38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Թարս շարադրված դարվինիզմ կամ Համլետի մղձավանջային երազներում հայտնված Յորիկ

Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Թարս շարադրված դարվինիզմ կամ Համլետի մղձավանջային երազներում հայտնված Յորիկ
30.07.2013 | 11:47

Մոսկվա, բայց շատ տարիներ առաջ, երբ մենք, ինչպես Եվտուշենկոն է մի առիթով բնութագրել`,«վրդովմունք հարուցելու չափ ջահել էինք»: Ավելի ստույգ`1975 թվական: Մեզ բերել են Կրեմլ, լենինյան կաբինետ: Համամիութենական հավաք - խորհրդակցություն է, և տարբեր հանրապետություններից գործուղված երիտասարդ գրողները անպայման պիտի մասնակցեն այս ծիսակարգին: Սեղանի վրա կապիկ է`մարդկային գանգը ուսումնասիրող, թարս շարադրված դարվինիզմ կամ Համլետի մղձավանջային երազներում հայտնված Յորիկ: Եթե չեմ սխալվում, այդ արձանիկը Վլադիմիր Իլյիչ Ուլյանովին է նվիրել Հերբերտ Ուելսը`այդ ժամանակների ամենաֆանտաստ գրողը, ով որոշել էր այցի գնալ հեղափոխական Ռուսաստան` Կրոմվելի անհավատալի վերահայտնությունը սեփական աչքերով տեսնելու համար: Նայում եմ փիլիսոփա - կապիկին ու մտածում. գուցե մեկ այլ ֆանտաստ գրողի`ֆրանսիացի Պիեռ Բուլի «Կապիկների մոլորակը» , հուսահատեցնելու չափ երգիծադառն, բայց ապտակի պես ուշքի բերող այդ վեպը, որն ընթերցում էինք վաթսունականների վերջերին, գրվել է ճիշտ այսպիսի մի արձանիկ տեսնելուց հետո՞: «Չծխել» ՝ խոշոր տառերով գրել է մարդկանց առողջության մասին այդ աստիճան մտահոգվող առաջնորդն ու կախել կապիկի վզից: Իսկ գրասեղանի աջ կողմում փակցված է քարտեզ: Առաջնորդը կարող է դիպչել դրան ձեռքով, առանց իր աթոռից վեր կենալու: Դա Հայաստանի քարտեզն է: Կլորավուն - ինքնանման մի երկիր` իր երազելի սահմանների մեջ բնակվող, որն իրականություն ու փաստ է`ռուսաց լեզվով տպագրված այդ քարտեզի վրա: Անակնկալ, զարմանալի տեսարան: Հայ գրողներով խմբվում ենք դեռ չանդամահատված մեր հայրենիքի դիմաց: Մեզ կցված խստադեմ ուղեկիցները անհանգիստ հայացքներ են փոխանակում: Ոչ մեկս չի արտասանում ոչ մի բառ: Առաջնորդն այս աշխատասենյակում նստել է 1918 - 22 թվականներին: Հայաստանը խաղարկելու հարցը եղել է օրախնդիր: Ո՞վ գիտի, թե քանի անգամ է նրա մատիտը սահել մեր հողի ու ճակատագրի վրայով, երբ նա, զինակիցներին ժողովի հրավիրած, ստեղծագործաբար քննարկել է այս բիբլիական երկիրը իր կայսերապետական առուծախերի մեջ հնարավորինս շահութաբեր օգտագործելու տարբերակներ: Հ.Գ. Այս էջը կարելի է գտնել «Լիրիկական չվացուցակ» ակնարկում` «Ժառանգության իրավունք» ժողովածու, 2005 թ.: Իսկ դրվագը, հատկապես`88-ից սկսած, հաճախ էր հիշեցնում իր մասին, որովհետև հենց այդ անհանգիստ տարիներին անցյալը, բոլորովին էլ ոչ այլաբանորեն, ամեն օր շոշափում էր ներկան: Թեպետ ավելի ճիշտ կլինի ասել`պատմությո՛ւնը, որը ժամանակ առ ժամանակ պատասխան է պահանջում սերունդներից, քանի որ այն, ինչը մենք անվանում ենք «անցյալ», վերաբերում է պատմության փակված էջերին: Նոր էջին նոր պատասխան էր սազում:

Դիտվել է՝ 3781

Մեկնաբանություններ