ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Քաղաքացիության պարտավորություններով թուրքական պետության հետ կապված յուրաքանչյուր ոք թուրք է»

«Քաղաքացիության  պարտավորություններով  թուրքական պետության հետ կապված յուրաքանչյուր ոք թուրք է»
03.11.2013 | 13:15

Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ ինքը «կզարմացնի բնակչության շատ խավերի» և հրապարակել է «Ժողովրդավարացման փաթեթ», որը ներառում է մի շարք քաղաքական փոփոխություններ՝ ուղղված երկրի ազգային փոքրամասնությունների վիճակի բարելավմանը։ «Մենք անհրաժեշտ բարեփոխումներ կանենք և դա կանենք հանուն այն բանի, որ նոր հորիզոններ բացենք մեր երկրի առջև»,- ասել է նա, համոզմունք հայտնելով, որ դրանք կծառայեն Թուրքիայի պատմության նոր փուլի բացմանը, սակայն խնդրել է չսպասել, թե «Ժողովրդավարացման փաթեթը» վայրկենապես կլուծի երկրում եղած բոլոր խնդիրները։
Եվ այսպես, ի՞նչ է իրենից ներկայացնում այդ բաղձալի փաստաթուղթը, որքանո՞վ այդ բարեփոխումները կօգնեն Թուրքիան դասելու «արդի ժողովուրդների մակարդակին»։ Հիշեցնենք, թյուրքիզմի գաղափարախոսության գլխավոր մարմնավորումներից և Աթաթուրքի կարևոր պատգամներից մեկն այն է, որ, համաձայն Սահմանադրության, «Քաղաքացիության պարտավորություններով թուրքական պետության հետ կապված յուրաքանչյուր ոք թուրք է»։ Իրականում դա նշանակում է, որ ժխտվում է երկրի բնակչության բազմազգ կազմը և ընդունվում երկրում միայն թուրքերի գոյությունը։ «Մենք բոլորս թուրք ենք»՝ ահա Թուրքիայի Հանրապետության հիմնարար քաղաքական կարգախոսը։ «Ժողովրդավարացման փաթեթը» չեղարկում է Սահմանադրության այդ հոդվածը և հռչակում բոլոր ժողովուրդների իրավահավասարություն։ «Չկա և չի կարող լինել մարդու նկատմամբ մարդու, շիադավանի նկատմամբ սուննիադավանի, սուննիադավանի նկատմամբ ջաֆարականի, քրդի նկատմամբ թուրքի, չերքեզի նկատմամբ լազի, արաբի նկատմամբ աջեմի (պարսիկի) որևէ գերազանցություն։ Այս հողի վրա մենք բոլորս մեկ ենք, միասին, մենք եղբայրներ ենք»,- ճոռոմ-ճոռոմ ազդարարել է Էրդողանը և հավելել, որ փաթեթն «առաջինն է, բայց ոչ վերջինը» այն շարքում, որոնք «նոր հորիզոններ են բացելու», և փոփոխությունների շնորհիվ «եղբայրական կապերը երկրում ամրապնդվելու են»։
Այժմ նախատեսված է ընդլայնել Թուրքիայի որոշ ոչ թուրք ժողովուրդների, բայց ոչ բոլորի, իրավունքները՝ ալավիների, գնչուների և հատկապես քրդերի, որոնք կազմում են երկրի բնակչության 18 տոկոսը (այլ տվյալների համաձայն՝ 30 տոկոսը)։ Ընդ որում, ոչ մի ծպտուն չկա հայերի ու հույների մասին, որոնք ոչնչացվել ու տեղահանվել են, և նրանց յուրացված եկեղեցական ունեցվածքի մասին։ Նույնիսկ հունական ուղղափառ սեմինարիայի խոստացված և ակնկալվող բացումը, Ստամբուլից ոչ հեռու գտնվող կղզում, չի լինելու։ Այդուամենայնիվ, նախատեսված է խստացնել լեզվի, ազգի, ռասայի, սեռական կողմնորոշման, հաշմանդամության, քաղաքական համոզմունքների, աշխարհայացքի, կրոնի կամ եկեղեցու պատճառով կատարվող հանցագործությունների պատժաչափը։ Ստեղծվելու է խտրականության և այլատյացության դեմ պայքարի խորհուրդ։ Այնուհետև, մասնավոր դպրոցներում թույլատրվելու է ուսուցումը տարբեր լեզուներով, ինչպես նաև ներկայումս թուրքական այբուբենում գոյություն չունեցող որոշ տառերի օգտագործումը։ «Մենք վերացնում ենք գյուղերի անվանումների հարցում եղած խոչընդոտները»,- հայտարարել է Էրդողանը։ Այսպես, Արևելյան Անատոլիայի քրդական տարածաշրջանի մայրաքաղաք Դիարբեքիրն այսուհետ կոչվելու է Ամեդ, Ադիամանը՝ Սեմսյուր, Թյունջելիին կվերադառնա հին անունը՝ Դերսիմ։ Սակայն գլխավորը քրդերին արված զիջումներն են, այդ թվում՝ քաղաքական։ Այս առումով ուշագրավ է խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների անցումային շեմի իջեցումը ներկա 10 տոկոսից 5 տոկոսի, իսկ ապագայում դա լիովին հանվելու է։ Դրա շնորհիվ, ավանդաբար 7 տոկոս հավաքող քրդական քաղաքական կուսակցություններն ազատորեն կարող են մտնել խորհրդարան, ինչը նրանց պատգամավորների թիվը կմոտեցնի 70-ի։ Պակաս կարևոր չէ նաև այն, որ այժմ արդեն բոլոր քաղաքական կուսակցությունները, այդ թվում՝ քրդական, ֆինանսական աջակցություն կստանան պետությունից։ Բացի այդ, նորամուծություններից մեկը նախատեսում է չեղարկել այն օրենքը, որն արգելում է կուսակցությունների քաղաքական ցանկացած աշխատանք այլ լեզվով, բացի թուրքերենից։ «Փաթեթում» նախատեսված է նաև վերացնել հասարակական վայրերում իսլամական գլխաշոր կրելու սահմանափակումները։ Արգելքը, սակայն, մնում է դատավորների, դատախազների ու զինծառայողների համար։ «Սահմանափակումները խախտում են աշխատանքի իրավունքը, մտքի ու հավատի ազատությունը, կրում են խտրական բնույթ»,- ասել է Էրդողանը և խոստացել, որ պատժի կենթարկի նրանց, ովքեր մարդկանց կխանգարեն իրականացնելու «իրենց կրոնական պարտականությունների կատարման իրավունքները»։ Քեմալական Թուրքիայի ավանդույթներից բավական խորհրդանշական շեղում է դպրոցում «հավատարմության թուրքական երդման» կարգի վերացումը, որը համարվում է հանրապետության հիմնադիրների ռազմաշունչ ձեռնարկումը։
Ոչ պակաս խորհրդանշական է նաև այն, որ փոփոխությունների հռչակումն անցել է զանգվածային ցույցերի մթնոլորտում, որոնց մասնակիցները պահանջում էին ազատ արձակել Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանին և քուրդ ժողովրդին համապատասխան կարգավիճակ տրամադրել Մերձավոր Արևելքում։ Տասնյակ հազարավոր մարդիկ էին մասնակցում ցույցերին շատ քաղաքներում ու գյուղերում։ Քրդական ընկերությունների միությունը նշել է, որ իշխանությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկել կարգավորման շրջանակներում, քանի որ ձգտում են միայն հետաձգել կարգավորումը և ժամանակ շահել մինչև ընտրություններ, որ քրդական հարցի լուծումը կարող է ձեռք բերվել միայն քրդերի՝ որպես ժողովրդի ազգային գոյության, նրանց քաղաքական կամքի և սոցիալական իրավունքների ճանաչման ուղիով։ «Կառավարությունը չի ուզում քրդերին տրամադրել նրանց պահանջած որոշ իրավունքներ և արգելել մյուսները, ինչպես նաև չի կարող սահմանել քրդերի իրավունքները»,- ասվում է հայտարարության մեջ։ Բացի այդ, քրդերը վրդովված են մայրենի լեզվով կրթության կետի առնչությամբ. «Մենք չենք ուզում փող վճարել մասնավոր դպրոցներում սովորելու համար»։ Նրանք փոփոխություններ էին սպասում «Քաղաքացիական օրենսգրքում», հիմնական պահանջներից է նաև ինքնավարության կարգավիճակը՝ տեղական վարչակազմերի հիման վրա։ «Իսկ ինչ վերաբերում է գյուղերի և արգելված տառերի անվանումներին, ապա մենք վաղուց ենք լուծել այդ հարցերը։ Այս փաթեթը չի համապատասխանում մեր պահանջներին»,- մեջբերում է «Regnum» գործակալությունը։ Հաքյարիում տեղի ունեցած ցույցի ժամանակ քրդական «Խաղաղության և ժողովրդավարության կուսակցության» ներկայացուցիչ Ալքանը հայտարարել է, որ քրդերը բարեփոխումների փաթեթը համարում են անհամարժեք և քրդական պահանջներին չհամապատասխանող. «Օջալանի ազատ արձակումը կարմիր գիծ է քուրդ ժողովրդի համար»։ Ավելի վաղ ՔԱԿ-ը դադարեցրել է իր զորամիավորումների դուրսբերումը Թուրքիայից և Անկարային սպառնացել ռազմական նոր ընդհարմամբ, եթե նրա կողմից ազնիվ ու գործուն քայլեր չտեսնի (առայժմ պաշտոնապես պահպանվում է զինադադարը)։ Այսպիսով, քրդերը, դատելով ըստ ամենայնի, մտադիր չեն կես ճամփին կանգ առնել, նրանք լի են վճռականությամբ գնալու մինչև վերջ և հասնելու իրենց ազգային իրավունքների լիակատար վերականգնմանը, ավելի ճիշտ՝ առայժմ միայն ինքնավարությանը՝ Թուրքիայի կազմում։
Ընդդիմությունը հայտարարել է նաև, որ հիասթափված է, քանի որ «բարեփոխումները բացահայտորեն անբավարար են», և վստահ է, որ վարչապետը նախագահական ընտրություններից առաջ ձգտում է ստանալ քուրդ բնակչության աջակցությունն ու համակրանքը, այնպես որ, «բարեփոխումները ոչ այլ ինչ են, եթե ոչ Էրդողանի կաշառքը քրդերին»։ Այդ կարծիքին են նաև բազմաթիվ թուրք վերլուծաբաններ, որոնք միաժամանակ նշում են, թե նա չի համարձակվի լուրջ բարեփոխումներ անցկացնել երկրում, ուստի «փաթեթը» կիսատ-պռատ բնույթ է կրում։ Արտերկրի փորձագետները, սակայն, նկատում են, որ Անկարան հրաժարվել է «թյուրքիզմի» ավանդական պետական գաղափարախոսությունից, և Թուրքիան թևակոխում է բազմազգ, բազմադավան և բազմալեզու համակեցության ժամանակաշրջան։ Իսկ ի՞նչ է դա նշանակում Թուրքիայի ապագայի տեսանկյունից։ Մեջբերենք Բաքվի «Էխո» թերթի վերլուծաբան Մադաթօղլուի կարծիքը («Մեկ ազգ» բանաձևի պատճառով այդ թերթն առանձնապես հատկանշական է). «Նմանությունն ակնհայտ է. Էրդողանի փաթեթն ու դրա իրագործման եղանակներն ինչ-որ բանով հիշեցնում են Գորբաչովի շրջանի վերակառուցումը։ Առայժմ, այս փուլում, այդ նմանությունն այնքան էլ ակնհայտ չէ և պատված է Թուրքիայի նկարագրի, աշխարհագրական և գաղափարախոսական առանձնահատկությունների քողով։ Սակայն արդեն երկյուղներ կան, որ վերջնական արդյունքով կամ առաջադրված նպատակով, ինչպես կուզեք, վարչապետի փաթեթը կարող է ունենալ նույն հետևանքները, ինչ գորբաչովյան վերակառուցումը, որը հանգեցրեց երկրի փլուզման»։
Ասենք, այդ փոփոխությունները կողմնակիցներ էլ ունեն։ Դատելով արձագանքներից, «փաթեթից» գոհ են Բրյուսելում։ Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ ասված է, որ իրենք գոհ են, որ փաթեթը կազմված է ԵՄ նորմերի հիման վրա, որ շեշտվել է փոքրամասնությունների իրավունքների կարևորությունը։ ՈՒ հենց այստեղ էլ, մոռանալով ցուցարարների նկատմամբ հաշվեհարդարի պատճառով Էրդողանից եղած դժգոհությունը, եվրոպացիները հերթական անգամ առաջարկեցին շարունակել բանակցությունները Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության ջանքերը շարունակելու հարցի շուրջ։
Սակայն, երբ համեմատում ես Թուրքիայի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքական իրադրությունը, ակնհայտ է դառնում, որ գլխավորն այսօր միջոցառումների նման փաթեթ ընդունելը կամ չընդունելը չէ։ Գլխավորն այն է, թե կկարողանա՞ն, արդյոք, դրանք փրկել Թուրքիան փլուզումից, ինչի մասին նախազգուշացնում են տարածաշրջանային հարցերի շատ փորձագետներ։
Ամփոփելով ասենք, որ Թուրքիայում, հատկապես քրդական շրջաններում տեղի ունեցող ներկա գործընթացները գալիս են վկայելու, որ այդ միջոցառումները շատ ուշացած են։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1625

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ