ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Կիևը պատճենում է Կրեմլին

Կիևը պատճենում է Կրեմլին
24.03.2014 | 23:58

Կիևում ակնհայտորեն չեն սթափվում էյֆորիայից: Մինչդեռ արդեն ժամանակն է: Հեղափոխություն, թե հեղաշրջում էր, որ Եվրոպայի ամենամեծ պետությունում իշխանափոխություն կատարվեց և սկսվեց մասնատումը, այլ խնդիր է: Առաջին հերթին ուկրաինացիների, որ պետք է մտածեն` ինչպես վերականգնել քաղաքական կայունությունը և տնտեսությունը: Առայժմ նոր իշխանության ձեռնարկած քայլերն ընդամենը վկայում են, որ նրանք եկել են իշխանության` չիմանալով ինչ ու ինչպես անել: Մարդիկ փաստի առաջ են կանգնել ու հիմա հարկադրված են իրենց տված ու չտված խոստումները կատարել: «Ինչպե՞ս» հարցին Կիևում դեռ պատասխանում են` եվրոպացիների ու ամերիկացիների հետ հանդիպումներում քաղաքական ու ֆինանսական աջակցություն որոնելով: Լավ, կաջակցեն, բայց որքա՞ն, ինչի՞ դիմաց, իսկ հետո՞: «Ինչի՞ դիմաց» հարցի պատասխանը տալու ուկրաինական փորձերն արդեն սկսում են իրենց դեմ շրջել իրավիճակը: Անհասկանալի են ՈՒկրաինայի գործող իշխանությունների հայտարարություններն ու քայլերը ուկրաինա-հայկական հարթության մեջ: Հայաստանը պահել է դիվանագիտական ու քաղաքական կոռեկտությունը և խելամտորեն հարկ չի համարել անհապաղ ու անպատեհ հայտարարություններով հանդես գալ ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ: Միայն ԵԺԿ-ի Դուբլինի համաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց. «Եվրոպական միությունը և Արևելյան գործընկերությունը կանգնած են մարտահրավերների առջև: ՈՒկրաինայի իրադարձությունները լուրջ մտահոգության առարկա են բոլորիս համար: Խորապես ցավում ենք, որ Կիևում եղան մեծաքանակ մարդկային զոհեր: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է անել առավելագույնը լարվածության թուլացման և երկխոսության միջոցով ողջամիտ լուծումներ գտնելու ուղղությամբ: Ինչպես և նախկինում` կարծում ենք, որ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը մի գործընկերոջ հետ չպետք է հանգեցնեն նոր բաժանարար գծերի ձևավորմանը: Հայաստանը շարունակելու է շահերի համադրությանն ու ներդաշնակեցմանն ուղղված իր քաղաքականությունը»: Իսկ Ղրիմի հանրաքվեից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնի հեռախոսազրույցում ուկրաինական ճգնաժամի և դրանից դուրս գալու ուղիների որոնման համատեքստում զրուցակիցներն անդրադարձան Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին և արձանագրեցին, որ այն ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակն է: Միաժամանակ ընդգծեցին միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին` ՄԱԿ-ի կանոնադրությանը, նվիրվածության կարևորությունը: «Ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակ» արտահայտությունը Կիևում ընդունվել է սվիններով: Անտեսելով իր շահերը, Հայաստանը պետք է հայտարարեր, որ դեմ է ժողովուրդների ինքնորոշման իրավունքին և ազատ կամահայտնությանը: Դա Կիևում կընդունվեր ծափերով: Կծափահարեին ու կմոռանային, որ տասնամյակներ շարունակ ՈՒկրաինան եղել է այն պետությունը, որ սերտ հարաբերություններ է կառուցել Ադրբեջանի հետ` զենք վաճառելուց սկսած մինչև Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը և պատերազմի ժամանակ էլ ուկրաինացի վարձկանների ու սնայպերների մասնակցությունը ընդդեմ հայերի: Իրենք գնում են դեպի Արևմուտք, Հայաստանը մնում է ռուսական ուղեծրում` սա է ՈՒկրաինայի դեսպանին Հայաստանից հետ կանչելու և Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները հարցականի տակ դնելու քաղաքականության հիմքում: Բայց հենց դա վկայում է, որ հերքելով ու մերժելով ռուսական քաղաքական գործելաոճը, Կիևը պատճենում է Կրեմլի կրկնակի ու բազմակի ստանդարտների կիրառումը` ամեն ինչ հարմարեցնելով իր շահերին ու պատկերացումներին: Գոնե այս հարցում Հայաստանը արել է այն, ինչ բխում է իր աշխարհաքաղաքական շահերից: Կիևի նոր իշխանությունները, որ դիվանագիտական փորձ ու հմտություն դեռ չունեն ու էյֆորիայի մեջ ակնկալում են, որ աշխարհը իր հոգսն ու գործը թողած պետք է զբաղվի իրենց փրկության ու փառաբանման գործընթացով, արդեն պիտի սկսեն մտածել երկկողմ հարաբերությունների կառուցման յուրահատկությունների մասին, ոչ թե գործեն «Կեցցե Արևմուտքը» և «Կորչի Ռուսաստանը» սկզբունքներով` խառնելով անգամ, թե Արևմուտք ասելով ի՞նչ են հասկանում ու Ռուսաստան ասելով` ի՞նչ նկատի ունեն: Հայաստանը պարզ ասել է. «Մենք եղբայրական ժողովուրդներ ենք, և այդ եղբայրության, բարեկամության մասին են վկայում հազարավոր փաստեր, Լվովի միջնադարյան տաճարներից սկսած մինչև այսօրվա Հայաստանում գործող ուկրաինական համայնքի ակտիվ դիրքորոշումը: Մենք դարեր շարունակ ուս ուսի կռվել ենք զավթիչների դեմ, մենք հազարավոր փառավոր էջեր ունենք պատմության, այդպես եղել է և այդպես էլ շարունակվելու է: Այնպես է պատահում, որ ժամանակի և իրադարձությունների թոհուբոհի մեջ տարբեր երևույթներ ունենում են տարընկալումներ, բայց ժամանակի մեծությունը նաև նրանում է, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ հստականում է, տարընկալումները վերանում են, և ամեն ինչ ընկնում է իր տեղը: Մեկ անգամ ևս կրկնում եմ, որ ուկրաինացիները մեր եղբայրներն են», պետք չէ ՀՀ նախագահի խոսքի մեջ որոնել ենթատեքստեր:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Իսկ գուցե հանուն հավասարության որոշեն հետ կանչել նաև Ղազախստանում ու Բելառուսում, Ղրղզստանում իրենց դեսպաններին` նույն հիմքերն ունենալով: Առավել ևս, որ գործող կառավարությունը ժամանակավոր է` մինչև նախագահական ընտրություններ մայիսին, իմաստ ունի՞ ընտրվելիք ղեկավարության գործունեությունը ի սկզբանե դնել շրջանակների ու սահմանափակումների մեջ, հարկադրելով նոր կառավարությանը վերանայել նախորդների հապշտապ, հուզական որոշումները:

Դիտվել է՝ 1611

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ