«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

ՄՇԱԿՈՒՅԹԸ` ՍՈՑԻՈԼՈԳԻ ԱՉՔԵՐՈՎ

ՄՇԱԿՈՒՅԹԸ` ՍՈՑԻՈԼՈԳԻ ԱՉՔԵՐՈՎ
26.10.2010 | 00:00

Մշակույթը հզոր ներգործություն ունի հասարակության տարբեր շերտերի վրա։ Յուրաքանչյուր օր մենք առնչվում ենք մշակույթի տարբեր ոլորտների հետ։ Լսում ենք երաժշտություն, տեսնում ենք ճարտարապետական կոթողներ, քանդակներ։ Հաճախո՞ւմ ենք կինո, թատրոն, այցելո՞ւմ ենք ցուցահանդեսներ, թանգարաններ։ Կյանքը, իրադարձությունները, իրավիճակները փոխվում են, մարդկանց հետաքրքրությունները, ձգտումները, հնարավորությունները` նույնպես։ Որքա՞նով և ինչպե՞ս է սպառվում պրոֆեսիոնալ կամ գեղարվեստական մշակույթը Հայաստանում։ Ահա այդ ուսումնասիրություններն է կատարում ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի էթնոսոցիոլոգիայի բաժինը։ Բաժնի ավագ գիտաշխատող ՌՈՒԲԵՆ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻՑ պարզեցինք, որ մշակույթի ոլորտում սոցիոլոգիական հետազոտություններ կատարվել են դեռևս խորհրդային շրջանում, 2000-ին ուսումնասիրություններ են անցկացվել Երևանում, 2007-ից վերսկսվել են աշխատանքները Տավուշի մարզում և շրջակա գյուղերում։ Այս տարի համանման ուսումնասիրություններ կանցկացվեն Սյունիքում։
Հետազոտությունները վկայում են, որ կրթական մակարդակը խորհրդային տարիների համեմատ միանշանակ բարձրացել է։ Նախկինում գյուղական բնակչության շրջանում քիչ չէին անգրագետ կամ կիսագրագետ մարդիկ, հիմա նրանց թիվը խիստ նվազել է, ավագ տարիքային խմբում եզակի մարդիկ են մնացել։ Ստացվում է, որ կրթական մակարդակը բարձրացել է, բայց ընթերցանության հաճախականությունը նկատելիորեն ընկել է։ Կարելի է եզրահանգել, որ պրոֆեսիոնալ մշակույթը, հատկապես նրա որոշ ասպեկտներ` թատրոնը, գեղարվեստական գրականության որոշ ժանրեր, օպերան, բալետը, սիմֆոնիկ երաժշտությունը դարձել են էլիտար մշակույթ։ Այստեղ լուրջ ուսումնասիրություններ են պետք, թե արվեստի որ ձևը որ շերտին է ավելի մատչելի։
2008-ին Տավուշի մարզի գյուղերում կատարած հարցումներից պարզվեց, որ ավելի շատ կարդում են կանայք, քան տղամարդիկ։ Տղամարդկանց մեծ մասը արտագնա աշխատանքի է մեկնել, իսկ նրանք, ովքեր տեղերում են մնացել, շատ են աշխատում, հոգնում և ժամանակ չեն ունենում ընթերցանության համար։ Ժանրային առումով նախընտրում են սիրո և ընկերության մասին գրականությունը։ Հիմնականում սիրային թեմատիկայով հետաքրքրվողները կանայք են։ Սոցիալական, հոգեբանական բացատրություններ կան այստեղ։ Սեռատարիքային կազմում փոփոխություններ են տեղի ունեցել։ Կանանց և տղամարդկանց դիսբալանս է, անհավասարություն։
Թատրոն չայցելողների ցուցանիշը 1980-ին կազմում էր 35,7 տոկոս, այժմ` 82,6 տոկոս։ Ժամանակին շրջկենտրոնում գործել են թատրոն, մշակույթի պալատ, կապ է եղել մայրաքաղաքի հետ, գյուղական մտավորականությունը հնարավորություն է ունեցել Երևանում այցելելու թատրոն։ Այժմ պոտենցիալ սպառողին մատչելի չէ տրանսպորտի ուղեվարձը (Տավուշի մարզից` Երևան), իսկ այն մարդիկ, ովքեր հնարավորություն ունեն, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, ցանկություն չունեն։ Գյուղական մշակութային տներն անմխիթար վիճակում են, վերածվել են ավերակների։ Ստացվում է այնպես, որ հրավիրում են միայն երաժիշտների, այն էլ ռաբիս ոլորտի, ասում են` էժան է։ Այդ պայմաններում էլ նույնիսկ դահլիճը չի լցվում։ Իջևանի թատրոնն էլ չի գործում։ Արդյունքում` լավագույն դեպքում թատրոն գնում են 2-3 ամիսը մեկ, կամ էլ տարին մեկ-երկու անգամ գնան-չգնան։
Հոգևոր կյանքի հզոր և կարևորագույն ոլորտներից է երաժշտությունը, ինչն ավելի մատչելի է բնակչությանը։ Երաժշտության մի քանի դասակարգում են կատարել ուսումնասիրողները։
Հայկական ազգային երգ-երաժշտության նկատմամբ այժմ բարձրացել է ժողովրդի հետաքրքրությունը։ 1980-ին 60,7 տոկոսը սիրում էր ազգայինը, այժմ` 74 տոկոսը։ Խորհրդային տարիներին վրացական ժողովրդական երաժշտություն լսում էր 14 տոկոսը, այժմ` 4 տոկոսը, ադրբեջանականը` 53,5 տոկոսը, հիմա` 4,2 տոկոսը։ Էթնիկական կոնֆլիկտը կարող է ազդել երաժշտական պահանջմունքի վրա։ Ռուսական ժողովրդականը 17,8 տոկոսից բարձրացել է 30,4 տոկոսի։ Սիմֆոնիկ և դասական երաժշտություն լսել է 7,1 տոկոսը, այժմ` 21 տոկոսը։ Դա կախված է կրթական մակարդակի բարձրացումից, ճաշակի ձևավորումից։ Ժամանակակից երաժշտություն լսում է 56 տոկոսը, նախկինում 28 տոկոս էր։ Սպառողները երիտասարդներ են։ Ավագ սերունդն ազգայինի նկատմամբ հակում ունի։ Ավելացնենք նաև, որ մարզերում գրադարանային ֆոնդը լավ վիճակում չէ, ֆինանսների սղության պատճառով համալրում չի կատարվում։ Երբեմն Հայաստանի ազգային գրադարանն իր շրջիկ բիբլիոբուսով մարզեր է գնում, որոշ նվիրատվություններ կատարում, գրքերի ցուցահանդեսներ կազմակերպում։ Պետությունը հազիվ կարողանում է ազգային գրադարանին ուշադրություն դարձնել, սակայն ֆինանսների բացակայության պատճառով նոր ձեռքբերումները լիարժեք չեն։
Հարցումները մարզերում ցույց տվեցին, որ բնակչությունը ծանոթ չէ համաշխարհային անուններին, արվեստի գլուխգործոցներին։ Թվարկում են միայն Թումանյանին, Իսահակյանին, Չարենցին։ Լավ է իմանալ ազգայինը, բայց եթե մի ազգի մշակույթ մեկուսացավ, ներփակվեց իր մեջ, չառնչվեց համաշխարհային գանձերին, այդ մշակույթը չի զարգանա։ Կինոյի ասպարեզում հիշատակվում են միայն հայկական և ամերիկյան դերասաններ, ֆրանսիացի դերասաններից` միայն Պիեռ Ռիշարը։ Ժամանակին մեր կինոպրոկատը մեծ մասամբ ֆրանսիական և իտալական ֆիլմեր էր գնում, իսկ այժմ շուկան լցվել է ամերիկյանով։ Այստեղից էլ` արդյունքը և ազդեցությունը։
ՈՒսումնասիրությունների արդյունքում սոցիոլոգները եկել են այն եզրահանգման, որ անհրաժեշտ է մշակել ճիշտ մշակութային քաղաքականություն։ Առանց մշակութային սոցիոլոգիայի դիտարկումների` այդ ծրագրերը թերի կլինեն։ Մշակույթը ոչ միայն դաստիարակչական, ճանաչողական դեր է խաղում հասարակության ինտելեկտուալ մակարդակը բարձրացնելու, այլև ուժերը վերականգնող, հանգստացնող դեր է կատարում։ Մեր մշակութային քաղաքականությունը կենտրոնացած է մայրաքաղաքում, այնինչ պետք է ուղղված լինի նաև դեպի մարզերը։ Իսկ դրա համար պետք է նյութատեխնիկական բազա ստեղծել մարզերում։
Աիդա ԱՐՇԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 3664

Մեկնաբանություններ