«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՈՒ՞մ է պետք հայ-ադրբեջանական նոր պատերազմը

ՈՒ՞մ է պետք հայ-ադրբեջանական նոր պատերազմը
08.02.2015 | 14:45

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տիկնոջ ուղեկցությամբ մասնակցել է փետրվարի 6-ին Մյունխենում անցկացված անվտանգության հարցերով համաժողովին և ելույթ է ունեցել էներգետիկ անվտանգության հարցերին նվիրված կլոր սեղանի ժամանակ: Համաժողովը նախագահող Վոլֆգանգ Ֆրեդերիլ Իշինգերը հիշեցրել է, որ անվտանգության ապահովումը ներառող հարցերի շրջանակները ընդլայնվել են և 2013-ից այդ ցանկում է էներգետիկ անվտանգությունը և խոսքը տվել է Ադրբեջանի նախագահին: ՈՒ մինչ ադրբեջանահայկական ու ադրբեջանաղարաբաղյան սահմանին ամեն օր կրակում են ու չհայտարարված, բայց ծավալվող պատերազմին տարբեր անուններ են տրվում, Ադրբեջանի նախագահը իր ելույթում բացարձակապես չի անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Դիմադրել է նույնիսկ «օկուպացված 20 տոկոս տարածքի» ու 1 միլիոն փախստականների մասին ևս մեկ անգամ խոսելու գայթակղությանը: Ոչ, Իլհամ Ալիևը հանդես է եկել բացառապես իբրև խաղաղ, կառուցողական նպատակներ ու համաեվրոպական էներգետիկ անվտանգությունն ու բարեկեցությունը ապահովելու պատրաստ երկրի նախագահ: Ավելին՝ նա հիշեցրել է, որ Ադրբեջանը տարածաշրջանում էներգետիկ անվտանգության ապահովման իր դերն ունի, սակայն Հարավային գազային միջանցքի պայմանագրի ստորագրումից հետո Ադրբեջանը Եվրոպայի համար դառնում է նշանակալից գործընկեր: «Ադրբեջանը դեպի ծով ելք չունեցող երկիր է, այդ պատճառով դեռ 1994-ից սկսելով էներգետիկ ռազմավարության ծրագիրը՝ մենք կարողացանք նավթային միջազգային կոնսորցիումից ներդրումներ ստանալ նավթի ու գազի արտահանման համար, մենք սկսեցինք նավթատարներ ու գազատարներ կառուցել, որոնք պատմության մեջ առաջին անգամ միացրին Կասպից ծովը Սև և Միջերկրական ծովերին: Երբ տասը տարի առաջ շահագործման հանձնվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, արդեն կարևոր քայլ արվեց Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման համար: Այսօր Ադրբեջանի նավթը որոշ եվրոպական երկրների էներգետիկ բալանսի 30-40 տոկոսն է կազմում, հասել է բնական գազի ժամանակը»՝ հայտարարել է Իլհամ Ալիևը և տեղեկացրել, որ տարածաշրջանային շուկայում ադրբեջանական գազն արդեն նվաճել է իր դիրքերը՝ Վրաստանը, Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը ստանում են Բաքվի գազը: 2012-ին Թուրքիայի հետ ստորագրված Տրանսանատոլիական TANAP-ի համաձայնագիրը նա անվանել է մեծ թռիչք Եվրոպայի էներգետիկ անվտանգության ասպարեզում, քանի որ առանց TANAP-ի «Հարավային գազային միջանցքը» բարի մտադրություն կմնար: Ադրբեջանի նախագահը մանրամասն ներկայացրել է Եվրոպան գազով ապահովելու իր երկրի ոչ միայն մտադրության, այլև հնարավորության բոլոր հիմնավորումները: Նաև առաջարկել է ներդրումներ կատարել՝ 45 միլիարդ դոլարի շրջանակներում, խնդրել եվրոպական բյուրոկրատիայից այս նախագծերը ձերբազատել: Հիշեցրել է, որ, բացի Թուրքիայից ու Վրաստանից, այսուհետ Բուլղարիան, Հունաստանը, Ալբանիան, Իտալիան, Հորվաթիան, Մոնտենեգրոն էլ են նույն թիմի անդամ: Համաձայնել է, որ ադրբեջանականը միակ գազը չէ, բայց ընդգծել է, որ միակ նոր աղբյուրն է Եվրոպայի համար, մյուս բոլոր նախագծերը կապված են երթուղիների դիվերսիֆիկացիայի հետ, այլ ոչ թե մատակարարի՝ սա ուղիղ մարտահրավեր է «Գազպրոմին»: Ալիևը խոստացել է, որ «Շահդենիզի» հանքավայրում 1 տրիլիոն խորանարդ մետր գազ կա և մյուս պահուստների հետ մեկտեղ ադրբեջանական գազը 2,5 տրիլիոն խորանարդ մետր է, որ տասնամյակների ու հարյուրամյակների կայուն գազամատակարարում է երաշխավորում: Առաջարկել է Ռումինիայի, Հունգարիայի և Ավստրիայի տարածքով շարունակել TANAP-ը և խնդրել է կոորդինացնել աշխատանքները՝ ժամանակ չկորցնելու համար:
Կընդունե՞ն եվրոպացիները Ադրբեջանի գազային դրախտի առաջարկը: Իլհամ Ալիևը ոչ մի բառ չի ասել «ադրբեջանահայկական կոնֆլիկտի» մասին, ինչպես անվանում են ԼՂՀ հակամարտությունը Բաքվում, բայց ԵՄ-ն գիտի, որ ադրբեջանական նավթատարներն ու գազատարները պատերազմի վերսկսման դեպքում հայտնվելու են հայկական զինուժի ուշադրության կենտրոնում, ուրեմն և անվտանգ աղբյուր չեն սեփական էներգետիկ անվտանգությունն ապահովելու և ակնկալվող ներդրումները անելու համար: ՈՒրեմն՝ ինչի՞ վրա է Բաքվի հույսը: Բաքուն խաղում է շատ ավելի հեռահար խաղ. մինչդեռ ՈՒկրաինայում խրված Ռուսաստանը օրեցօր կորցնում է իր տնտեսական դիրքերը համաշխարհային շուկայում, Բաքուն իրեն հայտարարում է Մոսկվայի համարժեք փոխարինող և ապացուցում է, որ ռուսական գազին այլընտրանք կա և Կրեմլի գազային շանտաժից ազատվելու համար բավական է ընթացք տալ ադրբեջանական նախագծերին: Տնտեսական շա՞հը, թե՞ միջազգային սկզբունքները՝ ո՞րը կընտրի ֆինանսատնտեսական լուրջ խնդիրներ ունեցող Եվրոպան: Բաքվի կարծիքով՝ առաջինը, և ուրեմն արդեն ԵԱՀԿ ՄԽ մակարդակով ու տնտեսական ճնշումներով Հայաստանին կպարտադրվի ԼՂ հարցի լուծման Բաքվի տարբերակը: Սպասո՞ւմ էր Մոսկվան նման հարված թիկունքին՝ Անկարայի ու Բաքվի կողմից: Եթե այո, ինչո՞ւ չի կանխում: Եթե ոչ, ի՞նչ է պատասխանելու: Ադրբեջանական նավթագազադոլարների հմայքը կարո՞ղ է մրցակցել ռուսականի հետ: Իհարկե, առավել ևս, որ Բաքվի համար պահը շահավետ է՝ հաշվի առնելով Ռուսաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցներն ու ընդհանրապես Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները:
Կազդի՞ նոր իրավիճակը թուրքական հոսքի վրա, որի սենսացիոն պայմանագիրը դեկտեմբերին Անկարայում ստորագրեցին Ռուսասաստանի ու Թուրքիայի նախագահները, բայց որը դոփում է տեղում, որովհետև ռուսական գազի գնի վեց տոկոս իջեցումի փոխարեն Թուրքիան պահանջում է համարյա եռակին, իսկ դա պարզապես նախագիծը ոչ շահավետ է դարձնում «Գազպրոմի» համար, որը արդեն իսկ մեծ առավելություն է համարում, որ թուրքական խաբում հավաքված գազը Թուրքիան կարող է վաճառել իր սահմանած գնով: Մյունխենը կդառնա՞ Բաքվի տրիումֆը Մոսկվայի հանդեպ, թե՞ Կրեմլը կգտնի տարբերակներ Իլհամ Ալիևին ցույց տալու ռուսական գազի անայլընտրանք լինելը Եվրոպայի համար: Իսկ ի՞նչ կանի Թեհրանը, որ էներգակիրների պակաս պաշարներ չունի և պատրաստ է ապահովել Եվրոպային՝ ոչ պակաս կայուն երաշխիքներ տալով: Մի քանի ամսում կերևա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Դուք դեռ հարցնո՞ւմ եք, թե ինչու է Բաքուն շտապում լուծել ԼՂՀ հարցը և իր դիրքերը բանակցություններում համարելով գերակա, պահանջում է «օկուպացված» տարածքների ու փախստականների վերադա՞րձ: Դուք դեռ մտածո՞ւմ եք, թե ինչու սահմանագծում հրադադարի խախտման դեպքերը գիշերային կամ դանդաղ պատերազմի են վերածվել և ո՞ւմ է պետք հայ-ադրբեջանական նոր պատերազմը:

Դիտվել է՝ 1374

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ