«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Սպասել մայիսի 22-ին

Սպասել մայիսի 22-ին
15.05.2015 | 00:59

Սպասել, միանշանակ սպասել մայիսի 22-ին, հետո միայն եզրակացնել, թե ով ուր է գնում, ով ինչ է ուզում, ու ընդհանրապես՝ ով ով է: Սպասել մայիսի 22-ին: Այդ օրը տոն է՝ 1924-ի մայիսի 22-ին է ծնվել Շառլ Ազնավուրը: Նրանից առաջ՝ Ռիխարդ Վագները, Արթուր Կոնան Դոյլը, Լոուրենս Օլիվիեն, բայց Շառլ Ազնավուրը մրցակցությունից դուրս է: Սպասել մայիսի 22-ին, սակայն, պետք է ոչ միայն հանուն Ազնավուրի, Վագների, Դոյլի, Օլիվիեի: Մայիսի 18-19-ին Փարիզում սահմանադրական բարեփոխումները կքննարկվեն Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ, իսկ 22-ին սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն ասուլիս կտա:

Ի վերջո, ինչքա՞ն կարելի է հասարակության ականջները սղոցել օրվա սենսացիաներով՝ Ծառուկյանին հանեցին, Ճոյտին բռնեցին-բաց թողեցին, «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին բռնեցին-բաց թողեցին, Գոհար Ենոքյանին բռնեցին-բաց թողեցին, Լիսկայի տղային՝ մարդ սպանեց՝ չբռնեցին, աչք հանեց՝ չբռնեցին, Պալաչին ՀՀԿ-ից հեռացրին: ՈՒ՝ այդպես: Քաղաքական, թե քրեական այս մանկուրտիզմը արդեն չենք նկատում՝ ընտելացել ենք, ոչ զարմանում ենք, ոչ զայրանում, սպասում ենք՝ էլ ո՞ւմ կբռնեն, բաց կթողնե՞ն, թե՞ չէ: Վերջապես՝ զբաղմունք պիտի՞ լինի, թե՞ մենք էլ արտագաղթենք: Իսկ հիմա նպատակ կա՝ սպասել մինչև մայիսի 22-ը, մինչև մամլո ասուլիսը: Չիմանա՞նք՝ ի՞նչ է կատարվում, ո՞վ է կատարում, ո՞ւմ համար, ո՞ւմ դեմ:
Արդեն հայտնի է՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն աշխատում է մեկ՝ կառավարման խորհրդարանական համակարգի նախագծի վրա: Առաջ էլ հայտնի էր, բայց կա տեղեկատվության դոզավորված մատուցում՝ շատ կարևոր տեխնոլոգիա է: Իբր երկմտում եք, հույս եք տալիս, որ դուք էլ չեք որոշել, կարող է լինել այսպես, կարող է լինել այնպես: Այսպեսի կողմնակիցները ոգևորվում են, տարբերակներ առաջարկում, այնպեսի կողմնակիցները հակադիր տարբերակներ են մեջտեղ բերում՝ բանավիճում են, ենթադրում, կանխատեսում, իսկ դուք կողքից նայում ու սպասում եք: Անհրաժեշտ պահին ասպարեզ եք նետում տեղեկատվության հերթական չափաբաժինը, որ հիմա էլ դա մարսվի, ու այդպես շարժվում եք դեպի այն կետը, որ հայտնի է միայն ձեզ: Դա վերաբերում է ոչ միայն սահմանադրական փոփոխություններին, երկու փաթեթներին՝ գործող կիսանախագահական համակարգի կատարելագործում կամ խորհրդարանական կառավարում: Ի վերջո՝ ո՞վ է ասում, որ երրորդ տարբերակը չի ստեղծվի՝ կոնսոլիդացված: Ամեն ինչ առջևում է, առայժմ ձևակերպված են սահմանադրական կարգի հիմունքներին, մարդու հիմնական իրավունքներին և ազատություններին վերաբերող առաջին երեք գլուխները: Կառավարությանը, Ազգային ժողովին, նախագահին վերաբերող գլուխները չկան: Պարզ է, չէ՞, որ անկարևորն արված է, կարևորը՝ ոչ: Իսկ կոնսոլիդացիան արդեն կա ու կա՝ 14 կուսակցություններ հանձնաժողովին առաջարկներ են ներկայացրել: Խելո՞ք, ձևակա՞ն, բովանդակայի՞ն, խմբագրակա՞ն՝ կարևոր չէ, կարևորը փաստն է: Նախագահականում հանդիպման գնացածներից առայժմ դիմադրում են «Ժառանգությունը», ԲՀԿ-ն, «Ազատ դեմոկրատներն» ու ՀՀՇ-ն: Գայթակղությանը չդիմացավ ու հանձնվեց ՕԵԿ-ը՝ նախագահի մակարդակով հիմնավորում էին, որ սահմանադրական փոփոխություն պետք չէ, փաստերով էին հիմնավորում, հիմա իրենց հերքում են: Մեղավոր չեն: Վարչապետին, պարզվեց, չեն հանում: Մնում է քաղաքական միայն մեկ գործընթաց՝ սահմանադրական փոփոխությունները, արժի՞ անցյալ տարվա ինչ-որ տեսակետների պատիվը պահելու գնով քաղաքական գործընթացից դուրս մնալ: ՀՅԴ-ն ուր հասավ, իրենք ուր մնացին: Նրանք էլ են, չէ՞, ժամանակին կոալիցիայից դուրս եկել, իրենք էլ դուրս եկան: ՈՒ՝ ի՞նչ: Մեկ մխիթարություն կա՝ Անվտանգության խորհուրդն այդպես էլ քարտուղար չունեցավ, բայց դա արդեն անանձնական ուրախություն է:

Իսկ ՀՅԴ-ն շտապում է, շատ է շտապում՝ 2017-ը սարերի հետևում չէ, հանրաքվեն այս տարվա մեջ պիտի լինի: ՀՅԴ-ն առաջարկները հունվարից է ներկայացրել: Ինչքա՞ն սպասի: Եվ որովհետև սպասումը երկարում է, ինքն իրեն առաջադրում է անիրականանալի խնդիր. «Հիմա ամենագլխավորը՝ մեր բնակչությանը ճիշտ բացատրել, որ իր կենցաղային հարցերը, ի վերջո, կապված են Սահմանադրության հետ և սահմանադրական փոփոխություններով կարող են կարգավորվել»: Գուցե միայն Արմեն Ռուստամյա՞նն է այդպես մտածում: Նոր խոսք է սահմանադրական իրավունքի մեջ՝ Սահմանադրությունը լուծում է կենցաղային հարցեր: Լեզուն ոսկոր չունի՝ ամեն ինչ հնարավոր է հիմնավորել՝ «կենցաղի» տակ մարդու ամբողջ կենսագործունեությունը կարելի է հասկանալ, իսկ մեկ մարդուց հասարակություն անցումը տեխնիկայի խնդիր է, մի քանի տարվա պատմություն ունեցող կուսակցությունն էլ կանի, ուր մնաց ՀՅԴ-ն, բայց ո՞ւմ է պետք կենցաղ կարգավորող Հիմնական օրենքը: ՀՅԴ-ն ինքն իրեն հույս է տալիս, որ սահմանադրական բարեփոխումը կարող է երաշխավորել ընտրությունների ազատությունը: Բախիր և կբացվի: Դրախտի դուռը: Նաև երկրի վրա: Եթե գիտես բախելու ձևը:
Հին ԲՀԿ-ն անդրդվելի դեմ էր Սահմանադրություն փոխելուն, նոր ԲՀԿ-ն անդրդվելի հայտարարում է, որ բովանդակային քննարկումներին չի մասնակցի՝ ԲՀԿ-ն «մասնագիտանում» է սոցիալական հարցերի լիցքաթափման ուղղությամբ, իսկ քաղաքական հարցերը՝ ինչպես ՀՀԿ-ն կորոշի:
ՀԱԿ-ը նույնքան սկզբունքային է՝ պնդել ու պնդում է, որ խորհրդարանական համակարգի անցնելով՝ Սերժ Սարգսյանը լուծում է սեփական իշխանությունը հավերժացնելու խնդիր, հավելում է միայն, որ այդկերպ նաև ազատվում է նախագահական ընտրություններից, երբ ժողովուրդը ակտիվանում է: Եվ որովհետև Սերժ Սարգսյանի դեմ պայքարելուց բացի ՀԱԿ-ը այլ խնդիր չունի, ուստի սահմանադրական փոփոխություններն էլ խնդիր չեն: Քանի դեռ ավազակապետությունը մնում է ավազակապետություն, ՀԱԿ-ի խնդիրը նույնն է մնում՝ ինչպես դառնալ ավազակապետ:
«Ժառանգությունը» կիսահուսահատ է, կամ կիսահույս: Կարծում են, որ ոչ թե բարեփոխումներ են լինելու, այլ հերթական հագուստն է կարվելու՝ այս անգամ Սերժ Սարգսյանի համար, բայց սպասում են, որ Սերժ Սարգսյանը հայտարարի, թե ոչ մի պաշտոնի չի հավակնելու, այդ թվում՝ ԱԺ նախագահի: Հետն էլ նեղանում են, որ ընտրությունների արդարությունը երաշխավորող իրենց առաջարկները չեն ընդունվել, ուստի չեն մասնակցի բովանդակային քննարկումների:
ՀՀԿ-ի տեսակետը պարզ է՝ կուսակցության զինվոր են, խնդիրը, սակայն, բարդացնում է հրամանատարի փոփոխությունը: Ո՞վ է լինելու հրամանատար: Ո՞վ է նշանակելու նոր հրամանատար: Հնե՞րն են վերադառնալու, նորե՞րն են գալու: Նո՞ւյնն է ամեն ինչ մնալու: Ամենածանրը ՀՀԿ-ի վիճակն է՝ համատարած «այո»՝ համատարած հարցականներով:
Կուսակցությունները՝ կուսակցություններ, բայց առաջարկվող մոդելն ինչպե՞ս է երաշխավորելու երկրի արտաքին ու ներքին անվտանգությունը: Նախնական մոտեցմամբ՝ նախագահը կապ չունի: Բոլոր հարցերի պատասխանատուն կառավարությունն է: Ո՞վ: Վարչապե՞տը: Պաշտպանության նախարա՞րը: Գլխավոր շտաբի պե՞տը: Ինչպե՞ս է Գլխավոր շտաբի պետը հրահանգներ տալու վարչապետին: Կամ՝ պաշտպանության նախարարը, որ նրա ենթական է: Վարչապետն ինչի՞ պատասխանատուն է լինելու, ո՞վ է որոշումներ ընդունելու պատերազմական իրավիճակում: Կոլեգիա՞լ: Միանձնյա՞: Խառը վիճակ է:
Մի անկապ հարց էլ կա՝ գործող Սահմանադրությունը շա՞տ է խանգարում, որ ընտրությունները լինեն, ասենք, ինչպես Մեծ Բրիտանիայում՝ ոչ ոք չէր սպասում, բայց իշխանությունը վերընտրվեց, կամ՝ Լեհաստանում՝ ոչ ոք չէր սպասում, բայց գործող նախագահը չընտրվեց ու հիմա երկրորդ փուլ է լինելու: Վերափոխված Սահմանադրությունը, բացի կենցաղային հարցեր լուծելուց, այդ խնդրի հետ կապ ունի՞, թե՞ Հայաստանում՝ ոնց Հայաստանում: Ձեր գործին գնացեք, պարա՞պ եք մնացել, ամեն ինչի խառնվում եք:
Միակ մխիթարությունը՝ «Հիմնադիր խորհրդարանը» Սահմանադրության փոփոխությունը իր քաղաքական օրակարգի գլխավոր հարց չի դարձնում: Պատկերացնո՞ւմ եք՝ հանուն կամ ընդդեմ սահմանադրական փոփոխության 2016-ի ապրիլի 24-ին որոշեն գնալ Ղարաբաղ կամ քաղաքացիական անհնազանդություն դրսևորեն: Հռոմի պապը կարող է գալ, Ջորջ Քլունին՝ տիկնոջ հետ: Էլի բռնեն, էլի բաց թողնեն:
Հայաստանի Հանրապետության գլխավոր խնդիրը հին ու նոր սահմանադրությունները չեն: Անորոշությունն է: Բոլոր հարցերում: ԵԱՏՄ-ին անդամակցեցինք, հետո՞: Ի՞նչ փոխվեց: Ի՞նչ փոխվի, եթե ԱՄՆ-ը վաղուց, ԵՄ-ն արդեն դուրս են եկել ճգնաժամից ու տնտեսական աճ են գրանցում, իսկ Նազարբաևը «դժվարությունները» պայմանավորում է համաշխարհային ճգնաժամով, եթե Լուկաշենկոն աշխարհում երկու երկիր է ճանաչում՝ Բելառուսը, որ տիեզերքի կենտրոնն է, Ռուսաստանը, որ պիտի Բելառուսին պահի, եթե Պուտինի ֆանտաստիկ վարկանիշը չի հաղթահարում ուկրաինական ճգնաժամը, պատժամիջոցները: Եթե հասկանալի չէ՝ ռազմավարական դաշնակիցները դաշնակցում են, որ Ռուսաստանը ապրի՞, թե՞ քանդվի: Օրինակ՝ Չինաստանը: Օրինակ՝ Թուրքիան: Օրինակ՝ Ադրբեջանը: Ի՞նչ է փոխվելու, եթե Ռիգայում ԵՄ գագաթնաժողովում Հայաստանի հետ համաձայնագիր կնքվի, կամ հայտարարվի, որ եվրահանձնաժողովին նոր բանակցությունների մանդատ է տրվում: Ի՞նչ է փոխվում, երբ Իրանի նախագահը նորից ու նորից ասում է՝ Հայաստանի հետ ուզում ենք բոլոր ոլորտներում համագործակցություն զարգացնել: Սահմանադրական փոփոխությունները նպատա՞կ, թե՞ միջոց են անորոշությունը ցրելու: Պարզ է, չէ՞, թե ինչ պայքար է սկսվելու կուսակցությունների միջև և ներսում, եթե Հայաստանն անցնի խորհրդարանական կառավարման: Ինչ գներ են սահմանվելու համամասնական ընտրացուցակների առաջին տասնյակի համար: Երկրորդի: Քանի՞ կուսակցություն կդիմանա ինքնառերեսմանը, եթե դիկտատ չլինի: Դիկտատ չի լինի, եթե նախագահ չի լինելու: Երկիրը միայն քաղաքականություն չէ: Նախագահական, խորհրդարանական, կիսանախագահական, կիսախորհրդարանական, նախագահախորհրդարանական՝ կառավարման ինչ համակարգ էլ ընտրվի ու հնարվի, բյուջե պիտի կազմվի ու կատարվի, հարկեր պիտի սահմանվեն ու հավաքվեն, աշխատավարձ ու կենսաթոշակ պիտի վճարվի: Տնտեսություն է պետք, որ քաղաքականության կարիքը ընդհանրապես լինի: Կառավարման իդեալական մոդելի պարագայում անգամ կառավարվող պետք է լինի, որ կառավարողը կառավարի: Բոլորի բոլոր իրավունքները կհաստատվեն, ներքին ու արտաքին քաղաքական հարցերը կլուծվեն, Վենետիկի հանձնաժողովը կերջանկանա ու կերջանկացնի, սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն ասուլիս կանի, երկիրը՝ հանրաքվե: Անչափ կարևոր հարցեր են, մնում է հաշվել՝ քանի՞ մարդու կվերաբերեն, եթե ոչինչ չփոխվի: Բայց էլի մխիթարություն կա՝ հեռու-մոտիկ, դաշնակից-մաշնակից, ռուս-մուս, եվրոպացի-մեվրոպացի՝ արդեն փող չեն տալիս, որ կառավարությունն առանց մուտքի ելքեր ապահովի պետության գանձարանում: Ասում են՝ ապրի, արդեն փոքր չես, մեծացել ես, մենք էլ քո դայակը չենք, որ կաթդ ապահովենք, մեկ է՝ ինչ տալիս ենք, գրպանդ ես տանում, դե հիմա գրպանդ բաց ու՝ առաջ: Մենք կողքիդ ենք, չվախենաս:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Եթե կառավարման համակարգը փոխվի, կմնա միայն ԱԺ ընտրությունը 2017-ին: Նախագահին, եթե նա էլ մնա նոր Սահմանադրությամբ, կընտրի խորհրդարանը: Բյուջեի ֆանտաստիկ խնայողություն, անձնական ու կուսակցական միջոցների՝ նույնպես: Քանի դեռ Հայաստանում գաղափարներ վաղուց չկան, սկզբունքներ էլ, նաև՝ նպատակներ, ու միակ խնդիրը փողն է, ավելի ճիշտ՝ փող չլինելը, հանուն ժողովրդավարության հաղթանակի ու կենսամակարդակի՝ բոլորս դեպի խորհրդարանական կառավարում, մեր ինչի՞ն է պետք նախագահ ընտրելը: Մանավանդ՝ մի կարգին իրավունք-միրավունք էլ չի ունենալու:

Դիտվել է՝ 1664

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ