ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Հալաջյանը մեր ժամանակների լավագույն կոմպոզիտորներից է»

«Հալաջյանը մեր ժամանակների լավագույն կոմպոզիտորներից է»
15.10.2012 | 17:36

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը վաղը «Արամ Խաչատրյան» համերգասրահում կնշեն շվեյցարաբնակ հայտնի կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանի 50-ամյակը:

Ծրագրում կհնչեն Հալաջյանի «Օ, թագավոր», «Մնացյալը լռություն է», «Համայն աշխարհի արարածները», «Երաժշտություն ստվերում» ստեղծագործությունները:
Մենակատարներն են` Իրինա Զաքյան (սոպրանո), Մերի Մովսիսյան (սոպրանո), Արամ Թալալյան (թավջութակ), Արամ Ասատրյան (ջութակ), Յանա Դարյան (ալտ), Կարեն Խաչատրյան (կոնտրաբաս), Հովհաննես Պապիկյան (հոբոյ), Մարտին ՈՒլիխանյան (կլառնետ): Դիրիժորներ` Էդուարդ Թոփչյան, Ռոբերտ Մլքեյան:
Հայ երաժշտագետների կարծիքով` Հալաջյանի ստեղծագործությունները բացառիկ որակի են, բացի այդ, այսօր շատ քիչ են խմբերգային ստեղծագործություն գրող լավ կոմպոզիտորները:
Իրինա Զաքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հալաջյանը մեր ժամանակների լավագույն կոմպոզիտորներից է, առանձնանում է իր երաժշտական մտածելակերպով: Երգչուհու խոսքով` շվեյցարաբնակ կոմպոզիտորը Եվրոպայում շատ հայտնի է, նրա ստեղծագործությունները միշտ կատարում են հեղինակավոր երաժիշտներն ու երգիչները: Հայաստանում հայտնի է հատկապես նրա «Լույսի մեսսա» («Messa di Lumine») ստեղծագործությունը:
Դավիթ Հալաջյանը բնակվում է Ցյուրիխում և դասավանդում է տեղի կոնսերվատորիայում: Բացի կոմպոզիտորական գործունեությունից, ղեկավարում է երգչախմբեր և նվագախմբեր, «Անանուն» երգչախմբի հետ ներկայացնում է փորձարարական երաժշտություն:
Նրա ստեղծագործությունները հնչել են բազմաթիվ երկրներում` Ռուսաստանում, Ճապոնիայում, Շվեյցարիայում, Բելգիայում և Կանադայում: Ձայնագրվել է մի շարք հեղինակավոր ստուդիաներում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2179

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ