ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Հայոց քաղաքական այբուբենի զիգզագները

Հայոց քաղաքական այբուբենի զիգզագները
20.09.2013 | 00:45

Քաղաքական սեպտեմբերի ցուցադրական ու իրական բովանդակությունը չափազանց տարբեր է: Չգիտեմ ինչու, ընդունված է կարծել, որ երբ ասում ես «ա», հետևելու է «բ»-ն: Թյուրիմացություն է: Նախ` շատ հաճախ պատմությունն ավարտվում է «ա» կետում, իսկ «բ»-ն բոլորովին այլ պատմություն է: Ապա` «ա»-ից նույնքան հաճախ անցնում են «դ»-ին, «բ»-ն ու «գ»-ն վաղուց հայտնի են: Մեկնակետի ու վերջնակետի միջև հազարավոր սերունդներ գրում են նույն պատմությունը` որոնում-պեղում-պայքարում-հաստատում են արժեքներ ու դարձնում են չափանիշ, հետո նույնքան երկար ժամանակ ավանդույթ ու սրբություն կարգած այդ արժեքներ-չափանիշները պահել-պահպանելուն են նվիրում, մինչև գալիս է նոր սերունդը, որ կարծրատիպ դարձած ու կաշկանդող համակարգը ռևոլյուցիոն կամ էվոլյուցիոն ճանապարհով կոտրի ու սկսի սեփական արժեքային համակարգը` ըստ իր չափանիշների որոնել: Այս եռաստիճան կարուսելը պտտվում ու պտտվում է և կանգ չի առնում, որ ժամանակ ունենաս մտածելու, սխալներդ ուղղելու և նոր սխալներ գործելու: Իսկ համակարգը նույնն է` հերքում ես մինչև հասկանալդ, հասկանում ես, որ պիտի հաստատես, հաստատում ես, որ գան-հերքեն:
Սեպտեմբերի 3-ից անցել է ընդամենը 17 օր, բայց արդեն ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը Վիլնյուսում նոյեմբերին չի ստորագրի ոչ մի համաձայնագիր: Որքան էլ տարօրինակ հնչի` օրավուր ակնհայտ է դառնում, որ Հայաստանը 2014-ին էլ չի ստորագրի Մաքսային միությանն անդամակցության համաձայնագիրը: Առավելագույնը` դիտորդի կարգավիճակ կտրվի Հայաստանին խիստ փոխադարձ համաձայնությամբ: Երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին ՌԴ իր աշխատանքային այցն ամփոփող մամլո ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանը որոշել է անդամակցել Մաքսային միությանը, շատերը շտապեցին շոկ ապրել ու հայտարարությունը անսպասելի որակել: Շոկը գուցե իրական էր, որովհետև քչերն արձանագրեցին, որ այդ հայտարարությունն արվեց այն ժամանակ, երբ արդեն հստակ էր, որ ՈՒկրաինան նախընտրում է եվրաինտեգրումը, և Մաքսային միությունը ինքնաբերաբար դադարում է լինել այն հակակշիռը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում էր կառուցել Եվրամիության դեմ: Դեռ Մոլդովան էլ լրացուցիչ ուրախություն էր Ռուսաստանի ամենաքաղաքականացված բժշկի համար. Միխայիլ Օնիշչենկոն թույներ հայտնաբերեց նախ մոլդովական գինիներում, հետո պարզեց, որ մրգերն էլ են թունավոր: Հայաստանը պարզապես մխիթարական մրցանակ դարձավ Ռուսաստանի համար ուժերի այդ դասավորության մեջ: Ի սկզբանե էլ պարզ էր, որ Հայաստանը տնտեսական, կենսական նշանակություն Եվրասիական տարածքի կամ Մաքսային միության համար չունի, բայց ունի քաղաքական կարևոր նշանակություն: Միմիայն քաղաքական: Տարատեսակ հաշվարկներն ու հիմնավորումները Մաքսային միությանը, հետագայում նաև Եվրասիական միությանն անդամակցելու տնտեսական օգուտների, զարգացման հեռանկարների, երբեմն նաև գոյատևման խնդիրներ լուծելու, և այլնի, և այլնի մասին ընդունեք հավուր պատշաճի ասված խոսքերի շարքում: Անդամակցության որոշումն ընդամենը ցանկություն է, և բավարար ժամանակ կա համատեղ քննարկումներում համոզվելու համար, որ Հայաստանի տնտեսությունն ու պետությունը և Մաքսային միությունն ու Եվրասիական միությունը միմյանց կենսական անհրաժեշտություն չեն: Հիանալի ասպարեզ է բացվում նաև իշխանության համար` ազգային-հայրենասիրական հայտարարություններ անելու, որ պետության և երկրի շահը թելադրեց, իրենք էլ որոշեցին, որ նույն արդյունքները կարելի է ունենալ դիտորդի կարգավիճակում: Նման իրարամերժ ու խորապես համոզիչ հայտարարությունները հիանալի են ստացվում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կատարմամբ: Նա մեղավոր չէ, որ Ռուսաստանը իր ծրագրերի մեջ հաստատուն չէ, զգայուն արձագանքում է հարափոփոխ աշխարհում իր շահերի պաշտպանությանը: Ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական:

Ռուսաստանին Հայաստանը պետք չէ իր անվերջ աճ ապրող ու կենսամակարդակի անկում գրանցող տնտեսությամբ: Հայաստանում էլ միանգամից կհասկանան, որ ընդհանուր սահման չունենալը մաքսային ընդհանուր տարածքում գտնվելու նպատակահարմարությունը կասկածելի է դարձնում, առավել ևս, որ առաջարկվող մաքսային դրույքները տնտեսության զարգացման ռեալ հեռանկար չեն տալիս: Կհասկանան, որ միասնական տնտեսական տարածքը առավելություններ ունի Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի համար, բայց ոչ Հայաստանի, որովհետև այդ եռյակի հետ Հայաստանը հարաբերվելու է Վրաստանի միջոցով, իսկ Վրաստանը Մաքսային միությանն անդամակցելու ձգտումներ չի դրսևորել, փոխարենը նոյեմբերին ստորագրելու է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրն իր քաղաքական ու տնտեսական բաղադրիչներով: Այսինքն` խոր, համապարփակ և ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրով, որը նշանակում է` Վրաստանի տարածքում գործելու են Եվրամիության տնտեսական գոտու ընդհանրական կանոնները, ուրեմն Հայաստանը հարկադրված է գործել ԵՄ-ի մաքսային կանոնների շրջանակներում: Բացի այդ, Մաքսային միության անդամակցության պայմանների ուսումնասիրության համար ստեղծված աշխատանքային խումբը կարող է պարզել, որ Հայաստանի տնտեսության համար խիստ վնասաբեր են եվրասիական ստանդարտները. մենք պարզապես չենք համապատասխանում: Եվ Ղարաբաղի հարցն էլ չի վտանգվում: Չի բացառվում, որ ազգային-հայրենասիրական հողի վրա շեշտադրվեն նաև անկախության խարխլման հեռանկարները, որովհետև Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի համար ոչ այդքան ակնառու, բայց փոքր Հայաստանի համար շատ շոշափելի կլինի, որ պետության կենսագործունեության կարևորագույն հարցերում վերջին խոսքն ասում է Վիկտոր Խրիստենկոն ¥կամ նա, ով կգլխավորի Եվրասիական տնտեսական հանձնաժողովը¤: Ոսկե ձկնիկը պոչը ջրերի վրա շրմփացնելով կլողա հեռու` ոչ ապարանք, ոչ թագ, մի կոտրած տաշտակ կթողնի, որովհետև ձկնորսի ցանցում կպարզվի, որ ունեցածը մի քանի ոսկեգույն թեփուկ էր, ու ինքն էլ բնավ ինքը չէր:
Եվ, այնուամենայնիվ, ամեն ինչ այդքան գաղջ ու գորշ չէ, ինչպես կարող է թվալ: Սեպտեմբերի սկիզբը դարձավ այն ժամանակը, որին երկար ու ապարդյուն սպասում էինք քաղաքական դաշտում որոշակիություն ստանալու համար: Նախագահի անսպասելի որոշումը խիստ սպասված ու ակնկալված ներկայացնող ՀՀԿ-ից առաջ անցան ընդդիմադիր ուժերը` համոզելու, որ առավել պետականամետ ու պետականասեր են: Բայց պետություն ասելով նրանք հասկանում են Ռուսաստանը: Րաֆֆի Հովհաննիսյանը բարևեց-անցավ` ասելու, որ վտանգված է ինքնիշխանությունը ու` վերջ: Ստացվեց, որ անսպասելին ոչ թե Սերժ Սարգսյանի հայտարարությունն էր, այլ այն, որ տարիներով եվրաինտեգրումը արտաքին քաղաքական գերակայություն հռչակած, եվրոպական կառույցներում բոցաշունչ ելույթներ ունեցող, եվրոպացիների ըմբռնումն ու միջամտությունը ակնկալող ընդդիմադիրները հոգու խորքում եղել ու մնում են ռուսամետ: Ստացվեց տխուր, շատ տխուր պատկեր. միայն մեկ կուսակցություն` «Հանրապետությունը», հստակ առանձնացավ` Հայաստանի ներկան ու ապագան տեսնելով Եվրամիության հետ ասոցացման, խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի կնքմանը հաջորդող իրադարձությունների շրջագծում` վստահ, որ որևէ այլ պարագայում Հայաստանում չեն լինի համակարգային փոփոխություններ: Դեռ դարասկզբին պորտալարը Ռուսաստանից կտրելու անհրաժեշտությունը բարձրաձայնող Արամ Զ. Սարգսյանը հաստատակամ մնաց իր տեսակետների մեջ, և միայն նա նախաձեռնեց քաղաքական քննարկումներ: Վճռական մենակի նո՞ր տարբերակ է ձևավորվում:
Իսկ Եվրամիությո՞ւնը: Արևմուտքը ընդհանրապես: Նորից պարզվեց, որ անգլիական նավերը հայոց լեռները չե՞ն բարձրանում: Որ որևէ պետություն գործում է, իսկ պետությունների միություն ստեղծվում է հանուն սեփական շահերի առավելագույնս պաշտպանվածությա՞ն: Եվրամիությունն ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի շուրթերով ասաց` մենք Հայաստանից ու հայ ժողովրդից չենք հրաժարվում: Եվրամիությունն ասաց այն, ինչ կարող էր նման դեպքերում ասվել` հարգում ենք ազատ ընտրության իրավունքը, ոչինչ չենք պարտադրում, մտածենք` ինչպես առաջ շարժվել: Շտեֆան Ֆյուլեն ասաց ավելին, քան պետք է եվրոպացին ասեր: Բայց կարևորը ոչ թե դա է, այլ այն, թե ինչ եզրակացությունների պիտի հանգեն ժողովրդավարության ջատագով եվրոպացիները: Իհարկե, Հայաստանի հետ փոխհարաբերությունների մակարդակն իջնելու է: Առավել ևս, որ մինչև նոյեմբեր ասոցացման նոր համաձայնագրի մշակման առաջարկից Հայաստանը հրաժարվեց: Վստահության, կանխատեսելի և տրամաբանական քաղաքականություն վարող պետության իմիջի հարցը փոքր պետությունների համար շքեղության հայտանիշ է, նրանք կարող են իրենց թույլ տալ քայլեր, որ չեն տեղավորվում իրադարձությունների օրինաչափ զարգացման շրջագծում: Իդեալական կլիներ, եթե հայերս վերջապես հասկանայինք, որ ոչ այնքան մենք ենք պետք Եվրոպային, որքան Եվրոպան մեզ, որովհետև մենք ուզում ենք հայտնվել այն կետում, որտեղ լինելու համար նրանք անցել են հարյուրամյակների միջով` փորձելով, ձախողվելով, պատերազմելով, հաղթելով, պարտվելով, սխալվելով, ու նրանք ունեն ոչ միայն փորձ, այլև ռեսուրսներ, հնարավորություններ, խնդիրներ ու խնդիրների լուծման մեխանիզմներ: Արևմուտքն ընդհանրապես փայլուն պահպանում է դեմքի անխռով արտահայտությունը իրավիճակի ցանկացած շրջադարձին: ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆեռնը, օրինակ, վստահ է, որ Մաքսային միությանն անդամակցությունը չի խանգարելու Հայաստանին կատարել հրապարակավ խոստացած բարեփոխումները, թեպետ համոզված է, որ դեպի Եվրամիություն ճանապարհը կարող էր լինել այն ուժը, որը Հայաստանը կտաներ ճիշտ ուղղությամբ` ժողովրդավարության, կառավարման և օրենքի գերակայության ոլորտներում: Նա պարզապես վստահ է, որ Եվրամիությունը շարունակելու է խորացնել գործընկերային հարաբերությունները Հայաստանի հետ` որտեղ հնարավոր է: Իհարկե, եվրապաշտոնյաներից որևէ մեկը չի ասի, բայց ակնհայտորեն բոլորին էլ պարզ է, որ Հայաստանի դեպքում խնդիրները շատ են: Գուցե արտառոց հնչի, բայց գլխավորը ոչ Ռուսաստանի վետոն է, ոչ էլ անհուսալի իշխանությունները ¥Արևմուտքը հիանալի հասկացավ, ինչպես և Ռուսաստանը, որ այս դեպքում Հայաստանի իշխանություններն առաջնորդվեցին «Ո՞վ ավելին կտա» աճուրդային սկզբունքով` մեկ, և երկրորդ` խաղը դեռ ավարտված չէ¤, գլխավորը «ա»-ից հետո «բ»-ն ասելու հնարավորության ստեղծումն է: Եվրոպական և ԱՊՀ դիտորդների միջև արդեն ջնջած տարբերությունների պարագայում Արևմուտքը պետք է հասկանա, որ ժողովրդավարության հաստատման ճանապարհը ժողովրդի միջոցով է միայն ռեալ, որովհետև մյուս ճանապարհները իրենց ձեռամբ են փակել: ՈՒ` մի քանի անգամ` անկախության վերականգնումից հետո անցած շատ կարճ ժամանակամիջոցում: Ամեն ինչ նոր միայն սկսվում է, ոչ ոք չի կարող ասել` ինչով և երբ կավարտվի այս պատմությունը: Իսկ գուցե պակաս կարևոր չէ ընթացքը «ա» կետից «բ» կետը, որովհետև այդ ընթացքը համընկնում է մեր կյանքի ժամանակի հետ: Իսկ ժամանակը միակ անդառնալի ընթացքն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ.- Սրտանց և խորապես ցավակցում եմ հիանալի դիվանագետ Զոհրաբ Մնացականյանին` դիվանագիտական կարիերայի ֆիասկոյի համար: Միակ մխիթարությունը` նույն ճակատագիրն է սպասում նրան, ով բանակցելու է Մաքսային միության անդամակցության համաձայնագրի համար: Նաև սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներին, թեպետ Գագիկ Հարությունյանն իր պաշտոնում սոփեստությունը կատարելության հասցրած պաշտոնյա է:

Դիտվել է՝ 1910

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ