ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Հայաստանի մշակութային օրերը Ֆլորենցիայում»

«Հայաստանի մշակութային օրերը Ֆլորենցիայում»
29.10.2012 | 14:09

Ֆլորենցիայում հայկական մշակույթը, պատմական և արդի ճարտարապետական միտքը մեծ հետաքրքրություն էին առաջացրել:

ԵՃՇՊՀ-ի 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում` ՀՀ ԿԳՆ-ի աջակցությամբ և ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան և Իտալիայում Հայաստանի դեսպանատան հովանու ներքո, Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում հոկտեմբերի 13-23-ին կայացավ «Հայաստանի մշակութային օրերը Ֆլորենցիայում» փառատոնը: ԵՃՇՊՀ-ի կողմից փառատոնի կազմակերպման նախաձեռնությունն իրականություն դարձավ Ռոմուալդո դել Բիանկո հիմնադրամի, Դելտա Քալչր ասոցիացիայի և ԵՃՇՊՀ-ի սերտ համագործակցության շնորհիվ:
Փառատոնը մեկնարկեց «Աուդիտորիում Ալ Դուոմո» ընդունելությունների սրահում։ Ողջույնի իր խոսքում Ֆլորենցիայի կոմունայի խորհրդի նախագահ Լուջենիո Ջիանին կարևորելով ԵՃՇՊՀ-ի նախաձեռնությունը ասաց. «Մենք պատիվ ունենք մեր քաղաքում ընդունել Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պատվիրակությանը»: Նա հույս հայտնեց, որ համագործակցությունն Իտալիայի և Հայաստանի միջև գնալով է՛լ ավելի կզարգանա: Իր ելույթում «Ռոմուալդո դել Բիանկո» հիմնադրամի փոխնախագահ Կառլոտա դել Բիանկոն ասաց. «Մեր համագործակցությունը ԵՃՇՊՀ-ի հետ սկսվել է 2002-ից և ժամանակը ապացուցել է այդ համագործակցության գործնական կարևորությունը: Ի նշան այդ համագործակցության երախտիքի` նա հայտարարեց, որ հիմնադրամի որոշմամբ հիմնադրամի լսարաններից մեկը կանվանվի ԵՃՇՊՀ-ի առաջին ռեկտոր Արեստ Բեգլարյանի անունով, և ԵՃՇՊՀ-ի պատվիրակությանը` Հովհաննես Թոքմաջյանի գլխավորությամբ, հրավիրեց 2013-ի գարնանը մասնակցելու լսարանի բացման արարողությանը: ԵՃՇՊՀ-ի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանն իր ելույթում առանձնակի կարևորեց Իտալիայի հետ բուհի համագործակցությունը և նշեց, որ այն արժեքավոր է հատկապես ճարտարապետների նոր սերնդի կրթության, երկու երկրների մշակույթների ճանաչման և զարգացման գործընթացում. «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ավանդն են ներդրել փառատոնի կազմակերպման համար»:

«Հայաստանի մշակութային օրերը Ֆլորենցիայում» փառատոնը հագեցած էր ոչ միայն ճարտարապետական և մշակութային ծրագրերով, այլև կլոր սեղանների, քննարկումների կազմակերպմամբ:
Ֆլորենցիայում բացված «Հայաստանի ճարտարապետության պատմության», «Ժամանակակից արվեստի», «ԵՃՇՊՀ-ի դասախոսների արվեստի գործերի» և «Ճարտարապետական լավագույն դիպլոմային աշխատանքների» խորագրով ցուցահանդեսները մեծ հետաքրքրություն էին առաջացրել ոչ միայն մասնագետների, այլև հասարակության լայն շրջանակներում: Կայացավ «Բակը որպես բնակելի միջավայր» թեմայով ուսանողների միջազգային մրցույթ-ստուգատես, որն արժանացավ բարձր գնահատականի:
Փառատոնի շրջանակներում Ստրոցիի պալատի «Ալտանա» սրահում տեղի ունեցավ կլոր սեղան, որին մասնակցեցին ԵՃՇՊՀ-ի պատվիրակությունը` ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի գլխավորությամբ, «Ռոմուալդո դել Բիանկո» հիմնադրամի փոխնախագահ Կառլոտա դել Բիանկոն, Ֆանանոյի քաղաքապետարանի փոխքաղաքապետ Դանիել Սարջենտին, Ֆլորենցիայի ազգային համալսարանի ճարտարապետական ֆակուլտետի պրոֆեսոր Ռոբերտո Կոռացին և այլ պաշտոնական անձինք: Քննարկվեցին բոլոնյան գործընթացի, ուսումնական ծրագրերի և համակարգերի, հավատարմագրման, միջազգային համագործակցության, ուսանողների փոխանակման, կրկնակի դիպլոմների, որակի գնահատման, Տեմպուս և Էրազմուս Մունդուս ծրագրերի հետ կապված հարցեր և խնդիրներ: Իր ելույթում Ֆանանոյի քաղաքապետարանի փոխքաղաքապետ Դանիել Սարջենտին խոսելով միջազգային կապերի զարգացման գործընթացից, ներկայացրեց դրա գործնականում դրական ազդեցությունը. «Այժմ քննարկում ենք Ֆանանո քաղաքում ԵՃՇՊՀ-ի ուսանողների որոշ նախագծերի հնարավոր իրականացումը, որոնք Ֆանանոյում կայացած մրցույթ-ստուգատեսում արժանացել են բարձր գնահատականի»: Հայկական պատվիրակությունը փառատոնի շրջանակներում հանդիպում ունեցավ նաև ճարտարագետների և ճարտարապետների ասոցիացիայի ղեկավարության հետ, և առաջարկություն եղավ ԵՃՇՊՀ-ին` անդամակցել ասոցիացիային: Ճարտարագետների և ճարտարապետների ասոցիացիան հայկական կողմին տրամադրեց իրենց կանոնադրությունը և անհրաժեշտ փաստաթղթերը` ուսումնասիրության համար:
Ֆլորենցիայի ազգային համալսարանի ղեկավարության հետ ԵՃՇՊՀ-ի պատվիրակության հանդիպման ընթացքում քննարկեցին երկուստեք համագործակցության հետ կապված հիմնախնդիրները: Մասնավորապես իտալական կողմը համագործակցության ընդլայնման հարցում նշեց ֆինանսական խնդիրը, սակայն միևնույն ժամանակ կարևորվեց հետագա համագործակցության զարգացումը բոլոնյան գործընթացների շրջանակներում:
Ֆլորենցիայի երաժշտասեր և թատերասեր հանդիսատեսն ունկնդրեց հայ դասական և ջազային ստեղծագործություններ` Արմեն Հունունցի, Վահագն Հայրապետյանի և ԵՃՇՊՀ-ի 4-րդ կուրսի ուսանող, մենակատար Ցոլեր Կասագորյանի կատարմամբ: Ֆրանսիական մշակույթի ինստիտուտում ներկայացվեց «Կվերակենդանանա սիրտը և կխոսի» ներկայացումը` Ադա Ղահրամանյանի բեմադրությամբ:
Փառատոնի շրջանակներում իրականացվեցին նաև ճանաչողական այցեր Սիեննա, Սան Ժերմինիո, Վենետիկ, Պիզա, Հռոմ քաղաքներ: Վենետիկի Ս. Ղազար կղզում հայկական պատվիրակությանն ընդունեց Մխիթարյան ընդհանուր միության աբբահայրը: Հանդիպման ընթացքում քննարկվեց հետագայում գիտաժողով կազմակերպելու հնարավորության հարցը:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ
ԵՃՇՊՀ-ի լրատվության հետ կապերի պատասխանատու

Դիտվել է՝ 4001

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ