«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Շրջադարձ չկա

Շրջադարձ չկա
22.03.2015 | 20:59

Հայաստանի եվրոպական շաբաթը, որն ավարտվեց ՀՀ նախագահի Բրյուսել այցով, և Աստանայում ԵԱՏՄ հիմնադիր նախագահների հանդիպումը, որտեղ Հայաստանի նախագահը չկար և Հայաստանը Ալեքսանդր Լուկաշենկոյի շուրթերով հիշատակվում էր միայն որպես երեք նախագահների ընդունած որոշումների կատարող, հիմք տվեցին Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխության ենթադրությունների: Կա՞ն հիմքեր: Բոլորովին, որքան էլ անհավանական հնչի:

Նախ՝ իրականում ոչինչ չի փոխվել: Այո, Հայաստանում գումարվեց Եվրանեսթի ԽՎ չորրորդ նիստը, բայց Սերժ Սարգսյանի ելույթից բացի` հնչեցին տասնյակ այլ ելույթներ, որոնց հանրագումարը և համեմատական վերլուծությունը պարզում է իրական պատկերը՝ Եվրոպան այլևս անվստահությամբ է վերաբերվում Հայաստանին, պատճառը ոչ այնքան Հայաստանի անդամակցությունն է ԵԱՏՄ-ին, որքան միջազգային կառույցներում Հայաստանի բացահայտ աջակցությունը ՌԴ-ին և բացահայտ քաղաքական ու տնտեսական, որ ավելի կարևոր է, կախվածությունը Կրեմլից: Եվրոպան չի մեղադրում, հասկանում է և ըստ այդմ՝ կառուցում իր քաղաքականությունը: Իրավիճակի որակական փոփոխություն պիտի կատարվի ոչ թե Հայաստանում, որտեղ չկան օբյեկտիվ նախադրյալներ, այլ՝ Եվրոպայում: Բրյուսելը պիտի որոշի՝ պե՞տք է իրեն Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական մեկուսացման մեջ հայտնված Հայաստանը, թե ոչ: Եթե պետք է, ինչի՞ համար ու ինչպե՞ս կարող է փոխել պատկերը: Ի տարբերություն Մոսկվայի, որ կենսական անհրաժեշտություն էր դիտարկում ԵՄ-ին Հայաստանի ասոցացման բացառումը և պարտադիր անդամակցությունը Մաքսային, ապա նաև Եվրասիական միությանը զուտ իբրև քաղաքական խնդիր, Բրյուսելը քաղաքականապես Հայաստանի կարիքն առանձնապես չունի: Եվրոպան փափուկ ուժի մեթոդներով է գործում, Ռուսաստանը՝ կոշտ: Soft power-ի և hard power-ի տարբերությունները, սակայն, Հայաստանի դեպքում առանձնապես կարևոր չեն արդյունքի տեսակետից: Ի՞նչ ենք մենք ստանում: Քաղաքական համագործակցության հայտարարություններ ԵՄ-ից և առևտրատնտեսական հարաբերությունները խորացնելու ցանկություն այնքանով, որքանով չի հակասի Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությանը: Սա ամենակարևոր կետն է, որտեղ անիմաստ է քրքրել պայմանագրերը, որովհետև ինչ էլ պայմանագրերով սահմանված լինի, հարցը ստանալու է քաղաքական լուծում: Ինչո՞ւ է, ուրեմն, Հայաստանը համայն աշխարհին ի ցույց դնում իր դժգոհությունը Մոսկվայից, ինչո՞ւ է Մոսկվան ի ցույց դնում Հայաստանի անկարևորությունը ԵԱՏՄ-ում: Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին առաջին անգամ չի խոսվում, առաջին անգամից հետո զենքի վաճառքի որևէ ծրագիր չի կասեցվել, շարունակվել ու ավելի է խորացել: Ռուսաստանը դա համարում է Թուրքիայի, ուրեմն՝ ՆԱՏՕ-ի Ադրբեջանի վրա ունեցած ազդեցության նվազեցման միջոց, որովհետև զենքի վաճառքը միայն առևտրական գործարք չէ, ներառում է զինամթերքի մատակարարումը և զենքն օգտագործելու ուսուցումը, որ արդեն դառնում է ռազմական համագործակցություն, ուրեմն և քաղաքական ներգործություն: Այս կտրվածքով՝ Հայաստանի ոչ մի հայտարարություն իրավիճակ չի փոխի: Առավելագույնը՝ Հայաստանը կարող է պրեֆերենցիաներ ստանալ այլ հարցերում, ու՝ վերջ, սա գործնական հարթության մեջ, քարոզչական հարթության մեջ՝ սա առավել կարևոր հետևանքներ կարող է ունենալ՝ իբրև Ռուսաստանից Հայաստանի քաղաքական անկախության դրսևորում, որի գնահատականն ակնկալվում է Արևմուտքից: Իր հերթին Հայաստանի քաղաքական անկախության դրսևորումներին լրացուցիչ ազդակ է տալիս Մոսկվան՝ ԵԱՏՄ նախագահների եռյակ ձևաչափով հանդիպումներով, որոնք մայիսին էլ շարունակվելու են՝ առանց Հայաստանի: Գործնականում սա նշանակում է, որ Մոսկվան չի առարկում Հայաստանի համեմատական անկախության ցույցերին, հակառակը՝ տրամադրում է կարճ վազքուղի, որտեղ Հայաստանը որքան ասես կարող է անկախ լինել՝ առանց էական հետևանքների՝ կաշկանդված լինելով ԵԱՏՄ համաձայնագրով:
Ի՞նչ կանի Արևմուտքը: ԵՄ-ում նոր ձևավորված քաղաքական իշխանությունները փորձում են Արևելյան գործընկերության ծրագիրը վերաիմաստավորել վեց առանձին պետությունների առանձնահատկությունների հաշվառումով: Սա դրական է, բայց ԵՄ-ն ԵԱՏՄ չէ, որտեղ դոմինանտ է մեկ պետություն, ԵՄ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, ամենափոքր պետությունն իսկ կարող է վետո դնել: Ռուսաստանի հետ հարաբերությունները ԵՄ պետությունները բաժանել են երկու խմբի, պատժամիջոցներն ու հակապատժամիջոցները ազդում են որքան Ռուսաստանի, նույնքան ԵՄ տնտեսության վրա: ԵՄ-ՌԴ հարաբերությունների կարգավորումից հետո միայն Բրյուսելը գործնականում ձեռնամուխ կլինի և ասոցացման համաձայնագիր կնքած երեք պետություններում այդ համաձայնագրերի կատարմանը, և Արևելյան գործընկերության ծրագրի կատարմանը ողջ ծավալով: Սա աներկբա է: 2016-ի նոյեմբերին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են, ո՞վ կմտնի Սպիտակ տուն՝ դեմոկրատնե՞րը, թե՞ հանրապետականները: Սա շատ կարևոր հարց է, բայց դարձյալ շրջադարձային նշանակություն չունի, որովհետև ով էլ լինի ԱՄՆ-ի նախագահը, պետությունը իր արտաքին ու ներքին քաղաքականությունից չի շեղվում: Փոխվում են այդ քաղաքականության կենսագործման ձևերը: ԱՄՆ-ը Հայաստանին կսկսի ավելի մեծ ուշադրություն հատկացնել համապետական ընտրությունների ցիկլում, իսկ մինչ այդ կշարունակվեն միջին մակարդակի տնտեսական ծրագրերը և հստակ ու առանց շեղումների քաղաքականությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում:
Հայաստանին ընդհանուր համաձայնությամբ տրված է ժամանակի ու տարածության մեջ կարճ վազքուղյակ, որի ֆինիշին չի լինի անդամակցության դադարեցում ԵԱՏՄ-ին և ԵՄ ասոցացման մերժված համաձայնագրի ստորագրում, կձևավորվի նոր համաձայնագիր, որը քաղաքական ու տնտեսական պայմանավորվածությունների ցածր մակարդակ կունենա, ուրեմն նվազ վտանգավոր կլինի Ռուսաստանի և նվազ արդյունավետ Հայաստանի համար: ԵՄ-ն չի ապահովի Հայաստանի ռազմական անվտանգությունը, որովհետև այդպիսի խնդիր գործնականում չկա, կա Ադրբեջանի ռազմական սպառնալիքը Հայաստանին ԼՂ հարցով, իսկ դա ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դաշտն է, որին ԵՄ-ն չի խառնվում: Թուրքիայի սպառնալիք Հայաստանին իրականում գոյություն չունի՝ Թուրքիան որևէ պատերազմի կարիք չունի Հայաստանի հետ: Հայ-թուրքական հարաբերությունների մեռյալ վիճակը պայմանավորված չէ ԼՂ հարցով ու շատ ավելի խորքային է՝ Թուրքիայի համար Ադրբեջանի պաշտպանությունը փայլուն պատրվակ է, որ թաքցնում է իր դիրքորոշում չունենալը Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հետևաբար փոխհատուցմանը: Թուրքիայի Հանրապետությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու է միայն այն ժամանակ, երբ միջազգային համաձայնություն կլինի փոխհատուցման հարցում, իսկ դա շատ հեռավոր խնդիր է: 2015-ին Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղվածությունը ցեղասպանության ճանաչումն է լինելու, քանի՞ միջազգային կազմակերպություն ու քանի՞ երկիր կճանաչեն ցեղասպանությունը, շատ կարևոր է՝ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու տեսակարար կշռի տեսակետից, բայց ամենակարևորը մնում է Թուրքիայի ճանաչումը, որը առաջիկայում գործնականում հնարավոր չէ՝ համենայն դեպս Ռեջեփ Թայիբ Էրդողանի նախագահության տարիներին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Միամիտ է կարծել, որ Արևմուտքը երրորդ համաշխարհային պատերազմ է սկսելու Ռուսաստանի դեմ՝ երկիրը տրոհելու և համաշխարհային ասպարեզում երկրորդական դարձնելու նպատակով, որին ոտատակ է գնալու Հայաստանը: Արևմուտքը այդ հարցի լուծման համար ունի soft power-ի իր համար անվտանգ տարբերակները՝ նույն արդյունքները կարող է ստանալ տնտեսական ու քարոզչական պատերազմներով, ի վերջո՝ տրոհված Ռուսաստանը շատ ավելի մեծ գլխացավանք է դառնալու աշխարհի համար, քան ներկա կայսրությունը Վլադիմիր Պուտինի նախագահությամբ: Արևմուտքը չի կարող հարվածի տակ դնել ոչ միայն սեփական տնտեսությունը, այլև իր իմիջը, որը հատկապես կարևոր է այն պետություններում, որտեղ իշխանությունը ձևավորվում է ընտրությունների միջոցով, իսկ ընտրությունների արդյունքները որոշում են ընտրողները: Ի՞նչ պիտի անի Հայաստանը: Առավելագույնս օգտվի իր համեմատական անկախության կարգավիճակից և ուժեղացնի տնտեսությունը՝ դիվերսիֆիկացնելով, նոր աշխատատեղերի ստեղծումով, որը կվերադարձնի արտագնա աշխատանքի մեկնածներին ու կնվազեցնի կախումը Ռուսաստանից, ապրանքների ներմուծման ու արտահանման հավասարակշռության հասնելով՝ Արևմուտքը այդ դուռը բաց է պահում: Սա է այսօր Հայաստանի հիմնական խնդիրը: Մնացածը ժամանակի մեջ կերևա:

Դիտվել է՝ 1261

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ