ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ո՞վ ավելի տուժեց այս պատմությունից. արդյո՞ք «Իրատես de facto»-ն

Ո՞վ ավելի տուժեց այս պատմությունից. արդյո՞ք «Իրատես de facto»-ն
06.10.2012 | 15:32

Հոկտեմբերի 4-6-ին Հայաստանում անցկացվեց ՀՀ սփյուռքի նախարարության, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի, լրատվամիջոցների համահայկական ընկերակցության և Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովը` «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրի ներքո:

Ի թիվս հայաստանյան և սփյուռքյան բազում լրատվամիջոցների` համաժողովին մասնակցելու հրավեր էր ստացել նաև «Իրատես de facto»-ն: Բնականաբար, թերթի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանն անհապաղ և պատրաստակամորեն արձագանքել էր հրավերին` նամակով տեղեկացնելով, որ համաժողովին կմասնակցի թերթի պատասխանատու քարտուղար Կարինե Ռաֆայելյանը, իմա` ես: Ապա նաև հեռախոսազրույց էր ունեցել սփյուռքի նախարարության պատասխանատուի` տեղեկատվության և հեռուստահաղորդակցության վարչության նորանշանակ պետ Վաղինակ Վարդանյանի հետ` իրազեկելով, որ մեր լրատվամիջոցը, նպատակ ունենալով հանգամանորեն և համակողմանիորեն լուսաբանելու համաժողովը, հավատարմագրել է ևս երկու լրագրողի` Լիլիթ Գրիգորյանին և Արմինե Սարգսյանին:
Պարզաբանեմ երեք լրագրողի հավատարմագրելու նպատակը. ես պետք է հարցազրույցներ վարեի համաժողովի մասնակիցների հետ` «Եվ ոչ միայն մշակույթի մասին» խորագրի շրջանակներում, Լիլիթ Գրիգորյանը պետք է անդրադառնար Հայոց ցեղասպանությանն առնչվող խնդիրներին, Արմինե Սարգսյանը պետք է ապահովեր ընդհանուր լրատվություն և մշակութային անդրադարձ:
Այսինքն` «Իրատես de facto»-ն չափազանց լուրջ էր վերաբերվել սպասվող համաժողովին և մտադիր էր այդ լրջությունն արձանագրել իր էջերում:
Ավա՜ղ…
Շաբաթներ շարունակ ես և գործընկերներս սպասում էինք համաժողովի մասին որևէ տեղեկատվության, որևէ ծանուցման, որը կօգներ մեզ ծրագրելու մեր անելիքները: Անձամբ ինձ հետաքրքրում էր հյուրերի կազմը, քանզի պետք է նախապես զատորոշեի այն անձանց, ում հետ պատրաստվում էի ունենալու հարցազրույցներ: Քանի որ «Եվ ոչ միայն մշակույթի մասին» խորագիրն իր ձևաչափում չի ենթադրում գլամուրային պարբերականների հարցաշար («Ի՞նչ բրենդի հագուստ եք նախընտրում, ո՞րն է Ձեր սիրած գույնը, ի՞նչ մեքենա եք վարում, քանի՞ կին ու սիրուհի ունեք» շարքից), ուստի այդ հարցազրույցներին նախապատրաստվելը պահանջում է որոշակի ժամանակ ու համապատասխան տեղեկացվածություն, որի հնարավորությունից ինձ, փաստորեն, զրկել էին համաժողովի կազմակերպիչները:
Երկար և ապարդյուն սպասումներից հետո ես և գործընկերներս որոշեցինք նախաձեռնությունը վերցնել մեր ձեռքը: Ես էլեկտրոնային նամակ ուղարկեցի սփյուռքի նախարարություն (info1mindiaspora.am հասցեով)` խնդրանքով, որ իմ անձնական էլեկտրոնային հասցեին ուղարկեն բոլոր այն նյութերը, որոնք առնչվում են համաժողովին: Երկու օր անց, դարձյալ չստանալով որևէ պատասխան, զանգահարեցի խմբագրությանն ուղարկված նամակում նշված հեռախոսահամարով (010585601), բացատրեցի, թե ինչ եմ ակնկալում իրենցից և տառ-տառ թելադրեցի հասցես, որպեսզի կանխեմ համաժողովի նախապատրաստական փուլում հնարավոր բոլոր բացթողումները:
Զրուցակիցս (դատելով ձայնից` երիտասարդ տղամարդ) հավաստիացրեց, որ մինչև համաժողովը կկապվեն ինձ հետ և կիրազեկեն բոլոր մանրամասների մասին։ Այդ հավաստիացումներն արվում էին համաժողովից 2-3 օր առաջ: Այնուամենայնիվ, խնդրեցի, որ գոնե ասեն, թե որտեղ և որ ժամին պիտի մեկնարկի համաժողովը: Ստացա պատասխանը. համաժողովը մեկնարկում է հոկտեմբերի 4-ին, ժ. 10-ին, ԵՊՀ-ի Ե. Չարենցի անվան սրահում:
Այս մասին տեղեկացրի նաև Արմինե Սարգսյանին և չկորցրի հույսս, որ գոնե համաժողովի նախօրեին առավել հանգամանորեն կիրազեկվեմ առաջիկա աշխատանքիս մանրամասներին:
Սակայն նախօրեին էլ ոչ մի լուր չստացվեց ո՛չ խմբագրության, ո՛չ իմ, ո՛չ գործընկերներիս հասցեներով:
Այնուամենայնիվ, ես և Արմինե Սարգսյանը որոշեցինք պարզապես գնալ ԵՊՀ, ներկա գտնվել համաժողովի բացման արարողությանը և տեղում պարզել մեր հետագա անելիքը:
Բնականաբար, ես դժգոհությունս հայտնեցի կազմակերպիչներին նման վերաբերմունքի համար, դեռ չիմանալով, որ ինձ սպասում է նոր ու ավելի մեծ հիասթափություն: Երբ մտա նիստերի դահլիճ ու սկսեցի աչքի անցկացնել ծրագիրը, բացահայտեցի, որ բուն համաժողովի աշխատանքերն նախատեսված է անցկացնել Աղավնաձորում, և ընդամենը մեկ-երկու ժամ հետո բոլոր մասնակիցները երեք օրով մեկնելու են Աղավնաձոր:
Աչքերիս չհավատալով` սկսեցի հարցուփորձ անել այլ լրատվամիջոցները ներկայացնող գործընկերներիս, թե արդյո՞ք իրենք տեղյակ էին այդ մեկնումի մասին: Պարզվեց, որ միակ անտեղյակն ու անգետը ես եմ, մարդ, որ մինչ այդ արդեն մասնակցել է սփյուռքի նախարարության կազմակերպած երկու համաժողովի` յուրաքանչյուր մասնակցության արդյունքում հրապարակելով մի քանի ընդարձակ նյութ և անգամ արժանացել նախարարության շնորհակալագրին:
Իմ վրդովմունքին ի պատասխան` Վաղինակ Վարդանյանն ամենայն հանդարտությամբ հավաստիացնում էր, որ իրենք բոլոր մասնակիցներին, այդ թվում և` ինձ, նամակով տեղեկացրել են համաժողովի ընթացակարգի մասին, իսկ թե ինչու ես տեղյակ չեմ, որ տեղեկացվել եմ, ինքը դժվարանում էր ասել: Չգիտեմ, թե ինչպես է ստացվել, որ ոչ միայն ես, այլև խմբագրությունն ու իմ երկու գործընկերներն այդպես էլ չենք ստացել որևէ նամակ կամ հեռախոսազանգ կազմակերպիչներից: Այսպես պատահո՞ւմ է` առանց հատուկ դիտավորության կամ գոնե փնթի ու անբարեխիղճ մոտեցման սեփական աշխատանքի նկատմամբ: Կարծում եմ` ո՛չ:
Առավել անհարմար վիճակում էին գործընկերներս:
Արմինե Սարգսյանին նիստերի դահլիճի նախասրահում ընդունել են անթաքույց թշնամանքով և կշտամբել իմ բարձրացրած աղմուկի համար: (Թեև ասեմ, որ, ի տարբերություն ոմանց, «աղմկել» ու «դժգոհել» բայերի իմաստն ու գործածությունն ինձ ծանոթ է դեռ դպրոցական նստարանից): Երբ գործընկերս պահանջել է իրեն տրամադրել համաժողովի ծրագիրը և ածանցյալ նյութերը, որպիսիք կային բոլոր մասնակիցների ձեռքին, պարզապես հոխորտացել են, թե թերթն իրավունք չունի մի քանի լրագրողի հավատարմագրելու, թե իրենք միայն մեկին կարող են այդ նյութերը տրամադրել, և դրանք արդեն տրամադրվել են ինձ: Ասացե՛ք խնդրեմ, լրագրողին պատժում են, զրկում «նվերից» (որի կարիքը, ի դեպ, չունեն ո՛չ մեր խմբագրությունը, ո՛չ նրա աշխատակիցները. ինքներս կարող ենք նվերներ շռայլել` հենց թեկուզ այսօրինակ և այլօրինակ հոդվածների տեսքով): Եվ սա այն դեպքում, երբ մարդն իր անձի և իր ներկայացրած լրատվամիջոցի հանդեպ ցուցաբերվող բացահայտ արհամարհանքի պարագայում անգամ եկել է աշխատելու և իր մասնագիտական ծառայությունները մատուցելու:
Լիլիթ Գրիգորյանն ընդհանրապես ներկա չէր բացման արարողությանը, քանի որ չէր տեղեկացվել անցկացման վայրի և ժամի մասին: Եվ, ի դեպ, նրան նույնպես չէր շրջանցել նախարարության աշխատակիցների անբարյացակամությունը` պատճառաբանված մեկ լրատվամիջոցից երեք լրագրողի հավատարմագրելու հանգամանքի հետ:
Մնում է զարմանալ, թե ինչո՞ւ էր «Իրատես de facto»-ի գլխավոր խմբագիրն այդքան կարևորել մի իրադարձություն, որի նշանակությունը, դատելով փաստերից, առանձնապես մեծ չէ հենց իրենց` կազմակերպիչների աչքում: Եվ ինչո՞ւ էինք ես ու Արմինե Սարգսյանն այդքան տարված սփյուռքի նախարարության գործունեությունը լուսաբանելու գաղափարով: Մարդիկ պարզապես ամեն կերպ հոգացել էին, որ մեզ ազատեն այդ անհարմարությունից, իսկ մենք համառորեն, անինքնասիրաբար խցկվել էինք մի տարածք, որտեղ մեզ ակնհայտորեն չէին սպասում` չնայած շաբաթներ առաջ իրենց իսկ ուղարկած հրավերին: (Փաստորեն, «Նաջարյանը փոշմանել էր»):
Կարող էինք, չէ՞, ուղղակի հանգիստ նստել մեր տեղերում և անկոչ հյուրի կարգավիճակում չհայտնվել այնտեղ, որտեղ մեր կարիքը չէին զգում: ՈՒ ես էլ հիմա ստիպված չէի լինի գրել այս հոդվածը` գիտակցելով հանդերձ, որ «черный пиар тоже пиар»: Ինչ վերաբերում է համաժողովի բացմանը երեսի զոռով մասնակցած գործընկերոջս` Արմինե Սարգսյանին, ապա նա թերթի ուրբաթօրյա համարում համաժողովի` իրեն հասու հատվածի վերաբերյալ տպագրեց հրապարակում` արդեն ոչ «черный пиар»-յան հանգույն, քանզի «Իրատես de facto»-ն չի առաջնորդվում «խոտորնակին խոտորնակ» կարգախոսով և երևույթների ու դրանք տնօրինողների միջև չի դնում հավասարության նշան:
Փաստորեն, ինձնից անկախ պատճառներով, ես չեմ կարող նախորդ համաժողովների նման մանրամասնորեն լուսաբանել այս մեկը: Ես ակամա դասալիք եմ: Բայց խորհուրդ կտայի համաժողովի կազմակերպիչներին` մեկ անգամ ևս աչքի անցկացնել նախկինում իմ տպագրած նյութերն իրենց գործունեության մասին (թեև ո՞վ գլուխ ունի այդպիսի անարժեք բաներով զբաղվելու) և մտածել, թե ո՞վ ավելի տուժեց այս պատմությունից: Արդյո՞ք «Իրատես de facto»-ն:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4350

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ