Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Թշնամու նպատակների անոնս, մեր սթափության ու անելիքների անոտացիա

Թշնամու նպատակների անոնս,  մեր սթափության ու անելիքների անոտացիա
23.11.2023 | 14:28

Ալիևն ունի նպատակ, Էրդողանը՝ ևս:

Նրանք երկուստեք ունեն համատեղ անելիք ու միասնական ծրագիր:

Իսկ մե՞նք, և հատկապես վարչապետ Փաշինյա՞նը:

Էրդողանն ասում է. «Նրանք, ովքեր մեզ ասում են, թե մեր ինչ գործն է Ղարաբաղն ու Երուսաղեմը՝ խոչընդոտներ են ստեղծում մեծ թյուրքական շարժման ճանապարհին:

Թուրքիայի համար շատ կարևոր են այնպիսի տարածքներ, ինչպիսիք են՝ Իրաքը, Սիրիան, Կովկասը և Պաղեստինը:

Ղարաբաղում ձեռք բերված արդյունքը մեզ ցույց տվեց, թե ինչի կարելի է հասնել՝ միասնական լինելու դեպքում։

Ցավոք, մենք դեռ չենք կարողացել նման ուժ ստեղծել Գազայի հարցում»։

Դե իսկ Ալիևը, որը 2022 թվականին ասում էր.

«30 տարի շարունակ Ադրբեջանը պարտված էր Հայաստանին բոլոր հարթակներում», այսօր՝ Արցախը «մարսելուց» ու կարծես «հաղթանակը» ամրագրելուց հետո, արդեն իսկ պաշտոնապես բարձրացնում է «անկլավների» վերադարձման ու ադրբեջանցի փախստականներին Հայաստանում վերաբնակեցման պահանջները:

Փախստականների վերադարձի հարցով, եթե դեռ չեն հնչել սպառնալիքներ, ապա «անկլավներն» անվանելով օկուպացված տարածքներ՝ նոր պատերազմի հող է նախապատրաստվում…

Բազմիցս եմ բարձրաձայնել ալիևյան առավելապաշտական նկրտումներն ու ապագա ծրագրերը:

Այսօր, որպես միջնաժամկետ ծրագիր, նրանց օրակարգում դրված է երկու խնդիր, որոնց իրագործումն առաջնահերթություն է:

Դրանք են՝

1. Անկլավների ստացում,

2. Փախստականների վերադարձ Հայաստան, որը կոչվում է՝ Մեծ հայրենադարձություն «Արևմտյան Ադրբեջան»:

Խոսքը 120-150 հազար ադրբեջանցիների Հայաստանի տարբեր մարզերում բնակեցնելու մասին է:

Ի դեպ, այսօր Նախիջևանում ամենաբարձր մակարդակով և պետական օժանդակությամբ կանցկացվի՝ «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» փառատոն-կոնգրեսը:

Համագումար-փառատոնին քաղաքական բաղադրիչից զատ ներկայացվելու են՝ «Արևմտյան Ադրբեջանի» բանահյուսության նմուշներից ստեղծագործություններ, գրքերի ցուցահանդես, խոհարարական, նյութական և մշակույթի նմուշներով ստենդներ, արևմտյան ադրբեջանական երգերի և բանահյուսության նմուշներով համերգային ծրագիր, «Արևմտյան Ադրբեջանին» նվիրված ֆիլմեր և այլն։

Ընդ որում, ներկայացվում է, որ «Արևմտյան Ադրբեջանի տարածքն ամբողջ Ադրբեջանի ամենահին և հարուստ շրջաններից մեկն է։ Նախկինում այս հողը գտնվում էր Ադրբեջանի հյուսիսը և հարավը, ողջ Կովկասն ու Մերձավոր Արևելքը կապող կարևոր քարավանային ուղիների վրա։ Ներկայումս սահմանակից է Վրաստանին՝ հյուսիսում, Ադրբեջանի Հանրապետությանը՝ արևելքում և հարավ-արևելքում, Թուրքիային՝ արևմուտքում, իսկ հարավում՝ Իրանին, զբաղեցնելով 29,8 հազար կմ² տարածք։

Այժմ ճանաչված որպես Հայաստան՝ այս տարածաշրջանը հնագույն թյուրքա-օղուզական հայրենիքն է՝ Ադրբեջանի պատմական հողը․․․»։

Ինչ խոսք, մարդիկ ակտիվ աշխատում են այդ ուղղությամբ, կեղծ պատմությամբ պահանջատիրության հող նախապատրաստում:

Կարծում եմ` կարիք չկա բացատրելու, որ սրանով Ադրբեջանը երկարաժամկետ առումով դնում է հայոց պետականության վերացման հիմքը։

Մյուս վտանգավոր ու անդառնալի նարատիվների մասին կլռեմ:

Ի դեպ, այս աբսուրդ-անհեթեթությունն ամրագրված է նրանց կազմած «խաղաղության պայմանագրում» ևս:

Հետևաբար, կնքելով նման պայմանագիր, Հայաստանը կանգնելու է փաստի առաջ և առերեսվելու է նոր անդառնալի իրողությունների հետ:

Այս համատեքստում Բաքուն այլևս չի ցանկանում մասնակցել արևմտյան հարթակներին, որովհետև այնտեղից ստացել է առավելագույնը:

Բաքուն անգամ բացահայտ գնում է ԱՄՆ-ի հետ դեմարշի:

Նույնիսկ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հայտարարություն է ընդունել ԱՄՆ-ի դեմ, որում մասնավորապես նշված է․

«ԱՄՆ-ն աջակցել է Ադրբեջանի տարածքում ստեղծված անջատողական ռեժիմին։

ԱՄՆ-ի՝ որպես միջնորդի ներկայիս գործողությունները հանգեցրել են Ադրբեջանում հեղինակության կորստի։

ԱՄՆ արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին լիովին ձախողվել է։

Դրա վառ փաստը՝ Մերձավոր Արևելքն է և Աֆղանստանը»:

Ինչ խոսք, Ադրբեջանն այլևս կաշկանդված չէ այդկերպ խոսել Միացյալ Նահանգների հետ։

Առհասարակ՝ Ալիևն իրեն թույլ է տալիս արևմտյան գործընկերների հետ խոսել սպառնալիքների լեզվով, քանի որ կարողացավ մարսել թե՛ իր ագրեսիվ քայլերը, և թե՛ էթնիկ զտումը։

Ավելին՝ Ֆրանսիային հեգնելով մեղադրում է ապակառուցողականության մեջ, մեղադրում Հայաստանին զինելու հարցում, ինչպես նաև հոխորտում, որ Հայաստանին սպառազինություն տրամադրելը նոր պատերազմի հիմքեր է ստեղծում:

Սրանից ավել անկեղծ ու անկաշկանդ հնարավոր չէ լինել:

Ստացվում է՝ նրան կարելի է մինչև ատամները զինվել, ցանկացած երկրից ամենօրյա ռեժիմով զենք-զինամթերք ձեռք բերել, մեզ՝ ոչ:

Նրա համար կարող է լինել Թուրքիայի նման դաշնակից և երաշխավոր, մեզ համար՝ այն բացառվի:

Աբսուրդ:

Թե ինչ կարող է տեղի ունենալ նման հռետորաբանության արդյունքում՝ մոտ ապագան ցույց կտա:

Եթե էյֆորիայի տակ մնացած Ալիևն այսպես շարունակի, վիճակը վատ է լինելու, չնայած՝ փաստ է, որ առ այսօր արածները մարսում է, պատժողներ էլ՝ այդպես էլ ի հայտ չեն գալիս:

Ի դեպ Բաքուն, աշխարհաքաղաքական կենտրոններից քաղելով ավելին, հիմա էլ հանդես է գալիս նոր պահանջ-առաջարկով:

Նախ Ալիևը կհայտատարի, թե՝ «Հայաստանն իր ապագան պետք է պլանավորի՝ ելնելով իր ազգային շահերից, ոչ թե մեր տարածաշրջանից հեռու գտնվող երկրների նկրտումներից։

Եվ որ ոչ մի միջազգային ճնշում չի կարող ազդել Ադրբեջանի կառավարության կամքի վրա»։

Վերջինիս կձայնակցի Էրդողանն ասելով.

«Հայաստանը, որ տարիներով երազել է թուրքական հողերի մասին, յուրացրել է ղարաբաղյան պատերազմի դասը և խելոքացել, նստել իր տեղը, հիմա իր անվտանգությունը պետք է փնտրի ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու, այլ հարևանների հետ համագործակցությամբ»:

Հետևաբար, Բաքուն առաջարկել է Երևանին ուղիղ բանակցություներ սկսել, այդ թվում՝ հանդիպել սահմանին։

Թե ինչի՞ է փորձում հասնել Ալիևն այս առաջարկով՝ դժվար չէ կռահել։

Ադրբեջանին ակնհայտորեն այլևս պետք չեն արևմտյան ձևաչափերը, Ադրբեջանը չի ճանաչելու ՀՀ տարածքային ամբողջականությունը և այդ ամենը չեզոքացնելու ու Արևմուտքին խաղից վերջնականապես հանելու համար էլ նման առաջարկ է անում։

Իսկ որ ամենանաակնհայտն է.

Ալիևը, քաջածանոթ լինելով Փաշինյանի վարած պարտվողական, զիջողական քաղաքականությանը, հասկանալով որ վերջինից նոր բան կորզելը շատ հեշտ է՝ փորձում է «տղայական ձևերով», առանց միջնորդների խոսել ու պայմանավորվածություններ ձեռք բերել:

Նա գիտի, որ ճնշում գործադրելով հասնելու է իր նպատակին, դե իսկ Փաշինյանն էլ համաձայնելու է:

Եվ քանի որ նա միշտ ունի ալիբի, ապա վերջինիս դժվար չի լինի ասուլիս տալ ու «դուխով» ասել՝ «ժողովուրդ, թողեք հանձնեմ, ճար չկա:

Եկեք տանք պրծնենք, խախանդ ապրենք»:

Մանավանդ, որ խիստ հավանական է, որ այդ ասածներն ու հետագայում անելիքը համաժողովրդական ապատիայի արդյունքում կրկին մնա անհետևանք:

Ինչևէ…

Ամեն դեպքում՝ ՀՀ-ն չպետք է գնա նման հանդիպումների:

Նախ դրանք մեր դեմ հետագա քայլերի գլխավոր գործիքն են դառնալու և հետո՝ այդկերպ ՀՀ իշխանությունները վերջնականապես հրաժարվելու են արևմտյան ձևաչափերով պայմանավորվածություններից:

Անգամ հիմա՝ այս բարդ իրավիճակում, ՀՀ-ն ունի հնարավորություններ թե՛ Արցախի հիմնահարցը վերահասցեավորելու, թե՛ ՀՀ անվտանգային հարցերին ավելի համալիր լուծումներ տալու տեսանկյունից։

Բայց դա հնարավոր է միայն տեսլական ունեցող, պրոֆեսիոնալ ու կոմպետենտ թիմի և այդ թիմի գրագետ արտաքին քաղաքականություն վարելու պարագայում։

Առայժմ քաղաքական վաճառականությամբ երկիր ու պետականություն ենք կորցնում, «Խաղաղության խաչմերուկ» կոչվող իմիտացիաներով ենք զբաղված, դեմոկրատիայի բաստիոնով աշխարհի գլուխն ենք արդուկում:

Կարևորը՝ ՈՒկրաինայի նախագահի խորհրդականն ասում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք:

Համենայն դեպս, վարչապետ Փաշինյանը մեզ բոլորիս խոստանում է, որ «2024 թվականը լինելու է կայուն ու տևական խաղաղության մեր առաջին տարին»:

Գուցե առաջին ու վերջին, գուցե և հասկանանք այն ընդհակառակը, քանզի, երբ վերջինս խոսել է ինչ-որ բանից, տեղի է ունեցել բացարձակ հակառակը:

Այնպես որ՝ ամեն դեպքում պատրաստ եղեք պարտադրվող պատերազմի:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 3088

Մեկնաբանություններ