38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Араик, ты не прав!

Араик, ты не прав!
07.02.2014 | 11:52

Հունվարի 21-ին՝ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ծննդյան օրը, նրա մահվան 30-ամյա տարելիցին ընդառաջ, հայկական և մոսկովյան մի քանի հեռուստաալիքներ ներկայացրին Էդվարդ Համբարձումյանի 40-րոպեանոց փաստագրական «Առնո» շարժանկարը՝ նվիրված մեր մեծ երգահանին։
Առնո Բաբաջանյանին նվիրված փաստագրական բազմաթիվ կինոնկարներ են ստեղծվել և՛ հայրենիքում, և՛ նրա սահմաններից դուրս, սակայն այս վերջինը մյուսներից տարբերվում է վիճահարույց մի հանգամանքով:
Անկեղծ լինելու համար ասեմ, որ, ընդհանուր առմամբ, կինոնկարը հաջողված է: Այն հաճելիորեն ընդգրկում է Բաբաջանյանի ոչ միայն երգարվեստը նախկին ԽՍՀՄ-ում հայտնի, նշանավոր հայ և օտար բազմաթիվ արվեստագետների անկեղծ ու արհեստավարժ գնահատականները, այլև ներկայացնում է մեծ հայորդու մինչ այժմ հանրությանն անհայտ անհատական-մարդկային ներփակ դիմագիծը, հիմնականում ընտանեկան և ընկերական միջավայրում, բացահայտելով նրա բացառիկ ջերմ, սրամիտ, կատակասեր, մարդկային բարձր հատկանիշներով ընդգրկուն կերպարը:
Ֆիլմը «վարում» է որդին՝ համակրելի Արայիկ Բաբաջանյանը, ու հերթով խոսքը տալիս է նշանավոր արվեստագետներին՝ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Վլադիմիր Մոլչանովին՝ հուզառատ վերհուշով, ռեժիսորներ Հենրիկ Հովհաննիսյանին, Ներսես Հովհաննիսյանին և ակադեմիկոս Լևոն Փիրուզյանին: Նրանք ներկայացնում էին մեծ Առնոյի հայրենասիրությունը, կարոտը Հայաստանի ու Երևանի հանդեպ, ինչն ամբարված էր ոչ միայն նրա երգարվեստում, այլև դրսևորվում էր կենցաղում: Այնուհետև Արմեն Ջիգարխանյանը նրան ներկայացրեց որպես հրաբուխ՝ հրաբխային խառնվածքի տեր ստեղծագործողի, Իոսիֆ Կոբզոնը՝ «Նոկտյուրնի» տեքստի ստեղծման ողջ պատմությունը, ապա հզոր քառյակի՝ Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի, Ադամ Խուդոյանի հետ Առնոյի «կազմակերպած» մի թանկագին ջութակ «ջարդելու» դրվագը:
Մեզ ընդառաջ հաճելի պահերից անցնենք հոդվածի շարժառիթին: Ըստ սույն երիտասարդի՝ անցած դարի հիսունականների ավարտին կամ վաթսունականների սկզբին, երբ Առնո Բաբաջանյանն արդեն հանրահայտ անձնավորություն էր և պաշտամունքի առարկա էր դարձել ԽՍՀՄ-ում, առավել ևս հայրենիքում, մի օր՝ ուշ երեկոյան՝ տուն դառնալիս (իսկ տունը Բաղրամյան փողոցի միջնամասում էր), մի խումբ երիտասարդներ թալանում են նրան։ Նրանցից մեկը, ճանաչելով սիրելի երգահանին, ստիպում է մյուսներին վերադարձնել թալանը: Բնական է, որ նման թյուրիմացություն կարող էր տեղի ունենալ ցանկացած անվանի անձի հետ և ցանկացած վայրում, սակայն քիչ հավանական է Առնո Բաբաջանյանի հետ և այն էլ Երևանի կենտրոնում, երբ նա ճանաչված անուն էր: Չմոռանանք, որ նրա անձի (նաև արծվաքթի) շուրջ «Հայկական ռադիոն» ստեղծել էր բազմաթիվ մոդայիկ զվարճապատում-անեկդոտներ: Մի պահ ենթադրենք, որ դիպվածը ճշմարտություն է: Սակայն Արայիկի ասածը անընկալելի է, թե նա հոր պաշտելի Երևանն ինչպես է ներկայացնում՝ ընդգծված վարկաբեկիչ տոնով. «Ереван тогда был криминальным городом» (հայերեն՝ քրեական, քրեածին կամ ոճրաշատ քաղաք):
Այ քեզ բա՜ն…
Կուզեի ընդգծել, որ 1930-1940-ական, անգամ 50-ական թվականներին խորհրդային մարդկանց գիտակցության մեջ այդպիսի կրիմինալ քաղաքներ էին համարվում Օդեսան ու Ռոստովը (Դոնի Ռոստով), որոնց քրեածին զանգվածի վերաբերյալ բազմաթիվ գողական երգեր էին հորինվել, որոնցից հայտնի էին «Одесса-мать, а Ростов-отец»: Բնական է, որ այս ցանկից դուրս էին Գուլագը և բազմաթիվ աքսորավայրեր, որտեղ հարյուրհազարավոր անմեղ մարդկանց կողքին վխտում էին միլիոնավոր հանցագործներ՝ իրենց գողական օրենքներով, սակայն նրանք բնավ կրիմինալ չորակվեցին:
Դառնանք Երևանին: Արդյոք այդպիսի՞ն էր համայն հայության հինավուրց, այդքան սիրելի մայրաքաղաքը: Մինչհեղափոխական շրջանի Երևանում՝ մեր կողքին, գոյատևում էին գնչուական, եզդիական և մի քանի մահմեդական անկլավներ: Եղեռնից հետո, երբ Երևանում, ի հաշիվ կիսամերկ ու քաղցած փախստականների, զգալիորեն մեծացավ հայ բնակչության թիվը, այնուամենայնիվ, նրանց և հայության միջև թալանի ու կրիմինալ ընդհարումներ չեն գրանցվել, տեղի չունեցան:
Հայրենական պատերազմի ավարտին հաջորդած նյութական ծանր տարիներին անգամ Երևանը բնավ կրիմինալի համբավի չարժանացավ:
Հիշենք, որ 1965 թ. ապրիլին ընդառաջ, Երևանի բնակչությունը բազմապատկվել էր ի հաշիվ ԽՍՀՄ-ի և հատկապես անդրկովկասյան (Այսրկովկասյան) հանրապետությունների հայության: Երևանը դարձել էր հայության սրբագործության սրբատեղի: Այդ օրը, ապրիլի 24-ին, մոտ 1 մլն մարդ երթով շարժվում է քաղաքի կենտրոնական փողոցներով և, ի զարմանս բոլորի, չէր գրանցվել ոչ մի իրավախախտում: Հետաքրքիր է, որ մայթեզրերի ոչ մի մարգ, կանաչ խոտ չէր տրորվել, ոչ մի ծառի ճյուղ չէր վնասվել: Իսկ մինչև ապրիլի վերջը ոչ մի սպանության դեպք, թալան, կողոպուտ ու ծեծկռտուք չէին գրանցվել ո՛չ մայրաքաղաքում, ո՛չ շրջաններում:
Հարկ է հիշել, որ ֆիլհարմոնիայի ապակիների ջարդի մեղավորներն իշխանություններն էին, որոնք խաղաղ ցուցարարների վրա էին ուղղել հրշեջ մեքենաների ջրաշիթերը:
Երանելի օրեր էին։
Հեռու չգնանք. մեզ օրհասած ԽՍՀՄ քանդաբազարի գորբաչովա-լևոնական ցուրտ ու մութ տարիներին, երբ սովորական էին քաղաքի մի ծայրից մյուսը, ձմեռ թե ամառ, հետիոտն դեպի տուն «արշավները», քաղաքը չունեցավ քրեական ու թալանի մասին որևէ լրատվություն կամ տեղեկություն: Չեմ հիշում: Պետական համատարած կողոպուտի պայմաններում անգամ քաղաքի բնակչության մեջ գոյություն չուներ կրիմինալ: Փողոցում ոչ ոք ոչ ոքի չէր թալանում, ի տարբերություն վերևների՝ իշխանության եկած համապետական «հեղափոխական» թալանչիների:
Աշխատանքի բերումով Մոսկվայում բազմիցս առնչվել եմ բարձրաստիճան անձանց հետ, որոնք հիացմունքով ընդգծում էին, որ ԽՍՀՄ-ի ողջ տարածքում հազար մարդու հաշվով՝ սպանությունների, տարբեր հանցագործությունների ու կողոպուտների թվով Հայաստանն ու հատկապես Երևանը մշտապես եղել են ամենավերջին տեղում: Այս տվյալները մշտապես թաքցվել են հանրության լայն շրջաններից:
Զբոսաշրջիկներին զարմացնում էր, որ քաղաքի պուրակներում երիտասարդ երաժիշտները ուշ ժամերին անգամ կիթառ, ջութակ կամ ակորդեոն էին նվագում, իսկ նրանց շուրջը երիտասարդները պարի մի քանի պտույտ էին տալիս ու խաղաղ հեռանում: Տարիքոտ մարդիկ կարող են վկայել:
Երևանը համեմատենք այլ քաղաքների հետ:
Ես ծնվել, ապրել ու հասակ եմ առել Թբիլիսիում՝ քաղաքի կենտրոնական թաղամասում: Մինչև 60-ական թվականները՝ դպրոցական իմ տարիներին, ականատեսի վկայությամբ, կարող եմ հավաստել, որ միջնադարյան մեծ բանաստեղծ Ռուսթավելու անունը կրող պողոտայում օրը ցերեկով չէիր կարող ազատ քայլել, գրպանահատությունը (այստեղ՝ ջեբկիրությունը) սովորական երևույթ էր, առավել ևս հասարակական տրանսպորտում: Աղջիկներն ու երիտասարդ կանայք, ինչպես մահմեդական երկրներում, վախենում էին միայնակ փողոց ելնել: Մեր հարևան աղջիկների համար ես դարձել էի ուղեկցող «բարի հրեշտակ»:
«Սալդատսկի բազար», «դեզերտիր» (անգամ անվանումն էլ է ինչ-որ բան հուշում) և «Նավթլուղ» կոչված շուկաներում վխտում էին համակովկասյան հանցախմբերը, սակայն քաղաքը «կրիմինալնի» պատվին այդպես էլ չարժանացավ: Եվ այդ ֆոնին Երևանն ինչպե՞ս արժանացավ «криминал»-ի պատվին, մանավանդ որ բազմաթիվ օտարերկրացիների կարծիքով՝ քրեածին թալանը, զանգվածային հարբեցողությունը և մուրացկանությունը հատուկ չեն հայկական մեր էությանը:
Կուզեի իմանալ, թե պարոն Արայիկը, վարկաբեկելով հոր ու մեր սիրելի Երևանն ու երևանցիներին, բազմամիլիոն հեռուստադիտողներին ի՞նչ էր կամենում ասել:
Ամո՛թ քեզ, Արայիկ:


Արթուր ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Դիտվել է՝ 21642

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ