«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մտավորական, ոտքի՛, ժամն է դատաստանի (քաղաքացիական ֆիդայականության շեփորն է հնչում)

Մտավորական, ոտքի՛, ժամն է դատաստանի (քաղաքացիական ֆիդայականության շեփորն է հնչում)
25.09.2015 | 09:49

Լուսակոլոլ բեմում հավանաբար տաք է,
Զի գրեթե մերկ են տիկնայք բեմում,
Իսկ դահլիճը հարկավ, ցուրտ է ու դատարկ է,
Իսկ դահլիճն իր բաժին պարտությունն է ծամում։
Հովհաննես ՂԱԶԱՐՅԱՆ

ԻՇԽԱՆՆ ՈՒ ՆՐԱ ՃՈՐՏԸ
(այգաբացյան ֆելիետոն)
Այս այգաբացին գլխի ընկա, որ ինքնամոռաց տարված եմ մեր իշխանություններով։ Ես, հարկավ, գիտակցում եմ, որ պատվարժան ընթերցողս քմծիծաղով ընդունեց խոստովանանքս, համարելով դա ձախողուն զավեշտախաղ։ Իզուր։ Զի հայոց իշխանական վերնադասը կատարյալ է, իսկ կատարելությունն անվերապահ արժանի է հիացմունքի։
Նույնչափ էլ արգահատանքի է արժանի անկատարությունը։ Անկատար է հայոց մտավոր դասի ճիշտ 99 տոկոսը։ (1 տոկոսը, նրանց հետ էլ ձեր խենթ ծառան, միաբանվել է «Հայաստան» ժողովրդական նախաձեռնության մեջ, երկնել է գալիք Հայաստանի «Հայք» ծրագիրը և առաջարկում է հայոց իշխանացը կամ մարդակենտրոն կառավարել, կամ էլ հրաժարական ներկայացնել ու անցնել զանգվածային ապաշխարության)։ Մի խոսքով, մենք կամ իշխան ենք, կամ էլ, 131 ներողություն, անմռունչ ճորտ (131¬ը, հարկավ, կռահեցիք, ազգընտիրների պայծառաշուք թվաքանակն է)։
Մի խոսքով, աշունը վերջապես բախեց մեր դուռն ու դարպասը։ Արդեն արյամբ եմ զգում մաճառի եռքը, աշուն է, դեղնակարմիր փշատը փարվել է խաղողի վազին, և նրանք զրնգուն զուգերգով փառաբանում են աշունն ու աշխարհը։
Մի խոսքով, աշնան կենսաբեր բերկրանքից խենթացած ՀՀ քաղաքական այրք և այրուհիք լույսից գիշեր և անգամ խոր քնում փառաբանում են երկրի, քաղկառույցների և իրենց իսկ աղեստամոքսային ապահովության ղեկապետերին՝ ՀՀ-ում, ՌԴ-ում, Արևմուտքում և այլուր։ Նրանք կատարյալ են իրենց մտքերում և կրքերում, ինչպես լուսաբացին շիկակարմիր ծուղրուղու կանչող պատանի աքաղաղը կամ ինչպես ծեր սիրահարը, որը կամրջից հուսահատ վար է նետվում։

ՄԱՐԴԱԿԵՆՏՐՈՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ
(պամֆլետն այս թխվեց կեսօրին, թանապուրից հետո)
Տիարք և տիկնայք մտավորականներ, պաղատում եմ՝ պատասխանեք, ինչո՞ւ եք կարկամել, մի՞թե ձեր գրիչն ու վրձինը, ակնոցն ու մանրադիտակը չեն ըմբոստանում ձեր հնազանդ ձեռքերում։ Դուք, ի սեր Ամենակարողի, խոստովանեք, մի՞թե անհոդաբաշխ ձեր հլության արգասիքը չեն հայրենական և օտարածին հերձվածողների երկրակործան վարքն ու բարքը։
Այո՜, կատարյալ են մեր իշխանիկները, քաղաքականացված թե՛ ուսադիրակիր կին, թե՛ տղամարդ, ջահել և ահել, բազմափորձ և սկսնակ, խորամանկ և ծանծաղամիտ և այսպես շարունակ։ Կատարյալ են, այո, զի կատարելապես զորեցին ահռելի զոհողությունների գնով նվաճված պետական անկախությունը վերածել անառիկ և անըմբռնելի մի կախյալության։ Տե՜ր իմ երկնավոր, որտեղի՞ց այսքան տաղանդ, եռանդ ու տոկունություն նրանց պարարտ մարմնում և անապատացած հոգում։ Ինչպե՞ս կարողացան սեփական հայրենիքի հանդեպ լինել այսքան հոգեհան։ Ի՞նչն է դրդել նրանց կեղեքելու արյունակից ժողովրդին այսքան ցավոտ ու կրքահույզ։ Գուցե այս ամենում մի վերջին իմաստությո՞ւն կա, որն անհասանելի է նվաստիս, առհասարակ հայության մեծամասնությանը։ Փորձենք վերոնշյալն ըմբռնել, այնուհետև գրոհել մտավորական հնազանդ կղերականության ամրոցների վրա։

Եթե հանրահայտ է, որ ջուրը հիշողություն ունի, ապա վստահաբար պիտի նստենք մոտակա գետի ափին (անձամբ նախընտրում եմ Գետառը) և փորձենք հասկանալ, ինչպե՞ս, ի՞նչ հանգամանքների բերումով են ձևավորվել սեփական հայրենիքի և արյունակից ժողովրդի հանդեպ ահա 24 տարի դրսևորվող ամեհի սերն ու անսանձ գթասրտությունը։ Փորձենք սա բացահայտել սխրանք առ սխրանք։

ՎԵՀԱՆՁՆ ԸՆՉԱՔԱՂՑՈՒԹՅՈՒՆ
Հայոց իշխանական դասը դաժան կորուստներ է ունեցել։ Թերևս չիք այլ մի պետություն, որը շեն ու շքեղ ապրում-բարգավաճում էր, և զարմանալի որոգայթների բերմամբ հանկարծ փլուզվում է, զի իշխանաց դասը խլրտում-ոգեկոչվում էր և արքային հյուրընկալելուց ետքը նրանցից յուրաքանչյուրն ինքն արքա և տեր, ոմանք էլ ռամիկին ինքնամոռաց ձաղկելուց խոնջացած արդեն քուն էին մտնում որպես հայոց արքայից արքա։ Այնինչ… Սակայն էլ ինչ այնինչ, երբ իշխանական փառահեղ դղյակներից մեզ չհասավ ոչինչ։ Փոխարենն այսօր դղյակներ են ամենուր, ամրոցներ են անհամար։ Այսինքն՝ այն, ինչը կորցրել ենք 5500 տարի շարունակ, այս 24 տարիներին վերականգնվել է լիուբոլ։ Եվ այսօր 3-րդ հանրապետության 3-րդ (դարձյալ ազգընտիր և վերստին ժողովրդավար) նախագահի գահակալության ժամկետն է մոտենում ավարտին, և գերհաջողությամբ լուծված է խնդիրը գերակա՝ ՀՀ-ում ձևավորվել է իշխանական և ճորտառամիկական երկու դաս։ Սա պատմության և՛ բանադրանքն է, և պարտադրանքը, ուզենք թե ոչ, երկիրը պիտի զորեղ, ինքնաբավ և սուլթանական կրքերին հագուրդ տվող իշխանական դաս ունենա։ Հինգ հազար հինգ հարյուր տարի Հայաստանը վեր խոյացավ, հետո հանկարծ ծնկեց, մաքառեց և փառավորվեց և միայն յուր նորագույն պատմության մեջ ձեռք բերեց օլիգարխիկ¬մենաշնորհատեր դասին։ Այո, այո, մեր բանակը յուր մարտունակությամբ աշխարհում ընդամենը 74¬րդ տեղում է, սակայն գեներալական նախահարձակ դղյակա¬ամրոցային նվաճողականությամբ, վստահաբար, առաջինն է։ Գեներալն օլիգարխիատի սուրն է և վահանը։
Պատգամավոր¬մականունաօծյալը «Հայոց օլիգոպոլիա» սուվերեն պետության դայլայլուն խոսքն է և ամեհի աքացին։
Պետպաշտոնյա¬ծառայողը որքան վեր է բարձրանում, այնքան նրա սրտում վախճանվում է պետությունը, փոխարենը վերածնունդ է ապրում վերոնշյալ սուվերեն պետականությունը։
Մի խոսքով, մեր վերնադասը յուր գործերում հասել է կատարելության և մեր մաշկի վրա փորձարկում է այն ամենը, որը երկրի մաշկի վրա փորձարկել են մոնղոլն ու հռոմեացին, սելջուկն ու պարսիկը։ Էհ, մի ծուռ Դավիթ է հարկավոր և մի խոլական պարսատիկ, որով վերջապես ի վերին Երուսաղեմ կճամփենք գողիաթ-բարբարոսներին և կկերտենք մեր անկախ պետությունը։ Ի դեպ, շատ ցանկալի կլինի, որ հենց այսօր գործող վերին դաս-վերնակույտը ոտնիգլուխ շտկի իրավիճակը, այսինքն՝ ստեղծի իրոք մարդակենտրոն երկիր, և ոչ թե երկրահալած պետականազրկություն։ Ամեն։

Լավ, ինչպես նշանավորվեց 2015-ի անկախության տոնահանդեսը։ Փառավոր, հանդիսավոր, վայել Կալիգուլայի ու Ներոնի ժամանակների հռոմեական կրկեսին։ Անկախության տոնահանդեսը փառաբանող օդապարիկը (եռագույն դրոշը ծածանելով) ճախրում էր Ազատության հրապարակում, Աբովյան փողոցում խաղաղ ցույցը վերահսկող ինչ-ինչ դավադիրներ ջարդեցին եռագույն նվիրյալ¬հրամանատարներից մեկի՝ Սմբատ Հակոբյանի գլուխը։ Կեցցե՛ք։

Լավ, բավ է, ի վերջո, իսկապես էլ աշունն է երկարուձիգ «ձևեր թափելուց հետո» ներս խուժել մեր բաց և լուսավոր պատուհաններից։ Սակայն ի՞նչ է անում հայոց մտավոր դասը, ինչո՞ւ սուր և վահան չեն դառնում վերնադաս-վերնակույտի համար։ Հավանաբար, մեր պատվարժան, սակայն որպես քաղաքացի խիստ անարժան մտավորականները սպասում են, որ իսկական անկախությունը կամ երկնային մանանայի պես կթափվի լուսազարդ երկնակամարից, կամ էլ գալիք Ամանորին իրենց կնվիրաբերվի թաղային հերետիկոս հեղինակության կողմից։
Մի խոսքով, այս օրը և հենց այս պահին հայ մտավորական է միայն նա՛, ով կառուցողական-ոչ քաղաքական ընդդիմություն է։ Եվ պատրաստ է անգամ յոթ օր ու ութ գիշեր հացադուլի նստելու, պահանջելով վերջապես վերականգնել այս տարաբախտ երկրում սահմանադրական թլպատված կարգը։ Եվ վերջապես ազգայնացնել ՀԷՑ-ը, մականունակիր-մենաշնորհատերերին, արդարությունն ու ճշմարտությունը, առհասարակ՝ հայրենիքը։

ԵՐԲ ՏԻԿՆԱՅՔ ԲԵՄՈՒՄ ԵՆ, ԻՍԿ ՏԻԱՐՔ՝ ԲՈՒՖԵՏՈՒՄ
(սարկաստիկ իրիկնահաց)
Էհ, անծանոթ պոետ-բարեկամ Հովհաննես Ղազարյան, անշուշտ, լուսակոլոլ են այսօր վերնադաս-վերնակույտի դահլիճներն ու լոգարանները, և արծաթյա է նրանց սպասքը, և ոսկեհուռ է նրանց հանդերձը, սակայն ինչո՞ւ են ցուրտ ու մթին, դատարկ ու սին նրանց հոգիները։
Մի խոսքով, մենք՝ մտավորական չքաղաքացիներս, այսօր և երեկ, լուսաբացից մայրամուտ մեր բաժին պարտությունն ենք ծամում։ ՈՒ, լինենք անկեղծ, մի՞թե մենք արժանի չենք նրանց (իմա՝ վերնադաս-վերնակույտին), նրանք էլ արժանի չեն մեզ, մեր հնազանդությունն ու երեսպաշտությունը նկատի ունենալով։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ.- Այսօր, ի դեպ, «Հայաստան» ժողովրդական նախաձեռնությունը, որը քաղաքացի-մտավորականության կառուցողական մի անզուգական զորագունդ է, ՀՀ կառավարական տանը նախաձեռնել է կառուցողական-պետականաշեն, այսինքն՝ ապաքաղաքական համաժողով։ Տեսնենք, թե քանի անկախ լրատվամիջոց, հատկապես հեռուստաընկերություն, կհանդգնի լուսաբանել այն։ Հ1-ը արդյո՞ք հյուր կգա մեզ։

Դիտվել է՝ 2318

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ