Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Զգուշությամբ եմ մոտենում թուրքերի հետաքրքրությանը»

«Զգուշությամբ եմ մոտենում  թուրքերի հետաքրքրությանը»
03.10.2014 | 13:10

Ցեղասպանության թեմայով գրականության տպագրության, թարգմանության և խնդիրն աշխարհին ներկայացնելու համար պետությունն ամեն տարի հատկացնում է միջոցներ: «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ, այս առումով, ավելի կարևորում է հենց հրատարակչությունների գործը: Երեկ «Իրատես de facto» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ պետպատվերի շրջանակում ֆինանսավորվող գրքերը տպագրվում են Հայաստանում և լայն տարածում չեն գտնում։ Ավելի կարևոր է այդ գրքերի հրատարակումը դրսի հրատարակիչների կողմից, և մշակույթի նախարարության աջակցությամբ վերջին 2-3 տարիներին այդ առումով քայլեր արվում են: ««Անտարես» հրատարակչությունը մեծ ծրագրեր ունի, ինչը չենք կապում Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ, որովհետև դրանք մշակութային ծրագրեր են` կորսված արժեքների վերականգնում, անտեսված արժեքների վերաշրջանառում և այլն»,- հավելեց նա:
Մշակույթի նախարարության հրատարակչական բաժնի պետ ԱՐՄԵՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ նշեց, որ ոչ միայն այս տարի, այլև բազմաթիվ տարիներ պետական բյուջեում ցեղասպանության թեմայով գրքերի հրատարակման առանձին տող են ունեցել. «Վերջին երկու տարիներին առավել մեծ ուշադրություն է դարձվում: Մշակույթի նախարարությունը աշխարհի հայացքը ցեղասպանությանն ուղղելու նպատակով համագործակցելու է գրական գործակալների հետ, աջակցելու է գրքերի թարգմանության հարցում: Ստեղծվել է նաև ցեղասպանության թեմայով հրատարակվող գրքերի հանձնաժողով, որը կորոշի, թե որ գրականությունը պետք է թարգմանվի և հրատարակվի»:
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ցեղասպանության թեմային առնչվող երեք տասնյակի հասնող գրքեր ունի: «Էդիթ Պրինտ»-ի գլխավոր խմբագիր ԱՇՈՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ փաստեց, որ 2015-ին ընդառաջ ամփոփելու, վերլուծելու են իրենց հետագա անելիքները: «Տպագրել ենք և փաստական, և գեղարվեստական գրականություն և չենք սահմանափակվել միայն հայերեն հրատարակություններով։ Եղել են գրքեր, որ տպագրվել են և հայերեն, և ռուսերեն, և անգլերեն, անգամ` թուրքերեն: Նախատեսում ենք այդ բոլոր գրքերը դարձնել էլեկտրոնային, որ հասանելի դառնան ամբողջ աշխարհում»:
Հրատարակվող տասնյակ գրքերից, դրսում հետաքրքություն ներկայացնելու առումով, Արքմենիկ Նիկողոսյանն առանձնացրեց Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը» և Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» վեպերը: Բանախոսի համոզմամբ` ամենասպասված ու լավագույն գրքերից է լինելու իր և Աշոտ Գաբրիելյանի աշխատասիրությամբ լույս տեսնող «Եղեռնազոհ գրողներ» հատորը. «Սովորաբար եղեռնի զոհ դարձած գրողների մասին խոսելիս մենք սահմանափակվում ենք չորս-հինգ գրողի անուն տալով, բացառիկ այս գրքում մոտ 40 գրող կա ներկայացված: Բազմաթիվ անուններ, տեքստեր առաջին անգամ են շրջանառվելու, նաև աշխատել ենք, որ մեզ ծանոթ գրողները ներկայանան փոքր-ինչ այլ կերպարով` Զոհրապը, Վարուժանը և մյուսները»: Ա. Նիկողոսյանի խոսքով` իրականում գրքի գաղափարը պատկանում է թուրքերին: Առաջարկ է ստացել թուրք հրատարակիչներից մի տեղ հավաքել եղեռնի զոհ դարձած գրողների գործերը: Իսկ այդ շրջանի գրականության հանդեպ իրենց հետաքրքրությունը թուրքերը պատճառաբանում են նրանով, որ 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի Պոլիսը, թուրքական կենցաղը, բարքերն ավելի լավ արտացոլված են հայ գրողների ստեղծագործություններում:
«Այնուամենայնիվ, զգուշությամբ եմ մոտենում թուրքերի հետաքրքրությանը, որովհետև անգամ առերևույթ մեզ ձեռնտու առաջարկները կարող են ծառայեցնել իրենց նպատակին, ևս մեկ անգամ իրենց գովերգել և աշխարհին ավելի լավ գույներով ներկայանալ»,- նշեց բանախոսը, օրինակ բերելով Օրհան Փամուկին, ով կարողացել է ցեղասպանության թեման օգտագործելով` հետաքրքրություն առաջացնել թուրք գրականության նկատմամբ: Գրաքննադատը փաստեց, որ երբ Փամուկը գիրք է գրում, դեռ չավարտած` գրական գործակալները փորձում են գնել հեղինակային իրավունքը: ՈՒստի նա կարող է օգտվել հանգամանքից ու անել այն, ինչ ուզում է իր ժողովուրդը, իր պետությունը, որովհետև, ինչ էլ գրի, տպագրելու են: Արմեն Ավանեսյանը հավելեց, որ Փամուկն ընդամենն ասել է` այստեղ շատ հայեր, հույներ և քրդեր են սպանել: Նա հանդես չի եկել ցեղասպանության հերքումով: «Իսկ երբ Նոբելյան մրցանակը ստանալուց հետո հայ լրագրողները հարցազրույց են խնդրել, ասել է` ինձ սպասում է Թուրքիայի վարչապետը, ես նրան պետք է հանդիպեմ: Երկրից վտարված մարդը գնացել է, որ վարչապետի ձեռքը սեղմի: Սա է իրենց քաղաքականությունը, մենք խաբում ենք ինքներս մեզ, բացում ենք մեր թիկունքը և խոցելի դառնում՝ չէ՞ որ նրանք մեր թիկունքում են»,- եզրահանգեց Արմեն Ավանեսյանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 28357

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ