն ծրագրված պլանով է հարձակումը կատարել, և կառավարական հաղորդագրության մեջ ճշմարտությունը չի գրվել: Ռուսական հարձակում երբևիցե չի եղել: Երբ ես անցյալ կիրակի արքայազն Հալիմ փաշային Ենիքոյում այցելեցի, նա ինձ հստակ ասաց՝ ինչպե՞ս կարելի է, որ մի գերմանական ադմիրալ այս կերպ Թուրքիայի ճակատագրի հետ վարվի: Երբ թուրքերի խորհրդարանը տեղեկացավ այդ հարձակման մասին, պատգամավորները ցնցվեցին: Որոշ նախարարներ իրենց հրաժարականները հանձնեցին, և երբ իշխան Հալիմ փաշան՝ մեծ վեզիրը, նույնպես ուզում էր հանձնել իր հրաժարականը, ներքին գործերի նախարար Թալեաթը, սպառնալով, չթողեց»,- հաղորդում է Պալավիչինին: Սակայն այդպիսով գերմանացիները ոչ միայն Թուրքիայի ճակատագրին տիրապետեցին, այլև հայ ժողովրդի: Պատերազմում թուրքերի ընդգրկվելը անհանգստացրեց հայերին: Բնաջնջման վախը երիտթուրքերի կողմից, սկսած Ադանայի 1909-ի ջարդերից, դեռ թարմ էր հայերի հիշողության մեջ: Ավելին, նրանք պատերազմի պատճառով անջատված էին իրենց պաշտպանող երկրներից՝ Ռուսաստանից, Անգլիայից և Ֆրանսիայից: Գերմանացիներն առաջարկել էին թուրքերին հայերին վնասազերծել: Ավստրո-հունգարական երկու փաստաթղթեր վկայում են դա: 1915-ի հոկտեմբերի 22-ին Ավստրիայի հյուպատոս Քվիատկովսկին Տրապիզոնից զեկուցում է.
«Իմ սովորաբար հավաստի գերմանական աղբյուրից իմացա, որ առաջին առաջարկը հայերի վնասազերծման, բայց ոչ այս տարօրինակ ձևով, գերմանացիների կողմից էր»: Իսկ 1915-ի նոյեմբերի 10-ին Ավստրո-Հունգարիայի հյուպատոս Նադամլենցկին Ադրիանուպոլսից հաղորդում է. «Թուրքիայում գերմանական առևտրի ակնկալվող ընդլայնումը... անհրաժեշտություն է տեսնում ապագայի համար հեռացնել բոլոր մրցակիցներին: Այն փաստը, որ գերմանացի սպաները ներկա էին քրիստոնյաների արտաքսմանը Օզուն Քուփրից և ոչինչ չարին կանխելու համար, արդեն գոյություն ունեցող գուշակումը հաստատեց: Ցավոք, մինչ օրս ինձ չհաջողվեց իմ երաշխավորից տեղեկանալ նրա կամ նրանց անունները, ովքեր հայտարարել են, որ Գերմանիան ցանկանում է հայերի հալածանքները: Նա միայն հավաստիացրեց ինձ, որ դա մի ազդեցիկ անձնավորություն է, ով սերտ կապի մեջ է կոմիտեի հետ և գիտի բոլոր գաղտնիքները»:
Դա նշանակում է Առաջին համաշխարհային պատերազմից օգտվելով՝ մրցունակ հայերին իրենց հայրենիքից՝ թուրքական Հայաստանից, արտաքսել կամ էլ ջարդի ենթարկել: Գերմանացիները նույնիսկ հերքել են հայերի դեմ վայրագություններն ու ջարդերը: 1915-ի դեկտեմբերի 17-ին Տրապիզոնից մի զեկուցագրում գրված է.
«Հատկանշանական է գերմանական հյուպատոսների վերաբերմունքը այստեղի և Էրզրումի հայերի հետապնդումներին: Նրանք ակնհայտորեն փորձում են հերքել բազմաթիվ սպանությունները, թեև կոմս Շուլենբուրգը, ինչպես մի գերմանացի ուղեկից ինձ պատմեց, արդեն Էրզրումի ճամփին բռնություններից համոզվել էր, և դրա մասին սպաների ու ժանդարմների վկայություններ կային»:
Թեպետ ավստրո-հունգարական փաստաթղթերում գրված է, որ հայերի սպանություններն արդեն 1915-ից էին սկսվել, բայց կատարվում էին ընտրողաբար, որ կասկած չառաջանա, թե հայերի ընդհանուր ջարդն սկսվել է:
Սակայն մեծ կոտորածի ճամփան հարթողն անգլիացիներն էին: Մարտին դաշնակիցները ծրագրել էին Դարդանելի վրա ռազմածովային հարձակումով Կոստանդնուպոլիսը նվաճել: Միաժամանակ՝ ռուսական նավատորմը Սև ծովից զորքեր պիտի իջեցներ Կոստանդնուպոլսո ափեր: Կոստանդնուպոլսի գրավումը, դաշնակիցների հաշվարկով, պատերազմը Թուրքիայում ժամանակից շուտ կավարտեր և թույլ կտար դաշնակիցներին իրենց ուժերը կենտրոնացնել եվրոպական ճակատներում:
1915-ի փետրվարի 11-ին Դարդանելի ամրությունների ռմբակոծումը սկսվեց: Մարտի սկզբին Դարդանելի արտաքին պատնեշներն ավերվել էին: Վճռական հարձակման ժամանակ մարտի 19-ին դաշնակիցները կորցրին երկու նավ, մեկ նավ վնասվեց: Հարձակումն անգլիացիները դադարեցրին: Երբ Դարդանելի հարձակումը կասեցվեց, ՈՒինստոն Չերչիլը, որ ծովային նախարարն էր, տեղեկացրեց. «Մենք գիտենք, որ Թուրքիայի ամրությունները, զինամթերք չունենալով, տառապում են, որ գերմանական սպաները շտապ զինամթերք են պահանջում: Այս ամենը պարզում է, որ այժմ հարձակումը մեթոդաբար և վճռականորեն պետք է շարունակվի, օր և գիշեր: Անխուսափելի կորուստները պետք է ընդունվեն»: Գերմանական պաշտոնական զեկույցում գեներալ Լիման ֆոն Սանդերսը՝ Դարդանելի նեղուցների պաշտպանության ղեկավարը, հաստատում է Չերչիլի գրածը. «Թուրքիայի զինամթերքի մեծ մասն արդեն սպառված է»: Ի՞նչ կկատարվեր, եթե պայքարը 19-ին և հաջորդ օրերին շարունակվեր: Սակայն Անգլիայի կառավարությունը հրաժարվեց Դարդանելի գրավումից: ՈՒինստոն Չերչիլը գրել է իր գրքում.
«Նավատորմի գործունեությունում մարդկային կորուստները քիչ կլինեին: Նավատորմի ամբողջ կորուստն ընդամենը երկու նավ էր, մի նավ էլ վնասված էր: Հին նավերն արդեն զորացրվելու էին: Ինչո՞ւ հարձակումը չպիտի շարունակվեր»: Հաջորդ նիստում Չերչիլը ադմիրալներին առաջարկեց հարձակումը շարունակել: Նա գրում է. «Սակայն անմիջապես անհաղթահարելի դիմադրություն ունեցա: Ես ստիպված էի անհաճո դրության մեջ հրաժարվել իմ պլանից: Առաջին ծովակալը՝ լորդ Ֆիշերը, աշխատեց մխիթարել. «Դուք շատ սխալ եք անում ձեզ անհանգստացնելով,- գրեց նա ինձ ապրիլի 24-ին:- Փորձեք մտածել, որ մենք Իսրայելի տասը կորսված ցեղերն ենք: Մենք վստահ հաղթելու ենք»: Այնուհետև Չերչիլը գրում է.
«Եթե դուք արդյունքների լույսի ներքո գնահատեք, ճիշտ չէ՞ր, որ ես անհանգստանում էի»: Չերչիլը հրաժարական տվեց: Ադմիրալ սըր Ռոջեր Քիյսը՝ Դարդանելի ականազերծման պատասխանատու սպան, գրել է. «Ես ուզում եմ արձանագրել, որ ես ոչ մի կասկած չունեի, և այսօր էլ ոչինչ չի կարող իմ կարծիքը փոխել, որ ապրիլի 4-ից նավատորմը կարող էր նեղուցները նվաճել և քիչ կորուստներով՝ համեմատած բանակի կորուստների հետ, կկարողանար բավարար ուժերով Մարմարա ներխուժել, և քանի որ մենք դա չփորձեցինք, միլիոնավոր կյանքեր կորան, և պատերազմը երեք տարի երկարեց»:
Նույնիսկ Էնվեր փաշան՝ Թուրքիայի ռազմական նախարարը, խոստովանել է. «Եթե անգլիացիները ավելի ռիսկով լինեին և իրենց նավերը Դարդանելում ավելացնեին, նրանք Կոստանդնուպոլիս կհասնեին»:
Դարդանելում նեղուցների պատերազմի վերլուծությունը՝ հիմնավորված այնպիսի վկայություններով, ինչպիսիք են Չերչիլի, Քիսի, Լիման ֆոն Սանդերսի և Էնվեր փաշայի, բերում են այն եզրակացության, որ Անգլիան Դարդանելի պատերազմը միտումնավոր կասեցրեց: Նշանակալից է Անգլիայի ռազմական նախարար, լորդ Քիշների խոսքը գեներալ Համիլտոնին, ում նա Գալիպոլի էր ուղարկել: Քիշներն ասել է, որ չի հավատում հաղթանակին, որը համարյա թե իր դաշնակցի գիրկը պիտի գցվի:
(1915-ի մարտին Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը գաղտնի պայմանագիր կնքեցին, որ պատերազմից հետո Կոստանդնուպոլիսը, Արևելյան Անատոլիա-Թուրքահայաստանը ռուսներին պիտի տրվեր, մի քայլ, որի դեմ Անգլիան հարյուր տարուց ավելի պայքարել էր:) Անգլիական կառավարությունը գերմանացիների կողմից արդեն զգուշացվել էր: Ավստրո-հունգարական մի զեկույցում՝ 26 օգոստոսի 1914, ասվում է, որ ԱՄՆ-ի դեսպան Մորգենթաուն իր գերմանացի գործընկեր Վանգենհայմին, ԱՄՆ-ի և Անգլիայի անունից հարցրել էր քրիստոնյաների ապահովման մասին: Վանգենհայմը պատասխանել էր. «Եթե Անգլիան Դարդանելի կամ որևէ այլ թուրքական նավահանգստի վրա չհարձակվի, ոչ մի վախ չի լինի: Հակառակ դեպքում ոչինչ չի կարելի երաշխավորել»: Բայց Անգլիան հարձակվել էր Դարդանելի վրա և դիտավորյալ կանգ առել: Արդյոք Անգլիան հայերի ջա՞րդն էլ էր հաշվարկել: Թուրքահայաստանը առանց հայերի եվրոպական երկրների համար ամենալավ երաշխավորությունն էր, որ Ռուսաստանը չի կարողանա ներխուժել Թուրքահայաստան: Ալան Մորհեդն իր «Գալիպոլի» գրքում գրել է. «Աբսուրդ կլինի հաստատել, որ դաշնակիցների սխալը Դարդանելում միակ մոտիվն էր հայերի կոտորածի, բայց մարտի 18-ը իրենց շնորհեց այդ հնարավորությունը: Այդ հաղթանակից հետո սկսվեց ցեղասպանությունը, և դրա ազդեցությունը թուրքերի հոգեբանության վրա հոյակապ էր»: Յոզեֆ Պոմիանկովսկին՝ Ավստրո-Հունգարիայի ռազմական կցորդը Կոստանդնուպոլսում, գրել է «Օսմանյան կայսրության փլուզումը» գրքում. «1915 թ. մարտի 18-ին Դարդանելի հաղթանակը թուրք ժողովրդի, հատկապես Կոստանդնուպոլսի իշխանության վրա ահռելի տպավորություն է թողնում... Դարդանելում Անգլիայի նավատորմին հաղթելուց հետո, գաղտնի հրաման է արձակվում Փոքր Ասիայում ապրող ամբողջ հայ բնակչությունը հյուսիսային Արաբիայի և Միջագետքի անապատները գաղթեցնելու և այնտեղ վերաբնակեցնելու մասին: Այս բարբարոսական հրամանը, ըստ էության, հավասար էր հայ ժողովրդի բնաջնջմանը Փոքր Ասիայում... Մոտավորապես 1 մլն մարդ զոհվեց այս ձևով, և քանի որ բոլոր հայերի թիվը Փոքր Ասիայում 1200000 էր գնահատվում, Թալեաթը կարող էր 1915-ին ասել՝ հայերի հարցը Թուրքիայում լուծված է և այլևս գոյություն չունի»:
Կոստանդնուպոլսի գրավումը և Թուրքիայում պատերազմի վաղաժամ ավարտը կլիներ հայ ժողովրդի փրկությունը:
Ավստրո-Հունգարիայի դերն այս հարցում եղել է պասիվ: Նա Գերմանիայի հայկական քաղաքականությանն էր հետևում, թեպետ հյուպատոսները մանրամասն հաղորդում էին կոտորածների մասին, բայց Պալավիչինին հայերին օգնելու համար ոչինչ չարեց:
1916-ի մարտի 8-ին Ավստրո-Հունգարիայի հյուպատոս Նադամլենցկին Ադրիանուպոլսից զեկուցում է Պալավիչինիին. «Դժբախտ ժողովուրդը, իրենց հասկանալի վախի և անսահման դժբախտության մեջ, հարցնում են՝ ի՞նչ են անում Թուրքիայի դաշնակիցները: Ի՞նչ են անում Ավստրո-Հունգարիան և Գերմանիան: Ինչո՞ւ չեն միջամտում, ինչո՞ւ չեն օգնում... Ձերդ գերազանցություն, մի՞թե մենք չունենք կարողություն և ուժ, այս վիճակին, որ ծանր ստվեր է գցում մեր հեղինակությանը, վերջ տալու: Որպես ներկայացուցիչ մի քաղաքակիրթ պետության, ծանր զգացում է առաջացնում՝ դիտել այս վարմունքը, չկարողանալ օգնել, և դրա թույլտվությունը չունենալ»:
Երբ պատերազմն ավարտվեց, 1,5 միլիոն հայ զոհվեց Գերմանիայի հակահայկական և Անգլիայի հակառուսական քաղաքականության պատճառով:
100 տարի Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիային հանձնարարվում է բոլոր պետությունների կողմից ճանաչել հայերի ցեղասպանությունը և կարգավորել հետևանքները, բայց ինչո՞ւ ցեղասպանության նախաձեռնողները և ճանապարհը հարթողները չեն վիճարկվում: Երկրներ, որոնք Հայոց ցեղասպանությունը դեռ չեն ընդունել:

Արտեմ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
Պրոֆ., դր., մագ.

Դիտվել է՝ 1251

Մեկնաբանություններ