ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Փակ ու բաց սահմանների հավասարակշռությունը

Փակ ու բաց սահմանների հավասարակշռությունը
13.12.2013 | 00:44

Հետաքրքիր է դառնում կյանքը անգամ մեր տարածաշրջանում: Եվ փայլուն հեռանկարներ են բացվում Հայաստանի առաջ: Իհարկե, մի քանի «եթե»-ների առկայությամբ: Եթե Հայաստանը, այնուամենայնիվ, ինքնիշխան պետություն է: Եթե Հայաստանի իշխանությունները հասկացել են, որ պատասխանատու են պետության համար: Եթե դեպքերը զարգանան առանց արտակարգ իրավիճակների: Եվս մի քանի «եթե»-ներ, որոնք առաջանալու են հընթացս իրադարձությունների զարգացման և հավարտ ստեղծելու են մի իրավիճակ, որտեղ գործում են օրինաչափությունները:
Նոյեմբերին Սանկտ Պետերբուրգում Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդիպեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այցից առաջ նա հայտարարեց, որ Թուրքիայում մեծ նշանակություն են տալիս իր հանդիպմանը: Էրդողանը «առաջընթացների» շարք էր թվարկել` էներգետիկայի ոլորտում, զբոսաշրջության, ասել էր, որ 35 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառությունը ծրագրում են հասցնել 100 միլիարդի: Բնականաբար, քննարկվել էին նաև Սիրիայի ու մերձավորարևելյան զարգացումների, Իրանի միջուկային ծրագրի հարցերը և դիվանագիտական ձևակերպմամբ` «երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»: Մամուլի համար այդ հանդիպումն առանձնապես չմեկնաբանվեց, հետագա իրադարձություններն են հասկանալի դարձնում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Նոյեմբերին Ժնևում Իրանի ու վեցյակի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, և Իրանից սկսեցին հանվել պատժամիջոցները, նավթի վաճառքից գոյացած գումարները ապասառեցվեցին: Հետևանքը նավթի գնի իջեցումն է համաշխարհային շուկայում:
Նոյեմբերի վերջին Վիլնյուսում Վրաստանը ստորագրեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը: Առաջինը Հարավային Կովկասում: Նույն նոյեմբերին ՈՒկրաինան հրաժարվեց համաձայնագրի ստորագրումից` պատճառաբանելով Կրեմլի հարկադրանքը: Ի՞նչ է կատարվում այսօր ՈՒկրաինայում, ոչ ոք չի կարող վստահ լինել արդյունքի տեսակետից: Եվրամայդանը վերածվել է եվրաբարիկադավորված Կիևի, որտեղ միմյանց դեմ պատերազմում են Արևմուտքն ու Ռուսաստանը:
Դեկտեմբերի սկզբին 6-ժամյա պետական այցով Հայաստան եկավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այցի արդյունքներից ակնհայտը «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսի կորուստն էր, որով Հայաստանը նորից փակեց գազի պարտքերը: ՌԴ նախագահը փառաբանեց Մաքսային միությունն ու գնաց` հայտարարելով, որ Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Անդրկովկասից:
Դեկտեմբերի սկզբին Բրյուսել մեկնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը` Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու: ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով գերագույն հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն վերահաստատեց, որ ԵՄ-ն ցանկանում է սերտ հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ և առաջ գնալ այնքան, որքան հնարավոր է:
Մի քանի օր առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ավետեց, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզն արդեն պատրաստ է` քննարկում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Հայաստանի փորձագետները:
Դեկտեմբերի սկզբի ամենահեռահար հայտարարությունը Հայաստանում Իրանի դեսպանինն էր. Մոհամադ Ռեյիսին ասուլիսում ասաց, որ Թեհրանը կարող է ավելացնել գազի ծավալները, եթե Հայաստանի իշխանությունները ցանկանան: Նա նաև ասաց, որ Թեհրանը մտահոգված չէ, որ Հայաստանը Ռուսաստանին հանձնեց «ՀայՌուսգազարդի» իր 20 տոկոս բաժնետոմսերը: Դեսպանը բաց տեքստով ասաց այն, ինչ դիվանագետները սովորաբար չեն ասում. «Իրանը պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ էներգետիկ ոլորտում: Եվ դա չի հակասում Հայաստան-Ռուսաստան համագործակցությանը»: «Մենք մտահոգված չենք, մենք էլեկտրական էներգիայի կարիք չունենք, մենք էներգիա արտահանող ենք, ու միաժամանակ դրա հանձնումը Ռուսաստանին որևէ կերպով չի ազդի մեր հարաբերությունների վրա Հայաստանի հետ»: Թեհրանը պատրաստ է աջակցել Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանը` կառուցելով Ջուլֆա-Մեղրի 160-կիլոմետրանոց հատվածը:

Ավելին, երբ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ասաց, թե բալը թանկ է` իրանյան գազը ռուսականից ավելի արժի (1000 խորանարդ մետրը` 400 դոլար), ԻԻՀ դեսպանը հաջորդ օրը նորից խոսեց և նորից ասաց ավելին, քան դիվանագետներն ասում են. նախ, որ Հայաստանի իշխանությունները երբեք Իրանի հետ չեն բանակցել գազ գնելու համար: Մոհամադ Ռեյիսին ուղղակի բանակցությունների հրավիրեց. «Պետք է նստել, բանակցել, և գործարքը կնքելու պահին նոր կերևա, թե որ գազն է թանկ» ու պարզաբանեց. «Գուցե մի երկիր ինչ-որ մի երկրի հազար խորանարդ մետրը վաճառի 400 դոլարով, մեկ այլ երկրի ցանկանա վաճառել 100 դոլարով: Դա կախված է երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնությունից»: Դեսպանը, բնականաբար, անում էր հայտարարություններ, որոնք համաձայնեցված են Թեհրանի հետ, բայց, փաստորեն, նա անում էր հայտարարություններ, որոնք ուղղված են ոչ միայն Հայաստանի իշխանություններին, այլև բոլոր նրանց, ովքեր գազի ու նավթի կարիք ունեն ու չեն ուզում Ռուսաստանից էներգետիկ կախվածության մեջ լինել:
Ռուսաստանի ասիմետրիկ պատասխանն ակնթարթային էր` երկու օրից հայտարարվեց, որ Մաքսային միության մեջ մտնելու բանակցություններ են վարվում Իսրայելի հետ: Ճիշտ է, տեղնուտեղը պարզաբանվեց, որ մաքսային մի քանի միությունների անդամ Իսրայելը և Մաքսային միությունը փոխադարձ պարզաբանումների երկար գործընթաց պետք է անցնեն, և 2016-ից շուտ որոշակիություն չի լինի այդ հարցում: Բայց ի սկզբանե ակնհայտ է, չէ, որ Իսրայելը աշխարհի վերջին երկիրն է, որ Մաքսային միությանն անդամակցելու նպատակադրում ունենա: Ոչ քարոզչական, այլ իրական:
Եթե Իրանին հաջողվի կես տարում ձերբազատվել պատժամիջոցներից և ավելացնել գազի ու նավթի արդյունահանման ծավալները ¥ինչը նա պատրաստ է անել անգամ 20 դոլարով¤, Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտն ավելանալու է: Այս հարթության մեջ Հայաստանի իշխանությունները կհանդգնե՞ն Թեհրանի հետ բանակցել գազի ձեռքբերման համար. խորանարդ մետրը 100 դոլարով բարձրաձայնված գինը ռուսական գազի գնի համարյա կեսն է ¥189 դոլար¤: Հայաստանի իշխանությունները կհանդգնե՞ն Հայաստան-Իրան երկաթուղու հայկական հատվածը կառուցել: Տնտեսական նպատակահարմարությունը փաստորեն ոչինչ է, եթե կա քաղաքական վետոն: Ռուսաստանի քաղաքական վետոն: Որովհետև Ռուսաստանին ձեռնտու չէ, որ Հայաստանը դառնա տրանզիտ երկիր ոչ Վրաստանի, ոչ Իրանի համար: Ընդհանրապես: Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզում Հայաստանի տնտեսական ապաշրջափակման խնդիրները կա՞ն, թե՞ ամեն ինչ հանգելու է աբխազական երկաթուղու վերագործարկման մասին մշուշոտ խոսակցություններին: Հաղորդակցուղիների կարևորությունը Հայաստանի համար ուղիղ համեմատական է Հայաստանի դերին միջազգային ասպարեզում: «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնետոմսերը պարտքի դիմաց Ռուսաստանին հանձնելուց հետո (պարտք, որ հանկարծ պարզվեց ոչ թե 155 միլիոն դոլար է, այլ 300, որովհետև գազի սակագինը իրականում 2011-ին էր բարձրացվել, բայց 2012-ի ու 2013-ի համապետական ընտրություններից առաջ դա լավագույն այցեքարտը չէր իշխանության համար, թեկուզ Հայաստանում ինքնանշանակման մեխանիզմն է գործում) և միջպետական խորհրդի ստեղծումից առաջ Հայաստանը կհասցնի՞ ինչ-որ քայլ անել: Կկարողանա՞: Ամենահեշտ պատասխանը` ոչ, Ռուսաստանը չի թողնի: Բայց ակնհայտ է, չէ, որ Ռուսաստանը Հայաստանի հույսին չէ իր գազը վաճառելիս, ոչ էլ Հայաստանի հույսին է այդ գազի վաճառքից ստացած շահույթի դեպքում: Ակնհայտ է, որ գործարքը ոչ թե տնտեսական է, այլ քաղաքական. Ռուսաստանի համար` բիզնես, միայն բիզնես, բայց` քաղաքական (Ռուսաստանը մեծ հաճույքով քաղաքական դրդապատճառներով հիշում է իր պարտքերը, բայց և նույնքան հաճույքով «մոռանում է», օրինակ, մեկ տասնամյակ առաջ աֆրիկյան երկրներից, հետո` որոշ հետխորհրդային հանրապետություններից, հիմա` Կուբայից, պարտքեր, որոնք միլիարդավոր դոլարներ են հաշվվում, իհարկե, այդ «ներումը» հավասարակշռվում է պրեֆերենցիաներով): Ռուսական գազի գինը նույնը կմնա հինգ տարի` մինչև 2018 թվականը: Շատերն այս ժամկետը կապեցին հերթական համապետական ընտրությունների հետ: Գուցե, թեպետ փորձը ցույց է տալիս, որ ընտրություններից առաջ էր Ռուսաստանը թանկացրել, Հայաստանը գաղտնի է պահել թանկացումը ու պարտքեր կուտակել` վճարելով նախկին գինը: Իսկ Ռուսաստանը թույլ է տվել, որովհետև կար «ՀայՌուսգազարդի» վերջին 20 տոկոս բաժնետոմսերը ստանալու հեռանկարը: Իհարկե, ժամկետը պայմանական է և քաղաքական: Գործնականում, շնորհիվ Իրանի, Հայաստանը հնարավորություն է ստանում ռուսական տնտեսական ու քաղաքական գազային շանտաժը մեղմել և այլընտրանք ունենալ ռուսական թանկ գազին իրանյան էժան գազը: Սա հաղթաթուղթ է, որ չխաղարկելը, բոլոր մյուս գործոնները հաշվարկելով հանդերձ, չի հասկացվելու: Ոչ քաղաքականապես: Ոչ տնտեսապես: Նաև բարոյապես ու տրամաբանորեն:
Խաբուսիկ է այն տպավորությունը, որ Եվրոպան դավաճանեց Հայաստանին, բայց պատերազմում է ՈՒկրաինայի համար: Նախ` Հայաստանն առաջինը դավաճանեց, և Հայաստանում, ի տարբերություն ուկրաինական Մայդանի, եվրաինտեգրման համար 6-ժամանոց նստացույց արեց միայն Պարույր Հայրիկյանը ¥պատվերը կարճաժամկետ էր¤, ժողովուրդը փողոց դուրս չեկավ ոչ իր ներկայի, ոչ ապագայի համար, հետո` համաշխարհային քաղաքականությունն ունի իր օրենքներն ու օրինաչափությունները, որոնք գործողության մեջ միանշանակ ստեղծում են կրկնակի ու բազմակի ստանդարտների կիրառության տպավորություն, իրականում գործում է միշտ նույն ստանդարտը` քաղաքական նպատակահարմարության: Հայաստանի և ՈՒկրաինայի համեմատությունն ընդամենը ձևային է, իրականում ոչ մի չափորոշիչով Հայաստանն ու ՈՒկրաինան չեն առնչվում: Փաստացի` ոչ Արևմուտքն է Հայաստանից հեռանալու` Երևանի Մաքսային միությանը նախապատվություն տալու պատճառով, ոչ Ռուսաստանն է հեռանալու Այսրկովկասից, խնդիրը հանգում է համամասնություններին: ՈՒ եթե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ուզում է Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը մեծացնել, ԱՄՆ-ը արմատապես փոխում է վերաբերմունքը Իրանի նկատմամբ: Բոլոր ծրագրերը պտտվում են մեր սահմանների շուրջ` փակ ու բաց: Անկարան վերականգնում է Հայաստանի հետ ունեցած սահմանակետերը: Հայաստան է գալիս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, ճիշտ է` ՍԾՏՀ-ի շրջագծում, բայց Երևանը մնում է Հայաստանի մայրաքաղաքը նույնիսկ այդ շրջագծում: Կարուսելը պտտվում է, ձիուկների խնդիրը անվթար տեղ հասնելուց բացի նաև առաջինը տեղ հասնելն է, նույնիսկ եթե նրանք կարուսելի ձիուկներ են: Իսկ կարուսելի ձիուկների առաջինը տեղ հասնելը որոշվում է կանգառի պահով ու վայրով: Հիշեցնեմ, որ 2014-ը կապույտ փայտե Ձիու տարի է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Նոյեմբեր-դեկտեմբերի իրադարձությունների հիշատակումն ինչի՞ն էր նվիրված: Ի՞նչ փայլուն հեռանկարներ են բացվում Հայաստանի համար: Իսկ դուք փորձեք այդ իրադարձությունների զարգացումները հաշվարկել երեք քայլի շրջագծում: Եվ ձևակերպեք ձեր անելիքները: Եթե նստեք ու սպասեք, որ ձեզ կմատուցվի կապույտ եզրաշերտերով ափսեն` հայտնի պարունակությամբ, կկրկնեք մոլլա Նասրեդինի սխրանքը, որ գետափին նստած սպասում էր գետն անցնի, որ հետո անցներ ինքը: Զարմանալի, բայց դարերով ստուգված փաստ է` երբ բարձրանում է Սևանի մակարդակը, իջնում է Վանի մակարդակը, երբ բարձրանում է Վանի մակարդակը, իջնում է Սևանի մակարդակը, Վանն ու Սևանը պահպանում են հավասարակշռությունը: Գոնե ջրային մակարդակում: Հետևությունները ևս դուք արեք. բնությունն ու քաղաքականությունը նույն օրենքներն ունեն: Նյուտոնի երրորդ օրենքը` ապացույց:

Դիտվել է՝ 1486

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ