ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Թուրքիայի քրդերը ԱՄՆ-ի՞, թե՞ Ֆեթուլա Գյուլենի «խաղալիք»

Թուրքիայի քրդերը ԱՄՆ-ի՞,  թե՞ Ֆեթուլա Գյուլենի «խաղալիք»
31.07.2015 | 01:07

Ամբողջ շաբաթ Թուրքիայում շարունակվում են քրդերի զանգվածային բողոքները: Հուլիսի 20-ին ԻՊ-ին անդամակցող, իբր 18-ամյա կին ահաբեկչի սարսափազդու ահաբեկչությունը Սիրիային սահմանակից քրդաբնակ Սուրուչ քաղաքում նոր էջ է բացում ոչ միայն Թուրքիայի ներքաղաքական կյանքում: Ահաբեկչության զոհ դարձան (30 սպանված և 100-ից ավելի վիրավորներ) սոցիալիստական երիտասարդական միության ձախ հասարակական կազմակերպության անդամները, որ հավաքվել էին քրդական մշակույթի կենտրոնում, որպեսզի մարդասիրական օգնություն տանեն հարևան Սիրիայի Այն էլ Արաբ քաղաք՝ նույնպես հիմնականում քրդաբնակ: Այնտեղ ևս համարյա զուգահեռ հանդուգն ահաբեկչություն կատարվեց, ենթադրաբար դարձյալ ԻՊ-ի զինյալների ձեռքով, որին զոհ գնաց երկու սիրիացի քուրդ:
Թուրքիայի իշխանությունները, իհարկե, գնահատական տվեցին Սուրուչի ողբերգությանը՝ միանշանակ ահաբեկչություն: Թուրքական ներքին գործերի նախարարությունը չի կասկածում, որ ահաբեկչությունը երկիր է եկել ԻՊ-ի կողմից և կոչ է անում քաղաքացիներին «միավորվել ու հանդարտություն պահպանել ահաբեկչական գրոհի դեմ հանդիման, որը նպատակաուղղված է երկրի միասնության դեմ»: Առաջին անգամ «երկրի միասնության» դեմ սպառնալիքի մասին 2015-ին անձամբ խոսեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ խորհրդարանական ընտրությունների նախօրյակին՝ մեղադրելով Արևմուտքին նման մտադրությունների մեջ: Հիմա նույն միտքը հնչեցնում է Թուրքիայի կարևորագույն ուժային կառույցը: Հենց այդ փաստի մեջ է թաքնված այդ երկրի հետագա զարգացման ճանապարհի առաջին բաղկացուցիչը՝ խորհրդարանական ընտրություններից 2-3 շաբաթ հետո Էրդողանը նոր ուժով է նախաձեռնել ուժային բոլոր կառույցների շարքերի «զտումը», որ վերաբերեց և՛ զինված ուժերին, և՛ ժանդարմերիային, և՛ ոստիկանությանը, և՛ MIT-ի հատուկ ծառայություններին: Տարբեր երկրների շատ փորձագետներ վաղուց էին զգուշացնում՝ Թուրքիայի ուժայինների շրջանում մշտապես դժգոհություն կա, շատերը գաղտնի համագործակցում են վարչակարգի գլխավոր ընդդիմախոս «չափավոր իսլամիստների», այսինքն՝ քեմալականների ու ազգայնականների հետ:
Իրոք, նոր կառավարություն այդպես էլ չձևավորվեց: Նույնիսկ «նորօսմանիզմի հայր», վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հուլիսի 20-ին հրապարակավ կանխատեսեց, որ խորհրդարանական նոր ընտրություններ են լինելու: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հաղթանակը հունիսի 7-ի ընտրություններում այնքան համոզիչ չէր, որ կառավարությունը կոալիցիոն չլիներ: Միայն «քեմալական» ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) և քրդամետ Թուրքիայի ժողովուրդների ժողովրդավարական կուսակցությունը (HDP) ցանկություն հայտնեցին բանակցել «չափավոր իսլամիստների» հետ կոալիցիոն կառավարություն ստեղծելու վերաբերյալ: Եվ Քեմալ Քիլիչդարօղլուն (CHP նախագահը), և Սալահեդին Դեմիրթաշը (HDP-ի նախագահը) իրենց նախապայմաններն էին առաջադրում ԱԶԿ-ին: Թուրքիայի Սահմանադրությամբ՝ նոր խորհրդարանը պետք է հաստատի նախարարների կաբինետը 45 օրում՝ նախագահից ստանալով կառավարության ձևավորման մանդատը: Եթե այդ ընթացքում չհաջողվի կառավարություն ձևավորել, նախագահը կցրի խորհրդարանը և կնշանակի նոր ընտրություններ: Այսինքն՝ հուլիսի 22-23-ին թուրքերը պետք է վերջնականապես որոշում կայացրած լինեին: Եվ այդ ժամկետի լրանալուն պես տեղի են ունենում երկու ահաբեկչություններ, որոնց թիրախը Թուրքիայի ու Սիրիայի քրդերն են: Սուրուչում է տեղակայված Սիրիայի փախստականների մեծ ճամբարը, որ ստեղծվել է, երբ 35 հազար մարդ իսլամիստներից փախավ Այն էլ Արաբ քաղաքից:
Ամբողջ Թուրքիայով՝ Ստամբուլից սկսած, քրդերը բողոքի զանգվածային, հզոր, ինչպես թուրքական ԶԼՄ-ներն էին գրում, «խաղաղ» ցույցեր ու հանրահավաքներ արեցին: Թե որքան էին «խաղաղ», կարելի է դատել տեսանյութերից, որտեղ պարզ երևում է՝ թուրք ժանդարմները և ոստիկանները քրդերի դեմ ոչ միայն ջրանետներ, այլև արցունքաբեր գազ են կիրառում: Հետաքրքիր են քրդական բողոքի կարգախոսները՝ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ցուցարարները բղավում էին «քրդերին սպանել են «Իսլամական պետությունը» և նրա աջակիցներ Էրդողանն ու իշխող կուսակցությունը»: Առանց այս ահաբեկչությունների էլ Թուրքիայի քրդերը զայրացած էին, որ Անկարան հրաժարվում է քայլեր անել՝ ԻՊ-ի զինյալներին կասեցնելու համար: Սիրիացի քրդերից հետո, որ արդեն մեկ տարի մեղադրում են Անկարային, որ սկզբում բաց գործակցում էր ահաբեկիչների հետ քրդաբնակ Այն էլ Արաբի և Ռաս ալ Այնի (սիրիական սահմանակից քաղաքներ) գրոհների ժամանակ, իսկ հետո արգելքներ էր հարուցում քրդերի առաջ, որ ուզում էին օգնել սիրիաբնակ հայրենակիցներին այդ քաղաքների համար մարտերում: Պարզ է, թե ինչու անմիջապես հուլիսի 20-ին թուրքական քրդերի համարյա բոլոր կազմակերպությունները (նրանց թվում` HDP-ն) հայտարարեցին, որ Սուրուչում իրենց եղբայրների վրա հարձակման պատասխանատվությունը կրում է Թուրքիայի կառավարությունը, որը «աջակցում է ԻՊ-ին ու հանում Սիրիայի քրդերի դեմ»: Այս ամենն ավելի քան լուրջ է և ստիպում է հիշել, որ դեռ հունիսի 5-ին Իրաքի Կանդիլյան լեռներում տեղակայված Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ «փեշմերգայի» ջոկատները հայտարարում էին, որ այլևս չեն պահպանելու թուրքերի դեմ կրակի միակողմանի դադարեցումը: ՔԱԿ-ի մամլո ներկայացուցիչ Ահմեդ Դենիսի խոսքով՝ կուսակցությունը դադարեցնում է զինադադարը «Թուրքիայի շարունակվող թշնամական գործողությունների պատճառով»: Զինադադարի կասեցման հայտարարությունն արվեց Իսկենդերուն նավահանգստում թուրքական ռազմածովային բազայի վրա հարձակումից հետո, ինչի հետևանքով վեց թուրք զինվոր էր սպանվել: Հուլիսի 1-ին արդեն թուրքական քրդերը Ստամբուլում Թաքսիմ հրապարակում հայտարարեցին, որ ՔԱԿ-ը դադարեցնում է զինադադարը: Արևմտյան և թուրքական ԶԼՄ-ները պարբերաբար հաղորդում են, որ ՔԱԿ-ի ջոկատներում դեռ 2014-ի հոկտեմբերից ընդհանուր զորակոչ է հայտարարված: Հուլիսի 13-ին ՔԱԿ-ի հետ կապված «Քրդստանի համայնքների միությունը» Թուրքիայի իշխանություններին մեղադրեց զինադադարի պայմանները խախտելու մեջ և սպառնաց, որ կսկսի պայթեցնել գետերի վրայի ամբարտակները: Վերջապես՝ հուլիսի 17-ին ՔԱԿ-ի զինյալները փակեցին Թաշբուրուն գյուղի ճանապարհը՝ Իգդիրից Նախիջևան: Նրանք կանգնեցրին մասնավոր ընկերության պատկանող բեռնատարը, ստիպեցին վարորդին իջնել մեքենայից, վրան բենզին լցրին, հրկիզեցին ու հեռացան: Հետո նաև հարձակում եղավ թուրքական բանակի պահակակետերից մեկի վրա Սիրիայի սահմանին:
Հասկանալի է, որ Թուրքիայի ներսում սկսված «մեծ խաղում» քրդերի վրա է խաղադրույքը: Հնարավոր է, որ և Էրդողանը, և Թուրքիայի ՆԳՆ-ն ճիշտ են՝ Թուրքիայի քրդերին շարժման մեջ դնելով՝ ինչ-որ ուժեր ջանում են խախտել իբրև պետություն «Թուրքիայի միասնությունը»: Սակայն ճիշտ է նաև, որ Թուրքիայի ղեկավարությունը ոչ քիչ ջանքեր է գործադրում՝ իր ու ընդհանրապես Թուրքիայի դեմ հանելու ամբողջ տարածաշրջանի քրդերին՝ դա կա և բազում մեղադրանքներում՝ ոչ միայն քրդերի, այլև քեմալականների ու ազգայնականների, որ Անկարան իրավունք չունի խառնվելու Սիրիայի ներքին գործերին և աջակցելու ԻՊ-ի խմբավորման ահաբեկիչներին: Ստացվում է, որ Սուրուչի հակաքրդական ահաբեկչության հստակ նպատակն էր՝ քրդերը վերջնականապես կորցնեն վստահությունը Թուրքիայի ու անձամբ Էրդողանի ու նրա ԱԶԿ-ի նկատմամբ: Եթե ընդունենք, որ նոր կառավարություն այդպես էլ չի կազմավորվի և իշխանությունները կգնան նոր խորհրդարանական ընտրությունների, «չափավոր իսլամականները» շատ ավելի վատ արդյունքներ կստանան: Հակառակը՝ կմեծանա նրանց ընդդիմախոսների կողմնակիցների թիվը, այդ թվում՝ քրդամետ HDP-ի:
Բոլոր դեպքերում՝ Թուրքիային սպասում է տագնապալից անորոշություն: Խնդիրը միայն այն չէ, որ ինչ-որ ուժեր Թուրքիայի ապակայունացման միջոցով ուզում են ձախողել, ասենք, «Թուրքական հոսք» գազամուղի ծրագիրը: Նախօրեին թուրքական ԶԼՄ-ները տարածեցին սենսացիոն նորություն, որ առաջիկա ամիսներին ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլա Գյուլենը՝ Թուրքիայի չափավոր իսլամիզմի «հայրը», ԱՄՆ-ից, որտեղ ապրում է վերջին տարիներին, արտաքսվելու է: Նուրսիստների առաջնորդի ու «Հիսմետ» շարժման ղեկավարի նոր շտաբ բնակարանի համար արդեն տեղ են որոնում Յոհանեսբուրգում: «Ակշամ» թերթը հաղորդում էր, որ կազմակերպության անդամներն արդեն հանդիպել են ՀԱՀ-ի նախագահ Ջեյկոբ Զումային, որը նրանց մերժել է: Բայց «Հիսմետը» մտադիր է գոնե բնակվելու իրավունք ստանալ Գյուլենի համար և խոստացել է ՀԱՀ-ում բազմամիլիոնանոց ներդրումներ անել: Էրդողանը հենց Գյուլենին էր մեղադրում իր իշխանությունը տապալելու մտադրության մեջ: Սակայն պարզվեց, որ դա միայն ասեկոսե է, որ ձեռնտու է բացառապես Անկարային:
Գյուլենի գործոնը միշտ նշանակալից է եղել Թուրքիայի ներքաղաքական կյանքում, նվազագույնը դեռ 90-ականների կեսերից, երբ երկրում նոր-նոր ձևավորվում էին չափավոր իսլամիստների կառույցները՝ սկսած Նեջմեթին Էրբաքանի «Ռեֆախ» կուսակցությունից: Այսօրվա չափավոր իսլամականները Էրդողանի գլխավորությամբ իզուր չեն զգուշանում իրենց գաղափարական կնքահորից և կասկածում են, որ նա առնչվում է Թուրքիայի համարյա բոլոր ներքաղաքական ընդվզումներին: Բայց թուրքական քրդերի օրեցօր ուժեղացող խմորումների հետ Գյուլենն անձամբ հազիվ թե կապ ունի: Նույնը չես ասի Գյուլենի հովանավորների՝ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների մասին: Հիմա նրանք են վերահսկում «քրդական հարցը» տարածաշրջանում, բացառությամբ գուցե Սիրիայի քրդերի: Թերևս ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ազդեցությունը տարածվում է ՔԱԿ-ի ոչ բոլոր անդամների վրա: Բոլոր պարագաներում՝ տարածաշրջանում հասկանում են, որ վաղ թե ուշ թուրքերը հարկադրված են իրենց կառավարության հարցում որոշակիություն մտցնել, ուրեմն՝ ներքաղաքական ասպարեզում ուժերի վերադասավորում կատարել: Հետևաբար՝ «Քրդական հարցը»՝ ԱՄՆ-ի ու Իսրայելի նախկին քողարկած միջնորդությունը թուրք-քրդական «խաղաղացման» մեջ ՔԱԿ-ի զինադադարը խախտելուց հետո, փաստացի պետք է համարել ձախողված:
Նոր ընտրություննե՞ր, թե՞ թույլ և ներքուստ ոչ միասնական կառավարության ձևավորում: Այսօր հասկանալ՝ առանց գաղտնի տեղեկությունների, թե ինչ է լինելու Թուրքիայում օգոստոսին, առանց որևէ հուշումի ռեբուս լուծել է նշանակում: Եթե համադրենք ԻՊ-ի վերջին անհաջողությունները Սիրիայի ու Իրաքի ճակատներում, եթե հիշենք, որ Էրդողանը կարծես թե որոշել է Ինջիրլիքի ռազմաբազան տրամադրել ամերիկացիներին՝ «Սիրիայում ԻՊ-ի դիրքերի ու ջոկատների ռմբակոծման» համար, նաև այլ իրադարձություններ 2015-ի ավարտվող հուլիսից, կեզրակացնենք, որ Թուրքիան շարունակում է գնալ իր ազգային-պետական աղետի ճանապարհով: Հարևան Իրանն արդեն զգուշացրել է ամբողջ աշխարհին՝ չի զիջելու ոչ Սիրիան, ոչ Իրաքի, Լիբանանի շիաներին՝ ոչ մեկին ու ոչ մի խոստման դիմաց: Շատ տարօրինակ կլինի, որ Անկարան հանկարծ որոշի անտեսել ԻԻՀ հոգևոր առաջնորդ, այաթոլա Սեյեդ Ալի Հուսեին Համենեիի զգուշացումը: Սակայն շատ ավելի տարօրինակ կլինի, եթե ԱՄՆ-ը հանկարծ որոշի «չհավատալ» այաթոլա Համենեին և «ստուգել» Իրանի վճռականությունը՝ զոհ տալով հենց Թուրքիան: Ավելի ստույգ՝ Թուրքիայի տարածքային ամբողջականությունը:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1842

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ