ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Կանգուն կամուրջներն ու պահեստային ելքերը

Կանգուն կամուրջներն  ու պահեստային ելքերը
20.06.2014 | 00:35

Այսօր հունիսի 20-ն, է և Հայաստանը դեռ ոչ Մաքսային միության անդամ է, ոչ Եվրասիական: ՈՒ դա ոչ թե անդամությանը դեմ ընդդիմության հաղթանակն է, այլ անդամությանը կողմ ոչիշխանության և անդամությունը նախաձեռնած իշխանության պարտությունը: Այսօր արդեն ակնհայտ է` ինչ տողատակեր կային Աստանայում, ինչո՞ւ էին ՀՀ և ՌԴ նախագահները հիշել «Լռությունը ոսկի է» բանաձևը: Հայաստանը շտապում էր ԵՏՄ-ի հիմնադիր անդամ դառնալ, որպեսզի հետագայում անդամակցողներին ինքը ևս լինի պայմաններ առաջադրողի դիրքերում: Ռուսաստանը մտքում ուներ Ադրբեջանը, և ուրեմն Հայաստանին, մանավանդ այդ հարցում, հովանու տակ առնելը միանգամից փակում էր Ադրբեջանի հետ չսկսված խոսակցությունը: Ղազախստանը ներկայացնում էր թուրքալեզու պետությունների շահերը` հավակնելով դառնալ այդ պետությունների «հովանավորը» եթե ոչ տարածաշրջանում, ԵՏՄ-ում` հաստատ: Իսկ Ալեքսանդր Լուկաշենկոն հանգիստ կարող էր լռել` առաջինն ինքն էր ավելի վաղ այդ հարցը բարձրացրել: Այսպես մենք նորից հավասար «չդարձանք» հավասարներին»: Թեպետ ամեն անգամ համեմատելով Եվրամիությունը և Եվրասիական միությունը` անպայման նշվում է փաստարկը, որ ԵՄ-ն վաղուց կայացած կառույց է իր կարծրացած կանոններով, իսկ ԵՏՄ-ն նոր է ձևավորվում և շատ ավելի ճկուն է, բոլոր անդամների համար ապահովում է հավասար հնարավորություններ ու իրավունքներ, ավելին` անդամներից յուրաքանչյուրն ունի վետոյի իրավունք, որ մեծ ու փոքրի միջև որոշումներ ընդունելու մակարդակում հավասարության նշան է դնում: Բայց ստացվում է, որ իրավունքը կա, իսկ իրավունքից օգտվելու իրավունքը կասկածելի է: Իհարկե, դա հետագայի պատմությունն է, այսօր գործ ունենք նվազագույնը երեք փաստի հետ. 1. Հայաստանն Աստանայում չդարձավ ԵՏՄ հիմնադիր անդամ: 2. ԵՏՄ-ն առայժմ լինելու է տնտեսական կառույց, քաղաքական կետերը Ղազախստանի պահանջով հանվեցին համաձայնագրից: 3. ԵՏՄ-ն չի գնում այն ճանապարհով, որ գծագրել էր Ռուսաստանը, ոչ միայն քաղաքական կառույցը չի կայանում, այլև անդամների հարցն է անորոշ: Բնականաբար, Ռուսաստանն ու մյուս երկրները շահագրգռված են հնարավորինս մեծ տարածք ընդգրկելու, շատ անդամներ ունենալու, հետևաբար ներգործության ավելի մեծ հնարավորություններ ձեռք բերելու հարցում: Այս երեք իրողություններից բացի, կան այլ իրողություններ, որ ավելի են խճճում իրավիճակը: Արդեն երկրորդ ռուս նախարարը` տարածքային զարգացման նախարար Իգոր Սլյունյաևը, հայտարարեց, որ Ադրբեջանի համագործակցությունը Եվրասիական միության կամ Մաքսային միության հետ բավականին իրական հեռանկար է: Սա` մի կողմից, մյուս կողմից` Բաքու այցելած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մոսկվան Բաքվին Եվրասիական միությանն անդամակցելու առաջարկ չի արել: Ստացվում է, որ ՌԴ կառավարության անդամները կամ միմյանց հետ չեն համաձայնեցնում իրենց քայլերը, կամ նախորդ առաջարկները ստուգողական քայլեր էին, իսկ արտգործնախարարը եզրափակեց խնդիրը, և եզրափակեց Բաքվում, որը ենթադրել է տալիս, որ քննարկում եղել է և եղել է պայմանավորվածություն: Գուցե Մոսկվան ու Բաքուն պայմանավորվել են միմյանց պահանջներ չներկայացնել:

Առայժմ չներկայացնել, հայտնի չէ, թե ի՞նչ է ուզում Ադրբեջանը: Ադրբեջանը ունի Թուրքիա, և դա բավական է` ոչինչ չուզելու համար` այս ու այն միությանն անդամակցելու տեսակետից: Բայց բավարար երաշխիք չէ, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ «համագործակցության» դիմաց պայմաններ չի դնի` մեկ, և երկու` ինչ-որ պահից Թուրքիան կարող է նման հրահանգ տալ: Բացի այդ, Եվրամիությանն անդամակցության իր ոդիսականը կրճատելու կամ իր համար շահեկան պայմաններ ստանալու համար Թուրքիան կարող է խաղարկել ԵՏՄ-ին իր անդամակցության հեռանկարը: Երկու միությունների համեմատություն Թուրքիայի համար իրականում գոյություն չունի. երկկողմ հարաբերությունների ձևաչափով Անկարան տնտեսական խնդիրները լուծում է ոչ միայն Արևմուտքում, այլև Արևելքում: Բացի այդ, Թուրքիան ԵՏՄ-ի հետ առավելագույնը ինչ-որ ծրագրեր կարող է համատեղ իրականացնել, իսկ անդամության մասին խոսելուց առաջ Թուրքիան պետք է դուրս գա ՆԱՏՕ-ից ու միանա ՀԱՊԿ-ին: Ինքներդ դատեք հավանականության աստիճանը: Այդ Նուրսուլթան Նազարբաևին է պետք թուրքալեզու պետությունների գերակշռություն ապահովել նորաստեղծ միությունում, Էրդողանին իր ունեցածն էլ հերիքում է լրիվ երջանկության համար:
Հայաստանի նախագահը Աստանայում բարձրաձայնեց մինչև հունիսի 15-ը ԵՏՄ-ին անդամակցելու ՀՀ-ի մտադրությունը, Նուրսուլթան Նազարբաևը վերջնաժամկետ տվեց հուլիսի 1-ը: ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը խնդրի շուրջ պարզաբանեց, որ կա ԵՏՄ Բարձրագույն խորհրդի որոշում` անդամակցության պայմանագիրը ստորագրման պատրաստել մինչև հուլիսի 1-ը, և ուրիշ ոչինչ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բացահայտորեն հոգնել է ԵՏՄ-ի հետ ու ԵՏՄ-ի շուրջ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղից, հոգնել է այնքան, որ գնաց Հանրային հեռուստաընկերություն ու որոշեց հարցազրույց տալ` փակելու այդ թեմայով թեական քննարկումները և պարզ դարձնելու, որ խնդիրներ այլևս չկան, իսկ եթե կան, բոլորովին էլ Հայաստանի խնդիրները չեն` լուծողները թող լուծեն: «Այո, ՀՀ-ն անդամակցելու է Մաքսային միությանը, այո, ՀՀ-ն անդամակցելու է Մաքսային միությանը` իր իսկ կողմից ճանաչված սահմաններով, այնպես, ինչպես ՀՀ-ն այս 20-23 տարիների ընթացքում անդամակցել է մնացած բոլոր միջազգային կառույցներին»,- ասաց Սերժ Սարգսյանը: Իսկ Եվրասիականի՞ն: Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, օրինակ, համոզված է, որ Ղազախստանը դեմ է լինելու, Ռուսաստանը` կողմ, Հայաստանը փորձելու է պայմանավորվել տնտեսությանը, արտոնություններին վերաբերող հարցերի շուրջ: Եվ «Հայաստանը գնալու է այդ ուղղությամբ, բայց չեմ կարծում, թե այդ անդամակցությունը ներկա պայմաններում, տարբեր պատճառներից ելնելով, կարելի է ակնկալել մոտ ապագայում»: Հարց` ինչո՞ւ են ռուսները տարբեր մակարդակներում հարցեր բարձրացնում ու տարբեր պատասխաններ տալիս: Ի վերջո, քաղաքականության ճկունությունը չի՞ վերածվում հակասականության, որ վկայում է վատ կառավարվող իրավիճակ:
ՀՀ նախագահը բացահայտորեն հոգնել է նաև իրեն ներկայացվող ուղղակի ու անուղղակի մեղադրանքներից Արցախի հարցում, և հոգնել է այնքան, որ բաց տեքստով, ուղիղ եթերում ասում է. «Մի՛ պաշտպանեք Արցախը ինձնից: Սա ոչ միայն վիրավորական է, այլ նաև անհեթեթ է, անհեթեթ», մնում էր նաև անուններ տար` սկսելով, իհարկե, իր նախորդից կամ ավարտելով Ռոբերտ Քոչարյանով: Նախագահի հետ հարցազրույց վարող որևէ այլ լրագրող, իհարկե, նրան հարցնելու էր Ադրբեջանի նախագահի հետ առաջիկա հանդիպման մասին, որի մասին խոսում են ԱՄՆ-ի դեսպանները Հայաստանում ու Ադրբեջանում («ԱՄՆ-ը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները փարիզյան հանդիպման ընթացքում կոնկրետ համաձայնության կգան ԼՂ հակամարտության կարգավորման հարցում»,- ասել է Ռիչարդ Մոռնինգսթարը), համանախագահը, իսկ ժամկետ չի նշվում: Հարցնելու էր նաև Ֆրանսուա Օլանդի առաջարկի մասին, որը, իհարկե, հայտնի է, բայց նախագահների ու արտգործնախարարների մակարդակով թերևս, ոչ ավելի: Թեպետ եթե հստակ պատասխան լիներ, հարցն էլ կհնչեր: Այնուամենայնիվ, նույնիսկ հերթապահ պատասխանի ակնկալիքով հարցը կհաստատեր, որ Հայաստանը մտադիր է շարունակել բանակցությունները և վճռական է հակամարտության կարգավորման իր ցանկության մեջ:
Սերժ Սարգսյանի ողջ հարցազրույցը նմանվում էր երկար ժամանակ բացակայելուց հետո վերադարձած մարդու այդ ընթացքում կուտակած պարտքերը հերթով փակելուն: Թեպետ համարյա ամեն պատասխանի մեջ հնչում էր` «Ես բազմաթիվ անգամ առիթ եմ ունեցել այդ մասին խոսելու»: Նոր կառավարության մասին էլ ասվեց այն, ինչ արդեն ասվել էր. «ՈՒրախությամբ պետք է նշեմ, որ ամբողջ կառավարությունը գիտակցում է պատասխանատվության իր աստիճանը, ամբողջ կառավարությունը գիտակցում է, որ նախկին կառավարության փոփոխությամբ ակնկալիքներ են ձևավորվել, և այդ ակնկալիքները պետք է արդարացվեն»: Բայց և ասվեց այն, ինչ մինչ այդ չէր ասվել` նշվեցին կառավարության աշխատանքի գնահատման չափանիշները. «Առաջինը կայուն տնտեսական աճն է: Կառավարությունը պետք է ապահովի կայուն տնտեսական աճ: Երկրորդ չափանիշը աշխատավարձ-գնաճ հարաբերակցությունն է, այսինքն` աշխատավարձի աճը միշտ պետք է գերազանցի, առաջանցիկ լինի գնաճին, որպեսզի ավելանան մարդկանց իրական եկամուտները: Եվ երրորդ հանգամանքը հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունն է, թե ՀՆԱ-ի քանի՞ տոկոսն ենք կարողանում հարկերի տեսքով բերել բյուջե, որովհետև սա է հիմքը և՛ աշխատավարձերի բարձրացման, և՛ սոցիալական խնդիրների լուծման»: Որքա՞ն կդիմանա վարչապետն այս չափանիշներով կառավարմանը, և կգործե՞ն այս չափանիշները կառավարության աշխատանքը գնահատելիս, թե՞ կկրկնվի յոթ տոկոսի պատմությունը, առավել ևս, որ Հովիկ Աբրահամյանի դեպքում թիվ էլ չի նշվում:
Եվ, իհարկե, ՀՀ նախագահը համակարգված պատասխան տվեց ոչիշխանական քառյակի 12 առաջարկներին, ավելին` մեծարեց նրանց «ընդդիմություն» գնահատականով ու ասաց. «Այն հարցերը, որոնք ներառված են մեր ծրագրերում կամ իմ նախընտրական ծրագրում կամ այսօրվա կառավարության` արդեն հաստատված ծրագրում, պետք է արագ առաջ տանել և բացատրել մեր ընդդիմադիրներին, թե այս ուղղություններում մինչև ուր ենք շարժվելու: Երկրորդ` այն հարցերը, որոնք առնչություն ունեն սահմանադրական բարեփոխումների հետ, անպայման պետք է քննարկվեն հեղինակների հետ և միասին գան ընդհանուր հայտարարի: Եվ երրորդ` այն հարցերը, որոնք, մեր կարծիքով, մեր թիմի կարծիքով, իրատեսական չեն, անպայման պետք է բացատրել մեր ընդդիմախոսներին, թե ինչու իրատեսական չեն և ինչ հետևանքների կարող են բերել, եթե մենք խնդիրները լուծենք այն կերպ, ինչ կերպ իրենք են առաջարկում»: Թե ինչ կմնա 12-ից եռաստիճան մաղից հետո, դժվար չէ ենթադրել, բայց դա արդեն ոչիշխանական քառյակի հաշվելիքն ու որոշելիքն է: Իսկ նրանք արդեն սխալներ են գտել իրենց քայլերում` ՀԱԿ-ը սխալ է համարում նախագահի հրաժարական չպահանջելը, «Ժառանգությունը»` այդքան երկար ժամկետ տալը, ու այդպես…
Իսկ ընդհանրապես Սերժ Սարգսյանը Հայաստանի քաղաքական օրացույցում նոր թվական ավելացրեց` 2019 (2014+5), որը բացահայտորեն հաջորդում է համապետական ընտրություններին, բայց կարող է լինել այն հանգրվանը, որտեղ հասնում ես «արդեն ազատ Արցախով, հստակ հաստատված խաղաղությամբ, արագ տեմպերով զարգացող Հայաստանով և նույնչափ արագ տեմպերով ներգաղթ երևույթներով»: Իսկ մինչ այդ դեռ պետք է ապրել միություններից ներս ու դուրս, երկրից ներս ու դուրս, իսկ ամենակարևորը` կանգուն պահած կամուրջները ու բաց պահեստային ելքերը:


ԱնահիտԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- ՈՒ քանի դեռ ՌԴ արտգործնախարարը Բաքու էր մեկնել, ՀՀ արտգործնախարարը Բեռլինում Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ քննարկում էր ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլև Հայաստան-Եվրամիություն, ու երկուստեք պատրաստակամություն է հայտնվել շարունակելու համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում: Շտայնմայերն էլ ընդգծում էր, որ Գերմանիան շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության առավել զարգացմամբ: Սա` առաջին:
Երկրորդ` դեռ երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Թբիլիսիում էր: Իսկ գուցե նախագահի մակարդակով հաջորդ հանդիպումը Փարիզում Իլհամ Ալիևին տեսնելը չի լինելու, այլ Թեհրանում կամ Երևանում Հասան Ռուհանիին հանդիպելը: Եվրաասոցացումից հեռացած ու Եվրասիաասոցացմանը չմոտեցող Հայաստանը ժամանակ ու հնարավորություն ունի երկկողմանի հարաբերություններ զարգացնելու հարևանների հետ` Վրաստանի, Թեհրանի, հետո նաև Թուրքիայի ու…
Եվ երրորդ` էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը սպառողի վրա չգցելու համար պետք է հիմնադրել «Լույս» հիմնադրամ հատուկ օլիգարխների համար, թող ազնվորեն վճարեն իրենց ազնիվ վաստակից: Ի վերջո, մի ազգ չե՞նք:

Դիտվել է՝ 1471

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ