ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Ղարաբաղում արտադրվող ապրանքները Մաքսային միության շուկա կարտահանվեն «Made in Armenia» ապրանքանիշով»

«Ղարաբաղում արտադրվող ապրանքները  Մաքսային միության շուկա կարտահանվեն  «Made in Armenia» ապրանքանիշով»
30.05.2014 | 00:17

Մայիսի 20-ին Հայաստանի նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում պատմում էր Եվրասիական ինտեգրման ուղղությամբ Հայաստանի ծրագրերի մասին և հաղորդեց, որ մայիսի վերջին այդ գործընթացի շրջանակներում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների հանդիպումը, իսկ հունիսի վերջին կհանդիպեն այդ պետությունների վարչապետները։ Պատասխանելով նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի` Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո այդ կառույցին Արցախի մասնակցության հնարավորության մասին հարցին, Աբրահամյանը խորհուրդ տվեց. «Ներկայումս բանակցություններ ենք վարում, քայլեր ենք ձեռնարկում ցանկալի արդյունքին հասնելու համար։ Սակայն հիմա չարժե հաճախակի բարձրացնել այդ հարցը»։
Եթե անաչառ լինենք` գործնական խորհուրդ է։ Բայց միաժամանակ նոր վարչապետը չի կարող չհասկանալ, որ խնդիրը նույնիսկ այն չէ, որ 2014 թ. մայիսին այդ հարցն իրեն բացահայտորեն ուղղել է արևմտամետ քաղաքական ուժերի ներկայացուցիչը։ Տվյալ դեպքում, իմ կարծիքով, պարոն Աբրահամյանի գլխավոր խնդիրն այն է, որ թե՛ կառավարությունը, թե՛ գործող նախագահ Սերժ Սարգսյանը Մաքսային միության երկրների հետ Արցախի ապագա հնարավոր փոխհարաբերությունների հարցը այնպես գաղտնի չպահեն, ինչպես 2012-2013 թթ. Արցախի խնդրի նկատմամբ ԵՄ-ի վերաբերմունքի հարցը։ Այսինքն, Հայաստանի իշխանությունները պարտավոր են երկրի, ինչպես նաև ԼՂՀ-ի հասարակայնությանը հաշվետու լինել այդ բարդ գործում, որպեսզի չստացվի այնպես, ինչպես 2013-ի ամռանը, երբ հենց եվրակառույցները կոշտ կերպով հայտարարեցին, թե ԵՄ-ն Արցախը համարել և համարում է «ադրբեջանական տարածք» և անպայման կպահանջի մաքսային սահմաններ հաստատել Հայաստանի ու Արցախի միջև։
Հիմա որոշակի սպառնալիք կա, որ գրեթե նույնպիսի խութեր կարող են հարուցվել նաև ՄՄ-ին Հայաստանի միանալու հարցը համաձայնեցնելիս։ Եվ դրանում մեղավոր չեն ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Արցախը։ Բավական է ուշադրության առնել այն, որ ՄՄ-ին արդեն անդամակցած երկրների մայրաքաղաքներից երբեմն հնչում են ուղղակիորեն հակասական գնահատականներ ու հայտարարություններ, թող որ թեկուզ փորձագիտական մակարդակով։ Բայց նման բան չպետք է լինի, եթե այդ մայրաքաղաքները հավաստում են, որ ուզում են Հայաստանը տեսնել ՄՄ-ի շարքերում։ Այսպես, անցած տարի ռուս փորձագետներից մեկը նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո, բարձրաձայնեց հետևյալը. «Հայաստանն ինքը կորոշի իր մաքսային սահմանները»։ Այս տարողունակ ձևակերպումը, ինչպես հասկանում ենք, ներառում է նաև նրա այն բաղկացուցիչը, որ վերաբերում է Արցախին։ Եվ մենք միանգամայն արդարացիորեն 2013 թ. նշեցինք, որ այն պայմաններում, երբ ԼՂՀ-ն առայժմ չճանաչված պետություն է, «Հայաստանն ինքը կորոշի իր մաքսային սահմանները» բառերը Արցախի առջև բացում են միանգամայն իրական հեռանկարներ` ընդլայնելու իր առևտրատնտեսական կապերն առնվազն Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի, առավելագույնը նաև Սիրիայի, Իրանի, Հնդկաստանի և այլ երկրների հետ, եթե հավատալու լինենք ՌԴ նախագահ Վ. Պուտինի այն հայտարարությանը, թե այդ երկրները ևս ցանկություն են հայտնել անդամակցելու Մաքսային միությանը։
Սակայն մայիսի 14-ին Աստանա-Երևան-Մինսկ-Մոսկվա հեռուստակամրջի շրջանակներում, որի թեման էր «Եվրասիական ինտեգրում. Մաքսային միությունից` տնտեսական միություն», Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զարգացման և ինտեգրման դեպարտամենտի միջազգային փոխգործակցության բաժնի պետ Անտոն Ազարովն այն հարցին, թե որտեղո՞վ է անցնելու ՄՄ-ի և Եվրասիական միության սահմանը դրանց Հայաստանի միանալուց հետո, այսինքն, Հայաստանի և Արցախի միջև լինելո՞ւ է, արդյոք, հսկիչ անցակետ, կամ էլ` ԼՂՀ-ն դեֆակտո մտնելո՞ւ է ինտեգրացիոն միավորման կազմի մեջ, արձագանքեց հետևյալ կերպ. «Պատասխանեմ միարժեք. Մաքսային միությանը կամ մեր որևէ միավորման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անդամակցության հարց անգամ չի քննարկվում։ Սահմանները (Եվրասիական միության- խմբ.) կլինեն Հայաստանի Հանրապետության ներկայումս ընկալվող սահմանների շրջանակներում»։ Մեկնաբանելով Ազարովի խոսքերը, հենց այդ ժամանակ էլ մի շարք հայ պաշտոնատար անձինք հայտարարեցին, որ Արցախն ու Հայաստանը միասնական տնտեսական գոտի են, և հայկական կողմի համար անընդունելի է դրանց առանձնացումը` ՄՄ-ին ՀՀ-ի անդամակցության դեպքում։ Հիշեցնեմ, որ դեռ ավելի վաղ, ՄՄ-ին Հայաստանի անդամակցության բանակցություններին մասնակցող ՀՀ կառավարության մի բարձրաստիճան պաշտոնյա ասել էր, թե ԼՂՀ-ն Մաքսային միության մեջ կմտնի որպես Հայաստանի տնտեսական և մաքսային տարածության մաս։ «Մաքսային միությանը Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը չտեսնելու կտրվի։ Իրադարձությունների զարգացման այս տարբերակն առաջարկվել էր նաև Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրում։ Իսկ Ղարաբաղում արտադրվող ապրանքները Մաքսային միության շուկա կարտահանվեն «Made in Armenia» ապրանքանիշով»,- նշել էր նա։
Նույն 2013 թ. մենք ուշադրության էինք առել ռուսական առաջին հեռուստաալիքի ադրբեջանցի հաղորդավարուհու հեռուստասադրանքը, որը պատճենել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը հենց այն առնչությամբ, թե, իբր, մեր հանրապետությունը ՄՄ-ի երես չի տեսնի «Լեռնային Ղարաբաղի կապակցությամբ` Ադրբեջանի հետ չլուծված տարածքային խնդիր ունենալու պատճառով»։ Եվ մենք այդ կապակցությամբ հարց էինք տվել. և երկա՞ր են մտադիր Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունները լռության մատնել Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի և ադրբեջանուհի Զեյնալովայի սադրանքները։ Չէ՞ որ նույնիսկ լիակատար թերուսներին է հասկանալի` Ադրբեջանը, որ ՄՄ անդամ չէ և շարունակ մերժում է ԱՊՀ-ի կառույցների շրջանակներում ինտեգրվելու առաջարկությունները, ոչ մի իրավունք չունի Հայաստանի առջև որևէ խոչընդոտ հարուցելու։ Առավել ևս, երրորդ երկրների ձեռքով։ Եվ որ արցախյան խնդրի կարգավորված չլինելը, ինչպես գիտենք, չի խանգարում Բելառուսին, ինչպես նաև Ղազախստանին, Հայաստանի հետ գտնվելու նույն ռազմաքաղաքական դաշինքում, այսինքն` ՀԱՊԿ-ում։ Դե, ուրեմն, Իլհամ Ալիևը որքա՞ն է վճարել բելառուս Բատկային, որ սա մոռացել է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները ՀԱՊԿ-ի ռազմական ոլորտում։ ՈՒ եթե հիմա «հանկարծ» ինչ-որ կերպ պարզվի, որ, ասենք, Բելառուսն ու Ղազախստանը շարունակում են շեշտադրել Ալիևի կլանի հանդեպ իրենց ունեցած ինչ-որ «գործընկերային պարտավորություններ», ապա միգուցե վերջապես ժամանա՞կն է, որ Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով վերջ դնի Մինսկի ու Աստանայի շահարկումներին։
Կարծում եմ, որ ՄՄ-ին անդամակցությունից հետո Հայաստանի մաքսային սահմանների որոշման առումով Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների բարձր պատասխանատվության հարցը չի շրջանցի նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Եթե ընդունենք, որ Ա. Ազարովը հնչեցրել է ոչ թե իր անձնական տեսակետը, այլ, օրինակ, Բելառուսի ու Ղազախստանի նախագահների, քանի որ հենց Հայաստանի կառավարությունն է բանակցություններ վարում Եվրասիական ինտեգրմանը իր մասնակցության հիմունքների ու սկզբունքների շուրջ, ապա հենց մեր կառավարությունն էլ պետք է պատասխանատու լինի այդ հարցում, թեկուզ և սեփական ժողովրդի առջև։ Որովհետև հակառակ դեպքում կստացվի «մախաթի» պատմությունը։ Մեզ ձեռնտու կլինի միայն այն տարբերակը, երբ ԼՂՀ-ն երբեք մեկուսացած չի լինի տարածաշրջանի օրախնդիր, առևտրատնտեսական գործընթացներից։ Նույն 2013 թ. մենք առաջարկել էինք, այսպես կոչված, «թայվանյան մոդելը»` ՄՄ շրջանակներում աշխատող երկրների հետ ԼՂՀ-ի փոխգործակցության կազմակերպման համար։ Եվ պնդում ենք, որ մեր առաջարկությունը իր հրատապությունը չի կորցրել։
Բայց իրավիճակի ամբողջ նրբությունն այն է, որ Ա. Ազարովը ներկայացնում էր ոչ թե Մինսկը կամ Աստանան, այլ Մոսկվան։ Եվ լինելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնատար անձ, չէր կարող չհասկանալ, որ իր բառերին սևեռուն կհետևեն Երևանում ու Ստեփանակերտում։ Իսկ վերաբերմունքն արտահայտվեց անհապաղ։ Եվ ոչ միայն Հայաստանի պաշտոնատար անձանց. ահա Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար, Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Է. Շարմազանովի խոսքը. «Մենք երբեք չենք ասել, թե Լեռնային Ղարաբաղը մտնելու է Մաքսային միության կազմի մեջ, մենք հստակորեն հայտարարել ենք, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը մեկ տնտեսական տարածություն են։ Ես հավաստում եմ, որ իշխանությունները շահագրգռված են Լեռնային Ղարաբաղի տնտեսական զորեղացմամբ։ Չեմ կարծում, որ ձեր մատնանշած պաշտոնատար անձը այն մակարդակի է, որ նման հայտարարություն անելու լիազորություն ունենա»։ Իսկ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց. «Մենք Ղարաբաղի հետ մեկ տարածություն կլինենք։ Այս հարցում ուրիշ ձևակերպում լինել չի կարող»։ Եվ երկուսն էլ կտրականապես մերժեցին, թե Հայաստանի ու ԼՂՀ-ի միջև կարող է մաքսակետ տեղադրվել։ Արձագանքեց նաև Ստեփանակերտը. Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 20-ին «Civilnet» հեռուստաալիքին տված հարցազրույցում նույնպես ընդգծեց, որ «ճանապարհային քարտեզը», որի մասին խոսվել է, և որի միջոցով մենք պետք է կոորդինացնեինք մեր հետագա քայլերը, գոյություն չունի։ Բայց մի բան ես կարող եմ ասել հստակորեն. Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ չի լինի»։
Այսպիսով, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զարգացման և ինտեգրման դեպարտամենտի միջազգային փոխգործակցության բաժնի պետի մոսկվացի լինելու հանգամանքը, մեր դժգոհությունը հիմա կարող է հիմնականում հասցեագրված լինել Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներին։ Միգուցե բավարար լինի նաև այն, որ մեր վարչապետն ամեն տեսակի մոսկվացի «ազարովներին» խնդրեր զգույշ լինել իրենց արտահայտություններում։ Թե՞ պետք է, որ մոսկվացի պաշտոնյաներին անպայման սաստեն Կրեմլից։ Հակառակ դեպքում հարց է առաջանում` Մոսկվայում այդ ո՞ւմ է այդքան ձեռնտու, որ պարբերաբար հնչեցվի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհին ԼՂՀ-ն որպես խոչընդոտ ներկայացնելու «թեման»։ Մի՞թե անպայման պետք է, որ «ազարովներին», ասենք, անձամբ Վ. Պուտինը խոսք հասկացնի պատմական արդարության վերականգնման մասին` Հայաստանի և Արցախի պարագայում, ինչպես դա եղավ Ռուսաստանի ու Ղրիմի վերամիավորումից հետո։


Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2702

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ