«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

ՓԱՌԱՀԵՂ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՍՏՎԵՐՆԵՐԸ

ՓԱՌԱՀԵՂ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՍՏՎԵՐՆԵՐԸ
24.06.2011 | 00:00

Երբ մասնագիտական հանձնախմբի որոշմամբ ՀՀ նախագահի անունից 2005-ին նախաձեռնված երիտասարդական ամենամյա երկփուլ մրցույթի «դասական մեներգեցողություն» անվանակարգում այս գարնանը մրցանակներ չշնորհվեցին, ԶԼՄ-ները հանրային դժգոհության ալիք բարձրացրին։ Հավակնորդների տրտունջների յուրահայաց խմորումներով լրագրողական ուշադրության կիզակետում հայտնված արդի երաժշտարվեստի խայտաբղետ նկարագրի շուրջ ծավալված համակամ ընդվզումը չէր հասցրել հանդարտվել, թափ առավ երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 3-րդ մրցույթ-փառատոնը։ ԵՊԿ քննաշրջանով բազմազբաղ երգիչ-երգչուհիները փոքր-ինչ խաղաղվեցին Արամ Խաչատրյանի անվան միջազգային յոթերորդ մրցույթի ութօրյա ռիթմում։ Եվ, արտերկրում հետագա մասնագիտացման ու կայացման հուսալի լծակներ որոնելուն համընթաց, վճռեցին մեկ անգամ էլ բախտը փորձել մեներգիչների հանրապետական («նախագահականին» գրեթե համարժեք) մրցույթում։ Ի նշանավորումն Պավել Լիսիցյանի ծննդյան 100-րդ և Տաթևիկ Սազանդարյանի 95-րդ տարեդարձերի, կազմակերպիչները 2006-ից ամեն տարի անցկացվող 5-րդը մեր օպերայինի այս երկու փառահեղ անուններով էին կոչել։ Եռափուլ մրցասպարեզներում կրկին ընդգրկված էին ԵՊԿ երիտասարդ (18-33 տարեկան) սաները։ ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի գլխավորած կազմկոմիտեն մրցութային հանձնախմբի նախագահությունը կրկին վստահել էր ՀՀ ժողովրդական արտիստ, ԵՊԿ պրոֆեսոր, օպերայինի դիրիժոր Յուրի Դավթյանին։ Հատկանշական է, որ 57 հայտատուների խմբում նոր մրցակցությունից չէին խուսափել «մերժված նախագահականներից» շատերը` Նինա Մինասյանը, Մերի Մովսիսյանը, Հովսեփ Նշանյանը, Ռիմա Խաչատրյանը... Կարծում եմ, միանգամայն օրինաչափ էր հանրապետականի հինգերորդ ազդականչով երիտասարդականի բորբոքած կրքերի վերազարթոնքը։ Առաջին նշաններն ի հայտ եկան օրերս` Հայաստանի երաժշտական ընկերության (ՀԵԸ) հարկի ներքո տեղի ունեցած մրցելույթների հաջորդականությունը որոշող վիճակահանության արարողության նախաշեմին։ Հին կրակի բորբոքման նոր ազդակ դարձավ նորելուկ «եթերայիններից» մեկի հարցը. «Չէիք ասի՞, թե ովքեր են հաղթողները»։ ԶԼՄ-ների փոքրաթիվ խմբին դասական մեներգեցողության այս մրցույթի ինքնատիպ կարևորությունը հանգամանալից հիմնավորող ՀԵԸ նախագահ, ԵՊԿ վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան Դավիթ Ղազարյանին շանթահարած այդ հարվածով իսկույն անէացավ վաստակաշատ երաժիշտ-մանկավարժի պերճախոս խանդավառությունը։
«Դեղին» մամուլի դեմ անհաշտ ընդվզումը, սահուն անցնելով «նախագահականի» որոշմանը համերաշխ անվստահություն բարձրաձայնողներին, ինքնաբուխ հորդեց բեմահարթակից։ Վիճակահանությանը զուգահեռ ՀԵԸ նախագահը շարունակում էր մանրամասնել այս մրցույթի անզուգական դերակատարությունը դասական երաժշտարվեստի հեռանկարային զարգացման մեջ։ Զուր ջանադրություն, քանզի դահլիճում չէին ճեմասրահի զրուցընկեր-լրագրողները։
Նախնիների զրնգուն փառքի ստվերների միաձույլ մեծարանքին անհաղորդ են մնում նորերը։ Նրանք այնքան էլ մեղավոր չեն. ո՞վ է մտահոգված եղել մեր հոգևոր-մշակութային ժառանգությանը նրանց տեր դարձնելու խնդրով, որքա՞ն հաճախ են հանրային հեռուստառադիոեթերում հնչում Լիսիցյանի ու Սազանդարյանի, Միհրան Երկաթի ու Արշավիր Կարապետյանի, Գոհար Գասպարյանի և այլոց կատարումները։ Հրաշալի է, իհարկե, որ մեկ տասնյակից ավելի մրցանակներով խթանվում է երիտասարդ երգիչ-երգչուհիների կողմից մեծահամբավ արվեստակիցների երկացանկի յուրացումը։ Լավ է, որ մոտ 2 մլն պարգևագանձանակում իրենց «մասնաբաժինն» ունեն հայոց երաժշտարվեստի գրեթե բոլոր երևելիները։ Այդ ստվերների իրական արժեքավորությունը, սակայն, երբևէ համատարած խոնարհումի չի արժանանա, եթե հանրային մեծ լսարան չապահովի նույն պետությունը` մանկուց սիրելի ու հոգեհարազատ դարձնող մշտական մատուցմամբ։ Եթե, իհարկե, նորահայտ տաղանդներն այլևս ստիպված չլինեն երազել օտար բեմերում հաստատվելու մասին։
Երբ ՀԵԸ նախագահը հպարտանում էր առկա 5 պրոֆեսիոնալ երգչախմբերի արժանի հերթափոխով, մոռացել էր իսպառ նրանց ամենօրյա խղճուկ գոյատևման մասին։ Մոռացել էր, որ եզակի տեսակով իրեն գրաված «Ձայն նվագախմբի» նորաստեղծ (2009 թ.) երաժշտաընտանիքը (գեղ. ղեկավար` Նատալի Գալստյան) ի զորու չեղավ դիմագրավելու նյութական անապահովությանն ու շուտով կազմալուծվեց։
Անվանագիրքը թերթելիս հեգնախառն մտորումս ակամա հնչեցրի. «Կոնսերվատորիայում մասնագիտանում են ոչ միայն ՀՀ մարզերից, այլև Արցախից, Իրանից, Լիբանանից ու Սիրիայից եկած երիտասարդներ, կարելի է այս մրցույթին էլ միջազգայինի համարում շնորհել»։ Ի զարմանս ինձ, «պաշտոնական վավերացման» միտումն ամենայն լրջությամբ շուտով արտահայտվեց։
Լիսիցյան-Սազանդարյան արտասովոր «զուգերգում» առանձին մրցակցողների վիճակահանության առաջնեկը ԵՊԿ շրջանավարտ Գրիգոր Աբրահամյանն էր, ում մեծ բեմելը պարսիկ աշուղի դերերգով (Ալ. Հարությունյան, «Սայաթ-Նովա») ներկաներից շատերի հավանությանն էր արժանացել։ Գուցե այլընտրանքային զինծառայությամբ չընդհատվի նրա երգը, ինչպես, ասենք, Հովհաննես Այվազյանինը, ում բնատուր օժտվածությունը հարթեց ճանապարհը բանակից դեպի ԵՊԿ, օպերային ստուդիա, ապա` մեծ բեմ։ Հիմա էլ, որպես նախագահական ու հանրապետական մրցույթների հաղթող, իր հղկվող երգարվեստով տոնականություն է հաղորդում այս ընթացակարգային արարողությանը Դիանա Հարությունյանի, Գուրգեն Բավեյանի, Սոֆյա Սայադյանի հետ։ «Երաժշտական միջարկումներով» գրավիչ հանդիսանքի «վերջնագիրը» վերին օթյակից հնչեցրեց Յուրի Դավթյանը. «Մեր գնահատման չափանիշներն արվեստի բարձր նշաձողից չեն իջեցվելու, ուստի խաղաղ աշխատասիրությամբ ջանացեք լիարժեք բացահայտել ձեր կարողությունները»։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2582

Մեկնաբանություններ