«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Նրանց ստիպում են կողմնորոշվել

Նրանց ստիպում են կողմնորոշվել
08.05.2015 | 15:04

Հունիսի 7-ին Թուրքիայում Ազգային մեծ ժողովի ընտրություններ են: Բացի օրենսդիր իշխանության ձևավորումից՝ Անկարան նաև իր քաղաքականության որոշակիացման անհրաժեշտություն ունի: Մերձավոր Արևելքում քաղաքական ու տնտեսական իրավիճակի փոփոխությունները և Թուրքիայի երբեմնի մեծ ազդեցության զրոյացումը իրողություններ են, որոնց հետ Թուրքիան պիտի հաշվի նստի և որոշի հետագա քաղաքականությունը: Ովքե՞ր են Անկարայի դաշնակիցները և ովքե՞ր են հակառակորդները: Տարածաշրջանում ու աշխարհում: Այս թեմաներով հրապարակումները Թուրքիայի լրատվամիջոցներում բազմապատկվել են՝ հատկապես Օսմանյան կայսրության տարածքում հայերի ցեղասպանության մեկդարյա տարելիցի շրջագծում համաշխարհային արձագանքների համապատկերում: Անկարան արդեն 8 երկրներից հետ է կանչել իր դեսպաններին՝ խորհրդակցությունների պատճառաբանությամբ: Գալիպոլիի հաղթանակի 100-ամյակի տոնակատարությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակին համադրելու որոշումը Անկարայի հետ չար կատակ խաղաց՝ ավելի սրվեցին Թուրքիայի ժխտողականությունը ժխտելու միտումները: Հայոց ցեղասպանության ճանաչման դիրքերում հայտնվեցին Առաջին աշխարհամարտում Թուրքիայի դաշնակից պետությունները՝ Ավստրիան և Գերմանիան, որ իրապես անակնկալ էր Անկարայի համար: Ավելի մեծ անակնկալ, քան Ռուսաստանի դիրքորոշումը՝ վերահաստատել, որ 1915-ին կատարվածը ցեղասպանություն էր: Բայց հիմա 2015-ն է, և Թուրքիան ստիպված է ընդունել իրականությունը՝ ինչպես կա:

Թուրքիայի «Milli Gazete»-ում Մեհմեդ Սեյֆետին Էրոլը գրել է. «Ռուսաստանը, որ փորձում է Իրանի և Եմենի հուսիտների միջոցով պատասխանել իր վրա գործադրվող ճնշմանը ուկրաինական-ղրիմյան ճգնաժամի պատճառով, և նպատակակետ է ընտրել Մերձավոր Արևելքի նոր ճգնաժամային գոտիները, ԱՄՆ-ին պատասխան է տալիս Միջերկրական ծովից՝ մայիսի11-ին Միջերկրականում մեկնարկում են ՌԴ-ի և Չինաստանի նավատորմիղների համատեղ ուսումնավարժանքները: Ռուսաստանի պատասխանը, իհարկե, միայն Չինաստանով չի սահմանափակվում: Պետք է հաշվի առնել՝ ինչ է կատարվում Ռուսաստանի ու Հունաստանի միջև կամ Ռուսաստանի ու Հարավային Կիպրոսի, ինչ նպատակներ կան: Ճգնաժամը Հունաստանի ու ԵՄ-ի հարաբերություններում, Հունաստանում թշնամանքի աճը Գերմանիայի ու ԵՄ-ի նկատմամբ, վտանգավոր լռությունը Բալկաններում, օրեցօր ուժեղացնում են Ռուսաստանի դիրքերը: Ռուսաստանն ՈՒկրաինայի ու Վրաստանի միջոցով աշխարհին և առաջին հերթին հետխորհրդային տարածքի պետություններին, ցույց տվեց, որ խաղեր չի խաղում և ցանկանում է վերջնական պատկեր հաղորդել մերձավոր արտերկրին: Մոսկվան իրարահաջորդ քայլերով հասկացնում է, որ չեզոքության գորշ գույնը չի ընդունում այլևս և հարևաններին ասում է՝ կողմնորոշվեք:
Ի՞նչ են նշանակում բոլոր այդ իրադարձությունները Թուրքիայի համար: Արտաքին քաղաքական օրակարգում ի՞նչ խնդիրներ ունի Թուրքիան խորհրդարանական ընտրությունների նախօրեին՝ հաշվի առնելով ընտրությունների հետևանքները: Շատ ավելի կարևոր է՝ պատրա՞ստ է Թուրքիան իրադարձությունների նոր փուլին: Օրինակ՝ արտաքին քաղաքականության մեջ «թանկարժեք միայնություն» ապրող Անկարան ինչքա՞ն կարող է շարունակել ներկա քաղաքականությունը: Անկասկած՝ Ռուսաստան-Չինաստան-Իրան եռյակը, որ աստիճանաբար ընդլայնում է ներկայությունը տարածաշրջանում, հարկադրում է Թուրքիային նոր դիրքեր գտնել: Ռուսաստանը, որ իր կողմն է ներգրավել Չինաստանին, Իրանին, Հայաստանին, Հունաստանին, Հարավային Կիպրոսի հունական իշխանություններին, Սիրիային, որոշակի պահերի հազվագյուտ համաձայնության է հասնում Եգիպտոսի հետ, գործնականում ստիպում է Թուրքիային ընտրություն կատարել: Հենց դա է վկայում «ցեղասպանության» զանգահարությունը, երբ Մոսկվան աջակցեց Հայաստանին, ոչ թե Թուրքիային:
Կոնյունկտուրային ճգնաժամը Թուրքիայի և Արևմուտքի միջև նշանակալից չափով ձեռնտու է Մոսկվային, որ որոշակի քայլերով փորձում է իրավիճակը իր օգտին շրջել: Ռուսաստանը չի հավատում այդ ճգնաժամի խորությանը, հետևաբար, թեպետ այդ մասին բարձրաձայն չի խոսվում, հարաբերություններում ակնհայտ է Թուրքիայի նկատմամբ վստահության պրոբլեմը: Այս իրավիճակում ի՞նչ քաղաքականություն պետք է վարի Թուրքիայի կառավարությունը: Նախ և առաջ Թուրքիան ավելի շրջահայաց ու ուշադիր պետք է լինի, որ թիրախ չդառնա Ռուսաստանի՝ կոպիտ ուժի վրա հենված, իռացիոնալ հարձակումներին, որ հավատում է, թե լուրջ սպառնալիքի առաջ է: Թուրքիայի շահերից է բխում, որ Ռուսաստանն ու Արևմուտքը կատաղի հարձակվում են միմյանց վրա: Հաշվի առնելով ռուս-չինական գործակցությունը, Թուրքիան անխուսափելիորեն պետք է հավասարակշռության քաղաքականություն կառուցի Չինաստանի հետ: Չինաստանին Թուրքիան պետք է բոլոր դեպքերում: Ակնհայտ է, որ առանց Թուրքիայի դեպի Արևմուտք չինական քաղաքականությունը հաջողության չի հասնի: Այս համատեքստում Թուրքիան ունի ուժեղ դիրքեր: Հետևաբար՝ Պեկինը պետք է վարի Ռուսաստանից անկախ քաղաքականություն Թուրքիայի հետ: Անկարան կարող է Պեկինին ներկայացնել մի շարք սուր պահերում իր աջակցությունը: Այսօր Թուրքիայի ու Արևմուտքի հարաբերությունները բավականին դժվարացել են, բայց հազիվ թե երկար ժամանակով: Ռուսական մեծացող սպառնալիքը հերթական անգամ Թուրքիային դարձնում է անվտանգության ոլորտում արևմտյան քաղաքականության կենտրոն: Թուրքիան նորից դառնում է կտրականապես կարևոր գործոն՝ Արևելքի ու Արևմուտքի ուժերի պայքարում Թուրքիան որոշիչ դեր ունի, հետևաբար, թուրքական արտաքին քաղաքականության տեսակետից, բացվում է դինամիկ մանևրի առավել մեծ տարածք: Այդ պատճառով Թուրքիան միայն կուժեղացնի Արևելքի ու Արևմուտքի միջև կարևոր օղակի իր դիրքերը, ուստի պարտադրված է որոշակի քայլեր անել: Նախ և առաջ պետք է վերջ տալ ճգնաժամին երկրի ներսում և հնարավորինս արագ սկսել նոր հարաբերություններ կառուցել մերձավոր շրջապատի հետ: Հունիսի 7-ի ընտրությունները բարենպաստ հնարավորություն են: Հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը՝ միակ ելքը նոր, փոխադարձ վստահության վրա հենված համագործակցությունն է: Հակառակ դեպքում՝ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից և մենք հարկադրված կլինենք ընդունել կատարված փաստերն՝ առանց ընտրության իրավունքի: Դա պարտություն կլինի բոլորիս համար, որ ապացուցված է վերջին հարյուր տարվա մեր քաղաքական պատմությամբ»:
Դժվար է ասել, թե Մեհմեդ Սեյֆետին Էրոլի տեսակետները Թուրքիայում ի՞նչ համամասնությամբ են ընդունվում: Բոլոր դեպքերում՝ ակնհայտ է արտաքին քաղաքականության վերանայման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով Թուրքիայի «թանկարժեք միայնությունը» և «մերձավոր շրջապատի հետ» նոր հարաբերություններ կառուցելու անհրաժեշտությունը: Ազգային մեծ ժողովի ընտրություններից հետո քաղաքական ուժերի դասավորությունը ինչպես էլ փոխվի, Անկարան չի կարող աշխարհաքաղաքական իրավիճակից մեկուսանալ՝ նրան պետք են ամուր դիրքեր տարածաշրջանում և հարևանների հետ նորմալ հարաբերություններ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ցեղասպանության մեկդարյա տարելիցի հռետորաբանությունը քաղաքականության արտաքին կողմն է, կա պետության կենսագոյության կարծր անհրաժեշտություն, որ շատ լավ հասկանում են Արաքսի այս ու այն ափերին: Ռեջեփ Թայիբ Էրդողանը առանձնապես մեծ ընտրություն չունի: Նա չի կարող հրապարակավ փոխել ցեղասպանության ժխտողականության իր քաղաքականությունը, բայց կարող է զուգահեռ քայլեր անել՝ մասնավորապես թուրք-հայկական հարաբերություններից քայլ առ քայլ դուրս բերելով Ադրբեջանին և թուրք-հայկական տարաձայնությունները չկապելով Ղարաբաղի հետ: Հայ և եվրոպական դիվանագիտության խնդիրը դա պետք է լինի՝ տարածաշրջանում տնտեսական ծրագրերի իրականացման, քաղաքական կայունության ու խաղաղության համար:

Դիտվել է՝ 1387

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ